HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալների խոսքը հանրությանը. «Լսեք մեր ձայնը»

«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի մեկ տարվա հրապարակումները, 11 խեղված ճակատագրերի մասին լուսաբանումները առիթ դարձան, որ հանրությունը ծանոթանա նորանկախ Հայաստանի առաջին տարիներին քննված որոշ քրեական գործերի, որոնցով մարդիկ դատապարտվել են մահապատժի: Մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ դատական սխալի հետևանք է իրենց դատապարտումը կամ կրում են չափազանցված պատիժ: Սակայն նրանց ձայնը լսելի չի դառնում: Այդ դատապարտյալների հետ մեր ունեցած հարցազրույցներում կարմիր թելով անցնում է նրանց խոսքն` ուղղված հանրությանն ու համապատասխան պետական մարմիններին. «Լսեք մեր ձայնը»:

Ինչպե՞ս դատապարտյալների ձայնը հասցնել ճաղերից այս կողմ

«Հետքը» Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության հետ կազմակերպել է «Լսեք մեր ձայնը» մշակութային միջոցառումը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում:

Մեր երկրում արդար դատաքննությանն առնչվող այս խնդիրներին առաջինը արձագանքել են գրչի, բեմի, արվեստի մարդիկ: Սա առաջին փորձն է՝ միասին ներկայացնել առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու ոլորտներ՝ դատաիրավականն ու մշակութայինը: Միջոցառումը նպատակ ունի լսելի դարձնել դատապարտյալների ձայնը նաև պետական ապարատում, որպեսզի անդրադարձ կատարեն 1990-ականների կասկածելի քրեական գործերին՝ հաճախ մեկ վկայության հիման վրա կայացված մահապատժի դատավճիռներին:

Միջոցառմանը մասնակցելու է «Մայիլյան» վոկալ անսամբլը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի ղեկավարությամբ: Կցուցադրվի «Հետքի» «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» ֆիլմը: Ապա կներկայացվի ցմահ դատապարտյալ, 19-րդ տարին անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանի նոր՝ «Դեպի ցմահ ազատություն» գրքի շնորհանդեսը:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքով մասնակցել էր «Օրանժ գրքի մրցույթ- 2013-ին», սակայն վերջին փուլում «Օրանժի» ղեկավարությունը միջամտել էր ժյուրիի աշխատանքին՝ բացառելով Ենոքյանի գրքի քվեարկությունը: Ընկերության մարքեթինգի տնօրենն իր միջամտությունը պատճառաբանել էր նրանով, որ ցմահ բանտարկյալին մրցանակ տալով՝ կվտանգվի իրենց ընկերության կոմերցիոն շահը: Իմանալով այս անարդարության մասին՝ քաղաքացիները հանգանակություն կատարեցին, չեղյալ հայտարարեցին «Օրանժի» մրցույթի արդյունքներն ու տպագրեցին ցմահ բանտարկյալի գիրքը՝ հայերեն ու անգլերեն: Հեղինակի ցանկությամբ գիրքը չի վաճառվելու, քանի որ այն մարդկանց նվերն է իրեն: 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter