HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Օծվեցին Գյումրու հայ կաթողիկե եկեղեցու խաչերը

Նոյեմբերի 20-ին օծվեցին եւ տեղադրվեցին Գյումրու նորակառույց հայ կաթողիկե առաջնորդանիստ սուրբ Մարտիրոսաց եկեղեցու գմբեթի եւ զանգակատան խաչերը: Օծման արարողությունը կատարեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արեւելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Աստծո դեռեւս անավարտ տան առաջին պատարագը կմատուցվի 2015թ. ապրիլի 24-ին՝ ի հիշատակ 1915թ. ցեղասպանության զոհերի:

Գյումրիում կաթողիկե համայնքը նախկինում եկեղեցի ունեցել է: «Սլաբոդկա» կոչվող թաղամասում 1843-1855թթ. կառուցված կաթոլիկների եկեղեցին, որ մասնակիորեն փլուզվել էր 1926թ. երկարշարժի ժամանակ՝ 1930-40թթ.-ից վերածվել էր բնակելի շինության: 1988թ. երկրաշարժից անօթեւան մնացած մի քանի ընտանիքներ էլ հետագայում բնակություն էին հաստատել եկեղեցու ներսում: Եկեղեցու հարակից հատվածը եւս տարիների ընթացքում կառուցապատվել էր:

Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը համարելով անհնար՝ կաթոլիկ եկեղեցին որոշել էր նոր եկեղեցի կառուցել Ժողովրդական ճարտարապետության եւ կենցաղի թանգարանի հարեւանությամբ: 2009թ. դեկտեմբերի 8-ին Անդրկովկասում Հռոմի պապի դեսպան Կլաուդիո Գուջիերոտիի եւ Հայաստանում, Վրաստանում ուԱրեւելյան Եվրոպայում Կաթողիկե թեմի առաջնորդ հայր Վահան Օհանյանի հանդիսապետությամբ կատարվեց հայ կաթողիկե եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Սուրբ Մարտիրոսաց կաթողիկե եկեղեցին նախագծել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի Հակոբ Ջիվանյանը: Եզակի այս կառույցի շինարարությունը մեկնարկել է 2010թ.: Զվարթնոցատիպ եկեղեցու գմբեթը երկաստիճան է, կառույցը բազմանիստ է, ունի ութ նիստ: Եկեղեցու խաչերը եւս Հակոբ Ջիվանյանն է նախագծել: Գմբեթին տեղադրված խաչն ունի մոտ 3,80 մետր բարձրություն եւ 300 կգ քաշ, իսկ զանգակատան խաչը՝ 2 մետր բարձրություն եւ 120 կգ քաշ: Խաչերը պատրաստել են գյումրեցի վարպետները: Խաչի կենտրոնում շրջանագծի մեջ առնված նշանը խորհրդանշում է հավերժությունը: Այդ նշանը հաճախ են կիրառում նաեւ խաչքարեր պատրաստող հայ վարպետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter