HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Brothers In Arms». Երբ այլևս չենք լինի պատերազմի ու անիմաստ մահվան արանքում

Նաիրա Հայրապետյան

Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան մասում գտնվող կղզիախմբին վիճակված էր հայտնագործվել մի քանի անգամ: Որոշ ուսումնասիրությունների համաձայն` այն առաջին անգամ  հայտնաբերվել է 1591 կամ 1592թթ., անգլիացի ծովագնաց Ջոն Դեյվիսի կողմից, սակայն վիճարկվում է մեկ այլ տարբերակ ևս, ըստ որի  այստեղ առաջինը ափ են դուրս եկել իսպանացիները: Սակայն կղզիներին վերաբերող առաջին արձանագրությունը վերագրվում է անգլիացի կապիտան Ջոն Սթրոնգին: Հենց նա էլ Ֆոլկլենդյան անվան հեղինակն է՝ ի պատիվ իր  ճամփորդության աջակցի՝ ֆոլկլենդցի վիկոնտ Էնթոնի Քերիի: Դրանից բացի` Ֆոլկլենդյան կղզիները հայտնի են նաև մեկ այլ՝ իսպանական անվամբ՝ Մալվինյան (Islas Malvinas), որը խորհրդանշում է իր առաջին բնակիչներին: Անվան հեղինակը ֆրանսիացի ծովագնաց Լուի Անտուան Բուգենվիլն էր, ով 1763-1765թթ., զբաղվելով կղզիների ուսումնասիրմամբ, ֆրանսիական Սեն-Մալո նավահանգստից դեպի այստեղ է ուղարկում  նավաստիների, ձկնորսների՝ առաջին անգամ բնակեցնելով արևելյան հատվածը: Մի քանի տարի անց Իսպանիան, փորձելով ամրագրել իր ներկայությունը, Բուենոս Այրեսի նավատորմից այստեղ է ուղարկում 1000 հոգանոց անձնակազմով հինգ նավ: Մինչ 1811թ. կղզիները գտնվում էին իսպանացիների տնօրինության տակ: Ժամանակի ընթացքում այս պատմությունը բազմաթիվ վիճարկումների առիթ է դարձել ՝ հասնելով պատերազմի, որի ընթացքում մինչ օրս էլ հստակ չի պարզվել, թե ինչպես և ում կողմից են հայտնաբերվել կղզիները, ովքեր են նրանց լիիրավ տերերը, ո՞ւմ են պատկանում: 19-րդ դարից սկսած՝ կղզիները կռվախնձոր դարձան Արգենտինայի և Անգլիայի միջև: Արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը այս կոնֆլիկտն անվանում էր «Երկու ճաղատ մարդկանց միջև պայքար` սանրի համար»:

Եվ այսպես, Ատլանտյանից դեպի Խաղաղ օվկիանոսը գտնվող բնության այդ փոքրիկ հողակտորներն իրենց խաղաղությունը կորցրեցին հենց այն պահից, երբ մարդկությունը հայտնագործեց նրանց ոչ թե գոյությունն ու գեղեցկությունը, այլ տնտեսական կարևորությունը՝  սկզբում ձկնորսական, ապա՝ ափամերձ շրջակայքում հայտնաբերված նավթի հսկայական պաշարով: Ու հենց այստեղ էլ թափ առավ այն մեծ «հանունը», որը  ծառայում է միմիայն պատերազմին:

1982թ. Ֆոլկլենդյան /Մալվինյան կղզիների համար պատերազմ սկսվեց Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև: Արդեն փոխվել էին կղզիները վերջնականապես տիրելու պատճառները կամ նպատակները: Արդյունքում Արգենտինան պարտություն կրեց, թեև մինչ օրս շարունակում է վիճարկել պատկանելիության հարցը: Այս պատերազմը թեև կարճ տևեց, բայց հարյուրավոր բրիտանացի և արգենտինացի զինվորների կյանք խլեց, ինչպես նաև կղզիների խաղաղ բնակիչների:

Կոնֆլիկտն իր անլուծելի հարցերով դժգոհություններ առաջացրեց հասարակության որոշ շերտերում, ովքեր քննադատում էին պատերազմը հրահրողներին ու մասնակիցներին: Նրանց մեջ էր նաև բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ, «Dire Straits» խմբի հիմնադիր Մարկ Նոփֆլերը: Նա Անգլիայի մասնակցությունը որակում էր որպես իր հարյուրավոր զինվոր-եղբայրների անիմաստ մահվան պատճառ:

«Brothers In Arms». Նոփֆլերի հեղինակած այս երգը կարևոր տեղ է զբաղեցնում նրա երգացանկում: Այն թողարկվեց 1985թ. համանուն ալբոմի կազմում` որպես եզրափակիչ թրեք, ապա Մեծ Բրիտանիայում ներկայացավ առանձին սինգլով: «Brothers In Arms»-ը ձայնագրվեց ալբոմի թողարկվելուց մեկ տարի առաջ` կարիբյան Մոնսերատ կղզում՝ Ջորջ Մարտինի ստուդիայում (Ջ. Մարտինը  հայտնի էր որպես «Բիթլզի» պրոդյուսեր): Այն ուներ երկու տարբերակ, որոնք տարբերվում էին թե՛ տևողությամբ, թե՛ կիթառային եզրափակիչ սոլոյով: Երաժշտության և վոկալի զրույց. կիթառի նուրբ, բլյուզային կատարումը հանդարտ սահում է լռության մեջ ու, միանալով Նոփֆլերի թավշյա ձայնին, կարծես շշնջում է պատերազմի ականջին իր անիմաստ գոյության ու թողած ողբերգությունների մասին: Երբ տան ջերմությունը, սիրո, եղբայրության զգացումները քաջ գիտակցող մարդիկ ստիպված են սպանել նույն զգացմունքներն ապրող մեկ այլ մարդու` ընդամենը հակառակ կողմում գտնվելու համար:

… But it’s written in the starlight
And every line on your palm
We’re fools to make war
On our brothers in arms.

Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, ի տարբերություն գունեղ, ժամանակակից լուծումներով «Money for nothing»-ի, պարզ էր ու հասարակ, դոկումենտալ սև-սպիտակ կադրերի ուղեկցությամբ, որոնք փոխվում են միայն ավարտը խորհրդանշող մայրամուտի պահին:

Երգը հնչում է «Spy Game» (Լրտեսական խաղ) ամերիկյան ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսները վիետնամական պատերազմից հետո հանդիպում են Գերմանիայում: Մարկ Նոփֆլերից բացի` կատարել են ամերիկյան ֆոլկ երաժշտության լեգենդ Ջոան Բաիեզը,  «Metallica», «Gregorian» խմբերը և այլ հայտնի երաժիշտներ: Երաժշտասերների և մասնագետների գնահատմամբ՝ «Brothers In Arms»-ը համարվում է աշխարհում պատերազմը դատապարտող լավագույն երգերից մեկը և ընդգրկվել “Anti-war songs” խորագրով ցանկում: Երգը նաև աշխարհում CD ձևաչափով  թողարկված  առաջին սինգլն է:

2007թ. Ֆոլկլենդյան պատերազմի 25-րդ տարելիցի առիթով Մարկ Նոփֆլերը ձայնագրեց երգի մի նոր տարբերակ, որի վաճառքից գոյացած հասույթը  տրամադրվեց  այդ ռազմական գործողությունների մեջ ներգրավված և տուժած բրիտանացի զինվորներին՝ հետտրավմատիկ խնդիրների վերականգնողական նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter