HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախում երաշտից տուժել է նաև ծխախոտի բերքը

2009թ․ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ն Արցախում սկսեց ուսումնասիրել համապատասխան տեղանքներ, որտեղ հնարավոր էր զբաղվել ծխախոտի մշակությամբ, իսկ 2010թ․ արդեն Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) համայնքում ընկերությունը կառուցեց ծխախոտի մթերման տեղամաս։

Այսօր մթերման տեղամասում աշխատում է մոտ 50 մարդ, որից միայն 11-ն է մշտական, մնացածները՝ սեզոնային։ Աշխատողների մեծ մասը կանայք են Իվանյան, Նորագյուղ համայնքներից ու Ասկերան քաղաքից։ Նրանց միջին աշխատավարձը 75 հազար դրամ է։

Ձմռան շունչ ունեցող աշնանային քամու բերանում՝ կիսափակ տարածքում, երկար սեղանի շուրջը կանգնած կանայք տեսակավորում են արդեն չորացած ծխախոտը։

Աշխատանքային ժամերին ցուրտ եղանակին դիմանալու համար նրանք բավականին տաք են հագնվում։ Ոմանք էլ հոտից պաշտպանվելու համար բժշկական դիմակներ են կրում։


Մթերման տեղամասի  տեխնոլոգ Վյաչեսլավ Նազարյանի խոսքով՝ արտադրամասում աշխատանքի առողջական ռիսկերի մասին իրենց բանվորները տեղյակ են, դա նշված է նաև նրանց պայմանագրերում։

«Եթե հանկարծ աշխատողների մոտ առողջական խնդիրներ են առաջանում նիկոտինի հետ շփվելու հետևանքով, ապա ընկերությունը փոխհատուցում է բուժման բոլոր ծախսերը»,- ասում է Վ․Նազարյանը։

Ակնով (նախկինԱղդամ) անցնող Ստեփանակերտ-Մարտունի մայրուղու երկու կողմերում  աշնանացանին պատրաստ դաշտերի ֆոնին ցողունների բարձրությամբ ու տերևների մեծությամբ իսկույն աչքի են զարնում ծխախոտի դաշտերը։

Մոտ 1․5-2 մ բարձրությամբ ծխախոտի ցողունների շարքերում գյուղացի կանայք, զինված ձեռնոցներով, վարպետորեն երկու ձեռքով ծխախոտի տերևներն են քաղում՝ սկսելով ցողունի վերևից։ Աշան գյուղից 58-ամյա Արեգա Վարդանյանը հինգ տարի է, ինչ աշխատում է ծխախոտի դաշտում։ Տիկին Արեգան խոստովանում է, որ առանց բժշկական դիմակի չի կարող աշխատել, քանի որ հիվանդ լեղապարկն իսկույն զգացնել է տալիս։

«Ես նաև գյուղի դպրոցում հավաքարար եմ աշխատում, բայց եթե էս մի գործը չլիներ, դժվար կարողանայի իմ 6 երեխաներին պահել։ Ամուսինս էլ տրակտորիստ է, դժվար է մենակ իրա վաստակածով ու իմ հավաքարարությամբ կերակրել մեր մեծ ընտանիքը»,- ասաց տիկին Արեգան։

Ի տարբերություն նրան՝ ծխախոտի դաշտում աշխատող մի շարք կանայք, ովքեր ուրիշ տեղ չեն աշխատում, աշխատանքային ստաժի գրանցման խնդիր ունեն։ Բանն այն  է, որ ծխախոտագործությամբ զբաղվող անհատները կազմակերպություն չեն ներկայացնում և կնիք չունեն։ Հետևաբար, աշխատողներին բացի օրավարձից ոչինչ տալ չեն կարող։

Բերդաշեն գյուղից Յուրիկ Ազարյանն առաջիններից էր, ով փորձնական 4 հա ծխախոտ ցանեց։ Այսօր նա արդեն համագյուղացի գործընկերոջ հետ 13 հա ծխախոտ է մշակում։ Սածիլների տնկման աշխատանքների ժամանակ մոտ 20 բանվոր է աշխատում դաշտում Բերդաշեն ու Աշան գյուղերից։ Իսկ քաղի սեզոնին միայն 15 հոգի, որի մեծ մասը կանայք են։ Օրական նրանք ստանում են 5000 դրամ։

«Առաջին տարին շատ լավ էր, եկամուտն էլ գոհացնող էր։ Բայց այս տարի երաշտը բավականին մեծ վնաս տվեց։ Մյուս կողմից էլ` էս վերջին անձրևային եղանակներն ու մթերման արտադրամասի չկանոնակարգված գրաֆիկը բավականին հետ գցեց մեզ։ Որոշ դաշտերում չենք հասցնի աշնանացան անել։ Բանն այն է, նույն տարածքում ծխախոտ կարելի է միայն 3 տարի ցանել, հետո պետք է տեղը ուրիշ բույս ցանել։ Կորուստների ծավալը պարզ կլինի, երբ ավարտենք բերքահավաքը»,- բացատրում է Յ․ Ազարյանը՝ հավելելով, որ ոռոգման ջրի առկայության դեպքում ծխախոտագործությունը գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղ է։

Բերդաշենցի մեկ այլ հողագործ՝ Անդրանիկ Ալավերդյանը, հույս ունի, որ 18 հա ծխախոտի դաշտից ստացված բերքը, եթե եկամուտ չբերի այս տարի, գոնե վնասով դուրս չի գա։

«Եթե չլինեին նռան ու խաղողի այգիները, մենակ ծխախոտով այս տարի հաստատ մեծ վնասներ կկրեի։ Դե բնություն է, հո միշտ երաշտ չի լինի։ Համ էլ ոռոգման ջուր են խոստացել, իսկ դա արդեն լավ նախապայման է, որ շարունակենք ծխախոտ ցանել»,-ասում է Ա․Ալավերդյանը՝ կարևորելով մթերման արտադրամասի կանոնակարգված աշխատանքը։

«Մասիս տոբակո» ՍՊԸ-ի Իվանյանի ծխախոտի մթերման տեղամասի պատասխանատու Արտակ Ղահրամանյանի խոսքով՝ իրենց կողմից հումքի ընդունման գրաֆիկի խախտում չի կատարվել։

«Եթե չենք ընդունել, ապա մի պարզ պատճառով` ուրեմն բերքը բավականին հասած չէր։ Մեր մասնագետները շրջում են դաշտերով և միայն իրենց թույլտվությունից հետո մենք մթերում ենք կատարում»,- մեկնաբանեց Ա․Ղահրամանյանը։

Այնինչ օրերս ծխախոտագործության ոլորտի խնդիրներին ծանոթանալու նպատակով Մարտունու շրջան այցելած վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ծխախոտագործությամբ զբաղվողները վստահեցնում էին, որ բերքը վաղուց է հասած, որ մթերման կետից ամեն օր զանգում և անհիմն հետաձգում էին քաղը։

Հանդիպմանը ներկա «Մասիս տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Թադևոսյանը տարակուսեց, քանի որ Իվանյանի մթերման տեղամասում կարող են մթերել մոտ 200 հա հումք, այնինչ այս տարի Արցախում մշակվել է ընդամենը 75 հա ծխախոտ։

Ըստ պրն Թադևոսյանի՝ չնայած «Մասիս տոբակո»-ի համար շահութաբեր չէ Արցախում աշխատելը, բայց ընկերությունը շարունակելու է ներդրումներ անել Արցախում ծխախոտագործության զարգացման ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է այս տարի երաշտից տուժածներին, ապա այդ հարցը քննարկվում է և կփորձենք ինչ-որ չափ  օգնել նրանց»,-ասաց Հ․Թադևոսյանը։

Բացի դրանից` ամեն տարի «Մասիս տոբակոն» ծխախոտ մշակողներին տրամադրում է նաև էժան սածիլ (հատը` 3 դրամ) կամ սերմ։ Սածիլների տնկման համար ընկերությունը նաև աջակցում է բանվորների աշխատավարձի և դիզվառելիքի հարցում, որը հողագործները մթերքով են փոխհատուցում։

Ծխախոտագործությունը զարգացնելու նպատակով կառավարությունը սկսել է վերագործարկել խորհրդային տարիներին  գործող արտեզյան ջրհորները։ Վարչապետ Արայիկ Հարությունյանն օրերս Մարտունու շրջանի համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Մարտունի քաղաքում «Մասիս տոբակոն» ևս մեկ մթերման արտադրամաս կբացի։ Ըստ վարչապետի՝դա կնպաստի ոչ միայն շրջանում ծխախոտագործության զարգացմանը, այլև նոր աշխատատեղեր կբացվեն շրջանի բնակչության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter