HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեղվաբուծությամբ զբաղվելը դժվար չէ, բայց աշխատատար է»

Անահիտ Բաղդասարյան

Մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանը 30 տարի է, որ զբաղվում է մեղվաբուծությամբ եւ այդ ընթացքում մեղվաընտանիքների կորուստներ գրեթե չի ունեցել. երեք մեղվաընտանիքը բազմացրել, հասցրել է 180-ի:

Դրա կարեւոր նախապայմաններից մեկն, ըստ մեղվաբույծի, այն է, որ «տարվա մեջ մեղուն երեք գարուն է տեսնում»: Կ. Ճաղարյանը մեղվաընտանիքները մի վայրից մեկ այլ վայր է տեղափոխում, որպեսզի մեղուն տարբեր վայրերից կարողանա նեկտար հավաքել:

Նրա ասելով` հաջորդ կարեւոր պայմանն այն է, որ մեղուները սնվեն ոչ թե շաքարաջրով, այլ մեղրով. մեղուները շաքարաջրով ապրում են 6 ամիս, իսկ մեղրով՝ 8, եւ այդ 2 ամսվա ապրելն է ընտանիքին ամենամեծ բերքը հասցնում: «Ամեն մեղվափեթակում մոտ 20 կիլոգրամից ավելի  մեղր կա. եթե մեղուները սնվեն շաքարաջրով, մինչեւ գարնան վերջ կհանգեն»,- նշում է մեղվաբույծը:

Գորիսեցի մեղվաբույծն ասում է, որ մեղվաբուծությամբ զբաղվելը դժվար չէ, բայց աշխատատար է. եթե սանիտարական վիճակը պահպանես, տեղափոխություններ կատարես, տարվա մեջ մի մեղվափեթակից կարելի է մոտ 10 կգ մեղր ստանալ: Հանելով մեկ մեղվափեթակի վրա ծախսած 10-12 հազար դրամ գումարը՝ մեղվապահը մի մեղվափեթակից տարվա մեջ կարող է 20 հազար դրամ եկամուտ ունենալ:

Իր գործը հեշտացնելու համար Կ. Ճաղարյանը մեղր քամելու սարք է ստեղծել՝ անվանելով մեղրաքամիչ: Ասում է, որ Գորիսում իր օգնությամբ շատերն ունեն այդ սարքից:  Նա նաեւ մեղուների մայրաբուծությամբ է զբաղվում ու տարվա մեջ մոտ 30-ը բաժանում է սկսնակ մեղվապահներին:

Մեղվաբույծը նաեւ մեղվաբուծական արտադրանքների վերամշակման եւ փաթեթավորման ծրագիր է մշակել, որի նպատակն է արտադրված մոմը հավաքել, վերամշակել եւ մեղվապահներին մոմաթերթ տրամադրել, որը հիմա բերում է Երեւանից: Այդ ծրագիրը Կ. Ճաղարյանը 2011թ.-ին ներկայացրել էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակին, կյանքի կոչելու համար ակնկալելով նրանց աջակցությունը, բայց մերժվել է:

Գորիսի տարածաշրջանում  մեղվաբուծությամբ զբաղվող 300-ից  ավելի ֆերմեր կա, որոնց ունեցած մեղվաընտանիքների ընդհանուր թիվը 18 հազարից չի անցնում: Երկարամյա մեղվաբույծի խոսքով` ծավալները կավելանան, եթե մեղրի իրացման խնդիրը լուծվի: Ըստ նրա` մեղրը հիմնականում իրացվում է ծանոթ-բարեկամի միջոցով, հիմնական շուկա չկա, որ մարդիկ հանձնեն իրենց մեղրը: «Շուկա, եթե լինի, մեղվապահներն էլ կշատանան, մեղուներն էլ»,- նշում է Կ. Ճաղարյանը:

Ինչպես տարբերակեն, մեղրն անարա՞տ է, թե` ոչ, մեր հարցին` Կ. Ճաղարյանը պատասխանում է. «Մաքուր մեղրն իր համով, հոտով, գույնով տարբերվում է ու, հիմնականում, բյուրեղանում»: Մեղվաբույծն իր մեղրը համարում է շաքարախտ հիվանդության թշնամի եւ հպարտությամբ է նշում, որ իրենից մեկ անգամ մեղր գնողը հաջորդ տարի կրկնակի է գնում: Չնայած այս տարի մեղվապահներից շատերն են բողոքում, որ մեղր չեն ունեցել, բայց Կ. Ճաղարյանի մեղուներն իրենց արդարացրել են: «Մյուս տարիների համեմատ մի 20%-ով պակաս է եղել, բայց ունեցել եմ»,- ասում է նա:

Վերջերս Ֆերմերների ազգային միավորումը Կառլեն Ճաղարյանին պարգեւատրել է պատվոգրով եւ ոսկե մեդալով` ֆերմերների ազգային միավորման գործունեությանը ակտիվորեն նպաստելու եւ գյուղատնտեսության զարգացման բնագավառում ձեռք բերած նվաճումների համար:

Մեկնաբանություններ (2)

zohrab
How I can get in touch with him
zohrab
I will visit you next year

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter