HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսարի ձերբակալությունը

Վանուհի Թովմասյան 

1935թ․ նոյեմբերի 25-ին՝ ցուրտ և չարաբաստիկ այդ օրը, չեկիստները խուզարկման և ձերբակալման օրդերով ներխուժել են Լեռ Կամսարի տուն։ Երկար խուզարկության արդյունքում՝  բռնագրավելով «Պլենար նիստ» ծաղրախաղը, «Մի զտման պատմություն» բողոք-դիմումը, Ավ. Իսահակյանից,  ռամկավար Հարություն Վարդապետյանից ստացված նամակները և իրանական անձնագիրը  գրողին ձերբակալել են՝ ֆշշացնելով, թե ինչու պատերին չունի Լենինի և Ստալինի նկարները, իսկ գրապահարանում՝ սոցիալիստական գրականություն։

73 օր պահելով և հարցաքննելով Չեկայի նկուղում, 1936թ. փետրվարի 3-ին տեղափոխել են կենտրոնական բանտ։ Մարտի 4-ին տեղի է ունեցել դռնփակ դատը, ուր նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։

Վեց ամիս պահել են Կենտրոնական բանտում, այնուհետև ճամփել են Սիբիր պատիժը կրելու։ 

 «Խորհրդային բա՜նտ․․․ ո՜հ Աստված ցույց չիտա։ Ես տեսեր եմ՝ դուն չտեսնես։ 73 օր քեզի կպահեն Չեկա, կպառկեցունեն ցեմենտէ հատակին ու կստիպեն քեզ մատնել ընկերներուդ։ Չմատնեցիր՝ բանտարկության ես դատապարտված։ Բանտի կամերադ լեցված են գողերով ու պրոֆեսիոնալ գրպանահատներով։ Կկողոպտվես ամբողջովին։ Ու եթէ սխալմամբ բան մըն ալ վրադ մնա՝ չուրախանաս շուտով քեզի տաժանակրության կհանեն դէպի հյուսիսային բևեռը, հոն ուր վեց ամիս արև չկա։ Ճանապարհին կայցելես Ռուսաստանի բոլոր բանտերը։ Թիֆլիսի բանտում վերջին կոպէկդ կգողանան, Բաքվում՝ վերջին շապիկդ, Ռոստովում՝ վերջին վարտիքդ, Խարկովում՝ վերջին թաշկինակդ։ Իսկ Ռյազանի, Նովգորոդի, Կոտլասի, Չիբյույի, Կռուտայայի, Ուստվիմի, Վորկուտայի բանտի գողերը քեզի կընդունեն այն սառնությամբ, ինչ որ անօժիտ հարսին կընդունեն կեսրանց տանը»։

«Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն։ Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր։ Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ  արտասանել, որի մեջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով քեզ կխեղդի։

Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչև պորտը ձյուն, ամայի անտառում։ Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը։ Դու ամիսներով ձյունախառն ճահիճների մեջ քայլելով ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում։

- Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը ճիպոտը ձեռքին,- չաշխատես օրապահիկդ հացը չես ստանա։

- Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տուր կացինը, - կասես դու վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետևանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը։

Ա՜խ, օրեր...

Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա։ Որովհետև վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բևեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես՝ տեսնում ես ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով սառել են ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար։

Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից նոսրացնել կալանավորներին։

Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի։ Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը։ Մեղադրանքը պիտի բազմազան լինի։ Այդ պատճառով էլ ամեն առավոտ շարք եք կանգնում բոբիկ ոտներով ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ  օրը՝ ութից մեկը, մինչև հասնում են երկուսից՝ մեկ...

Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել։ Որպեսզի ապագա մարդկությունը  ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մեջ ութերորդ, իններորդ լինելու համար։

------

Աշխարհում չկա մի կենդանի, որ վագրի ճանկերում պատառոտվելիս փառաբանի իր գիշատչին։

Իսկ սովետական ժողովուրդը Ստալինին փառաբանելով փողոտվեց։ Ժողովուրդը այդ գազանի երախում փառք տվեց և փառք տալով էլ իջավ նրա ստամոքսը...

Ա՜խ, օրեր...»։

1938թ. նոյեմբերի 28-ին Վորկուտայի ճամբարից նա ազատ է արձակվում՝ այլևս Երևանում չապրելու արգելանքով։

Տարվա այդ ժամանակ ազատվելով տաժանակրությունից, սարսափը պատում է խեղճ աքսորյալին։ Նա ամբողջ մի ամիս ծեր ու հիվանդ վիճակով, գայլերի ու բորենիների ուղեկցությամբ, պետք է ոտքով բևեռային սառույցների վրայով  քայլեր երկաթուղուն հասնելու համար։ Այսինքն, մահ պիտի գտներ ամայի սառցադաշտերում։ Ոստի,ազատվելուցս հետո, նա  գաղտագողի երեք անգամ կալանավայր է  սողոսկում, ամեն անգամ դուրս վռնդվելով, և գաղտնի ապրում այնտեղ։ Շատ շուտով լագերի վարչությունը վերջնականապես նրան դուրս է վտարում իր տարածքից։

Կամսարը գիշերային պահակ է կարգվում մի բևեռային գետանավի վրա, 40 աստիճան ցրտում սարսռալով։ Այսպես տաս ամիս։ Տաս ամսից գետանավով ճանապարհ է ընկնում, ոչ թե տուն՝ հարազատների մոտ վերադառնալու, այլ որպես աքսորական Արմավիրում ապրելու։

Նա կնոջը հորդորում է Երևանի տունը վաճառել և տեղափոխվել Արմավիր երեխաների հետ, բայց կինը չի համաձայնվում։ Եվ օրերից մի օր կարոտն այնքան է խեղդում նրան, որ այլևս չդիմանալով, անտեսում է  իշխանական հրամանը, նստում է գնացք և ժամանում Երևան։ Մեկ գիշեր է հանգրվանում սեփական հարկի տակ։ Հաջորդ առավոր միլիցիան գրողին վտարում է Բասարգեչար, ո՞ր նա մնում է մինչև 50-ականների սկիզբը։

                                                          Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ

  1936 թ. մարտի 4, Երևան

Հանուն Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության

Գերագույն դատարանի հատուկ կոլեգիան հետևյալ կազմով՝

                                              Նախագահ`        Ս. Տերնակալյան

                                               Անդամներ`        Ծատուրով, Հայրապետյան

Քարտուղար Սարկիսյանի ներկայությամբ, առանց կողմերի, փակ դատական  նիստում լսեցին մեղ. Երևանի քաղ. Արամ Թովմասի Թովմաղյանի N 117/4062 գործը` ՀՍՍՀ օր. գր. 67 հ. 1-ին մասով։

Հատուկ կոլեգիան, քննության առնելով գործի նյութերը, ապացուցված է համարում հետևյալը.

Մեղադրայլ Թովմաղյանը, ունենալով նացիոնալիստական տրամադրություններ, դեռ դաշնակների օրոք որպես թղթակից` համագործակցել է դաշնակցական մամուլին։ Դաշնակցական ավանտյուրայի ժամանակ՝«Հայրենիքի փրկության կոմիտեի» օրոք՝ 1921 թ. փետրվարին, «Ազատ Հայաստան» դաշնակցական պաշտոնաթերթում երկու ֆելիետոն է գրել` ուղղված կոմկուսի և սովետական իշխանության դեմ։ Մասսաների առաջ վարկաբեկելով կոմկուսը և սովետական իշխանությունը` փաստորեն, աջակցել է դաշնակ ավանտյուրիստներին։

Ավանտյուրայի ճնշումից հետո դաշնակ ղեկավարների հետ միասին մեղ. Թովմաղյանը տարագրվել է Պարսկաստան, որտեղ Թավրիզ քաղաքում հանդիպումներ և զրույց է ունեցել հայտնի դաշնակ եպիսկոպոս Մելիք-Թանգյան Ներսեսի հետ։

Դաշավանտյուրայի ճնշումից հետո մեղ. Թովմաղյանը մյուսների հետ միասին վերադառնում է Սովետական Հայաստան և սկսում զբաղվել գրական գործունեությամբ։

Խուզարկության ժամանակ հայտնաբերված «Պլենար նիստ» վերտառությամբ  պիեսը բացահայտ հակահեղափոխական բնույթ ունի։ Այդ պիեսում մեղ. Թովմաղյանը վարկաբեկում է սովետական և հանրային բոլոր ձեռնարկությունները, ազգային հանրապետությունների պլանային մատակարարումը։ Այդ պիեսը մեղ. Թովմաղյանը փորձել է տպագրել, բայց չի հաջողվել։

1931 թ. սովապարատի զտման ժամանակ ավելի քան 300 մարդու ներկայությամբ մեղ. Թովմաղյանը հայտարարել է, որ գերադասում է երիտթուրքերի վարչակարգը սովետական իշխանությունից, որտեղ նա չի տեսնում խոսքի և մամուլի ազատություն։ Զտման հետ կապված` որպես արդարացում` նա ֆելիետոնի տեսքով գրում է դիմում-բողոք, որտեղ ակնհայտորեն վարկաբեկում է կոմկուսը։

Հայկական բուրժուական «Ռամկավար» կուսակցության անդամ Վարդապետյան Հարությունին, ում հետ անցյալում մտերիմ է եղել մեղադրյալը, 1932 թ.  ուղղված նամակում, վարկաբեկել է Սովետական երկրի կյանքը։ Նման կապ էլ ունեցել է Իսահակյան Ավետիքի հետ։

Մեղ. Թովմաղյանը, դատապարտված ակտիվ դաշնակցական Վարազդատ Տերոյանի մանկության ընկերը լինելով, այցելում էր նրան։ 1934 թ.  Տերոյանի տանը մեղ. Թովմաղյանը ծանոթանում է աքսորից նոր վերադարձած ակտիվ դաշնակցական, դաշնակցական ԿԿ-ի նախկին անդամ Հռիփսիմե Մուշեղյանի հետ (վերջինս 1935 թ.  նորից աքսորվել է` որպես դաշնակ), որը Տերոյանի (նույնպես դատապարտված` որպես դաշնակ) և Թովմաղյանի հետ զրույցում արել է   կոմկուսը և սովետական իշխանությունը վարկաբեկող մի շարք հակահեղափոխական արտահայտություններ, ծաղրել է Հայաստանի սոցշինարարությունը` հակամարտություն սերմանելով Անդրկովկասի հանրապետությունների միջև։ Միտք է հայտնել, որ միայն ֆաշիստական Գերմանիան կարող է տապալել Սովետական իշխանությունը ՍՍՀՄ-ում, որ դաշնակցության և նացիոնալ-սոցիալիստների մեջ մեծ նմանություն և ընդհանրություն կա` գովելով Գերմանիայի ֆաշիստական իշխանությունը։ 

Վերը շարադրածի հիման վրա` Հատուկ կոլեգիան, առաջնորդվելով ՀՍՍՀ օր. գր. 297 և 298 հոդվածներով 

Ո Ր Ո Շ Ե Ց 

Արամ Թովմասի Թովմաղյանին՝ գրական անունը Լեռ Կամսար, ծնված 1888 թ. Վանում (Թուրքիա), հոգևորականի որդի, դատված է եղել իր ծառայողական պարտականությունների կատարման թերացման համար, ամուսնացած է, ունի երեք երեխա, զինվորական հաշվառման կանգնած չէ, իրեն մեղավոր չճանաչեց, մեղավոր ճանաչեց միայն, որ ունենալով ազգայնական տրամադրություններ` իր մի շարք գրական գործերում խցկում էր բացահայտ հակահեղափոխական հայացքներ՝ վարկաբեկելով կոմկուսը և սովետական իշխանությունը («Պլենար նիստ», «Մի զտման պատմություն»), նամակագրական կապ ունենալով հայկական բուրժուական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` նամակներում իր դժգոհությունն էր արտահայտել Սովետական Հայաստանում տիրող վարչակարգից։

Ակտիվ դաշնակցական Տերոյան Վարազդատի տանը ակտիվ դաշնակցական Մուշեղյան Հռիփսիմեի հետ հակահեղափոխական զրույց է ունեցել։ 

Դ Ա Տ Ա Պ Ա Ր Տ Ե Ց 

Արամ Թովմասի Թովմաղյանին երեք* տարվա բանտարկության, կալանքի սկիզբը հաշվել 1935 թ. նոյեմբերի 28-ից։

Վճիռը վերջնական է և բեկման ենթակա չէ։ Հսկողական բողոքարկման կարգի մասին հայտարարված է։

 

Նախագահ`        Ս. Տերնակալյան

Անդամներ`       Ա. Ծատուրով, Ա. Հայրապետյան 

Հաստատում եմ՝                Գեր. դատարանի հատուկ կոլեգիայի քարտուղար
                                                                                      Սարկիսյան

*Դատավճռի նվազագույն պատժաչափի որոշման վրա իր դրական ազդեցությունն էր թողել Լ. Կ.-ի անվախ կեցվածքը։ Նա իրեն այդպես էլ մեղավոր չի ճանաչում։

Դատախազ Սարաֆյանը դեռ ժամանակին ծանոթ լինելով գրողի քաղաքական կողմնորոշմանը և գրական գործերին` հիացած էր նրանով և առանձնության մեջ ասում է նրան. «Սա քո ժամանակը չէ, դու ուրիշ դարում պետք է ծնված լինեիր, ափսոսում եմ, բայց ձեռքս ճար չկա, գոնե նվազագույնը պետք է տամ»։

Դատավարության ընթացքին դատավորը թաշկինակով հազիվ էր զսպում ծիծաղի փռթկոցը, երբ մեջբերվում էր հատվածներ «Պլենար նիստ» թատերակից։ Այս առնչությամբ ահա ինչ է գրում Լ. Կ.-ը։

« Գրականության մէջ երկու ժանր կա՝ ողբերգություն և կատակերգություն։ Այն չափով, որ չափով այս երկու ժանրերն ալ հավասարապես կրնան մարդոց աչքէն արցունք քամել՝ իրենց էությամբ չեն տարբերվեր իրարմէ։ Տարբերությունն ձևական է, ու ես երկար խորհեր եմ, թե այդ զույգ ձևերեն ո՞րն է գերադաս։ Վերջէն գտեր եմ, որ գերադասը կատակն է։

Կատակով մեկի մը կրնաս «մեծ շուն» ըսել և խաղաղություն ըլլա. բայց լուրջ ձևով եթէ «փոքրիկ լակոտ» անգամ ըսես՝ արյունահեղություն կպատահի։ Ես այս տարբերությունն Չեկայում բռնված ժամանակս զգացի։

Ինձ հետ ձերբակալված թուղթերուն մէջ կային երգիծական գրվածքներ, որք եթէ գրականության երկրորդ տեսակի ժանրով արտահայտված ըլլաին, ինծի ամէն օր պիտի գնդակահարէին և օրական երեք անգամ՝ առտու, կեսօրին և իրիկուն՝ ուտելէ առաջ։ Մինչդեռ այդ գրվածքներու համար ոչ միայն չգնդակահարեցին, այլ «կլյուչնիկէն» մինչև քննիչն ու դատախազ կխնդային անվերջ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ գրվածքներում «մեծ շուն» էի անվանած զիրենք։

Ո՛չ, կատակերգությունն ողբերգութենեն գերադաս է, ափսո՜ս, որ մեր կառավարությունն չի ուզեր օգտվել գրական այդ ժանրէն»։ 

Դժբախտաբար միայն սրանով չավարտվեց Լ. Կ.-ի պատիժը։ Երեք տարուց հետո 17 տարի աքսորվեց և զրվեց գրելու իրավունքից։

«Բանտիս օրագիրը», «Ամարաս», 2010                    

Չորեքշաբթի 20.- Ում որ Չեկան բռնէ, բռնվողը պարտավոր է իր հանցանքը հետը տանել, որ ըստ այդմ դատապարտվի։ Տաս տարի առաջ երբ բռնվեցի, պատրաստի ոչ մէկ հանցանք ունէի։ Ստիպված Չեկան ինքը մեղադրեց ֆաշիստական կուսակցության պատկանելու մէջ և երեք տարի տաժանակրության դատապարտեց։ Շատ խնդրեցի բացատրել իմ մեղադրողին, թէ ի՞նչ բան է ֆաշիզմ ըսվածը՝ բայց, կարծեմ, ինքն ալ չգիտեր։ Բայց ես վճռել էի Սիպիրէն վերադարձիս անպայման հարցնել գիտակ մեկին այդ կուսակցության էությանը մասին։ Թէև պատիժս քաշելէն ետքը այդ կարևոր չէր այլևս, բայց թող ըլլա։ Չէ՞ պատահած, որ աչքի չափով գնածդ ճակնդեղը տուն բերելով, անգամ մը կշռես միամտվելու համար։ Չնայած, որ ծախողը իր սայլակը քշեր, հեռացեր է արդէն։

Երևակայեցէք, վերադարձին ալ չիմացա։ Ես այդ կուսակցության մասին գաղափար կազմեցի Երկրորդ համաշխարհային պատերազմէն ետքը, երբ դաշնակիցները սկսեցին դատել գերմանական ֆաշիստները։

Ի՜նչ գարշելի կուսակցություն է եղեր այդ ֆաշիզմը, ծօ՜։ Ոճրագործ դահիճներու հավաքածո։

Այդ կուսակցության պատկանելու համար ոչ թէ երեք, այլ երեսուն տարի պէտք էր տալ՝ ու սակայն չտվին։ Ատոր համար է կըսեմ, որ մեղադրողը գիտակ ըլլալու է հանցանքին, վճիռ տալէ առաջ։ Համեցէք, մենակ իմ վճռիս մէջ պետությունը 27 տարիի չափ վնաս քաշեց։

․․․ Բայց ճիշտ է, Մոլլա Նասրէդինի պղինձին նման այս անգամ պղինձս ծնեց, սակայն կրնա օր մըն ալ մեռնել։ Այդ պատճառով, արդեն խրատված՝ միշտ մատչելի հանցանք մը ծոցս դրած կպտտեմ, որ բռնվելուս պէս ներկայացնեմ ու աքսորվեմ։
  1946թ. անտիպ                 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter