HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչու է «քնել» միջազգային հանրությունը

Երբ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը խոցեց սահմանագծի երկայնքով ուսումնավարժական թռիչք կատարող հայկական ՌՕՈւ-ին պատկանող մարտական անզեն ուղղաթիռը, գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները, բոլոր ուժային կենտրոններն արձագանքեցին չափազանց արագ: Մինչդեռ անցած շաբաթավերջին հատուկ գործողության միջոցով ուղղաթիռի անկման վայրից հայ օդաչուների մարմինների կամ դրանց մասերի դուրսբերումը մատնվեց անուշադրության: Եվ դա այն դեպքում, երբ գործողության արդյունքում ադրբեջանական կողմը երկու զոհ էր տվել, ինչը մշտապես դիտարկվում է որպես իրավիճակի սրման ամենավտանգավոր և սադրիչ հանգամանք: Հետևաբար այն արտաքին սառնությունը, որով ուղեկցվեց օպերացիայի իրականացումը, չէր կարող զուտ պատահականություն լինել:

Հատուկ նշանակության օպերացիայի իրականացումից առաջ` նոյեմբերի 19-ին, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում Ադրբեջանին ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք բացել` չհասկանալով այդ հարցում Բաքվի դրսևորած` բանականության և հումանիզմի սահմաններից դուրս մերժողականությունը: Բաքուն ՄԽ-ի այդ հայտարարությունը սադրանք որակեց` հստակ ցույց տալով, որ նույնիսկ համանախագահների կոչին ընդառաջելու որևէ ցանկություն չունի: Բաքուն նաև մերժեց ուղաթիռի անկման վայր այցելելու և տեղում հայ օդաչուների վիճակի շուրջ անորոշությունը ցրելու հետ կապված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խնդրանքը, որն արդեն ակնհայտ դեմարշ էր միջազգային հանրությանը: Այն հանրությանը, որն ուղղաթիռի ոչնչացումից հետո ամեն ինչ անում էր հայկական կողմին պատասխան գործողություններից զերծ պահելու և հնարավոր պատերազմի վերսկսումը թույլ չտալու նպատակով:

Իր նման անադեկվատ վարքագծով, Ադրբեջանը փաստացի բացահայտեց երկու իրողություն: Նախ` որ իսկապես շահագրգռված է իրավիճակի ապակայունացմամբ և ամեն ինչ անում է հայկական կողմին պատերազմի սադրելու համար: Թերևս հենց այդ հանգամանքը հաշվի առնելով հայկական զինված ուժերը հրաժարվեցին անմիջապես հակահարված տալու մտքից` չնայած նրան, որ անցկացվող զորավարժույունների համար ԼՂՀ տարածքում և անմիջապես ողբերգական իրադարձությունների հարևանությամբ հսկայական զինտեխնիկա և մարդուժ ուներ կենտրոնացրած: Երկրորդ` նման մերժողականությամբ Բաքուն ինքնաբերաբար ստանձնեց հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը և անմտորեն միջազգային հանրության համար լեգիտիմացրեց հայկական կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու ցանկացած որոշման կայցում: Ողջ հարցը դարձավ միայն այն, թե ինչպիսի տեսք էր ունենալու այդ «միջոցառումը»: Հայկական կողմն ընտրեց ստեղծված իրավիճակում թերևս ամենաօպտիմալ և ամենականխատեսելի տարբերակը` հատուկ նշանակության օպերացիայի կազմակերպումը, որն էլ, ի վերջո, փայլուն կերպով իրականացրեց:

Հետարքրականն այն է, որ միջազգային հանրությունը, կամա թե ակամա, դարձավ այդ օպերացիայի ուղղակի կամ անուղղակի մասնակիցը: Հատուկ գործողության ձեռնարկման հիմնական օրը` նոյեմբերի 21-ին, Անջեյ Կասպրշիկը մեկնեց Բաքու` ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու ուղղաթիռի ոչնչացման հետևանքների վերացման խնդիրը: Եվ մինչ նա իր վրա էր հրավիրել Բաքվի ուշադրությունը, ուղղաթռի անկման վայրում, փաստորեն, տեղի էին ունենում ամենադրամատիկ և վճռական իրադարձությունները: Եթե նույնիսկ Կասպրշիկն այդ օպերացիայի հետ որևէ ողղակի կապ չուներ, բոլոր դեպքերում հայկական կողմը նրա դիվանագիտական առաքելությունը կարողացավ օգտագործել որպես այդ գործողությունից հակառակորդի ուշադրությունը շեղելու ծխածածկույթ: Եվ այս իմաստով, կարելի է ասել, ադբեջանական կողմը դարձավ հիանալի կազմակերպված բազմաքայլ ռազմադիվանագիտական «աճպարարության» զոհը:

Միջազգային հանրության նման լոյալ վերաբերմունքի մյուս պատճառն այն է, որ իրականում հայկական կողմից ընտրված մարտավարությունը և հանգուցալուծումն ընկալվում է որպես ոչ թե իրավիճակի սրման, այլ ճիշտ հակառակը` լարվածության թուլացման միջոց: Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած դասախոսության ժամանակ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը հայտարարել է, թե ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակները վերադարձնելու գործողությունը որոշակի քայլ է խաղաղության վերահաստատման ուղղությամբ: Ըստ էության, Լիչն արտահայտում է այն սպասելիքը, որն ունի միջազգային հանրությունն ընդհանրապես կողմերից և մասնավորապես Հայաստանից: Այդ սպասելիքը որքան պարզունակ է, նույնքան էլ, աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում լիովին հասկանալի. եթե հայկական կողմը պիտի պատասխաներ, ապա ավելի լավ է` այսպես: Որովհետև սա միակ տարբերակն էր, երբ Ադրբեջանը, զրկվելով բոլոր խաղաքարտերից,ստիպված է համակերպվել իր համար նոր և, ըստ էության, նվաստացուցիչ իրավիճակի հետ ու բավարարվել ատամները կրճտացնելով: Միջազգային հանրությունն, ասպիսով, ուղղաթիռի ոչնչացման հետ կապված «միջադեպի» թեման համարում է սպառված: Ու թերևս հենց դա է բոլորի կողմից միաժամանակ դրսևորվող լռության կամ անտարբերության հիմնական պատճառը: Այս տեսակետից, թերևս, ընկալելի չեն համարվելու Ադրբեջանին իր սադրանքի համար հատուցել պարտադրելուն ուղղված Հայաստանում առկա տրամադրությունները, ավելի ու ավելի թուլացող տոնայնությամբ հնչող զգուշացումները:

Բայց դա արդեն պետք է երկրորդական համարել: Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին, մեզ համար սոսկ շարքային միջադեպ չէր: Եվ եթե նույն միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է հասնել տարածաշրջանում հարաբերական կայունության և խաղաղության հաստատման, հայկական կողմին զերծ պահել հակառակորդին շարունակաբար պատժելու հրամայականից, ապա դրա լավագույն ու սկզբի համար թերևս միակ միջոցը նմանատիպ իրավիճակներում իրերն իրենց անունով կոչելն է` հակամարտող կողմերի միջև կեղծ հավասարություն դնելու միջոցով Ադրբեջանին ավելի ու ավելի լկտիացնելու փոխարեն: Ու այս տեսակետից թե ուղղաթիռի ոչնչացման և թե դրան հետևած զարգացումների համար «միջազգային հանրություն» կոչվածը կրում է լիարժեք պատասխանատվություն:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում պիտի վերջապես հասկանան,որ որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԻԱՅՆ միջնորդ է. Ա.Պապյանի ասած՝ «խոսք տանող-բերող»: Էդ մարդկանցից ի՞նչ եք ուզում: ԵԱՀԿ Մինսկի խումբը ՁԵ՛Ր պրոբլեմը չի կարող լուծե՛լ. դա չէ իր մանդատը: ...........................................Իսկ ի՞նչու «միջազգային հանրությունը» հայաստանյան ամեն միջադեպի պիտի արձագանքի. Հայաստանը իրենից ի՞նչ է ներկայացնում՝ միջազգային հանրության համար: Ի՞նչ կա չհասկանալու. իրե՛նց պետք է խաղաղ իրավիճակ,որ Ադրբեջանի նավթը այդտեղով անցնի,իսկ Ռուսաստանին պետք է լարված վիճակ,որպեսզի նավթի գները բարձրանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter