Կիրակի, 23 սեպտեմբերի

Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանում



Արա Ղազարյան

(հունվար-սեպտեմբեր 2014թ.)

Օրենսդրական նախաձեռնություններ և փոփոխություններ

«Ֆեյքերի մասին» օրենքի նախագիծ

2014թ. մարտի 4-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվեց օրենքի մի նախագիծ, որի նպատակն էր պատասխանատվություն սահմանել տեղեկատվական անանուն կամ կեղծ աղբյուներից ստացված մեկնաբանությունները (comment) հրապարակելու և տարածելու համար, եթե մեկնաբանությունները պարունակում էին զրպարտող կամ վիրավորական բնույթի տեղեկություններ։ Այս նախագիծը իրավակիրառողների և լայն հանրության շրջանում ստացավ «Ֆեյքերի մասին օրենքի նախագիծ» անվանումը։ Նախագիծը հեղինակել էին Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդմոն Մարուքյանը և մի շարք այլ պատգամավորներ։ Եթե նշենք ավելի մանրամասն, ապա նախագծով առաջարկվում էր Քաղաքացիական օրենսգքրի 1087.1 հոդվածը համալրել նոր բաժիններով, որոնցով սահմանվում էր` առաջին, որ լրատվական գործունեություն իրականացնողը կարող էր ազատվել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե ներկայացնում էր տեղակատվության հեղինակին՝ մեկնաբանությունների հեղինակին նույնականացնող տվյալներ (կամ այլ կերպ՝ բացահայտում էր աղբյուրը), երկրորդ` տուժողը իրավունք էր ստանում պահանջել էլեկտրոնային կայքի իրավատիրոջից հեռացնել զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները, և նման պահանջի ներկայացման դեպքում իրավատերը պարտավոր էր հեռացնել տվյալ լրատվական նյութը իր էջից 12 ժամվա ընթացքում, երրորդ` պահանջը չբավարարելու դեպքում տուժողն իրավունք էր ստանում դիմել դատարան և դատական կարգով պահանջել հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունները կայքից, վճարել դրամական փոխհատուցում վիրավորանքի կամ զրպարտության համար։

Օրենսդրական այս նախաձեռնության համար որպես հիմնավորում ներկայացվում էր այն հանգամանքը, որ ՀՀ-ում ձևավորվել էր լայն պրակտիկա, համաձայն որի` շատ լրատվամիջոցներ վերարտադրում և տարածում էին կեղծ օգտատերերի կողմից հրապարակված զրպարտություն  կամ վիրավորանք պարունակող տեղեկատվություն, որի պայմաններում նման պրակտիկայի դեմ իրավական պաշտպանության միջոցները չեն գործում: Այդ իմաստով վկայակոչվում էր առաջին հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռը «Դելֆին ընդդեմ Էստոնիայի»  գործով,[1] որով եվրոպական դատարանը իրավամբ աննախադեպ որոշում կայացրեց այլոց մեկնաբանությունների համար լրատվամիջոցի պատասխանատվության շրջանակների մասին։ Մինչ այդ հստակորեն գործում էր Notice and Take Down (Ծանուցել և հանել) պաշտպանական համակարգը, համաձայն որի` լրատվամիջոցը չէր կարող պատասխանատվության ենթարկվել իր հեղինակած նյութի տակ այլ անձանց թողած մեկնաբանությունների համար համար, քանի դեռ տուժողը չէր ծանուցել լրատվամիջոցին դրա մասին։ Այս կանոնն ընդունված է միջազգային իրավունքում և լայնորեն կիրառվում է շատ պետությունների ներպետական համակարգերում։ Այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը որոշեց որդեգրել փոքր-ինչ այլ քաղաքականություն և մի փոքր հեռանալ «Ծառուցել և հանել» պաշտպանությունից՝ սահմանելով պատասխանատվություն լրատվամիջոցի համար, եթե փաստերը ցույց են տալիս, որ լրատվամիջոցը տեղյակ էր կամ չէր կարող տեղյակ չլինել մեկնաբանության մասին՝ անկախ այն հանգամանքից, որ լրատվամիջոցը չէր ծանուցվել։ «Դելֆիի» գործով այս մոտեցումը, փաստորեն, նահանջ էր Notice and Take Down պաշտպանությունից։ Իր այս դիրքորոշման համար դատարանը նշել էր կոնկրետ դրդապատճառներ, որոնք կապված են համացանցի զարգացող տեխնոլոգիանների հետ եւ էապես վտանգում են անձի արժանապատվության, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը համացանցում։

Օրինագիծը ներկայացվեց հանրային քննարկումների, և այդ նպատակով Ազգային ժողովում սույն թվի մարտի 31-ին կազմակերպվեց լայն քննարկում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Վերջիններս գրեթե ամբողջությամբ մերժեցին նախագիծը՝ այն համարելով ժամանակավրեպ և լրատվամիջոցների իրավունքները անհամաչափորեն սահմանափակող։ Հնչեցին նաև կարծիքներ այն մասին, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը ամբողջությամբ կարգավորում էր խնդիրը, մասնավորապես` հոդվածի 6-րդ և 9-րդ մասերը, որոնք սահմանում են պատասխանատվություն անհայտ կամ կեղծ աղբյուրից վերարտադրված տեղեկության տարածման համար։ Այդուհանդերձ, խնդիրը չէր լուծվում` նպատակահարմա՞ր է սահմանել նոր իրավունք բովանդակությունը հեռացնելու առումով։ Ազատ խոսքի պաշտպանները նշեցին, որ նման իրավունքի սահմանումը ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ և չարդարացված միջամտություն կլինի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային իրավունքում խնդրո առարկա հարցի վերաբերյալ դեռ միասնական մոտեցում չի ցուցաբերվել[2], իսկ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» դատական գործը դեռ բողոքարկման վարույթում է։ Հնչեցին նաև խիստ քննադատություններ իշխանությունների հասցեին ազատ խոսքի սահմանափակման համատեքստում։

Ի վերջո, քննարկումներից մի որոշ ժամանակ անց որոշվեց սույն օրենսդրական նախաձեռնությունն առժամանակ սառեցնել և նախագիծը հանել Ազգային ժողովի օրակարգից։ Այդուհանդերձ, նոր զարգացումներ են ընթանում դատական պրակտիկայի ոլորտում։

Հանրային հեռուստատեսությամբ գովազդի արգելումը սահմանող օրենսդրական փոփոխություն

2014թ. մարտի 12-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի` արգելվում է գովազդի ցուցադրումը Հանրային հեռուստատեսությամբ՝ բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորների մասին տեղեկությունների հիշատակման, որը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը։ Նշված փոփոխությունը չի տարածվում Հանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությամբ իրականացվող այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ:

Ըստ նախագծի հեղինակների` առևտրային գովազդի արգելումը հանրային հեռուստատեսությամբ նպատակ ունի բարձրացնել հեռուստատեսության դերն ու համբավը ազգաբնակչության շրջանում և հասարակական կյանքում, ինչպես նաև ապահովել այն իրական նպատակների իրագործումը, որի համար ստեղծվել է հանրային հեռուստատեսությունը՝ ի տարբերություն մասնավոր հեռուստաընկերությունների։ Կարծում ենք` նախագծի հեղինակներն առաջին հերթին նկատի են ունեցել հանրային հեռուստատեսության կոմերցիալացման վտանգը, որը լրջորեն ազդում է բովանդակության բազմազանության վրա։

Մեկ այլ փոփոխություն կատարվեց սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետում, որով վերացվեց թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքը, և սահմանվեց նման գովազդների հեռարձակումը 06:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում։ Համապատասխան փոփոխություն կատարվեց նաև «Գովազդի մասին» օրենքում։

«Լրագրողը ոստիկանության գործակալ չէ» ակցիան

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս ոստիկանությունը սկսել է ավելի հաճախ ծանուցել լրագրողներին որևէ քրեական գործով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու և տվյալ հանցագործության մասին իր լրատվական նյութի աղբյուրի մասին տեղեկություն հաղորդելու մասին (փաստացիորեն աղբյուրը բացահայտելու պահանջ), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը օրենսդրական փոփոխության առաջարկություն է ներկայացրել Արդարադատության նախարարությանը` առաջարկելով լրագրողներին եւ լրատվական գործունեություն իրականացնողներին ընդգրկել այն անձանց ցուցակում, որոնք ենթակա չեն հարցաքննման որպես վկա, այսինքն՝տեղեկատվության աղբյուրի պաշտպանության երաշխավորման նպատակով կատարեն համապատասխան փոփոխություն եւ այդ ցանկում ներառեն լրագրողներին եւ լրատվական գործունեություն իրականացնող անձանց` բացառությամբ, իհարկե, օրենքով նախատեսված բացառիկ դեպքերի։ Ներկայումս այս առաջարկությունն ուսումնասիրվում է նախարարության աշխատանքային խմբի կողմից։

Օրենսդրական փոփոխությունների առաջարկ անալոգիայից թվային հեռարձակման անցնելու գործընթացում

2013-2014թթ. «Հետքը» Հայաստանի Հանրապետության կողմից անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի ուսումնասիրություն է կատարել` պարզելու, թե որքանո՞վ են հեռուստաընկերությունները պատրաստ 2015թ. հուլիսին նախատեսված այդ անցմանը (տեխնիկական եւ ստեղծագործական առումով), ի՞նչ փոփոխություններ են լինելու հեռուստադաշտի մասնակիցների, հեռուստադիտողների համար:

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւս հրապարակեց  «Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի մասին» զեկույց, որում հանգամանորեն ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության կողմից անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի՝ կազմակերպության կողմից 2010 թվականից ի վեր իրականացվող մշտադիտարկման արդյունքները։ Զեկույցը բաղկացած էր երեք բաղադրիչներից. հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորում, վերգետնյա թվային հեռաարձակման ցանցի կառուցում և թվայնացման հետ կապված սոցիալական հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։

Երկու ուսումնասիրություններն էլ փաստում են, որ օրենսդրական դաշտը պատրաստ չէ թվայնացմանը եւ պարունակում է շատ իրավական բացեր:

Զեկույցի հիման վրա երեք կազմակերպությունների՝  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակվել ու ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել հեռարձակման ոլորտին վերաբերող օրենսդրական առաջարկությունների փաթեթ: Այն ներառում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, «Լիցենզավորման մասին» օրենքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում են 2015 թվականի հուլիսի 10-ից անալոգայինից թվային հեռարձակման անցնելու հիմնախնդիրները ու առաջարկվում են դրանց լուծման ուղիներ:

Ֆիզիկական բռնություններ և սպառնալիքներ

Եթե լրատվական ընկերությունների և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ իրավական պաշտպանության միջոցները մի շարք ուղղություններով ամրապնդվում են (օրինակ` վիրավորանք և զրպարտություն, հեղինակային իրավունքի պաշտպանություն), ապա կատարյալ բարձիթողի վիճակ է նրանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների և սպառնալիքների, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առումով: Նման միջադեպերը գնալով ավելի հաճախակի են դառնում, և դա լուրջ մտահոգության առարկա է։ Պրակտիկան, ընդհանուր առմամբ, աչքի է ընկնում նրանով, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները որպես կանոն արձագանքում են հանցագործության մասին հաղորդումներին և կատարում են հետաքննություն, սակայն մի որոշ ժամանակ անց կայացնում են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքերից որևէ մեկով։ Առաջինը ենթադրում է անձի գործողություններում կամ արարքում հանցագործության մասին ապացույցների բացակայություն, իսկ երկրորդը՝ հանցագործության հատկանիշների  բացակայություն։ Բերենք հետևյալ օրինակները.

2014թ. փետրվարի 12-ին Երեւանի Մաշտոց պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել են «Չորրորդ իշխանություն» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի եւ «iLur.am» լրատվական կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանի լրագրողական գործունեությանը, ովքեր այնտեղ էին գնացել` լուսաբանելու մարտի 1-ի հանրահավաքի վերաբերյալ ՀԱԿ-ի ակտիվիստների իրազեկման գործողությունները։ Այդ ընթացքում նրանց սադրել են մի խումբ երիտասարդներ ՀՀԿ-ի թևից (Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը իր համախոհների հետ),  որի արդյունքում տեղի է ունեցել ընդհարում նրանց միջև: Դա էլ առիթ է եղել, որպեսզի ոստիկանությունը միջամտի և ՀԱԿ-ի ակտիվիստներին բերման ենթարկի ոստիկանություն։ Ակտիվիստների հետ բերման են ենթարկվել նաև նշված լրագրողները այն հիմքով, որ նրանք հրաժարվել էին  ենթարկվել ոստիկանների հրահանգներին տեսանկարահանումները դադարեցնելու մասին։ Բերման ենթարկելիս փորձ է արվել խլել Անի Գեւորգյանի եւ Սարգիս Գեւորգյանի տեսախցիկները։ Ոստիկանության բաժնում արդեն տեղի է ունեցել ուժի բացահայտ կիրառում՝ ապտակել են լրագրողին և առգրավել նրա հեռախոսը, որով վերջինս փորձել է ձայնագրել իրեն տրվող հարցերը և իր հասցեին հնչող սպառնալիքները։ Փաստաբան հրավիրելու լրագրողների պահանջները մերժվել են, նրանք ենթարկվել են անձնական խուզարկության, նրանց տեսախցիկներն առգրավվել են, ապա որոշ ժամանակ հետո վերադարձվել: Դրանց զննության արդյունքում պարզվել է, որ նկարահանված տեսաձայնագրությունները ջնջվել են։ Մի քանի ժամ հետո նրանք ազատ են արձակվել առանց որևէ բացատրության։

Ոստիկանների նշված գործողությունները հանցավոր արարքներ են, որոնք համապատասխանում են մարդու առողջության, լրագրողական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին, արդյունք են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սահմանազանցման։ Ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) սկզբում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը օգտագործելով լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հատկանիշներով: Այդուհանդերձ, մի որոշ ժամանակ անց, ինչպես և սպասվում էր, ՀՔԾ-ն կարճել է քրեական գործով վարույթը «հանցագործության հատկանիշների բացակայության» պատճառաբանությամբ։

Նույն եղանակով կարճվել է նաև www.hetq.am կայքի լրագրող Անի Հովհաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու հիմքով հարուցված քրեական գործը՝ կապված վերջինիս կողմից սույն թվի մայիսի 7-ին  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրի դիմաց իր մասնագիտական պարտականությունները կատարելիս նրա վրա կատարված հարձակման փաստի առիթով։ Սույն գործով փաստերն ակնհայտորեն մատնացույց են անում իրավախախտների կողմից խուլիգանության հանցակազմի դրսևորումը (ֆիզիկական բռնությունը և սպառնալիքները կատարվել էին հանրային միջավայրում՝ դատարանի շենքի առջև, հասարակական կարգի նկատմամբ անթաքույց արհամարհանքի դրսևորմամբ, հայհոյանքների և սպառնալիքների արձակմամբ և այլն) և հատկապես լրագրողի աշխատանքի խոչընդոտումը (Քր. օր. 164-րդ հոդված)։ Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Վարույթի շրջանակներում հարցաքննվել էին լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձինք, կատարվել էին առերեսումներ և այլ քննչական գործողություններ։ Այդուհանդերձ, մի որոշ ժամանակ անց՝ 18.08.2014թ., որոշում է կայացվել  քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Քննիչը որոշել է, որ հնչած սպառնալիքները իրական և լուրջ բնույթի չեն եղել։ Քրեական գործի քննության ընթացքում հաստատված այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են  «Դու զգույշ մնա, Երևանում գտնելու ենք, սատկացնենք» արտահայտությունը, կամ «Դու զգույշ մնա, սատկացնելու եմ քեզ» չեն գնահատվել որպես լրագրողի հասցեին հնչած իրական սպառնալիքներ։ Այդուհանդերձ, նույն և նույնանման այլ արտահայտություններն ու գործողությունները լրագրողի նկատմամբ պետք է գնահատվեին նաև Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով սահմանված հանցակազմի համատեքստում՝ լրագրողական աշխատանքը խոչընդոտելը, քանի որ լրագրողը հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր հենց աʹյս, այլ ոչ թե սպառնալիքների և ֆիզիկական բռնության լույսի ներքո։ Այսպիսով, քրեական գործը կարճելու որոշումը հիմնված է եղել փաստերի, հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշների ոչ ճիշտ, միակողմանի գնահատման վրա։ Եթե քննիչը գործը քններ լրագրողական գործունեության խոչընդոտման հիմքով, ապա առկա փաստերը բավարար կլինեին Քր. օր. 164-րդ հոդվածի հիմքով քրեական գործ հարուցելու համար։ Լրագրողի հետագա բողոքարկումները վերադաս դատախազին և դատական ատյաններին նույնպես հաջողություն չեն ունեցել։ Դատարանները գտել են, որ քննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիմնավորված է եղել, վիճահարույց արարքները ենթարկվել են ճիշտ քրեաիրավական գնահատականների, և քրեական գործ հարուցելու հիմքերը իրավամբ բացակայել են։

Պետք է ասել, որ վերը նշվածը տարածված պրակտիկա է լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերով քրեական գործերի հարուցումը մերժելիս։ Նմանատիպ եզրահանգումներ, երբ գնահատվել են լրագրողների նկատմամբ սպառնալիքների իրական լինելու կամ չլինելու, այլ ոչ թե լրագրողի աշխատանքը խոչընդոտելու հանգամանքը, կատարվել են նաև այլ միջադեպերի առթիվ։ Օրինակ` «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ ԱԺ անվտանգության պետի կողմից բռնության փաստի առթիվ, երբ վերջինս լրագրողի ձեռքին հարվածելով գետնին էր գցել նրա նկարահանող սարքը՝ Ipad-ը, Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվեց հարուցել քրեական գործ՝ կրկին վկայակոչելով հանցակազմի բացակայությունը։ Քանի որ այս դեպքում միջադեպը տեսաձայնագրվել ու հրապարակվել էր ԶԼՄ-ների կողմից, որի պայմաններում ակնհայտ է, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտվել էր պաշտոնատար անձի կողմից, միակ տրամաբանական բացատրությունը քրեական գործ չհարուցելու համար կարող է լինել այն, որ վարույթ իրականացնող մարմինը եզրակացրել է, որ բռնությունը չէր գերազանցել անհրաժեշտ շեմը, որպեսզի արարքը որակվեր որպես անձի «առողջության դեմ ուղղված հանցագործություն»՝ Քրեական օրենսգրքի 16-րդ Գլխի իմաստով։ Մինչդեռ նույնիսկ եթե դա այդպես է, արարքը պետք է գնահատվեր նաև լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտելու տեսանկյունից՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առարկայի ու նպատակի լույսի ներքո, որն, ի դեպ, պատկանում է հանրային մեղադրանքի հիմքով հետապնդվող գործերի շարքին, այսինքն` նման  իրավախախտումների դեմ պայքարը պայմանավորված է գերակա հանրային շահով՝ անկախ տուժողի ցանկությունից և նրա կողմից հանցագործության մասին դիմում ներկայացրած լինելու փաստի առկայությունից։ Իրավամբ, եթե խոսքը վերաբերում է լրագրողի աշխատանքի խոչընդոտմանը, ապա այս հանգամանքը ինքնին գտնվում է հանրային իրավահարաբերությունների դաշտում և բարձրացնում է հանրային նշանակության հարց։ Գուցե այս նկատառումներն էին պատճառը, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրեց քրեական գործ չհարուցելու մասին ՀՔԾ-ի որոշումը և կարգադրեց հարուցել քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջին միջադեպերից է սեպտեմբերի 19-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությանը Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի կողմից միջամտելու դեպքը, երբ վերջինս քաշքշել է լրագրողին, խլել ձայնագրիչը եւ շպրտել մի կողմ՝ «սրան ստեղից կորցրեք» բառերով հրահանգելով իրեն ուղեկցող անձանց հեռացնել լրագրողին տարածքից: Իսկ այս միջադեպից քիչ ուշ, երբ լրագրողը Կարապի լճի մոտ փորձել է նկարել Արտյուշա Կարապետյանին, վերջինիս ուղեկցողները խլել են հեռախոսը եւ սպառնացել այն նետել ջուրը, իսկ նրանցից մեկը ջնջել է նկարահանածը եւ վերադարձրել հեռախոսը լրագրողին։ Սույն փաստերի հիմքով լրագրողի կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին։ ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբերի 8-ի հաղորդագրության համաձայն` Արտյուշա Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ Սա կարելի է համարել բացառություն ընդհանուր պրակտիկայից։ Մնում է միայն հուսալ, որ մի որոշ ժամանակ անց քրեական գործը չի կարճվի հանցակազմի բացակայության կամ ապացույցների բացակայության հիմքով։

«Չորրորդ իշխանության» լրագրող Անի Գևորգյանի և www.ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանի հայտարարությունների հիման վրա նույնպես հարուցվեց քրեական գործ՝ հունիսի 23-ին ոստիկանների և քաղաքացիների խմբի միջև Երևանի ոստիկանության Կենտրոն բաժնի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների փաստի հիմքով` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը սահմանափակելը): Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է հետագայում որոշվել այս գործը միացնել ակցիային մասնակցած քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդման հիմքով հարուցված քրեական գործին: Թեև այս երկու գործերի փաստական հիմքերը նույնն են, սակայն իրավունքի մասին հարցերով դրանք էապես տարբեր են, և քրեական գործերի միացումը կարող է բացասաբար անդրադառնալ քննության արդյունքների վրա։ Բացի այդ, մտահոգիչ է այն փաստը, որ.

1. Դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Անի Գեւորգյանը հրավիրվել էր ոստիկանություն` բացատրություն տալու, սակայն նրան հնարավորություն չէր ընձեռվել անցնել դատաբժշկական փորձաքննություն, որի պայմաններում նկատելիորեն թուլանում են հարուցված քրեական գործի հիմքերը և հեռանկարայնությունը։

2. Մտահոգիչ փաստն այն է, որ գործով որպես կասկածյալ չի ներգրավվել որևէ պաշտոնատար անձ, թեև գործը հարուցվել է նաև 309-րդ հոդվածի հատկանիշներով։

Ուշագրավ էր նաև «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցների հետ տեղի ունեցած դիպվածը «Մոսկվիչկա» սուպերմարկետում։ Ընդմիջման ժամին «Մոսկվիչկայից» գնված բրնձե փլավի մեջ www.armlur.am-ի թղթակիցն ապակու կտոր էր հայտնաբերել եւ պարզաբանման նպատակով տեսախցիկով այցելել խանութ: Ի պատասխան` նրանց իջեցրել էին սուպերմարկետի նկուղ եւ պահանջել ջնջել լուսանկարներն ու տեսաձայնագրությունը եւ միայն դրանից հետո խոստացել ազատ արձակել: Ի վերջո, լրագրողներն ազատ են արձակվել, որից հետո նրանք ներկայացրել էին հանցագործության մասին հաղորդում Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով։ Հաշվի առնելով, որ «Մոսկվիչկայի» տնօրենը դեպքի օրն այցելել էր խմբագրություն և ներողություն խնդրել իր աշխատակիցների գործողությունների համար, լրագրողները որոշել էին հետամուտ չլինել իրենց դիմումին։ Ամենայն հավանականությամբ, այս փաստը նկատի ունենալով` քննչական մարմինը որոշել էր դադարեցնել քրեական գործի հարուցումը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ հաղորդումը ներկայացվել էր 164-րդ հոդվածի հիմքով, որի հիմքով իրավախախտումները պետք է քննվեն հանրային հետապնդման եղանակով, գործի քննությունը պետք է շարունակվեր՝ անկախ դիմողի կողմից դիմումի առկայության պարագայից։

Եվ վերջապես, մտահոգության առարկա է նաև մի երևույթ, երբ բռնության ենթարկված լրագրողներն ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով փորձում են չհանրայնացնել իրենց նկատմամբ կիրառված բռնությունը և ձեռնպահ են մնում հանցագործության մասին հաղորդում տալ կամ հաղորդում տալու դեպքում էլ հետագայում հերքում են տարածված լուրերը և բողոքը հետ վերցնում։ Նման դեպքերը կարող են խոսել լրագրողների նկատմամբ քողարկված հետապնդումների մասին։ 

Լրագրողական աղբյուրի գաղտնիության բացահայտման պահանջ

Ներպետական պրակտիկայում վերջերս տեղի ունեցան աննախադեպ իրադարձություններ լրագրողական աղբյուրների բացահայտման ուղղությամբ, որոնք նախկինում գրեթե երբեք չէին կիրառվել իշխանությունների կողմից։ Փաստերը հետևյալն են. զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցների էլեկտրոնային կայքերում 09.05.2014թ. սկսած տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ 07.05.2014թ. Գյումրի քաղաքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի և մարզիկներ Արթուր և Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Վ. Նադարյանն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռ. Ալեքսանյանի գլխին, ապա ատրճանակը պահել է Ա. Ալեքսանյանի կրծքավանդակին։ «Հրապարակ» օրաթերթը 09.05.2014թ. համարում հրապարակել է` «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» վերնագրով հոդված միջադեպի վերաբերյալ: www.ilur.am կայքը 12.05.2014թ. անստորագիր հրապարակել է «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա. Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» վերնագրով հոդված միջադեպի վերաբերյալ: Լրատվամիջոցներում միջադեպի մասին հրապարակումների հիման վրա ոստիկանության կողմից կատարվել է հետաքննություն։ 19.05.2014թ. քննիչը (առանց քրեական գործ հարուցելու մասին որոշման առկայության) հարցումներ է ուղարկել «news.am», «ilur.am» էլեկտրոնային կայքերի և «Հրապարակ» օրաթերթի տնօրեններին՝ պահանջելով բացահայտել վերը նշված լրատվական նյութերի հիմքում ընկած տեղեկությունների աղբյուրներին նրանց որպես վկա հարցաքննելու նպատակով։ Նման տեղեկատվություն չի տրամադրվել։ 26.062014թ. համապատասխան քննչական մարմինը դիմել է դատարան՝ ներկայացնելով «Տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտադրելու վերաբերյալ» միջնորդություն, խնդրելով դատարանից բավարարել տեղեկատվական աղբյուրը բացահայտելուն ուղղված պահանջի մասին միջնորդությունը։ Դատարանը բավարարել է այն և իր որոշումը հիմնավորել Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի  հիմքով, որում սահմանված է, որ դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների[3] գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները: «Այլ հաղորդումներ» արտահայտությունը դատարանը մեկնաբանել է այնպես, որ ներառում է նաև լրագրողական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը։ Նախկինում երբեք նման մեկնաբանություն չի հնչել։

Լրատվամիջոցները, հոդվածի հեղինակները կամ հրապարակված հոդվածների տեղեկատվության աղբյուրը տնօրինող որևէ լրագրող դատարանում դատավարության կողմ չեն հանդիսացել, դատաքննությանը չեն մասնակցել և դրա միասին չեն ծանուցվել: Առաջին ատյանի դատարանում դատաքննությունն իրականացվել է դռնփակ: Առաջին ատյանի դատարանը որոշումը կայացնելիս վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը՝ նշելով, որ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակարգում, քանի որ սպառվել են ալյլընտրանքային բոլոր միջոցները, քանի որ դա անհրաժեշտ է տուժող անձանց իրավունքների պաշտպանության համար, և աղբյուրի բացահայտման իրավաչափ նպատակը գերակշռում է հասարակական շահին։ Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Քրեական վերաքննիչ դատարան, սակայն բողոքը մերժվել է։ Ներկայումս վարույթն ընթացքի մեջ է Վճռաբեկ դատարանում։ Վերջինս դեռ չի կայացրել որոշում։

Վճռաբեկ բողոքը բերվել է մի շարք հիմքերով։ Առաջին, որ Քրեական դատավարության օրենսգրքում լրագրողական աղբյուրը բացահայտելու մասին հիմք չկա։ Քրեական դատավարության օրենսգրքի 239-241-րդ հոդվածների բովանդակությունից, որոնց հղում է կատարել քննիչը, հետևում է, որ «այլ հաղորդումներ» հասկացության տակ միանշանակորեն չեն կարող ընկնել տեղեկատվության աղբյուրի բացահայտման դեպքերը: Այն պարագայում, երբ ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքով սպառիչ կերպով սահմանվում է նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկման բովանդակությունը, վերահսկման ձևերը և կարգը, դատարանի կողմից չէին կարող սահմանվել օրենքով չնախատեսված հաղորդումների և վերահսկման ձևերի նոր դատավարական հնարավորություն ու ընթացակարգեր։

Երկրորդ` ողջ ընթացքում չեն ապահովվել նույնիսկ նվազագույն ընթացակարգային երաշխիքներ՝ լրագրողները մասնակից չեն դարձվել դատական նիստին, չեն ապահովվել նրանց լսվելու, դատական քննությանը մասնակից լինելու, քննիչի ներկայացրած պնդումները վիճարկելու հնարավորությունները, որոնք մարդու իրավունքների էական սահմանափակումներ են։ Ավելին, դատական նիստերն ընթացել են դռնփակ, որի պարագայում չի ապահովվել հանրային վերահսկողությունը դատական քննության նկատմամբ։

Երրորդ` լրագրողական աղբյուրի բացահայտման պահանջը կարող է բավարարվել միայն խիստ բացառիկ դեպքերում, երբ դա բխում է հանրության քրեաիրավական կենսական շահերից, օրինակ` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի անհրաժեշտությունից, երբ իրապես սպառվել են բոլոր դատավարական և օպերատիվ հետախուզական հնարավորությունները։ Նշված բոլոր պայմանները առկա չեն գործում, ուստի լրագրողական աղբյուրների բացահայտման դատական պահանջն անհրաժեշտ միջոց չէ ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, նման պահանջը կարող է համընդհանուր սառեցնող ազդեցություն ունենալ լրատվամիջոցների ազատ արտահայտման իրավունքի վրա, որից կարող է տուժել տեղեկատվություն ստանալու հանրային շահը։

Սույն գործով հատկանշական է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը 26.06.2014թ. որոշմամբ տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտականությունը դրել է www.ilur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի վրա, որոնք լրատվամիջոցներ են և, բնականաբար, չեն կարող պարտականության կատարման սուբյեկտ լինել: Հետևաբար, առկա է նաև դատարանի տվյալ պահանջը կատարելու օբյեկտիվ անհնարինություն, քանի որ կայքը կամ թերթը չեն կարող պարտականության կատարման սուբյեկտ լինել: Առաջին ատյանի դատարանը, եթե պայմանականորեն ընդունեք, որ լիազորված էր վարույթ ընդունել խնդրո առարկա միջնորդությունը, ապա պարտավոր էր մերժել այն հիմքով, որ կայքը կամ թերթը տեղեկատվություն տնօրինող չեն կամ պետք է, գոնե, պատշաճ հասցեատերով փոխարիներ միջնորդությունը կամ դատական ակտը: Ավելին, պարտականության կատարման սուբյեկտ չեն կարող լինել նաև այն իրավաբանական անձինք, որոնք վարում կամ հրապարակում են www.ilur.am կայքը և «Հրապարակ» օրաթերթը, պարտականության կատարման սուբյեկտ չեն կարող լինել նույնիսկ այդ իրավաբանական անձանց անունից հանդես գալու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձինք, նույնիսկ խմբագիրները. խնդրո առարկա աղբյուրը հայտնի է բացառապես հրապարակված հոդվածների հեղինակներին (լրագրողներին)։

շարունակություն

[1]Թիվ 64569/09, ՄԻԵԴ, 10/10/2013։

[2]Այդ պահի դրությամբ Եվրոպայի արդարադատության դատարանը դեռ չէր կայացրել Google.com-ի գործով 13/05/2014թ.իր հայտնի թիվ C-131/12 որոշումը։

[3]Ընդգծումը մերն է։ 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ