HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարացում 39 տարի հետո. «Անգլերենում չկա մի բառ, որն արտահայտի իմ զգացածը»

«Անգլերեն լեզվում չկա այնպիսի մի բառ, որը հիմա արտահայտի իմ զգացածը»,- այս բառերն ԱՄՆ Օհայո նահանգի դատարանում արտասանել է 39 տարի չկատարած հանցանքի համար բանտում անցկացրած 57-ամյա Ռիկի Ջեքսոնը, ով արդարացման դատավճռով վերադարձել է ազատություն: 

Նա 18 տարեկանում մեղադրվել էր 1975 թ-ին Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում խանութի դիմաց հայտնի բիզմեսմենի սպանության մեջ: Նրա հետ դատապարտվել էին նաև Բենջամին եղբայրները, սակայն երկարատև ազատազրկման: Ռիկի Ջեքսոնը դատապարվել էր  մահապատժի, իսկ 1978 թ-ին Օհայո նահանգի Գերագույն դատարանի դատավճռով պատժաչափը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: 

Ջեքսոնի հետ դատապարտված Բենջամին եղբայրները

39 տարի բանտում. սա ռեկորդային ցուցանիշ է, մինչ այդ բանտում անմեղ մարդու անցկացրած տարիների առումով ռեկորդը պատկանում էր Ջեյմս Բեյնին, ով 35 տարի էր անցկացրել բանտում և արդարացվել 2011 թ-ին: 

Այս 2 պատմությունները նման են իրար. երկու դեպքում էլ դատարանը դատավճռի հիմքում դրել էր վկա երեխաների ցուցմունքներ. առաջին դեպքում 12-ամյա, իսկ երկրորդ դեպքում՝ 9 տարեկան տղայի ցուցմունքները: Ռիկի Ջեքսոնի գործով 39 տարի անց վկա երեխան, ով արդեն 52-ամյա տղամարդ է, հայտարարել է, որ ոստիկաններն իրեն ստիպել են տալ սուտ ցուցմունք, ապա ասել, որ եթե հայտարարի, որ սուտ ցուցմունք է տվել, նրա ծնողներին բանտ կտանեն: 39 տարի անց վկայի արած այս հայտարարությունն էլ հիմք է դարձել գործի վերանայման, ապա և արդարացման դատավճռի: Վկան ասել է, որ այդ պահին իրենց դպրոցի ավտոբուսը անցնելիս է եղել դեպքի վայրից այնպիսի հեռավորության վրա, որ անհնար էր տեսնել, թե ինչ է կատարվում խանութի մոտ: Սակայն 39 տարի առաջ նա ասել էր, որ տեսել է մեղադրյալներին դեպքի վայրում: 

Իսկ Ջեյմս Բեյնի պարագայում 9-ամյա տղայի ցուցմունքը 35 տարի անց հերքվել է իրեղեն ապացույցների պահպանմամբ ԴՆԹ թեսթով: 

Ռիկի Ջեքսոնն ասել է. «Ես միշտ գիտեի, որ անմեղ եմ, ու իրականում երբևէ ինձ դատապարտյալի կարգավիճակում չեմ զգացել, թեպետ 18-ամյակս բանտում եմ դիմավորել: Ես ոչինչ չգիտեի, թե ինչ է տեղի ունեցել սպանության վայրում: Այս տարիներին մենք միշտ պայքարել ենք, որ ապացուցվի մեր անմեղությունը»: 

Սպանված բիզնեսմենի դիակի լուսանկարը 1975 թ-ի
քրեական գործից

Երեք ընկերներն, ովքեր այսօր 60 տարեկան տղամարդիկ են, միասին են ազատության մեջ: Լրագրողների հարցին, թե ինչ են անելու առաջինը, պատասխանել են՝ գնալու են ձուկ ուտելու: 

Իսկ դատավոր Ռիչարդ Մքմոնագլը արդարացման դատավճիռը կարդալուց հետո ասել է. «Կյանքը լի է փոքր հաղթանակներով: Բայց այս մեկը մեծ հաղթանակ է»: 

Հայաստանում «Հետքը» ծանոթացել է 104 ցմահ ազատազրկման դատապարտվածներից 11-ի վերաբերյալ քրեական գործերին: Դրանք հիմնականում քննվել են նորանկախ Հայաստանի առաջին տարիներին՝ 1990-ականների, երբ դեռ նոր ձևավորման փուլում էին պետական համակարգերը, այդ թվում և դատականը: Այդ քրեական գործերում գերակշռողը վկաների, կասկածյալների, ապա ամբաստանյալների, տուժողների ցուցմունքներն են: Սակայն արդեն երկու դար վկաների ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ են դնում առաջադեմ աշխարհի գիտական շրջանակները՝ պնդելով, որ քրեագիտության մեջ ոչինչ չի կարող փոխարինել գիտական հետազոտություններին` հանցագործին նույնականացնելու հարցում: Վերջին տարիներին ԱՄՆ-ում ու Եվրոպայում գիտության զարգացմամբ, մասնավորապես՝ ԴՆԹ թեստի հիմքով վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում (72 տոկոս) անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով (39 տոկոս): Այն ժամանակ, երբ անմեղ մարդը պատիժ է կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն:  

Փոխարենը՝ մեր կողմից ուսումնասիրված գործերում գիտական հենքը քիչ է: Կան գործեր, որտեղ միայն դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարված, չկան համալիր փորձաքննություններ: Քիչ են նաև լուսանկարները՝ դեպքի վայրի զննության և այլն: Գործեր կան, որտեղ քննիչները գրիչով են նկարել դեպքի վայրը: Սակայն այժմ անգամ լուսանկարների առկայությամբ աշխարհի տարբեր քրեագիտական կենտրոններ 3D մոդելավորմամբ կարողանում են վերականգնել հանցագործության մեխանիզմը: 

ՀՀ Գլխավոր դատախազությունից իրենց գործերի վերաբացման խնդրանքով պարբերաբար դիմումներ գրող դատապարտյալներին ու նրանց հարազատներին պատասխանում են հետևյալ կերպ. «Կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Գործը կարող է վերաբացվել նոր երևան եկած հանգամանքներով»: Մեկ-երկու գործով ներկայացվել են նոր երևան եկած հանգամանքներ, սակայն դրանց չի հետևել գործերի վերաբացում: 

Լուսանկարները AP գործակալության կայքից

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ Պողոսյան
Ճիշտն ասած ԱՄՆ -ի նման երկրի համար սա այնքան էլ ոգևորիչ լուծում չէ, գրեթե 40 տարի հետո արդարացնելս որն է:Իսկ ինչ էին անում մինչև այժմ , եթե ցուցմունք տվողը հիմա արդեն 50-ն անց մարդ է նա շատ վաղուց արդեն երեխա չէ:Մարդը իր ողջ կյանքը անցկացրել է անազատության մեջ համակարգի սխալի պատճառով և դատավորը ընդամենը ասում է, որ սա մեծ հաղթանակ է փոքրերի մեջ:Համակարգը պետք է այդ 40 տարիները փոխհատուցի, օր առ օր, ժամ առ ժամ:Կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ, բայց չի տրվում այն անարդացիորեն բանտում անցկացնելու համար, որ երկրում էլ, որ դա լինի:
David
Հասմիկ ջան Դուք շատ ճիշտ եք: Հույսով եմ Հայաստանի մշակույթի նախարարը չէք, այլապես կարծիքս կփոխեմ Ձեր մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter