Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Կառավարության արտոնությունները՝ քրեական անցյալով վրացի գործարարին և նրա օֆշորային ընկերությանը



Այս տարվա օգոստոսին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող` ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրին:

Նախարարությունն իր հետաքրքրությունն է հայտնել Հայաստանում գազային էլեկտրակայանի և ենթակառուցվածքների կառուցման հարցում՝ էներգետիկ կենսունակությանը նպաստելու և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները մեծացնելու նպատակով:

«Նախատեսվող գազային էլեկտրակայանի կառուցումը նպատակաուղղված է արտադրական հզորությունների զարգացմանը, ՀՀ էներգետիկ անվտանգության բարձրացմանը և կենսունակության ապահովմանը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճին»,-մեր գրավոր հարցմանը պատասխանել է ՀՀ կառավարությունը:

«Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊԸ-ն հանդես է գալիս որպես ներդրող, իսկ ընկերության խոհրդի նախագահ՝ վրացի գործարար Թեյմուրազ Կարչավան: Ըստ համաձայնագրի՝ ընկերությունը պետք է ներդրում կատարի շինարարական աշխատանքներում և սեփական միջոցների հաշվին կառուցի 540 ՄՎտ հզորության երկու էլեկտրակայան (2x270ՄՎտ) ու հարակից ենթակառուցվածքները, այնուհետև տնօրինի և գործարկի այն: Ենթակայանը Վանաձորում է կառուցվելու:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը, մեր հարցմանը պատասխանելիս, նշել է, որ գազային էլեկտրակայանի կառուցման շուրջ 600 մլն դոլար կազմող ներդրումների ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվելու է «Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից:

«Վերջինս կրելու է նախագծի իրականացման ողջ ռիսկերը, իսկ կառավարությունը կաջակցի մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ գործող օրենսդրության շրջանակներում անհրաժեշտ թույլտվությունների տրամադրումը, կոմունալ միացումների հարցում՝ ոչ խտրական մոտեցման ապահովումը, ներդրումների երաշխավորված պաշտպանությունը, գազի երաշխավորված ծավալների մատակարարումը»,-հավելել է Կարեն Ղահրամանյանը:

Նախագծի ամբողջական կատարման համար նախատեսվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի տրամադրման պահից ոչ ուշ քան երեսունվեց (36) ամսվա ժամկետ,  ընդորում` առաջին էներգաբլոկը պետք է կառուցվի ոչ ուշ քան տասնութ (18) ամսվա ընթացքում: Ծրագրի իրականացման համար Հայաստանում ստեղծվել է նոր ընկերություն՝ «Անակլիա էներջի» ՍՊԸ, որի 100 % բաժնետերը նույն վրացին է՝ Թեյմուրազ Կարչավան:  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ «Անակլիա էներջի» ընկերությունը դեռևս լիցենզիա ստանալու հայտ չի ներկայացրել հանձնաժողով:  

Ով է Թեյմուրազ Կարչավան 

Զուգդիդում ծնված, Թբիլիսիում գրանցված վրացի ներդրողը հետաքրքիր կենսագրություն ունի: Մինչ 2004թ. նա ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Նրան է պատկանել Կրեմլից ոչ հեռու գտնվող VIP National Club կազինո-ռեստորանային համալիր-ակումբը: Նա այնուհետև ներքաշված և ձերբակալված է եղել մի քրեական պատմության մեջ՝ սկզբում ՌԴ ֆինանսների նախարարության աշխատակցին Mercedes SLK 350 մեքենա կաշառք տալու մեղադրանքով, այնուհետև՝ փաստաթղթերի կեղծման և ապօրինի օգտագործման համար: Իսկ փաստաթուղթը ՌԴ արտասահմանյան կեղծ անձնագիրն էր, որն օգտագործելով նա մուտք է գործել ՌԴ: Կաշառքի մասով Կարչավան դատարանում արդարացվել է, սակայն կեղծ փաստաթղթերի  օգտագործման և ապօրինի ՌԴ տարածքը հատելու մեղադրանքով դատապարտվել է՝ 1 տարի ու 9 ամիս բանտում անցկացրել:

Այս պատմությունից հետո նա տեղափոխվել է Ռուսաստանից, և ըստ վրացական աղբյուրների, այժմ ապրում է Լոնդոնում: Չնայած Վրաստանի ընկերությունների պետական ռեգիստրում իր  անվամբ գրանցված 10-ից ավելի ընկերություններ կան, սակայն այս անձը Վրաստանում նշանավոր չէ: Ունի գինու արտադրություն: Աչքի է ընկել 2009-ին նախաձեռնած Անակլիա նավահանգստի ծրագրով: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հովանավորությամբ Վրաստանի արևմուտքում՝ Աբխազիայի սահմանին մոտակա Անակլիա ավանում փորձ է արել սկսել նավահանգստի կառուցման նախագիծ: Սակայն ժամկետների մեջ չի տեղավորվել և չի կարողացել ապահովել խոստացած ներդրումները: Փոխարենը նոր ընկերություն է «մտել» նրա տարածք և սկսել շինարարություն իրականացնել: Այդ ժամանակ արդեն Սահակաշվիլին շրջանառության մեջ էր դրել Լազիկա քաղաքի և նավահանգստի կառուցման գաղափարը և կասեցրել էր Անակլիայի կառուցումը:

2012-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը միակողմանի լուծել է Կարչավայի ընկերության հետ ստորագրած պայմանագիրը և 100 մլն դոլարի չափ տույժ-տուգանքներ է հաշվարկել ժամկետների մեջ չտեղավորվելու համար: Կարչավան դատական քաշքշուկների մեջ է մտել Վրաստանի կառավարության հետ: Իր ասուլիսներից մեկում նա պնդել է, որ կառավարությունը իր հողերի վրա արդարադատության տուն և երիտասարդական ճամբար է կառուցում, որը նախատեսված էր իր նախագծի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման համար: 

Սակայն Բիձինա Իվանիշվիլու իշխանության գալուց հետո նոր ղեկավարությունը որոշեց, որ ոչ թե Լազիկան, այլ, այնուամենայնիվ, Անակլիան կկառուցվի:

Անակլիա նավահանգստի վայրը

Այս տարվա օգոստոսի 6-ին Վրաստանի կառավարությունը Անակլիա նավահանգստի կառուցման մրցույթ է հայտարարել: Սակայն ընդամենը օրեր անց՝ օգոստոսի 14-ին (երբ դեռ հայտնի չէր նավահանգիստը կառուցող ընկերությունը) ՀՀ կառավարությունը Կարչավայի ընկերության հետ գազային էլեկտրակայի համաձայնագիր է ստորագրել: Համաձայն «Անակլիա էներջի» նախագծի՝ Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան պետք է ուղղվի հենց այս նավահանգստին, որի ճակատագիրը դեռ անհայտ է, և դեռևս նոր է հայտարարվել կառուցողի մրցույթը:  

Սա դեռ ամենը չէ. կառավարության որոշման հավելվածում «Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊԸ-ի հասցե նշված է Լոնդոնը ( Suite 7, 55, Park Lane, Mayfair, London, W1K 1NA, UK): Սակայն Բրիտանական Վիրջինյան կղզիների  ընկերությունների գրանցամատյանից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ այն իրականում գրանցված է օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում՝  2013-ի վերջին: Չունի որևէ պատմություն էներգետիկ ոլորտում:

Չնայած այս ամենին, Հայաստանի կառավարությունը որոշ արտոնություններ է սահմանել ընկերության համար. էներգետիկայի նախարարությունը ընկերությանը երաշխավորել է էլեկտրակայանը շահագործման հանձնելուց հետո տարեկան 1 մլրդ խմ բնական գազի մատակարարումը նույն պայմաններով, որոնք կիրառվում են էներգիա արտադրող այլ կայանների դեպքում։ Բնական գազի գինը ստորագրման օրվա դրությամբ կազմում է 230.82 ԱՄՆ դոլար (առանց ԱԱՀ)։ ՀՀ կառավարությունը նաև խոստացել է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումները հետաձգել, իսկ էներգիայի արտահանման ժամանակ կիրառել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ։

Իսկ այս պատմության ամենաուշագրավ մասն այն է, որ կառավարությունում «Անակլիա ԱյԻՓի Հոլդինգ» ՍՊԸ-ին ներկայացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, այժմ ՀՀ  նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:  Հիշեցնեն՝ հենց նրա մասնակացությամբ էին «Նաիրիտ գործարանը» և «Վանաձորի Քիմպրոմը» հայտնվել օֆշորային լաբիրինթոսի մեջ:

Լուսանկարում՝ ձախից՝ Թեյմուրազ Կարչավան և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը

Հ.Գ. Հոդվածի պատրաստմանը Վրաստանից աջակցել է Նինո Բաքրաձեն:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Օստապ Բենդեր14:03 - 26 նոյեմբերի, 2014
Ինչ կա զարմանալու - Рыбак рыбака издали находит ...
2. алексей 19:36 - 6 հունիսի, 2015
Карчава молодец, везучий черт))...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ