HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութի տեղափոխման գործով ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչում

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունից  850 կգ թմրանյութի տեղափոխման գործով դատական նիստը: Դատական նիստը 2 ժամով հետաձգվեց, քանի որ ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով մեղադրող կողմն ու թարգմանիչները ուշացել էին:

Վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու պաշտպանությունը ստանձնել է Վրաստանից ժամանած նոր փաստաբանը՝ Թեյմուրազ Մայսուրաձեն: Նրանից բացի՝ հանրային պաշտպան Գուրգեն Մադոյանին փոխարինել է Սյունիքի մարզի հանրային պաշտպան Հրաչ Հակոբյանը, իսկ Օսման Ուղուրլուի պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավվեց պաշտպան Վահե Մարգարյանը:

Այս գործով երկու ձերբակալվածների՝ վարորդ Ավթանդիլ Մարտիաշվիլու և մեքենայի սեփականատեր Օսման Ուղուրլուի մասով մեկ ընդհանուր դատավարություն է ընթանում, որը քննվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում:

Դատարան էր ներկայացել թարգմանիչ Հերմինե Սարգսյանը, ով ամբաստանյալ Ա.  Մարտիաշվիլու և նրա պաշտպանի համար վրացերենից հայերեն և հակառակ թարգմանություններ կկատարի:

Պարզաբանելով թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները՝ դատավոր Դ. Գրիգորյանը մեղադրող կողմին խնդրեց հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի  Օ. Ուղուրլունին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին, պայմանավորվածություն ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ, այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենա, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: 2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ` իբրև թե Իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողնելուց հետո Օ. Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ,160գ,467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, պարզաբանելով մեղադրականը, հարցրեց, թե արդյոք ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչում է: Վերջինս պատասխանեց, որ «իրեն մեղավոր չի ճանաչում»:

Մեղադրող Արմեն Փանոսյանը հրապարակեց նաև ամբաստանյալ Ավթանդիլ Մարտիաշվիլու մեղադրականը, ըստ որի վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: Վերջինս նույնպես հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատավորն անցավ ապացույցների քննարկման հաջորդականության հարցը քննարկելուն: Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը որոշեց լսել վկաներին, այնուհետև հետազոտել գործում առկա փորձագիտական եզրակացություններն ու փաստաթղթերը, որից հետո հարցաքննել ամբաստանյալներին:

Դատարանը լսեց վկաներ Ալբերտ Մկրտումյանին և Արթուր Զաքարյանին:

Վկա Ա. Զաքարյանը նշեց, որ աշխատում է Մեղրիի մաքսակետում՝ որպես հերթափոխի պետ և իր պարտականությունն է ուղևորների, ուղեբեռների, բեռնատար ավտոմեքենաների զննումը: Նա դատարանին հայտնեց, որ երբ Ավթանդիլ Մարտիաշվիլու մեքենան մտավ Հայաստան, ինչպես մնացած մեքենաները` նկարահանվեց և օտար մարմին նկատվեց: Այդ մասին տեղյակ է պահվել վերադասին, և լրացուցիչ հետազոտության համար այն տեղափոխվել է Երևան:

Վկան նշեց, որ երբ վարորդին՝ Ա. Մարտիաշվիլուն,  հայտնել են այդ մասին, վերջինս ասել է, որ դա իր բեռը չէ, ինքն ուղղակի վարորդն է և փորձել է զանգահարել բեռի տիրոջը, բայց նա չի պատասխանել: Վկան հայտնեց, որ «վարորդը իրեն շատ վստահ էր պահում, զննություն կատարելուն դեմ չէր, ուղղակի  մեքենայի բացելուն էր դեմ, որպեսզի չփչացնեն այն»:

Այս գործով հաջորդ վկա Ալբերտ Մկրտումյանը այն ռենտգենյան սարքի օպերատորն է, որով զննվել է մեքենան: Վկան հայտնեց, որ երբ զննության ընթացքում մեքենայի բեռնախցիկի հատակային մասում անհամաչափ վիճակ է նկատել, Ա. Մարտիաշվիլուն հարցրել է` ինչ-որ բան կա, թե ոչ, վերջինս «հստակ ասում էր, որ չկա, նույնիսկ ինքը բացեց ու ասաց` տեսեք, որ ոչ մի բան չկա հատակին»: Ա. Մկրտումյանը նշեց, որ «վարորդը վատ չէր տրամադրված, ուղղակի ընթացքում վրդովվել էր». նրա խոսքով՝ վրդովմունքի պատճառը նույն հարցը բազմաթիվ անգամ  տալուց է եղել:

Վկաներից դատարան չէր ներկայացել Հայկազ Հովհաննիսյանը, սակայն դիմում էր ներկայացրել, ըստ որի սրտի վիրահատության պատճառով այժմ գտնվում է հետվիրահատական վիճակում և չի կարող ներկայանալ դատարան: Նա խնդրում է իր նախորդ ցուցմունքը հիմք ընդունել, քանի որ ավելացնելու բան չունի: Ամբաստանյալների պաշտպանները, սակայն, խնդրեցին մյուս դատական նիստին ապահովել վկայի ներկայությունը: Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց վկային ևս մեկ անգամ հրավիրել դատարան:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 11-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter