Եկել է առկախված հարցերին պատասխանելու ժամանակը
Ադրբեջանական զինուժի կողմից ոչնչացված հայկական մարտական ուղղաթիռի անձնակազմի անդամների դին և մասունքները հողին հանձնելուց հետո էմոցիաներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են սառը դատողությանն ու բանականությանը: Եվ առաջին պլան են մղվում այդ ողբերգական իրադարձության պատճառներին վերաբերող հարցեր, որոնք, գիտակցաբար կամ անգիտակցաբար, այս օրերին մարդիկ փորձում էին առժամանակ վանել մտքից ու հիշողությունից` ելնելով օդաչուների մարմիններն ուղղաթիռի անկման վայրից հանելու գործին չվնասելու հրամայականից: Եվ չնայած տղերքին այլևս ետ չես բերի, սակայն այդ հարցերի պատասխան տալու անհրաժեշտությունն ինքնաբերաբար դառնում է հետագայում նմանատիպ հնարավոր ողբերգություններից խուսափելու թերևս միակ կամ լավագույն միջոցը: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է բանակում հիմնական որոշումները կայացնողների նկատմամբ թե բանակի ներսում և թե դրանից դուրս վստահության պահպանմանը: Որովհետև երբ ծնողները բանակ են ճանապարհում իրենց զավակներին, ուզում են համոզված լինել, որ նրանց հանձնում են վստահելի ձեռքերի, պրոֆեսիոնալների: Որովհետև ինքնազոհողության գնացող կամ պատրաստ զինվորը ցանկանում է հավատացած լինել, որ իրեն տրված հրամանները առնվազն չեն անտեսում իր անվտանգության կամ պաշտպանվածության գործոնը:
Եվ այս իմաստով ուզի թե չուզի, բանակը պետք է տա, ի վերջո այն պարզ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էին հայկական երկու ուղղաթիռները հայտնվել սահմանագծին, ինչո՞ւ խոցվելուց հետո ուղղաթիռը, որը գտնվում էր սահմանագծին զուգահեռ ուղղության վրա, ընկավ ոչ թե հայկական տարածքում, այլ չեզոք գոտում, որքանո՞վ էր նրանց` օդային այդ տարածքում գտնվելը մտնում զորավարժությունների պլանի մեջ, արդյո՞ք այդ թռիչքուղին նախատեսված էր ի սկզբանե, ովքե՞ր էին մշակել այդպիսի պլան և այդպիսի թռիչքուղի, և եթե նախատեսվել էին, ապա որքանո՞վ էին հաշվարկվել դրա հնարավոր ռիսկերն ու հետևանքները:
Պարզ է, որ ադրբեջանցիներն ուղղաթիռը չոչնչացրին զուտ այն պատճառով, որ այն օդ էր բարձրացել, իրենց կարծիքով, իրենց օկուպացված տարածքի երկնակամարում: Եթե այդպես լիներ, ապա հավանաբար լայնամասշտաբ պատերազմը վերսկսվել էր վաղուց, քանի որ Բաքուն ստիպված պետք է լիներ հարվածել ԼՂՀ-ի օդային տարածքում հայտնվող բոլոր օդանավերը, իսկ հայկական կողմը հավանաբար ստիպված պետք է լիներ յուրաքանչյուր անգամ համարժեք հակահարված հասցնել: Հայկական ուղղաթիռը ոչնչացվեց, որովհետև հայտնվել էր սահմանային մի հատվածում, որը հակառակորդը գտնում է իր համար ռիսկային: Առավելևս մի իրավիճակում, երբ իր քթի տակ անցկացվում են լայնամասշտաբ զորավարժություններ, և երբ զորքը հնարավոր անակնկալներից խուսափելու համար բերված է մարտական վիճակի: Սրա մասին հայկական կողմը չիմանալ չէր կարող:
ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, թե այդ զորավարժարանում 20 տարի շարունակ նույնպիսի թռիչքներ են կատարվել, և հնարավոր չէր պատկերացնել, որ Ադրբեջանը կորոշի մի օր հարվածել ուսումնավարժական թռիչք կատարող անվնաս ուղղաթիռին: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ 20 տարի շարունակ օդաչուներին հրամայվել է թռչել ռիսկային գոտով, և որ փաստորեն դրանք չխոցվելու առումով հայկական կողմի միակ երաշխիքը եղել է... թշնամու բարիկամեցողությունը կամ նրա կողմից խաղի կանոնները պահելու հարցում ունեցած, չգիտես որտեղից վերցված վստահությունը: Բայց ելնելով այն դատողությունից, թե նույն հաջողությամբ թշնամին կարող էր խրամատը ծակող նոր զնեք գնել և կիրառել, որի հետևանքով, կարող էր մարդ զոհվել, Հովհաննիսյանը եզրակացնում է, թե նման դեպքերում մեղավորներ գտնել չի կարելի, հետևաբար կատարվածի համար մարդ պատժելը կոռեկտ չէ:
Տվյալ դեպքում, սակայն, կոռեկտ չէ ոչ թե մարդ պատժելու հարցն առաջ քաշելը, այլ արված համեմատությունը: Որովհետև ադրբեջանիցները խրամատում գտնվող զինվորին չեն հարվածում ոչ թե այն պատճառով, որ պահպանում են ինչ-որ խաղի կանոններ, այլ որովհետև դեռևս գուցե խրամատը ծակող զենքը չեն գնել: Ու երբ ունենում են հարվածելու հնարավորությունը, դա անում են առանց աչք թարթելու: Եվ ոչ մի տարբերություն, ըստ էության, չկա` ուղղաթի՞ռն է անցնում հակառակորդի ՀՕՊ-ի համար հասանելի գոտով, թե՞, օրինակ, զինվորն է առաջին գծում, թշնամական դիպուկահարների ակնդետ հսկողության տակ դուրս գալիս իր դիրքից ու նստում խրամատի վրա` ինքնաբերաբար վերածվելով պոտենցիալ թիրախի: Նման դեպքերում հավանաբար հանգամանքները պարզելու խնդիր ՊՆ-ում կտեսնեն` թեկուզև հասկանալու համար` այդ զինվորն իր կամքո՞վ է որոշել նստել խրամատի վրա, թե՞ նրան հրամայել կամ պարտադրել են: Ի դեպ, նման դեպքերում ՊՆ քննչական ծառայությունն անպայման քրեական գործ հարուցում է: Իսկ ուղղաթիռի ոչնչացման հետևանքնով երեք հայ օդաչու է զոհվել...
Խնդիրը բացարձակապես քավության նոխազներ գտնելու պահանջը չէ կամ ինչ-որ մեկին պատժելու կույր մոլուցքը, ինչի լույսի ներքո փորձ է արվում արձագանքել ուղաթիռի ոչնչացման պատճառերի հետ կապված օդում կախված հարցերին պատասխան տալու հանրային պահանջներին: Խնդիրը իրականության բացահայտումն է, որ կարող է բերել ինչ-որ մեկին կամ ոմանց պատժելու անհրաժեշտության կամ չբերել: Բայց այդկերպ պատասխանատու մոտեցում ցուցաբերելու ազդակները հանրությունը պետք է ստանա, պետք է ստանա խրամատում վայրկյան առ վայրկյան վտանգի սպառնալիքի տակ գիշերներ լուսացնող զինվորը` ըմբռնելու համար, որ յուրաքանչյուրն իր տեղում է ու յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր իրավասությունների սահմաններում իր կայացրած որոշումների համար:
ԼՂՀ ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օդաչուների թաղման արարողությունից հետո «Եռաբլուրում» լրագրողների հետ ունեցած կարճատև ճեպազրույցի ժամանակ ուղղաթիռի ոչնչացման պատճառների, հայկական կողմից թույլ տրված հնարավոր կամա թե ակամա սխալի առկայության մասին հարցին պատասխանելիս բավարարվում է ընդամենը նշելով, թե ամեն ինչ ցույց կտա իրականացվող ծառայողական քննությունը: Նա մարդ պատժելու հարցի վրա չի սևեռվում, որովհետև դա կարող է քննության հետևանքը լինել, բայց ոչ երբեք պատճառը: Մինչդեռ երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, դեռ քննությունը չավարտված, խոսում է մարդ պատժելու ոչ կոռեկտության մասին, առնվազն թույլ է տալիս ենթադրելու, որ ծառայողական քննությունների արդյունքները հանրությանը, թեկուզ ազդակների մակարդակով, կարող են հասանելի չդառնալ: Մանավանդ որ, խոսնակի կարծիքով, ծառայողական այդ քննությունն առաջին հերթին մարտավարության ճշգրտման, դրա հնարավոր փոփոխության, բանակի մարտունակությունը բարձրացնելուն են ուղղված լինելու: Դա, հասկանալի է ինքնըստինքյան:
Բայց արդարադատությունը և արդարության գործոնը, առավելևս պատասխանատվությունը, հատկապես երբ խոսքը վերաբերոմ է ինչ-որ գործողության արդյունքում և իրավիճակում մարդկային կորուստների արձանագրմանը, բանակի մարտունակության համար պակաս կարևոր չեն, եթե չասենք` որոշակի իրավիճակներում նույնիսկ առաջնային են: Հետևաբար առկախված այդ հարցերը դեռ սպասում են պատասխանի, և դրանք պետք է տրվեն:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել