HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Չարենցի վերջին նվերը

Աննա Բաբաջանյան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում պահվող ցուցանմուշների շարքում մի առանձին տեղ են զբաղեցնում այն բազմաթիվ իրերը, որոնք բանաստեղծը տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով նվեր է ստացել իր ընկերներից ու մտերիմներից: Դրանց շարքում կա մեկը, որն իր մեջ միանգամայն ուրիշ` յուրահատուկ խորհուրդ է կրում: Չինական օճառաքարե արձանիկը, որ պատկերում է չինացի ականավոր փիլիսոփա Լաո Ցզիին: Միայն թե քանդակի ամենամեծ գաղտնիքը տեսանելի չէ այցելուների համար, քանի որ գտնվում է պատվանդանի տակ: Ու եթե ձեզ բախտ վիճակվի աչք նետել այնտեղ, ապա կընթերցեք սովորական մեխի ծայրով խազագրված հետևյալ բառերը. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»: 

Այո, սա Եղիշե Չարենցի նվերն է Ավետիք Իսահակյանին: Հայտնի փաստ է, որ Չարենցը հրապուրված էր արևելյան մշակույթով, մասնավորապես՝ փիլիսոփայությամբ, և Իսահակյանն էլ կիսում էր նրա հայացքները: Երկու մեծ գրողներն էլ հակված էին կարծելու, թե մարդիկ պետք է կողմնորոշվեն դեպի բնությունը եւ հրաժարվեն իրենց աշխարհիկ հոգսերից:

Լաո Ցզիի նկատմամբ Չարենցի ընդգծված վերաբերմունքի ապացույցներից մեկն էլ եղավ այն, որ իր վերջին գրքի վերնագիրը` «Գիրք ճանապարհի», նա փոխառեց հենց չին փիլիսոփայից: Եվ այս իմաստով Իսահակյանին մատուցված նվերը խորհրդանշական էր ու իր մեջ պիտի որոշակի պատգամ ամփոփեր՝ միևնույն ժամանակ բացահայտելով գրողի սեփական ներաշխարհն այն օրերին, երբ նա հատկապես կարիք ուներ համախոհի ու աջակցի:  Իսկ դա բոլորից լավ կարող էր հասկանալ նրա ավագ գրչընկերը:

Չնայած տարիքային տարբերությանը` նրանք մտերիմ ընկերներ էին եւ այդ հարազատությունը պահպանվեց անգամ այն օրերին, երբ  Չարենցի դեմ ուղղված հալածանքներն է´լ ավելի սաստկացան:  Իր կյանքի վերջին ամիսների ընթացքում նա ենթարկվել էր տնային կալանքի, ապրում էր մեկուսացած կյանքով: Քչերն էին ռիսկի դիմում և այցելելում Չարենցին` իմանալով, որ իրենց այդ քայլով կհայտնվեն իրավապահների հսկողության ու հալածանքների ներքո: Ավետիք  Իսահակյանն ու նրա  ընտանիքի անդամներն այն եզակիներից էին, ովքեր համարձակություն ունեցան պահպանել իրենց կապը մինչեւ վերջ: 

Այդ համարձակներից մեկն էլ Իսահակյանի հարսն էր՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը:

Հետագայում Բելլան պատմել է, որ երբ ինքը Չարենցի ձերբակալությունից առաջ տեսակցելու գնաց հիվանդ բանաստեղծին, վերջինս արդեն շատ ծանր հոգեվիճակի մեջ էր: Կարճատև զրույցից հետո, երբ Բելլան արդեն պատրաստվել էր դուրս գալ տնից, Չարենցն անսպասելիորեն ետ է պահել նրան, խնդրել մի փոքր սպասել, ապա իր սենյակում շարված բազմաթիվ արձանիկներից նյարդային շարժումներով ընտրել է այդ մեկը` Լաո Ցզիի քանդակը, ձեռքի տակ ուրիշ ոչինչ չունենալով` մի պատահական մեխի ծայրով պատվանդանի տակ արագ մակագրել է ամսաթիվն ու անունը, հանձնել Բելլային եւ խնդրել, որ այն փոխանցի Իսահակյանին:

Նա շտապում էր, կարծես  կանխազգում էր, որ իրեն երկար ժամանակ չէր մնացել: Դժվար է գուշակել, թե վերջին պահին ինչ էր կատարվում Չարենցի հոգում, այդ ինչ մտքեր էին,  որ հարկադրեցին հրաժեշտի նվեր առաքել Իսահակյանին…

Բելլայի հետ տեսակցումից մեկ ամիս անց Չարենցին ձերբակալեցին, իսկ նոյեմբերյան մի ցուրտ գիշեր եկավ նրա մահվան բոթը: Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանն իր հուշերում պատմում է այդ ողբերգական օրվա մասին. «…Բոլորս պատարստվում էինք քնել, երբ լսեցինք, որ մեկը անհամարձակորեն, կամացուկ թակում է դուռը: Վեր կացա, դուռը բացեցի, տեսնեմ, Հուսիկ Խանդամուրն է: Մտավ ներս, լալիս էր, կարմրելով, ամաչելով, կարծես թե ինքը մի բանում մեղավոր էր: Ապա հորս հայտնեց Չարենցի մահվան լուրը: Հայրս վշտից հանկարծահար եղավ, նստեց թախտի մի ծայրին, դեմքը ծածկեց ափերով եւ մանկան պես հեկեկաց: Այս տխուր լուրը մի նոր, խոր վերք բացեց նրա զգայուն սրտում…»:

Ասօր էլ թանգարանային ցուցափեղկի պաղ ապակու տակից դեռ նայում է Չարենցի վերջին նվերը արևելյան մտածողի քանդակված հայացքով` իբրև համր վկայությունն այն ճշմարտության, որ անցողիկ կյանքը սրբում-տանում է իր հետ թե´ ապրած ժամանակը, թե´ տառապանքը և թե´ ուրախությունը: Բայց կա մի բան, որ համառորեն շարունակում է մնալ:  Հիշողությունն է: Եվ այդ հիշողության մեջ է, որ կենդանի է այն ամենը, ինչին վիճակված է հավերժական ներկայություն:

Հ.Գ. Չարենցի նվերը՝ Լաո Ցզիի արձանիկը, Ավետիք Իսահակյանի  տուն-թանգարանում ցուցադրվում է 2006-ից՝ գրողի ընտանիքից այն  գնելուց հետո:

Հ.Գ. Մոտենում է Չարենցի մահվան օրը: 1937թ. նոյեմբերի 27-ին Երեւանի բանտի հիվանդանոցում բոլորից լքված ու անօգնական ժամանակի մեծագույն բանաստեղծը՝ Եղիշե Չարենցը, կնքել է իր մահկանացուն:

Փաստական տվյալները՝ Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անժելա Խորենյանի:

Լուսանկարները՝ isahakyanmuseum.am-ի, Hetq.am-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter