HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը շնորհավորել է Դատախազության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Այսօր մենք նշում ենք հիշարժան տարեդարձ` դատախազության 90-ամյակը: Սա պատկառելի տարիք է, որը վկայում է գերատեսչության անցած լուրջ ճանապարհի եւ արժանի վաստակի մասին: 

Ստեղծվելով բարդ ու դժվարին պայմաններում` դատախազությունը կարողացավ կայանալ եւ դառնալ լիարժեք կառույց: Տասնամյակներ անց ծնունդ առած մեր ազգային-ազատագրական շարժումը բեկում մտցրեց նաեւ դատախազության աշխատանքում` առաջադրելով միանգամայն նոր պահանջներ ու խնդիրներ: Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է իր պայմանները, եւ բացառություն չէին նաեւ մեր անկախ պետականության կերտման տարիները, որոնք պահանջում էին գերլարված, արհեստավարժ ու համակարգված աշխատանք: Եվ այն, որ այսօր ունենք ժողովրդավարական, իրավական, կայուն ու զարգացող պետություն` նաեւ ձեր համակարգի անգնահատելի դերակատարության շնորհիվ է: 

Դուք` դատախազության աշխատակիցներդ, իրականացնում եք չափազանց կարեւոր ու պատասխանատու ծառայություն` ուղղված մեր պետության ու հասարակության շահերի պաշտպանությանը, հանրապետությունում օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը: Վստահ եղեք, որ իշխանությունները միշտ ձեր կողքին են եւ կշարունակեն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները եւ հնարավորինս աջակցել ձեր աշխատանքային ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Դատախազության օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter