HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Քարակերտցին խմելու ջրի համար 35 անգամ ավել գումար է վճարում

Արմավիրի շրջանի Քարակերտ գյուղ մտնելիս միանգամից աչքի են զարնում տների դիմաց դրված ալյումինե մեծ տարաները: 

Ամեն առավոտ Թալինից ցիստեռնը բարձած ջրատար մեքենան խմելու ջուր է բերում գյուղ: Գյուղացիները խմելու ջուրը գնում են ու լցնում տների դիմաց տեղադրված տարաները։ 

Թեև գյուղում ջրամատակարարում կա, սակայն գյուղացիների հիմնական մասը դրանից չի օգտվում: Քարակերտում, ինչպես նաև 12 այլ համայնքներում (Արմավիր եւ Մեծամոր քաղաքներ և 10 գյուղ) ջրամատակարարումն իրականացնում է  «Նոր ակունք» ՓԲԸ-ն։ Սակայն մարդկանց մեծամասնությունը գերադասում է ջուրը գնել. գյուղացիներն ասում են, որ այդ ջրագծերով հոսող ջուրը խմելու համար պիտանի չէ, վատ համ ունի, աղի է և առողջական խնդիրներ է առաջացնում։

Այս տարի ջուրը 50 դրամով թանկացել է. 40 լիտրը նախկին 200 դրամի փոխարեն դարձել է 250 դրամ, այսինքն՝ 1 լ՝ 6,25 դրամ։ 1 խմ խմելու ջրի սակագինը 179.78 դրամ է, (1լ՝ 0,18 դրամ)։ Ստացվում է, որ 1 խմ խմելու ջրի համար քարակերտցին վճարում է 6250 դրամ՝ 35 անգամ ավել, քան եթե օգտվեր սովորական ջրամատակարարումից։ Քարակերտցի Հայկասարն ասում է, որ ամսական մոտ 7500 դրամ է ծախսում խմելու ջրի  համար:

«Նոր ակունք» ընկերության տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որակի խնդիր երբևէ չեն ունեցել. ջուրը ամիսը մի քանի անգամ ստուգվում է:

«Մենք քանի՞ գլխանի ենք, որ առանց որակի վերահսկման համայնքին ջուր տանք։ Ես սիգարետ վաճառող չեմ, որ ռիսկ անեմ էդպիսի բան անել. համայնքին ջուր տալ առանց ջրի որակի վերահսկման, էդ նույնն է, թե ինքնասպանություն գործել»,- ասում է Ա. Թորոսյանը։

Ըստ նրան `գյուղացիները ջրի որակի մասին սկսել են խոսել «Նոր Ակունքի» կողմից ջրամատակարարում իրականացնելուց հետո: Այն դիտարկմանը, թե որակի խնդիր եղել է վաղուց, այդ պատճառով էլ մարդիկ սկսել են ջուրը գնել, տնօրենի տեղակալը պատասխանեց, որ միևնույն է, այլընտրանք չկա, քանի որ ջրաղբյուրը մեկն է և ջուրն այդտեղից է մատակարարվելու. «Բոլորն էլ ուզում են Ապարանի ջուր խմեն, բայց որևէ մեկն իրեն հարց չի տալիս՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ, կամ ի՞նչ միջոցներ ներդնելու պարագայում է հնարավոր»,- ասում է Ա. Թորոսյանը։


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter