HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Գիտակցության «առանձին» պատմությունը. Պաչյանի «Օվկիանոսն» արդեն գրախանութներում է

Արամը` երկար-բարակ սեւ բաճկոնով, Աբովյան փողոցում, սրթսրթում է։ Երիտասարդները խմբվել են նրա շուրջ։ Հովհաննես Թեքգյոզյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում են Արամի նոր ժողովածուն։ Նրա գլուխ կախ է՝ սեւեռված սեւ կոշիկներին, մեկ էլ ծանոթ գրող-ընկերներին է տեսնում, լայն ժպտում։ Ինչպես միշտ՝ սակավախոս է։ Նոր ժողովածուն կոչվում է «Օվկիանոս»՝ նվիրված արձակագիր Ռուբեն Ֆիլյանին (1952-1983թթ): Շնորհանդեսից օրեր անց՝ «Օվկիանոսը» մի լավ քրքրելուց հետո, զրուցեցի Արամի հետ։

Արամ, այս զրույցի հիմնական թեման նոր գրքիցդ՝ «Օվկիանիոս»-ից արված որոշ եզրակացություններն ու մտահանգումներն են, որոնք իրականում ավելի բազմաբնույթ են, քան այս հարցազրույցի մեջ կարող են տեղ գտնել։

Գրում ես, որ «Դեֆոն իր հերոսին դուրս մղեց քաղաքակրթությունից, որպեսզի նա առաջին անգամ իսկապես տեսնի ու նկարագրի աշխարհը» («Իր վերջին բնակչի մասին» պատմվածքից)։ Քեզ գտնելը մեր «թվայնացված» օրերում բավականին բարդ է՝ չկաս սոցցանցերում, բջջային հեռախոս չես գործածում։ Այդ նույն «տեսնելու» եւ «նկարագրելու» համա՞ր է, որ հրաժարվել ես այս գործիքներից։

Նոր տեխնոլոգիաների տեսողական ու նկարագրողական բոլոր փորձերը, համակարգչով սիմուլացած կյանքն իր լրացուցիչ զգայական տեղեկություններով հանդերձ` ինձ (ում դեռ իմ մասն եմ համարում) թույլ չի տալիս մոտենալ (ինչ-որ մեկին, որ քեզ նման է) իրականությանը: Չի թողնում հպվել, ճանաչել կամ անցնել հասկանալու ճանապարհը և թեկուզ արդյունք չունենալ: Դեֆոյի հերոսի իրականությունը հենց ինքն իրեն է տեսնել ու նկարագրել տալիս: Նոր տեխնոլոգիաների մեջ ապրելով՝ տեսնելու ու նկարագրելու ճշգրտությունը, ճշգրտության իմացությունը առավելություն է, բայց ինձ նաև դրանից խույս տված բեկորներն են հետաքրքիր:

Նախորդ հարցին ընթացք տալով՝ գրում ես, որ «անմարդաբնակ քաղաքակրթության կողմից չպղծված մենության վերջին կղզի գնալու հնարավորությունը կապրի»։ Հնարավորությունն այդ ու՞մ է տրված։ Արդյոք մեր ժամանակակիցն այդքան «ազատ» է՝ այդ հնարավորությունն ունենալու։

Թվում է՝ գիտակցությունն է գնալու վերջին հնարավորությունը, որ ազատության պատրանք է տալիս, կամ Ժան Ամերիի՝ գիտակցության ավարտը - բացարձակ ազատությունը - մահվան մեջ: Ժամանակակից մարդու գիտակցությունը գուցե արդեն ունի իր բանտարկության ու ազատագրման առանձին պատմությունը, որ այդքան էլ մոտ չէ մարդկության պատմությանը: Մենության վերջին կղզին թող լինի գիտակցության այդ առանձին պատմությունը:

«Իր սիգարի մասին» գործդ ուզում եմ կցել հարցազրույցին։ Հրաշալի առնչություն է գտնված, որով մի ամբողջ սոցիում, քաղաքակրթության տարրեր, հեղափոխոթյուններ է վերապրված։ Այս պատմվածքի առիթով մի հարց ունեմ։ Մեդիան (ունենալով եւ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները) շատ բաներ, որոնք հստակ նշանագրություն ունեն (այդ թվում՝ քո սիրելի սիգարը) հեշտությամբ վաճառում է սրան-նրան։ Գնողներից շատերը գուցեեւ չեն էլ լսել Գոդարի կամ Բրեխտի մասին։ Իսկ դու սիգարը թաքուն ես ծխում։ Քեզ եւ «նրանց» շա՞տ բան է բաժանում։

Մեդիան կարծես միկրո-մակրո աշխարհն էլ է սահմանել՝ ամեն-ամեն ինչը: Մտքի յուրաքանչյուր արտադրանք վայրկյաններ անց մեդիան կարող է սահմանել՝ ըստ իր հայեցողության: Սիգարը, որպես այդպիսին, մեդիա դաշտում գոյություն չունի: Շուկային հետաքրքիր է մեկ հարց... Ո՞վ է կանգնած սիգարի հետևում: Ներկա է միայն ապրանքը և վերջ: Նույնիսկ ապրանքի պատմությունը, նրա ծիսականությունը այլևս կարևոր չեն:  Մեդիայում սիգարի հանդեպ Գոդարի ու Բրեխտի սերը շատ ժամանակ ցուցանվում է, երբ պետք է շուկային միայն գովազդային արշավի համար:

Մեկ-մեկ, երբ գումարս հերիքում է, ծխում եմ` հոլանդական, «William 2»: Թաքուն չեմ ծխում, պարզապես մենակության մեջ եմ ծխում՝ ընթացքը ծիսականացնելով:

«Իր օրագրի մասին» գործդ կարդալուց հետո մտածեցի՝ օրագիր ես պահում, էդպե՞ս  է։

Երբ սկսեցի վարժ գրել, օրագիր պահեցի: Մինչև հիմա պահում եմ, բայց երբ շատ են հավաքվում, վերացնում եմ, որովհետև միայն այդպես եմ կարողանում դիմադրել օրագրային կախվածությանս:

«Իր մասին» շարքի բոլոր գործերը քո ունեցածի նկարագրությունն ու վերապրման փորձերն են։ «Ինչպե՞ս զանազանել ցավը», պատասխան՝ «պիտի հրաժարվեմ անարդարությունից»։  Քո տեսակի ցավը ո՞րն է։

Ես մեծացել եմ բուժաշխատողների ընտանիքում, հայրս՝ վիրաբույժ, մայրս՝ վիրահատարանի բուժքույր, քույրս՝ դեղագետ, և բախումը առհասարակ ցավի հետ՝ պատմություններով, հիվանդանոցներ այցելելով, անխուսափելի է եղել: Եվ ֆիզիկական ցավից սարսափում եմ ու չկա մի օր, որ չմտածեմ դրա մասին: Պիտի հրաժարվեմ անարդարությունից... Որովհետև առաջ հոգեկան ու ֆիզիկական ցավը նույնացնում էի, ֆիզիկական ցավը ստորադասում էի, համարում զուտ մետաֆիզիկական տեղեկատվություն, որին հնարավոր է փոխել, շրջանցել: Բայց դեռ այդպես չէ: Գիտության ու մարմնի փոխհարաբերության մասին սկսել եմ ավելի լրջորեն մտածել:

Մի տեղ նշում ես «քո հատվածականության» մասին։ Կիսատ մնացած ապրումներ կան, ինձ թվում է, որ գալիս են դեռ մանկությունից։ Ի՞նչ դրության մեջ ես վերապրում եւ վերագտնում պատմությունները, մարդկանց։

Կտրտված ապրումներ, հիշողություններ, կիսատ թողած սուրճ, կիսատ թողած դասեր, մանկության կիսամութ-կիսալույսը: Գտած կիսատության-հատվածականության ամփոփումը` պատմվածքների, վեպերի, էսսեների, հեղինակային սյունակների տեսքով, որոնք մնալու են միշտ կիսատ, հատվածական, որովհետև գիտակցությունն է այդպիսին, միտքը, երևակայության ներքին կամքը, որի դեմ ժամանակին անմտորեն փորձում էի ապստամբել, պայքարել, ապրել ամբողջականության տեսլականով … Պայքարել մի բանի դեմ, որը գոնե իմ կյանքից անհետացնել հնարավոր չէ: Բայց հիմա ամեն ինչ պարզվել է: Մենք միասին ենք` ամբողջովին սուզված հատվածականության բնույթի մեջ:

Հարցազրույցներից մեկում ասում ես՝ «պարտաստ եմ պաշտպանելու իմ պարբերությունները, իմ նախադասությունները․․․ Գրականության կոնտեքստում»։ Կարծում ես՝ տեսքտդ պաշտպանվելու կարիք ունի՞։ Ումի՞ց, ինչի՞ց․․․

Խոսքը էսթետիկական հարցերի պաշտպանության մասին էր: Պաշպանել, այսինքն խոսել, վերարտադրել, գրված պատմությունների ընթերցողը դառնալ, նաև լռել դրանց մասին: Բայց հեղինակից հետո տեքստը ամեն ինչ ունի՝ և՛ ինքնապաշտպանության համակարգ, և՛ հարձակման:

Եվ վերջում, ինչպես արդեն ասացի, ուզում եմ ընթերցողին ներկայացնել «Իր սիգարի մասին» գործդներկայացնե՞մ, թե՞ մինչ այդ հավելելու բան ունես։

Չէ, հավելելու բան չունեմ, պարզապես մեր հարցազրույցի առիթով կուզեի մի սիգար վառել:

ՀԳ«Օվկիանոս» ժողովածուն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, տեխնիկական խմբագիր՝ Արարատ Թովմասյան, կազմի ձեւավորող՝ Լուսինե Դաշտոյան, կազմի նկարը՝ Տիգրան Կիրակոսյանի, էջադրող՝ Գեւորգ Սահակյան։

Կից՝ Արամ Պաչյանի «Իր սիգարի մասին» պատմվածքը

Լուս՝ Անի Տագերի

Մեկնաբանություններ (1)

սագօ արեան
Կեցցես Անոյշ:Արամը արժանիէ մեր բոլորի ուշադրութեան եւ սիրոյն: Գրական միջավայրում ատեալվառութեան առկայութիւնը երբեք պիտի չնապստէ ճշմարիտ արուեստի ստեղծմանը: Մտածենք այդ մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter