HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արհեստակցական կազմակերպությունները պահում են կամավոր-պարտադիր անդամակցողները

Գորիսի թիվ 5 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Բորիս Սահակյանը դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պաշտպանության նախարարից թանկարժեք նվեր է ստացել:

«Ուրախ եմ ոչ միայն պարգեւիս համար, այլեւ այն բանի, որ ուսուցչի աշխատանքը կարեւորվում է, գնահատվում»,- ասում է Բորիսը:

Նրա կարծիքով՝ վերջին տարիներին, չնայած տարբեր նախաձեռնությունների շրջանակներում պարբերաբար մրցանակներ են հանձնվում մանկավարժներին, այնուամենայնիվ, կրթության ոլորտի աշխատողների շահերի պաշտպանության համար բավարար հնարավորություններ չկան: «30 տարուց ավելի է մեր դպրոցում կրթության  արհմիութենական սկզբնական կազմակերպության նախագահն եմ, եւ այդ առումով իմ գործն ընդամենը 34 աշխատակիցներից անդամավճար գանձելն է, եւ  այդ միջոցներից, որոշ մասնահանումներով, մանր-մունր միջոցառումների կազմակերպմանն աջակցելը»,- ասում է նա: 

Արհմիությունները խորհրդային ժամանակների մնացուկների են նման

Այն, որ կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակվում է անդամավճարների հավաքագրմամբ, ուսումնական տարվա ընթացքում հիշարժան առիթներին որոշակի ներդրումներ կատարելով, հաստատում է նաեւ Մեղրիի տարածաշրջանի կրթության աշխատողների արհեստակցական միության նախագահ Սամվել Սարգսյանը:  «Մեր կազմակերպությունը 320 անդամ ունի, ամսական մոտ 230 հազար դրամ անդամավճար ենք հավաքագրում, որի 5-8%-ը փոխանցվում է Հայաստանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, մնացածի 62%-ը տարբեր նախաձեռնությունների համար վերադարձվում է կոլեկտիվներին»,- նշում է  Սամվել Սարգսյանը: 

Վերջինիս խոսքով՝ չնայած արհմիութենական կազմակերպությանն անդամագրումը  հիմնվում է կամավորության սկզբունքի վրա, այնումենայնիվ, դպրոցների գրեթե բոլոր աշխատակիցներն ամսական աշխատավարձի 1%-ի չափով անդամավճար են մուծում: Նա նաեւ պատմում է, որ միայն վերջերս 5 աշխատող դիմում են ներկայացրել անդամակցությունից հրաժարվելու համար, նշելով, որ արհմիությունը չի կարողանում պաշտպանել իրենց շահերը: Երկուսի համար արդեն որոշում է կայացվել անդամակցությունը դադարեցնելու մասին, մյուսներն ստիպված են մինչեւ հունվար վճարումներ կատարել: 

«Որոշ առումով համամիտ եմ նրանց հետ, քանի որ աշխատողը տարբեր հարթակներում իր իրավունքների պաշտպանության համար ստիպված է փաստաբան վարձել, խորհրդատուի, մասնագետի դիմել, իսկ մեր կազմակերպությունն այդ հարցում չի կարող աջակցել, ուստի  բնական է, որ միայն ամանորյա կամ այլ տոնական հանդիսույթների մասնակցելու համար հրաժարվում են անդամավճար մուծել»,- ասում է Ս. Սարգսյանը: 

Կրթության ոլորտի արհմիութենական կազմակերպությունների գործունեության արդյունավետության մասին տարբեր կարծիքներ են հայտնում դպրոցների տնօրենները, ուսուցիչները, ովքեր ենթադրելով, որ իրենց նկատառումների մասին բարձրաձայնելու համար կարող են խնդիրներ ունենալ, նախընտրում են անուններ չտալ, սակայն պնդում են, որ ոչ  բոլորն են իրազեկված այն մասին, որ յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 1%-ի չափով անդամավճարի գանձումը կամավոր հիմունքներով պիտի կատարվի, ոչ թե պարտադիր:

«Խորհրդային ժամանակների մնացուկներից մեկն արհմիություններն են, որոնք «իներցիայով» գործում են, բայց անարդյունավետ: Նախկինում, հնարավոր է, արհմիությունների միջոցով կրթության ոլորտի աշխատակիցների որոշ սոցիալական խնդիրներ լուծվել են, սակայն այժմ, երբ պետությունը նաեւ ուսուցիչներին սոցիալական տարբեր փաթեթներ է հատկացնում, միայն  քեֆ կազմակերպելու կամ սգո պսակի համար «հետ գցած» գումար ունենալու համար, արդյոք, շահեկա՞ն է նրա աշխատավարձից պահելը, դժվարանում եմ ասել»,- նշում է տնօրեններից մեկը:

Նրա խոսքով՝ անկախությունից  հետո, երբ դպրոցներում սկսվեցին կրթական տարբեր բարեփոխումների մեկը մյուսին հաջորդող, երբեմն անգամ ժամանակի քննությանը չդիմացող ծրագրերը, հաճախ մերժելով անցյալի դրական ավանդույթները, գտնվեցին մարդիկ, ովքեր օգտվելով իրավիճակից, կարողացան հասարակական կազմակերպության իրավական կարգավիճակով դպրոցներում պահպանել, «փայփայել» արհմիութենական  կազմակերպությունները: Տարիների ընթացքում դրանք շարունակում են գործել՝ առանց որեւէ կապ ունեալու արհեստակցական կազմակերպությունների  գործունեության առաքելության հետ:

Արարատ Լալաբեկյան

Կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների դերի մասին այլ տեսակետ է ներկայացնում Գորիսի տարածաշրջանի կրթության աշխատողների արհեստակցական միության նախագահ Արարատ Լալաբեկյանը: Նրա խոսքով՝ Գորիսի տարածաշրջանում իրենց կազմակերպությանն անդամակցում է 1327 մարդ: Նրանք ամսական վճարում են մոտ 350 հազար դրամ անդամավճար, որի 20%-ը փոխանցվում է Հայաստանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, 6-8%-ը՝ տրամադրվում է կազմակերպությանը, մյուս մասը վերադարձվում դպրոցին՝ տարբեր նախաձեռնություններ, հիմնականում միջոցառումներ կազմակերպելու համար: 

Կրթության աշխատողների Կապանի արհեստակցական տարածքային կազմակերպության նախագահ Էմմա Առաքելյանը նշում է, որ իրենց կազմակերպության  1300 անդամները  անդամավճար վճարում են աշխատավարձի ոչ թե 1, այլ՝ 0,75-0,80%-ի չափով: 

Նախադպրոցական հաստատությունները համայնքների ղեկավարների հրահանգով անդամակցել են արհեստակցական միությանը 

Հայաստանի կրթության եւ գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանն անդամակցում են միայն մարզի ավագ եւ հիմնական դպրոցները, իսկ նախակրթական հաստատությունների աշխատակիցները Պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միության անդամներ են համարվում եւ գանձվող անդամավճարներն ուղղվում են այնտեղ: 

Մեղրիի տարածաշրջանի կրթության աշխատողների արհեստակցական միության նախագահի խոսքով՝ տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններից հետո, նորընտիր քաղաքապետի հրահանգով, նախադպրոցական հաստատությունները դարձան վերոնշյալ միության անդամներ:

Պատկերը նույնն է նաեւ Գորիսում: Պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական տարածքային կազմակերպության նախագահ Գագիկ Հայրապետյանը, ով նաեւ համայնքային իշխանության աշխատակազմի քարտուղարն է, նշում է, որ քաղաքի նախակրթարանների աշխատակիցներն անդամակցում են ՊՀՏԻՄՀՍ-ին եւ, բնականաբար, անդամավճարները եւս ուղղվում են այնտեղ:

Գագիկ Հայրապետյան

«Երեք տարի առաջ մեր կազմակերպության կազմում էին նաեւ գյուղական համայնքների նախակրթարանների եւ գյուղապետարանների աշխատակիցները, սակայն այժմ անդամակցում են միայն Շինուհայր եւ Խնածախ համայնքները: Դժվարանում եմ ասել, թե մյուս համայնքներում, արդյոք, արհեստակցական անդամավճարներ գանձվո՞ւմ են, թե՝ ոչ: Եթե հինգ տարի առաջ անդամավճարների ընդհանուր գումարը 1 մլն-ից ավելի էր, այսօր հազիվ 132 անդամ է գրանցված, եւ համապատասխանաբար նվազել է նաեւ հավաքագրվող գումարը: Համայնքային իշխանության ենթակայության մարզադպրոցի աշխատակիցներն, օրինակ, ամսական վճարում են ընդամենը 4500 դրամ»,- ասում է Գ. Հայրապետյանը:

Հետաքրքիր է, որ արհմիութենական անդամավճարներ չեն վճարում քաղաքապետարանի աշխատակիցները: «Ժողով ենք հրավիրել, ընդհանուր համաձայնության չեկան,- նշում է Գագիկ Հայրապետյանը: Այն հարցին, թե ինչպես է ինքը ղեկավարում մի կազմակերպության, որին չի անդամակցում, պատասխանի փոխարեն դժգոհում է. «Սա չվարձատրվող աշխատանք է, եւ ես բոլոր տեսակի հաշվետվություններ, արձանագրություններ կազմում եմ հասարակական հիմունքներով, բացի այդ, ես քաղաքապետարանի աշխատակից եմ, որտեղ որեւէ մեկը արհեստակցական կազմակերպության չի անդամակցում»:

Ըստ աշխատակազմի քարտուղարի՝ ի տարբերություն մյուս սկզբնական կազմակերպությունների, իրենք գանձված անդամավճարներից տեղական մասնահանում չեն կատարում. 20%-ը փոխանցվում է Պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական միությանը, մնացած մասը վերադարձվում է կազմակերպության անդամներին: 

Աշխատավարձից մասսայական պահումներն իրավական հիմնավորում ունե՞ն 

Ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, շահերի պաշտպանության գործում կարեւորվում է արհեստակցական կազմակերպությունների դերը եւ տարբեր միջոցներով խրախուսվում դրանց հիմնադրումը, զարգացումը, բայց այդ կառույցների գործունեությունը ծավալվում է կամավորության սկզբունքով կամ թերեւս ամրագրվում համապատասխան օրենքներով: Այս առումով զարմանալի է, որ կրթական տարբեր հաստատությունների աշխատակիցներին վճարվող աշխատավարձերի պաշտոնական տեղեկագրերում ներառված է ինչ-որ հասարակական կազմակերպության (որքան էլ որ դրա դերն արժեւորված է) անդամակցության գումար՝ հստակ սահմանված աշխատավարձի 1%: Հետաքրքիր է, թե որքանո՞վ է այն համապատասխանում ՀՀ Կրթության մասին օրենքին, աշխատանքային օրենսդրությանը: 

Չժխտելով, որ գործող արհեստակցական կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ իրենց շահառուների իրավունքների պաշտպանության համար կարող են օրենսդրական առաջարկություններ ներկայացնել, տարբեր առիթներով հայտարարություններ ընդունել, իրավիճակային վերլուծություններ կատարել, այնուամենայնիվ, որքանո՞վ է իրավական տեսակետից հիմնավոր կամավոր-պարտադիր անդամակցումը մասնավորապես կրթության արհեստակցական կազմակերպություններին (թեեւս վստահություն չի ներշնչում բազմաթիվ հարցումների մասսայական դրական պատասխանը, թե իրենց ոչ ոք չի պարտադրում): 

Արդյոք միայն այն փաստը, որ կազմակերպությունները գրանցված են, կնիք ունեն, դրոշմ, կանոնադրություն, խորհուրդ, քաղվածքներ են կազմում անդամավճարների գանձման կամ ծախսերի մասին, բավարար են, որպեսզի պետական կամ համայնքային կառույցների աշխատակիցների աշխատավարձից մասսայական պահումներ արվեն եւ այդ մասին պարբերաբար նշումներ կատարվեն ֆինանսական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի տեղեկագրերում:

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Բարև Ձեզ.պրոֆմիության գումարը մաքուր աշխատավարձից է պահվում թե դրույքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter