HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս կարող է գոյություն չունեցող մարդը ստորագրել

Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստի սկզբում Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարություն արեց՝ նախորդ նիստին դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած երկու որոշումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախորդ նիստում նա որոշում էր կայացրել հետաձգել Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի՝ դեպքի զննության վայրի արձանագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդության քննությունը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում էր կայացրել նաև ընթերակա Գրիշա Գասպարյանի ստորագրությունները դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկելու մասին: Դատարանը համարել է, որ Ֆրանսիայում կատարված ուսումնասիրությունն ու մասնագիտական կարծիքը՝ տրված ձեռագրաբան Մարտին Հալլեր- Ֆեգլի կողմից, բավարար հիմք չէ, որ նշանակվի այդպիսի փորձաքննություն:  

Բանն այն է, որ Վարդան Պետրոսյանի գործով ընթերակա Գրիշա Գասպարյանը դատարանում ստորագրել է սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվություն նախազգուշացնող փաստաթղթի տակ: Նույն Գրիշա Գասպարյանը ստորագրել է նաև անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին դեպքի վայրի զննության արձանագրության յուրաքանչյուր էջի տակ: Վերսալի վերաքննիչ դատարանի փորձագետի կարծիքով`զննության արձանագրության տակ դրված ստորագրություններն, ամենայն հավանականությամբ, չեն կատարվել ընթերակայի կողմից:

- Դուք՝ հարգելի դատարան, կայացրեցիք ապօրինի որոշում,- ասաց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը,- քննիչը գծագիրը գծել է քանոնով, տարբեր գույների գրիչներով: Դա արվել է քննիչի առանձնասենյակում: Նշանակում է, որ միգուցե զննության մասնակիցները ստորագրել են դատարկ բլանկի տակ, կամ քննիչը գծել է գծագիրը, ապա տեսել է, որ չի համապատասխանել վթարի մեխանիզմին, հետո նորից է գծել, ինչից հետո ստորագրվել է փաստաթուղթը: Հարգելի դատարան, կարո՞ղ եմ ես որպես իրավաբան հասկանալ, թե ինչպես եք Դուք խորհրդակցական սենյակում պարզելու՝ այս ստորագրությունները պատկանու՞մ են գոյություն չունեցող ընթերակա Վազգեն Կարապետյանին, թե՞ ոչ:

Վարդան Պետրոսյանի պաշտպաններից Սամվել Ջաղինայանի կարծիքով ևս դատարանի որոշումն անօրինական է:

- Հարգելի դատարան, Դուք հակասում եք ինքներդ Ձեզ: Ինչո՞ւ մեկ միջնորդության քննարկման համար նույն վկայի ցուցմունքը հիմա չեք գնահատում, իսկ մեկ այլ միջնորդությունը մերժելու համար որոշում կայացնելով՝ այդ նույն վկայի ցուցմունքից մեջբերում եք անում: Եվ հետո, ցուցմունք տալիս ընթերակա Գրիշա Գասպարյանը հայտնեց, որ իրենց փողոցի անունը փոխվել է: Այսինքն՝ եթե ընթերական դեպքի վայրում է եղել, պետք է նաև այնտեղ ասեր այդ մասին, բայց քննիչը հին հասցեն է գրել: Հնարավոր է՝ ընթերական հերթապահ ընթերակայի կարգավիճակ ունի:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ նախքան իր միջնորդությանն անցնելն ասաց.

-Ինձ ընդամենը անհասկանալի է՝ ինչքա՞ն կարելի է ուռճացնել այս ամեն ինչը: Չի՛ կարելի: Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ «Նիվան»՝ երկու ընտանիքներով, հատուկ կանգնեցրել են այդ տեղում, որ Վարդան Պետրոսյանը գա ու վթար լինի»:

Ալկոհոլի թեման կրկին արծարծվեց դատարանում

Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատաձեռագրաբանական և դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննություն նշանակել:

- Տուժող կողմը շարունակում է պնդել, որ վթարի պահին Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում առկա բազմաթիվ հակասությունները՝ ուղղումները, ջնջումները, լրացուցիչ գրառումները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ ամբաստանյալի խմածության վիճակի վերաբերյալ բժշկական կենտրոններում կազմված բոլոր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ: Ակնհայտ է, որ բժշիկ Գևորգյանը դատարանում տվեց սուտ ցուցմունք, խուսափողական, իրարամերժ պատասխաններ: Պաշտպանական կողմը փորձում էր Գևորգյանին դնել ճիշտ ճնապարհի վրա, որովհետև ռելսերից ընկել էր,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը առարկեց Ռուբեն Բալոյանի միջնորդության դեմ:

- Ընդունենք նշանակեցինք փորձաքննություն, պարզվեց՝ կեղծված է եղել, սթափ չէ կամ ինչ-որ աստիճանի խմածություն, հիմնավորեցինք, որ դա արել է վկա բժիշկը կամ գլխավոր բժիշկը կամ ավագ բուժքույրը: Ի՞նչ է դա մեզ տալու: Ունենալու ենք չփարատված կասկած Վարդան Պետրոսյանի խմածության մասին, որը կմեկնաբանվի հօգուտ նրա, ունենալու ենք մի քանի հանցագործություններ կատարողներ, որոնք այս մեղադրանքի հետ կապ չունեն: Եթե ունեք կասկած, որ կատարվել է հանցագործություն, հաղորդում ներկայացրեք:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, տրամաբանական է, որ Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի մասին առաջին արձանագրության մեջ նշված է սթափ բառը, ուրեմն էլ կարիք չկար որևէ բան ավելացնելու:

- Պաշտպանական կողմը պիտի այս դեպքում ասեր, թե ինչու է երկրորդ օրինակի վրա լրացում կատարվել: Դրանով Վարդան Պետրոսյանի վիճակը չի լավացել: Ընդհակառակը՝ դա վնասել է նրան,-ասաց Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանը ողջունեց մեղադրողի օբյեկտիվ կեցվածքը

- Այսքան ժամանակ իր նկատմամբ անձնական թշնամանք չեմ զգացել: Ժամանակի առումով պատահական չեն ակոլոհոլի վերաբերյալ միջնորդությունները, ես դրանց կանդրադառնամ իմ վերջին խոսքում: Սակայն պատահական չէր, որ այսօր նման միջնորդություն է ներկայացվել… Ուռճացնում են շատ բաներ, ինչպես ասաց տուժող կողմի հարգելի ներկայացուցիչը, ռելսից գցում են վկային, ինչպես հասկացա: Բայց ես հիշում եմ նախորդ վկայի հարցաքննությունը՝ 1 ժամ 15 րոպե տևած, ամբողջ ժամանակ «ս» մեծատառ և փոքրատառին վերաբերվող, կրկնօրինակի և պատճենների տարբերությունը մեկնաբանող: Ռելսերից ոչ ոք ընկած չէր, եթե ոչ Դուք… Ես արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ եմ: Նստած եմ լուրջ, անխոնջ, լուռումունջ: Ես սպասում եմ, որ աշխատեն բոլորը և տան օբյեկտիվ գնահատական, այսինքն՝ դատարանին հնարավորություն տալ օբյեկտիվ գնահատական տալ: Ինձ համար հաճելի չէ նստելը, դա ինչ-որ թյուրիմացություն է, որ սա մի տարօրինակ մարտավարություն է, որ ձգձգում են նիստը: Ես առաջինը պիտի ընդվզեմ դրա դեմ, բայց ես չեմ խոսում: Միջնորդության լուծումը թողնում եմ դատարանի հայեցողությանը:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ռուբեն Բալոյանը բացարկ հայտնեց դատախազին. դատարանը չընդունեց այն

Տուժող կողմը կարծում է, որ նախաքննության ժամանակ դատախազ Արթուր Սարգսյանը պատշաճ հսկողություն չի իրականացրել, Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում առկա են խախտումներ, որոնք, Ռուբեն Բալոյանի կարծիքով, չեն ստուգվել: Մեղադրողի անաչառության վերաբերյալ նա հայտնեց «ողջամիտ կասկած»՝ նշելով, որ տուժող կողմի բոլոր ջանքերին՝ գործում առկա բացերը վեր հանելու ուղղությամբ, դատախազ Սարգսյանն առարկում է: 
- Եթե նախաքննության ընթացքում իմ կողմից թույլ տված սխալներ են եղել, ապա ինչո՞ւ է արվում միջնորդությունը նախաքննության ավարտից 7-8 ամիս անց:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը չհավատաց մեղադրողի խոսքերին:

- Տպավորությունն այն է, որ սա նախապես համաձայնեցված քայլ էր, որին պիտի հետևեր բացարկը, հետո՝ դատավորի ինքնաբացարկը: Սա նախապես պլանավորված սցենար է: Այս ամենը նրա համար է, որ հակակշիռ ստեղծվի իմ նախկին միջնորդության մերժման հետ: Ինչի՞ց պիտի իմանար Բալոյանը, որ Դուք իր միջնորդությունը պիտի մերժեիք, որ ինքն էլ գրավոր բացարկ հայտներ դատախազին: Ըստ սցենարի՝ Դուք, հարգելի դատարան, պիտի մերժեք միջնորդությունը,- ասաց Բաղդասարյանը:

Իսկ Վարդան Պետրոսյանը որևէ նախնական համաձայնության մասին չի կասկածում:  

- Այն, ինչ պիտի ասեմ, կարող է զավեշտալի թվալ. ամբաստանյալը պաշտպանում է իր մեղադրողին: Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Նորից եմ ասում՝ ի դեմս դատախազի՝ տեսել եմ լուրջ, զուսպ, պրոֆեսիոնալ, չափված-ձևված անձի: Ինձ մի բան ավելի է զարմացնում, որ քաղաքացի Բալոյանը դատական պրոցեսում ավելի շատ դատախազ էր, քան ինքը՝ դատախազը, կարելի է ասել դատախազ «դվա»: Կներեք խոսքիս համար: 

Դատարանը մերժեց Ռուբեն Բալոյանի ներկայացրած բացարկի միջնորդությունը ևս: Դատախազ Արթուր Սարգսյանը կշարունակի Վարդան Պետրոսյանի գործը: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 26-ին:   

Մեկնաբանություններ (4)

ՀԱՅՈՒՀԻ
Քանի՞ տարի պիտի շարունակվի այս խայտառակ դատը։ Ինչքա՞ն կարելի է օրը ցերեկով մարդկանց խաբել։ Սա էլ կոչվում է արդարադատությո՞ւն։ Խեղճ Վարդան պետորսյան, փոխանակ Ֆրանսիայում հանգիստ ապրելու, եկավ ընկավ փորձանքի մեջ, սրանք էլ վրեժ են լուծում, ամոթ ձեզ, ամոթ։
11111
Ինչպե՞ս կարող է գոյություն չունեցող մարդը ստորագրել - բացատրեմ, շատ զգույշ, նույն այն էն ձև, ինչպես, որ կարա Վարդան Պետրոսյան անձը նույն վարկյանին, գտնվի աշխարհագրական 2 տարբեր կոորդինատներ ունեցող /մեկը մյուսից մինիմում 3 մետր հեռավորությամբ/ դիրքերում .Ճ
Liana
Հայուհի 1. ջան, նման գրառումներ կատարելուց առաջ, շատ եմ խնդրում, պարզապես մի պահ մտածեք դիմացինի վշտի մասին ու մի քիչ հարգանք ունեցեք
Վեհարի
Ինքն էլ չուզելով, ակամա, շատ ճիշտ դիտարկում է կատարել Ռուբեն Բալոյանը, ասելով` ,,Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ «Նիվան»՝ երկու ընտանիքներով, հատուկ կանգնեցրել են այդ տեղում, որ Վարդան Պետրոսյանը գա ու վթար լինի»: Եթե «Նիվան» իսկապես կանգնած լիներ ճանապարհի եզրին ապա Վարդան Պետրոսյանը այդ մեքենայի կողքով կանցներ այնպես, ինչպես մինչ այդ հատվածն է անցել այլ մեքենաների կողքով: Իսկ խուսափել ընդհարումից, երբ ընթացող մեքենայի առջև անսպասելի հայտվում է ետընթաց կատարող մեքենա, հնարավոր չէ: Հերթապահ ընթերակայի կարգավիճակի մասին դիտարկումը նույնպես ճիշտ դիտարկում է, քանի որ Հայաստանում Խորհրդային ժամանակներից մնացած գաղտնի գործակալներին մինչ օրս չեն գաղտնազերծել և նրանք շարունակում են իրենց ,,հացը,, սուտ մատնություններով աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter