HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարը ՄԱԿ-ի կազմավորման առիթով

Լեռ Կամսար

Տեսե՞ր էք 80-ամյա հաղթանդամ ծերուկ մը կռվի բռնվի իր չորս տարեկան թոռնիկի հետ, պապը թույլ տա, որ թոռնիկը վայր գլորէ իրեն ու նստի վրան՝ կամենալով իր փոքրիկ ձեռներով խեղդել զայն։ Նապոլէոն Բոնապարտը, որն ամբողջ աշխարհը նվաճեց՝ չորքոտանի դառնալով, իր երեխային կռնակին դրած կպտտեցուներ սենյակին մէջ։

Ես գիտէի, որ մեծ, զառամած մարդը երեխայի կնմանի՝ բայց չգիտէի, թէ մեծ պետություններն ալ, երբ զառամեն, երեխա կդառնան ու ինքզինքը հիմարական խաղի կուտան։

Անգլիա, Ամերիկա և Ռուսաստանն, որ առաջվնէ մեծ էին արդէն, Երկրորդ համաշխարհային պատերազմէն վերջը տէր դառնալով ողջ աշխարհին՝ ավելի մեծցան, ըսել է՝ զառամեցան ու սկսեցին խաղալ աշխարհի մնացյալ 54 մանր ազգերու հետ չարաճճի ծերուկներու նման։

Աշխարհի մանր ազգեր Սան Ֆրանցիսկո կանչեցին և աշխարհի սանձը այդ մանրիկ պետության ձեռքը տվին։ Ճիշտ է 50-ը փոքր էին, բայց կային և Անգլիայի, Ամերիկայի ու Ռուսաստանի նման ամեհի ազգեր, որք եթէ խրտչէին, այդ «Միավորված ազգերու» քարտուղարությունը աշխարհի մէկ պատէն մյուսը կուտային։

Այսպիսով, երեք մեծ ազգեր իրենց սանձը «միավորված ազգերու» քարտուղարությանը հանձնելով, պատվիրեցին ղեկավարել իրենց․եթէ սխալ ճամբա բռնէն կամ անիրավություն մը գործէն՝ անմիջապէս սանձը պիտի քաշէին ու մտրակէին։ Այդ առթիվ, եթէ ուժի պէտք ունենա քարտուղարը, կրնա իրենցմէ զորք հանել ու հարձակվել իրենց վրա։ Օրինակ, կրնա Անգլիո մէջ զորահավաք հայտարարել և այդ զորքով հարձակվել Անգլիո վրա, համաձայն կանոնադրության։

Այսպիսի հետաքրքիր խաղ դեռ դիվանագիտությունը չէր տեսեր։ Եթէ կենդանական օրինակով բացատրելու լինենք, պիտի պատկերացունենք այսպէս։

Առյուծը, վագրն ու բորենին իրենց ղեկավարությունը նապաստակներու կհանձնեն։ Երբ առյուծը օրէնքէն շեղի՝ իր մէկ թաթը նապաստակին պիտի հանձնէ, որ անով իրեն ապտակէ։ Ավելի զվարճալի խա՞ղ։

Եվ այն ո՞ր տխմար պզտիկ ազգն է, որ Ամերիկայի խաթրին պիտի դպնա։ Այն Ամերիկային, դէպի որը ուղղված է աշխարհի բոլոր պետություններուն աչքը, փախառության ակնկալությամբ։ Չէ՞ որ ողջ աշխարհը այսօր Ամերիկայի սեղանի փշրանքներովը կապրի և այնքան պարտք ունի, որ ամոթէն այդ մեծ պետության երեսը չի նայեր։

Այս րոպէիս ղեկավար Քարտուղարությունը Լոնդոն կնստի ու սկսեր է իր գործառնությունը։ Ամեն օր գանգատներ կընդունէ։ Իրանը կդիմէ ու կգանգատի Ռուսաստանի վրա, որ եկեր իր երկիր հյուր՝ ու հիմա չի ուզեր դուրս ելլել։ Կխնդրէ վռնդել։ Ռուսաստան նամակով մը Քարտուղարին կխնդրէ, որ անգլիական զորքը Հունաստանէն դուրս հանէ, քանի որ պատերազմն ավարտեր է արդէն։ Ուկրաինան, այդ Ռուսաստանի խաթեր համար ստեղծված չակերտավոր անկախ պետությունը, կխնդրէ Քարտուղարին բռնել Անգլիո ձեռները, որ Ինդոնեզիայի վրա չհարձակի ու թույլ տա անոնց անկախ ըլլալ։ Միացյալ ազգերու քարտուղարը կկարդա դիմումները ու կժպտի անմեղ երեխայի ժպիտով։ Հետո այս դիմումները փռռաններ շինելով, զբոսանքին բակը կելլէ ու բաց կթողու քամու ուղղությամբ։

Ի՜նչ զվարճություն։

Բայց ես չեմ բարկանար ու բնական կգտնեմ այս խաղը։ Վեց տարի մարդկությունը ծանր մարտերով անցուց, պէտք չէ՞ր, որ քիչ մըն ալ զվարճանա։

----------

Ես եթէ ազգերու քարտուղար ըլլայի՝ պիտի պատասխանէի Ռուսաստանի նամակին այսպես․

-Սիրելի՛ Ռուսաստան, Անգլիա օրական տասն անգամ Մոսկվա խորհրդակցության, ճաշկերույթի, նախաճաշի կուգա, ինչո՞ւ ասելիքներդ անձամբ չես խոսեր՝ մեզի կգրես։ Վատամարդ ըլլալէ կվախնա՞ս։

1946թ․անտիպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter