HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոց-բանակ միասնությունը. Շվեյցարիայի փորձը

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Կրթությունը պետության կենսագործունեության հիմնասյուններից է: Կրթական գործընթացի միջոցով քաղաքացիական հանրությունը նպատակաուղղված կերպով փոխանցում է իր մշակութային ժառանգությունը` կուտակած գիտելիքները, արժեքները, հմտությունները նոր սերունդներին: Այդ իսկ պատճառով, որպես պետական ինստիտուտ, դպրոցը (կրթական հաստատությունների ողջ համալիրը) բանակի հետ նույն հարթության վրա է գտնվում:

Եթե կոնկրետ պատմական ժամանակահատվածում մարտունակ բանակը պետության առաջընթացի վկայությունն է եւ նրա արտաքին անվտանգության երաշխավորը, ապա դպրոցը նրա հենց ներուժն է եւ ապագայի երաշխիքը: Առանց երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության, առանց արժեքներ սերմանելու եւ գիտելիք հաղորդելու պետության մեջ չի կարող լինել գաղափարական զինվոր: Զինվորական կադրերն ու ժամանակակից սպառազինությունը նախեւառաջ ստեղծվում են ազգային դպրոցում սաներին գիտելիք, դաստիարակություն, հոգեբանական ու գաղափարական պատրաստություն տալու միջոցով: Դպրոցն է կերտում ապագա տնտեսագետին, արվեստագետին ու սպորտսմենին: Աշխարհահռչակ գիտնականի կամ սկզբունքային քաղաքական գործչի հաջողության եւ գործունեության արդյունավետության ուղին սկսվում է առաջին հերթին այս դարբնոցում: Հենց այստեղից է սկսվում նաեւ ազգ-բանակ միասնությունը: Եւ դրա վառ օրինակը Շվեյցարիան է:

Եւրոպայի սրտում գտնվող այս երկիրը ճանաչված է շատ ու շատ բրենդներով: Բոլորին են հայտնի ֆինանսատնտեսական ոլորտի շվեյցարական հսկաները` բանկերը, արյունաբերական արտադրության մեջ աչք են զարնում այս երկրի ժամացույցների ճոխությունն ու ճշգրտությունը, գյուղատնտեսության մեջ էկոլոգիապես մաքուր արտադրանքն ու հատկապես պանրի արտադրությունը: Այդ ամենից ետ չեն մնում դեղագործությունը, մեքենաշինությունը եւ տնտեսության այլ ոլորտները: Սակայն քչերին է հայտնի, որ այս եւ մյուս հաջողությունները հիմնվում են շվեյցարական հանրության քաղաքացիական գիտակցության եւ կրթության նկատմամբ նրա ունեցած վերաբերմունքի վրա:

Շվեյցարական ազգային դպրոցը սերնդե սերունդ լիարժեք կադրեր է պատրաստում պետության կենսագործունեությանը անհրաժեշտ բոլոր բնագավառների համար: Կրթական համակարգի շնորհիվ է, որ Շվեյցարիան վարում է ինքնաբավ պետական քաղաքականություն նաեւ արտաքին հարաբերություններում: Այդ տեսանկյունից հարկ է նշել մի կարեւոր փաստ`միջնադարում ուրույն գիտական ներուժի եւ համամետաբար բարձր քաղաքացիական հանդուրժողականության արդյունքում Շվեյցարիան շատ ավելի արագ անցավ ռեֆորմացիայի ժամանակաշրջանը եւ խույս տվեց քաղաքացիական պատերազմներից: Մեկ այլ հանրահայտ փաստ է, որ մշտական ռազմական չեզոքություն պահպանելու քաղաքականության արդյունքում այդ պետությունը զերծ մնաց երկու համաշխարհային պատերազմների արհավիրքներից եւ անգամ իր տարածքում աշխարհի քաղաքական ու տնտեսական կապիտալի համար պայմաններ ստեղծեց երկխոսության ու հաշտեցման համար:

Սակայն մեր քաղաքացիական հանրության դիտանկյունից ուսանելի է հատկապես բանակի կառուցման շվեյցարական փորձը: Հայտնի է, որ Շվեյցարիայի բանակը աշխարհի լավագույն բանակների թվին է դասվում, իսկ շվեյցարացիները բանակին վերաբերում են իբրեւ իրենց կյանքի անբաժան ուղեկցի: Պետք է նկատել, որ բանակի առաջ դրված չէ հարձակողական գործողություններ վարելու ու երբեւէ այլ տարածքներ նվաճելու նպատակ, այլ միայն մի խնդիր` այնպես անել, որ հակառակորդի մտքով չանցնի իր տարածքը անգամ ոտք դնել: Ուստի այդ նպատակով բանակը կատարյալ կազմակերպվել ու սպառազինվել է եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսօր ապրում է իր արդիականացման չորրորդ փուլը:

Սակայն մինչ այդ մասին խոսելը հարկ է անդրադառնալ շվեյցարական բանակի պատմության մի քանի արժանահիշատակ փաստերի: Նրա զինված ուժերը վերջին անգամ, այն էլ իբրեւ վարձկան ստորաբաժանումներ, լայնածավալ ռազմական գործողությունների մասնակցել են XIX դարի կեսերին Իտալիայի միավորման համար մղված մարտերում: Իր ողջ պատմության ընթացքում շվեյցարական բանակը համընդհանուր մոբիլիզացիայի է ենթարկվել չորս անգամ` 1856թ. ի պատասխան Պրուսիայի սպառնալիքի, 1870-1871թթ.՝ ի պատասխան ֆրանս-պրուսական պատերազմի, 1914թ. օգոստոսի 3-ին՝ ի պատասխան Առաջին համաշխարհային պատերազմի, 1939թ. սեպտեմբերի 1-ին՝ ի պատասխան Երկրորդ համաշխարհային պատերազմի: Ընդ որում, վերջին դեպքում, Շվեյցարիան հասցրել է իր օդային տարածքում առանց երկմտանքի ոչնչացնել թե ֆաշիստական Գերմանիայի եւ թե ԱՄՆ-ի ռազմական այն ինքնաթիռները, որոնք համարձակվել են հատել իր պետական սահմանը:

Այժմ Շվեյցարական բանակը գտնվում  է հերթական վերակազմավորման շրջանում (Բանակ-XXI): Կրճատվում է թե՛ բանակի անձնակազմը եւ թե՛ պահեստազորը: 2016թ. ներկայիս 155 000 թվաքանակի փոխարեն ծրագրվում է ունենալ միայն 100 000-անոց զինված ուժեր, որը կազմավորվելու է թե՛ պարտադիր զորակոչի, թե՛ կամավոր պայմանագրային զինծառայողների եւ թե՛ պրոֆեսիոնալ սպաների` ռազմական տեսուչների միջոցով: Կամավոր պայմանագրային զինծառայող կարող են լինել եւ տղամարդիկ եւ կանայք՝ սկսած 18 տարեկանից: Սակայն բանակի 95 տոկոսը, այնուամենայնիվ, կազմելու են պարտադիր զորակոչի ենթարկված 20-34 տարեկան քաղաքացիները: Ընդ որում, պահպանելով բարի ավանդույթները, շվեյցարական բանակում զորակոչի անընդհատությունը (քաղաքացին զինվորական ծառայությունն անցնում է տարիների ընթացքում` ամեն տարի որոշակի քանակի շաբաթներ ծառայելու միջոցով) ու անձնակազմի ռոտացիոն կարգը մշտապես բարձր հիմքերի վրա է: Ընդհանուր առմամբ այդ բանակում չգիտեն կայուն անձնակազմն ինչ բան է, քանի որ զինվորական հավաքները, ինչպես եւ ուսումնառազմական մարզումները անընդհատ շրջապտույտի մեջ են:

Շվեյցարացիների համար բանակը եւ այն ամենը, ինչ կապված է զենքի ու ռազմական գործի հետ, դիտվում է իբրեւ ազգային արժանապատվության եւ հայրենասիրության մարմնացում: Անգամ սպորտը բանակի հետ ունի ուղղակի առնչություն: Շվեյցարիայի պաշտպանության նախարարը պատասխանատու է ոչ միայն բնակչության անվտանգության համար, այլ նաեւ` սպորտի զարգացման: Պատահական չէ, որ առանձին սպորտաձեւերում Շվեյցարիայի հետ հավասար մրցակցելը երբեմն անհնար է լինում (դահուկային սպորտաձեւեր, հրաձգություն եւ այլն): Ընդհանրապես ընդունված դիտարկում է, որ եթե Շվեյցարիայի որեւէ համայնքում դրված լինի հանրային հրաձգարանի (ոչ մի այլ երկրում հրաձգարանների (տիր) նման լայն ցանց չկա, ինչպես Շվեյցարիայում), թե փողոցի վերանորոգման հարցը, ապա միանշանակ առաջին հերթին կընտրվի հրաձգարանը:

Զենքի հետ հարաբերվելու մշակույթը յուրաքանչյուր շվեյցարացու համար պատվի հարց է: Տանը մարտական զենք ունենալը (պետությանը չի հետքրքրում քաղաքացուն բանակի կողմից հատկացված մարտական զենքը նա որտեղ կպահի, կարեւորը, որ հավաքների ժամանակ նա այդ զենքով կազմ ու պատրաստ ներկայանա) եւ դրա հետ մեկտեղ սոցիումում կայունության պահպանումը, որսորդական զենքով պարբերաբար որսի գնալը, բայց միեւնույն ժամանակ բծախնդրությունը` բնությանը վնաս չհասցնելու հարցում, զորահավաքների ժամանակ կրակային մրցակցությունը եւ դրա հետ մեկտեղ ոչ կանոնակարգային հարաբերությունների իսպառ բացակայությունը, անգամ հնացած ինքնաթիռները ռազմաօդային ուժերից դուրս չգրելու երեւույթը (չնայած նրան, որ մի քանի միլիարդանոց ռազմական բյուջեի միջոցով արդեն մի քանի անգամ թարմացվել է ռազմական ավիացիայի ողջ տեսականին) վկայում են այդ ժողովրդի քաղաքացիական գիտակցություն, բարձր կրթական ցենզ եւ դարերի խորքից եկող ռազմական մշակույթ ունենալու մասին:

Ընդհանրապես հարկ է նկատել, որ պետականաշինության ու մասնավորապես բանակաշինության գործում հարյուրամյակների Շվեյցարիայի հաջողությունները հիմնվում են հատկապես նրա կրթական համակարգի վրա: Ըստ շվեյցարական մանկավարժական դպրոցի` կրթության ու դաստիարակության գլխավոր նպատակն է երեխաների մեջ նրանց անհատականությունը զարգացնելը եւ հետաքրքրություն արթնացնելը` ստեղծագործական ճանաչման միջոցով շրջակա աշխարհը բացահայտելու համար: Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ Նոբելյան 113 մրցանակակիրներ անմիջականորեն կապված են Շվեյցարիա պետության անվան հետ: Նման արդյունք հնարավոր է եղել արձանագրել միմիայն շնորհիվ շվեյցարական բազմաֆունկցիոնալ եւ փոխկապակցված կրթական համակարգի: Համաձայն աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Դպրոցում կրթության որակի գնահատականի մոնիտորինգ PISA»-ի եռամյա պարբերականությամբ հրապարակվող տվյալների` դպրոցականների պատրաստվածության մակարդակը Շվեյցարիայում մշտապես գտնվում է շատ բարձր աստիճանի վրա: Ըստ վերջին` 2012թ. հրապարակման Շվեյցարիան Եվրոպայում ճանաչվել էր 2-րդ լավագույն հանրակրթություն ունեցող պետությունը:

Պետական քաղաքականության շնորհիվ եվրոպական այդ փոքր պետությունը գիտական ուսումնասիրությունների գծով դարձել է աշխարհի առաջատարն այնպիսի գիգանտի տերության հետ միասին, ինչպիսին ԱՄՆ-ն է: Ամբողջ աշխարհին են հայտնի նրա գիտական կենտրոնները, որոնք աշխատում են տիեզերքի ուսումնասիրության, ատոմային էներգիայի, նանոտեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: Այս երկրում դասախոսների մեծամասնությունը եւ ուսանողների գրեթե կեսը ներգրավված են գիտական որեւէ հետազոտության մեջ: Իսկ ամենաքիչը յոթ համալսարաններ (Տեխնոլոգիաների Շվեյցարական Դաշնային Ինստիտուտը, Ցյուրիխի, Ժնեւի, Բազելի, Լոզանի համալսարանները եւ այլն) մշտապես բարձր դիրքեր են գրավում աշխարհի լավագույն ԲՈւՀ-երի ցանկում:

Բանակ-հանրություն կապը լավագույնս երեւում է հենց շվեյցարական կրթական համակարգի եւ բանակին նրա տված արդյունքների միջոցով: Գիտական հետազոտությունների որոշակի մասը կապված է կամ հենց երկրի պաշտպանունակության ամրապնդմանը նրա տված արդյունքների, կամ էլ` նոր սպառազինություններ եւ բանակի հետ ուղղակի առնչություն ունեցող ռազմական կառույցներ նախագծելու եւ դրանք կյանքի կոչելու հետ: Բացի այդ, զինվորի հոգեբանական պատրաստվածությունը նախ կատարվում է կրթական հաստատություններում, եւ երիտասարդ քաղաքացին շատ մեծ էնտուզիազմով է մեկնում բանակ` իր պարտքը կատարելու: Այդ գործում դեր է խաղում պատանուն ու երիտասարդին ոչ միայն ռազմարվեստի հետ կապված հանրակրթական դպրոցի ու ԲՈւՀ-ի տված ընդհանուր դաստիարակությունն ու վերաբերմունքը, այլ ընդհանրապես նրա մեջ քաղաքացիական գիտակցություն սերմանելու, գաղափարապես ու բարոյապես լիարժեք անհատականություն ձեւավորելու կրթական հաստատության մոտեցումը:

Վերեւում ներկայացված պատկերը ցուցանում է, որ պետության հիմնասյունները կազմող երկու ինստիտուտների` բանակի եւ դպրոցի միմյանց փոխլրացնելու եւ զուգակցելու շվեյցարական փորձը մեր պետության համար խոստումնալից է եւ հեռանկարային: Տերությունների համար տարածաշրջանում մարտունակ հայկական երկու բանակների գոյության անհրաժեշտությունը մեծ հնարավորություններ է ստեղծում նրա արդիականացման ընթացքը բարձր հիմքերի վրա պահելու համար: Միաժամանակ մեր ազգի երիտասարդ սերնդի ինտելեկտուալ ներուժի հնարավորությունները հիմքեր են տալիս կարծելու, որ կա ճանապարհ նաեւ կրթական ազգային դպրոցը հիմնելու եւ այն բանակի առաջընթացի եւ աշխարհում նրա ստանձնած դերակատարության հետ փոխկապակցելու համար: Հնարավորություններն առկա են, սակայն չկա այդ գործի գիտակցումը, իսկ գործելու կամքն էլ առայժմ հանձնված է օտարներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter