HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես իններորդցի Երեմը դասի ժամին հայտնվեց ուսուցչուհու շենքի տանիքում

Ալավերդու թիվ 12 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Երեմ Մադոյանը նոյեմբերի 14-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ս. Սարահարթ թաղամասի 3/15 բարձրահարկ շենքի հարթ տանիքից ընկել է 9-րդ հարկ ու մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն: Այնտեղից նույն օրը Երեմին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Երեմ Մադոյանն այդ ժամին իր դասընկերների հետ պետք է դասարանում նստած լիներ` քիմիայի դասին: Չորրորդ ժամի վերջում ուսուցչուհի Մարգուշ  Հովհաննիսյանը  փաստաթղթեր պետք է ուղարկեր Երեւան: Նա քիմիայի իր դասին  9-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին տալիս է իր տան բանալին եւ հանձնարարում Ս. Սարահարթի 3/15 շենքի իր բնակարանից բերել իր անձնական փաստաթղթերը: Էդ երեխան (խոսքը նույն դասարանի աշակերտ Երեմ Մադոյանի մասին է) յազվում է, որ ես էլ գնամ, ես էլ գնամ»,- դեպքի մասին պատմեց թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը:

«Երեմն ասեց` ինքն էլ է ուզում գնալ, ընկեր Հովհաննիսյանն էլ Երեմին սկզբում ասաց` մի գնա, հետո ասաց` գնա»,- բացատրեց  նույն  դասարանցի  Արփենը, ում տատիկի հետ էլ ուսուցչուհի Մ. Հովհաննիսյանը պետք է փաստաթղթերն ուղարկեր Երեւան: Մարգուշ Հովհաննիսյանն երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը Երեմ Մադոյանին թույլ չի տվել գնալ, Երեմն ինքնագլուխ է գնացել: Փաստաթղթերն ուսուցչուհու տնից վերցնելուց հետո երկու դեռահասները բարձրանում են բարձրահարկ շենքի հարթ տանիք` քաղաքի համայնապատկերը դիտելու: Տանիքի վերելակի հարթակից էլ Երեմ Մադոյանն ընկում է 9-րդ հարկ:

Վերելակի հարթակը ծածկված է եղել, Երեմը չի նկատել դա, անցնելիս ոտքը դրել է ծածկի վրա ու գահավիժել: «Մենք Երեմին անհույս ենք հասցրել Երեւան: Այնտեղ 5 օր վերակենդանացման բաժանմունքում է եղել, երկուշաբթի օրն են տեղափոխել պալատ: Երեմի մի աչքը շեղված է, բժիշկն ասել է բուժումների ընթացքում կանցնի: Ականջից արյուն է հոսել, մեկ էլ բժիշկն ասել է, որ գանգոսկրի կոտրվածքի խնդիր էլ ունի: Նարկոզով նաեւ վիրահատել են Երեմի դաստակը»,- որդու առողջական վիճակի մասին ասաց Երեմի  մայրը` Թամարա  Մոսինյանը:

Թեեւ տխուր միջադեպից անցել է 11 օր, սակայն թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը ուսուցչուհի Մարգուշ Հովհաննիսյանին որեւէ պատասխանատվության չի ենթարկել: Ավելին, մեզ հետ զրույցում նա  փորձում է կոծկել դժբախտ պատահարի հանգամանքները: Պատահարի մասին տնօրենը ժամանակին  չի տեղեկացրել նաեւ իր վերադասին: «Ես ընդամենը երեք օր առաջ եմ իմացել այդ մասին: Անմիջապես զանգել եմ դպրոցի տնօրենին, որպեսզի ավելի ճշգրիտ տեղեկատվություն ստանամ: Այն, ինչ որ ես հիմա ասում եմ, բառացի ասել է դպրոցի տնօրենը: Ուրեմն, մի աշակերտուհու դպրոցի ուսուցիչներից մեկը, եթե չեմ սխալվում` քիմիայի ուսուցչուհին, բանալի է տվել եւ ուղարկել իրենց տուն: Նույն  դասարանից մի տղա էլ, որի հետ տեղի է ունեցել դեպքը, ուղեկցել է այդ աշակերտուհուն: Այդ տղան աշակերտուհուն առաջարկել է բարձրանալ տանիք` աղավնիներին տեսնելու, տանիքում են այդ աղավնիները: Հետո տանիքի հատակը այդ պահին երեւի խարխուլ է եղել, բացվել է, տղան ընկել է ներքեւ, ոնց որ ամենավերջին հարկը, ձեռքն է կոտրել, հետո այլ վնասվածքներ է ստացել»,- նոյեմբերի 24-ին մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

Իրականում Երեմ Մադոյանի աղավնիները դեպքի վայրի` 3/15 շենքի տանիքի հետ որեւէ առնչություն չունեն: «Հա, Երեմն աղավնիներ է պահում, թռցնելուց հետո նա սիրում է հետեւել իր աղավնիների թռիչքին, բայց դրանք 3/15 շենքի տանիքում չի պահում»,- ասաց տղայի մայրը` տիկին Թամարան: Պարզվեց նաեւ, որ տնօրեն Գոհար Ավետյանը դեպքից հետո Երեմի առողջական վիճակի մասին նրա հարազատներին եւ բուժող բժիշկին անձամբ հարցուփորձ չի արել: «Ինչպե՞ս է Երեմի առողջական վիճակը»,- հարցրինք տնօրենին: «Շատ լավ: Իր մամային իմ ծնողներից մեկը զանգել է, իրենց հարեւանն է: Քանի որ նրանց հեռախոսը անջատված է լինում, անհասանելի են, ես չեմ կարողացել խոսել: Հիմա ես, ճիշտն ասած, դպրոցից օգնություն եմ հավաքում, որ ինչ-որ ձեւով օգնենք իրենց, ահագին ծնողների եւ մանկավարժների ակտիվություն կա: Իմ իմանալով` լավ է: Գլխի հետ որեւէ պրոբլեմ չկա, թեւն ու ոտքն է: Ու Փառք Աստծո, շատ լավ է էլի վիճակը: Եթե գլուխը չի, մենք համարում ենք թեւն ու ոտքով լավ ենք պրծել: Հովհաննիսյան Մարգուշը մեռնում էր այդ պահին: Շատ ահավոր վիճակ էր»,- ասաց տնօրենը:

Երեմի շատ լավ լինելու մասին Գ. Ավետյանի տեղեկությունը, սակայն, չափազանցված էր: «Երեմ Մադոյանի առողջական վիճակը ներկայումս կայուն է, նա ստացել է   գանգահիմքի կոտրվածք, ունի նաեւ աջ դաստակի կոտրվածք, որի համար վիրահատվել է: Պատրաստվում ենք Երեմին դուրս գրել, սակայն նա առնվազն 6 ամիս պետք է գտնվի նյարդաբանի հսկողության տակ»,- այսօր մեզ հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկ Արայիկ Ասատրյանը:  

Երեմի մայրը մեզ հայտնեց, որ թիվ 12 դպրոցը որպես օգնություն 284 հազար դրամ է ուղարկել իրեն: «Կարող եմ այս պահին էլ այդ փողը հետ ուղարկել իրենց, ինձ համար կարեւորը տղայիս առողջությունն է»,- ասաց Թամարա Մոսինյանը:

«Քաղաքում լուրեր են շրջանառվում, որ Ձեր դպրոցի ուսուցիչները շատ են շահագործում աշակերտներին: Ի՞նչ կասեք այդ մասին»,- հարցրինք տնօրենին: «Դրանից երկու օր առաջ ուսուցչանոցում խորհրդակցության տիպի մի բան եմ արել եւ էդ մասին զգուշացրել եմ: Նույն հարցը դրել եմ, որ երեխաներին դասի ժամանակ դուրս մի ուղարկեք, գործի մի դրեք: Եթե երկու օր առաջ ես զգուշացրած չլինեի, կասեի, հա: Զգուշացրել եմ, դեպք էր` պատահեց: Բայց Աստված օգնեց, որ այդ երեխային ոչ մի բան չեղավ: Ծնողները չեն բողոքում»,- պատասխանեց  տնօրեն Գոհար Ավետյանը:

Մեր ամբողջ զրույցի ընթացքում դեռահաս Երեմ Մադոյանի վիճակի առնչությամբ Գ. Ավետյանը ոչ միայն ուսուցիչ Մարգուշ Հովհաննիսյանին, նաեւ իրեն որպես տնօրեն մեղավոր չհամարեց: «Սուտլիկ երեխա է»,- Երեմի մասին ասաց նա` այդպես էլ չհիշելով, որ ուսումնական պարապմունքների ընթացքում աշակերտների կյանքի եւ անվտանգության պատասխանատուն հենց ինքն է` անկախ երեխաների բնավորության առանձնահատկություններից: 

Մեկնաբանություններ (17)

Dproci tatik
Ես դպրոցի նախկին շրջանավարտ եմ,նույն դպրոցի տատիկ,ունեմ աշխատավայր.Ինձ համար ուսուցչի կերպարը անփոխարինելի է.Ինձ դպրոցում սովորեցրել են լինել շիտակ,ազնիվ հայրենասեր.Հետքում տպագրված նյութի մասին խոսում են տարբեր վայրերում.Բնականաբար քննարկում են նյութը.Համեմատում եմ անցյալի ու այսօրվա մեր թիվ 12 դպրոցը.Գալիս եմ մի մտքի,որ անհամեմատելի է նախկինն այսօրվա հետ.Զարմանում եմ,որ մեկնաբանողը գտնում է,որ այս դպրոցն անտերության է մատնված.Ընդհակառակը՝ մեր կարծիքով այս դպրոցում ամեն ինչ իր տեղն է ընկել ու «ոմանք» 12 տարի է չեն կարողանում «մարսել» այդ փաստը.Բոլորիս կարծիքը մեկն է.այս մեկնաբանությունները գրողը մի «մարդ» է ,այն էլ այդ դպրոցից՝ ազնվություն,ճշտապահություն,հայրենասիրություն սերմանող ուսուցիչը.Սթափվի՜ր տարբեր անուններով հանդես եկող «ուսուցիչ»,մաղձդ հանի՜ր ու խաղաղվի՜ր, մի՜ պղտորիր դպրոցի աշակերտների հոգին,նրանք ել գիտեն,որ դա դու ես.Մենք և մեր երեխաներն ու մեր թոռները սիրում ենք մեր դպրոցը,մեր տնօրենին ու մեր ուսուցիչներին.
Մելանյա
Ապրես Լարիսա ջան որ այսքան մարդ ընդգրկեցիր նյութի վերլուծության շրջանակում միայն ափսոսում եմ մեր ազգի համար որ համարձակ մարդիկ շատ քիչ են մնացել ևայդ ձևով ոչինչի չեն հասնի եթե ձեզ սիրելի քծնոզներ ձեռք Է տալիս այդպես սողալով տնօրենի առաջ աշխատելՙ աշխատեք ով չգիտի ձեր տնօրենին ինչումն է բանը նա ձեր պաշպանության կարիքը չունի նա պաշտպանված է անգրագետ օլիգարխների կողմից դուք ձեզ պաշտպանեք այ ողորմելիներ....
-ի ընթերցող
Այս նյութից եվ նրան կից մեկնաբանություններից երեւում է,որ այստեղ հավաքվել են մի խումբ մարդիկ,ովքեր միմյանց հետ կիսելու եւ հարաբերություններ պարզելու կարիք ունեն:Այնպիսի տպավորություն է,որ նախկինից եկած չարություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ,եւ մենաբանություններում այլ անուններով հանդես գալով հարաբերություններ են պարզում:Սթափվեք,մարդիք,այս պատմության մեջ մի շատ կարեւոր բան կա:Դժբախտ դեպք է պատահել մի պատանու հետ,ով Աստծո կամքով ողջ է մնացել,եւ նրա կյանքին ոչ մի վտանգ այլեւ չի սպառնում:Աստված տա նա այնքան առողջ լինի,որ մի քանի տարուց զինվոր դառնա եւ պաշտպանի իմ եւ ձեր անդորրը,ինչը անգամ հիմա չկա ձեր հոգիներում:Երեւի բախտներդ բերում է,որ այդ պատանու ծնողները չեն օգտվում համացանցից եւ ընդհանրապես տեղյակ չեն,որ դուք շահարկում եք նրանց զավակի հետ կատարված դժբախտությունը,ինչը կարող էր պատահել յուրաքանչյուրիս երեխայի հետ:
Ալինա
Իհարկե լավ բան չի եղել,բայց չի կարելի առիթը օգտագործել և մեղադրանքներ ներկայացնել:Նույնը կարող էր լինել դասերից հետո,այդ նույն հաջողությամբ ծնողին կմեղադրեիք?Համոզված եմ,որ թե տնօրենը և թե ուսուցիչները ամենաքիչը կուզեին նման իրավիճակում հայտնվեն,մենք բոլորս էլ մեր աշխատանքում անթերի չենք,յուրաքանչյուրդ վերցրեք ձեր վրա և պետք չէ վատ վիճակի մեջ ընկած մարդկանց վրա չարախնդալ:
Տիգրան
Ամոթ Է
Մելանիա
եթե ընկնողը լիներ քո թոռը իհարկե չեմ ցանկանա այդպես կմեկնաբանեյիր սիրելի տատիկ իհարկե ոչ և մտածում եմ որ այդ տատիկը այդ դպրոցի տնօրենին մտերիմ լեզվի ուսուցչուհի է ....
Պապիկ
ոնց հասկացա դպրոցի տատիկը դպրոցի տնօրենն ա
12-ի աշակերտ
Հովհաննիսյանը լավ դասատու է: լավ չի լինի, եթե իրեն պատասխանատվության ենթարկեն: ցանկացածն էլ կարող է գրածից մոտավորապես կռահել թե ինչ է եղել... պետք չէր էլի տանիք բարձրանալ համայնապատկեր նայելու
ԱՆՆԱ
ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՏՆՕՐԵՆ Գ.ԱՎԵՏՅԱՆԸ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉՈՒՆԻ ԱՐԱԾ? ՆՍՏԱԾ ՄԵՆԱԿ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ......
Hamest
Ուղղակի էդ տնօրենը էդ դպրոցում շատ երկարեց, եթե այդ դեպքը չպատահեր,չէիք անդրադառնալու էդ դպրոցի կարգ ու կանոնին,առավել ևս տնօրեն Գ. Ավետյանին
qaxaqaci
էդ Ավետյանին մենակ ասես ուշադիր էղնի, որ ապրանքների առաքման կամ մսի ավտոները հենց գան, դուրս գա առևտրի, թե չէ դպրոցն իրա բանը չի
ծնող
հետաքրքիրա ցանկացածն ինչ պետկ ա կռահի,12ի աշակերտ, աշակերտն ա մեղավոր՞, ուսուցիչը չէր ասել տանիք բարցրացիր՞:իսկ ուսուցիչը իրավունք ունի աշակերտին տեղ-մեղ ուղարկելու՞: Դե բերեք Երեմին դատի տանք, որ համարցակվել ա տանիքից վեր ընկնի:
Աննա
Ուղղակի չհասկացա թէ ինչ կապ ուներ երեխայի չակերտավոր սուտլիկ լինելը?Ահավորա ես դպրեցի վիճակը:Առողջություն եմ մաղթում Երեմին:
-ի ընթերցող
Հարգելի խմբագրություն,ինչ-որ խնդիր կա՞ ցանցի կամ ձեր կայքի հետ:Գրածս մեկնաբանությունը ձեզ ձեզ չի հասնու՞մ:
-ի ընթերցող
Եվ նյութից,եւ մեկնաբանություններից հստակ երեւում է,որ մի խումբ մարդիկ,ովքեր ինչ-որ պատճառներով թշնամացած են իրար դեմ,օգտագործելով այդ պատանու հետ կատարված դժբախտությունը,որը ըստ ինձ ուղղակի ճակատագրի հերթական տհաճ անակնկալն է եղել,փորձում են այս նյութի եւ նրան կից մեկնաբանությունների միջոցով միմյանց խայթել,վատություններ անել,ինչ-որ բաներ հասկացնել:Սթափվեք մարդիք,այս դեպքի մեջ չկա,այստեղ մի երիտասարդ տղայի հետ դժբախտ դեպք է պատահել,որը կարող էր պատահել ցանկացած մարդու,եւ ցանկացածիս երեխայի հետ ,բայց Աստծո ողորմությամբ այդ տղան հիմա ողջ ու առողջ է,եւ Աստված տա,որ նա առողջ ու երկար ապրի իր հետագա կյանքը:Երեվի բախտներս բերում է,որ այդ տղայի ծնողները չեն օգտվում համացանցից,կամ միգուցե տեղյակ էլ չեն,որ դուք ձեր անցած գնացած,կամ միգուցե դեռեւս ձեր սրտերում մնացած չարություններն եք հանում՝շահարկելով նրանց որդու հետ կատարվածը:
Melanya
երեվի դուր ՛;չեր եկել տեղին քննադատությունս դրա համար չեք տպագրել մյեվնույն է դուք էլ եք իմ կարծիքին ... հարգելիներս ինչումն է բանը տնօրենի անարխստությունների մասին առագին անգամ չե որ լսում եք իսկ ով է տերը , երբ մարզպետը նշանակել է որ ընտրություններին իր համար ձայներ հավաքի էլ ով կհանդգնի նրա կողքով անցնի իսկ Սայադյանը նույն կտավի սանրվացքը կաշառակեր նրա համար ավելի լավ է դպրոցներում ինչ ուզում է լինի քան թե իր գրպանին կպչեն սա է բոլոր դպրոցների վիճակը .... ողպամ զը քեզ Հայաստան քո կրթության օջախների և նրանց զեկավարների համար .
Srbuhi
Ինչ ա կատարվում, երեխան պետք է դասին նստած լինի ու դաս սովորի, ոչ թե ուսուցչուհու տուն գնա ու նրա անձնական գործերով զբաղվի: Համատարած անտարբերություն է, համատարած քաոս, կրթական համակարգում ով ինչ ուզում է, անում է: Հատկապես այս դպրոցը անտիրության է մատնված` տնօրենը ինչ ուզում անում է: Տնօրենի առաջնորդությամբ աշակերտներից պարբերաբար գումարներ են հավաքվում քննություններն ստանալու կամ տնօրենին գոհացնելու համար: Կամ ինչ է նշանակում դրամահավաքություն ենք կազմակերպել... Ոչ մի աշակերտ չպետք է գումար հավաքի, թե ինչ է կոծկում ենք ուսուցչուհու ու տնօրենի բացթողումները, հենց իրենք պետք է վճարեին երեխայի հետ կապված բոլոր ծախսերը: Ինչ վերաբերում է մարզպետարանի կրթության բաժնին` հենց նրանք են սատար կանգնում, կաշառակեր, անտարբեր ու ինչ ուզեցող անող տնօրեններին: Թե ինչու, դա արդեն յուրաքանչյուրս պետք է մտածենք ու գտնենք իրական պատճառները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter