HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եկել է առկախված հարցերին պատասխանելու ժամանակը

Ադրբեջանական զինուժի կողմից ոչնչացված հայկական մարտական ուղղաթիռի անձնակազմի անդամների դին և մասունքները հողին հանձնելուց հետո էմոցիաներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են սառը դատողությանն ու բանականությանը: Եվ առաջին պլան են մղվում այդ ողբերգական իրադարձության պատճառներին վերաբերող հարցեր, որոնք, գիտակցաբար կամ անգիտակցաբար, այս օրերին մարդիկ փորձում էին առժամանակ վանել մտքից ու հիշողությունից` ելնելով օդաչուների մարմիններն ուղղաթիռի անկման վայրից հանելու գործին չվնասելու հրամայականից: Եվ չնայած տղերքին այլևս ետ չես բերի, սակայն այդ հարցերի պատասխան տալու անհրաժեշտությունն ինքնաբերաբար դառնում է հետագայում նմանատիպ հնարավոր ողբերգություններից խուսափելու թերևս միակ կամ լավագույն միջոցը: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է բանակում հիմնական որոշումները կայացնողների նկատմամբ թե բանակի ներսում և թե դրանից դուրս վստահության պահպանմանը: Որովհետև երբ ծնողները բանակ են ճանապարհում իրենց զավակներին, ուզում են համոզված լինել, որ նրանց հանձնում են վստահելի ձեռքերի, պրոֆեսիոնալների: Որովհետև ինքնազոհողության գնացող կամ պատրաստ զինվորը ցանկանում է հավատացած լինել, որ իրեն տրված հրամանները առնվազն չեն անտեսում իր անվտանգության կամ պաշտպանվածության գործոնը:

Եվ այս իմաստով ուզի թե չուզի, բանակը պետք է տա, ի վերջո այն պարզ հարցի պատասխանը, թե ինչո՞ւ էին հայկական երկու ուղղաթիռները հայտնվել սահմանագծին, ինչո՞ւ խոցվելուց հետո ուղղաթիռը, որը գտնվում էր սահմանագծին զուգահեռ ուղղության վրա, ընկավ ոչ թե հայկական տարածքում, այլ չեզոք գոտում, որքանո՞վ էր նրանց` օդային այդ տարածքում գտնվելը մտնում զորավարժությունների պլանի մեջ, արդյո՞ք այդ թռիչքուղին նախատեսված էր ի սկզբանե, ովքե՞ր էին մշակել այդպիսի պլան և այդպիսի թռիչքուղի, և եթե նախատեսվել էին, ապա որքանո՞վ էին հաշվարկվել դրա հնարավոր ռիսկերն ու հետևանքները:

Պարզ է, որ ադրբեջանցիներն ուղղաթիռը չոչնչացրին զուտ այն պատճառով, որ այն օդ էր բարձրացել, իրենց կարծիքով, իրենց օկուպացված տարածքի երկնակամարում: Եթե այդպես լիներ, ապա հավանաբար լայնամասշտաբ պատերազմը վերսկսվել էր վաղուց, քանի որ Բաքուն ստիպված պետք է լիներ հարվածել ԼՂՀ-ի օդային տարածքում հայտնվող բոլոր օդանավերը, իսկ հայկական կողմը հավանաբար ստիպված պետք է լիներ յուրաքանչյուր անգամ համարժեք հակահարված հասցնել: Հայկական ուղղաթիռը ոչնչացվեց, որովհետև հայտնվել էր սահմանային մի հատվածում, որը հակառակորդը գտնում է իր համար ռիսկային: Առավելևս մի իրավիճակում, երբ իր քթի տակ անցկացվում են լայնամասշտաբ զորավարժություններ, և երբ զորքը հնարավոր անակնկալներից խուսափելու համար բերված է մարտական վիճակի: Սրա մասին հայկական կողմը չիմանալ չէր կարող:  

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, թե այդ զորավարժարանում 20 տարի շարունակ նույնպիսի թռիչքներ են կատարվել, և հնարավոր չէր պատկերացնել, որ Ադրբեջանը կորոշի մի օր հարվածել ուսումնավարժական թռիչք կատարող անվնաս ուղղաթիռին: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ 20 տարի շարունակ օդաչուներին հրամայվել է թռչել ռիսկային գոտով, և որ փաստորեն դրանք չխոցվելու առումով հայկական կողմի միակ երաշխիքը եղել է... թշնամու բարիկամեցողությունը կամ նրա կողմից խաղի կանոնները պահելու հարցում ունեցած, չգիտես որտեղից վերցված վստահությունը: Բայց ելնելով այն դատողությունից, թե նույն հաջողությամբ թշնամին կարող էր խրամատը ծակող նոր զնեք գնել և կիրառել, որի հետևանքով, կարող էր մարդ զոհվել, Հովհաննիսյանը եզրակացնում է, թե նման դեպքերում մեղավորներ գտնել չի կարելի, հետևաբար կատարվածի համար մարդ պատժելը կոռեկտ չէ:

Տվյալ դեպքում, սակայն, կոռեկտ չէ ոչ թե մարդ պատժելու հարցն առաջ քաշելը, այլ արված համեմատությունը: Որովհետև ադրբեջանիցները խրամատում գտնվող զինվորին չեն հարվածում ոչ թե այն պատճառով, որ պահպանում են ինչ-որ խաղի կանոններ, այլ որովհետև դեռևս գուցե խրամատը ծակող զենքը չեն գնել: Ու երբ ունենում են հարվածելու հնարավորությունը, դա անում են առանց աչք թարթելու: Եվ ոչ մի տարբերություն, ըստ էության, չկա` ուղղաթի՞ռն է անցնում հակառակորդի ՀՕՊ-ի համար հասանելի գոտով, թե՞, օրինակ, զինվորն է առաջին գծում, թշնամական դիպուկահարների ակնդետ հսկողության տակ դուրս գալիս իր դիրքից ու նստում խրամատի վրա` ինքնաբերաբար վերածվելով պոտենցիալ թիրախի: Նման դեպքերում հավանաբար հանգամանքները պարզելու խնդիր ՊՆ-ում կտեսնեն` թեկուզև հասկանալու համար` այդ զինվորն իր կամքո՞վ է որոշել նստել խրամատի վրա, թե՞ նրան հրամայել կամ պարտադրել են: Ի դեպ, նման դեպքերում ՊՆ քննչական ծառայությունն անպայման քրեական գործ հարուցում է: Իսկ ուղղաթիռի ոչնչացման հետևանքնով երեք հայ օդաչու է զոհվել...

Խնդիրը բացարձակապես քավության նոխազներ գտնելու պահանջը չէ կամ ինչ-որ մեկին պատժելու կույր մոլուցքը, ինչի լույսի ներքո փորձ է արվում արձագանքել ուղաթիռի ոչնչացման պատճառերի հետ կապված օդում կախված հարցերին պատասխան տալու հանրային պահանջներին: Խնդիրը իրականության բացահայտումն է, որ կարող է բերել ինչ-որ մեկին կամ ոմանց պատժելու անհրաժեշտության կամ չբերել: Բայց այդկերպ պատասխանատու մոտեցում ցուցաբերելու ազդակները հանրությունը պետք է ստանա, պետք է ստանա խրամատում վայրկյան առ վայրկյան վտանգի սպառնալիքի տակ գիշերներ լուսացնող զինվորը` ըմբռնելու համար, որ յուրաքանչյուրն իր տեղում է ու յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր իրավասությունների սահմաններում իր կայացրած որոշումների համար:

ԼՂՀ ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օդաչուների թաղման արարողությունից հետո «Եռաբլուրում» լրագրողների հետ ունեցած կարճատև ճեպազրույցի ժամանակ ուղղաթիռի ոչնչացման պատճառների, հայկական կողմից թույլ տրված հնարավոր կամա թե ակամա սխալի առկայության մասին հարցին պատասխանելիս բավարարվում է ընդամենը նշելով, թե ամեն ինչ ցույց կտա իրականացվող ծառայողական քննությունը: Նա մարդ պատժելու հարցի վրա չի սևեռվում, որովհետև դա կարող է քննության հետևանքը լինել, բայց ոչ երբեք պատճառը: Մինչդեռ երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, դեռ քննությունը չավարտված, խոսում է մարդ պատժելու ոչ կոռեկտության մասին, առնվազն թույլ է տալիս ենթադրելու, որ ծառայողական քննությունների արդյունքները հանրությանը, թեկուզ ազդակների մակարդակով, կարող են հասանելի չդառնալ: Մանավանդ որ, խոսնակի կարծիքով, ծառայողական այդ քննությունն առաջին հերթին մարտավարության ճշգրտման, դրա հնարավոր փոփոխության, բանակի մարտունակությունը բարձրացնելուն են ուղղված լինելու: Դա, հասկանալի է ինքնըստինքյան:

Բայց արդարադատությունը և արդարության գործոնը, առավելևս պատասխանատվությունը, հատկապես երբ խոսքը վերաբերոմ է ինչ-որ գործողության արդյունքում և իրավիճակում մարդկային կորուստների արձանագրմանը, բանակի մարտունակության համար պակաս կարևոր չեն, եթե չասենք` որոշակի իրավիճակներում նույնիսկ առաջնային են:  Հետևաբար առկախված այդ հարցերը դեռ սպասում են պատասխանի, և դրանք պետք է տրվեն:

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Բանակի գեներալից ուզում ենք, որ եթե ուզում է բիզնեսով զբաղվել, թող սկզբից բանակից դու՛րս գա,հետո դա անի: Իսկ ի՞նչ է նշանակում «թերագնահատել մեր զինված ուժերի հրամանատարական կազմին»: Այսի՞նքն՝ զոհված 3 օդաչուներն ու թանկարժեք տեխնիկան գին չունե՞ն: Այս հարցում ի՞նչ կապ ունի որ « մեր հարևաններից երկուսը մեր ոխերիմ թշնամիներն են» կամ «մենք փոքր ազգ ենք»: Էհ, առավե՛լ ևս ուրեմն պիտի բանակում ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ հրամանատարություն ունենալ: Հիշեցում՝ ազատամարտիկ ՎՈԼՈԴՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ 6 տարի տվեցին մոտ 200-300 դոլար «կաշառքի համար»:Քանի՞ մլն դոլար արժե այդ ուղղաթիռը միայն:.............................................................. Հայաստանը արդեն 300 տարի առանց ռուսի «չի կարող»,բայց արի ու տես,որ ամենաշատ հայ սպանել է հե՛նց ռուսը ու հայի երկիրը միշտ մեծացել է,երբ ռուսը հայի կողքին ՉԻ ԵՂԵԼ: .................................................................Իսկ Ի՞ՆՉ ԿԱՊ ունի ԵՏՄ մտնելը հայի «անվտանգության» հետ: Բա էլ Ի՞ՆՉԻ համար ես երկրիդ տարածքը 49 տարով ՁՐԻ տվել ռուսին կամ ՀԱՊԿ-ի անդամ: Հայաստանը ԱՊՀ երկրների հետ արդե՛ն ազատ առևտրի ռեժիմ ունի. մտնում ես ԵՏՄ, որ ի՞նչ անես.որ դրամը կտրուկ արժեզրկվի (հիպերինֆլացիա),գները արագ բարձրանան ու Հայաստանը ՀԱՅԱԹԱՓՎԻ՞. ու ռուս-թյուրքը նորից հայի հողը մեջ-մեջ անեն ու անունը դնեն «Հայաստանի փրկությու՞ն»:
Մարատ
Ես չեմ կարծում, որ Ձեր նշված պետությունները կարելի է համեմատել Հայաստանի հետ: Գոնե ասենք նրա համար , որ մեր հարևաններից երկուսը մեր ոխերիմ թշնամիներն են , իսկ այս դեպքում թերագնահատել մեր զինված ուժերի հրամանատարական կազմը, իմ կարծիքով ճիշտ չէ:Մենք բոլորս էլ գիտենք , ամառվա դեպքերի հետ կապված , Պուտինի մատը խառն էր դրա մեջ և գուցե այս դեպքի մեջ էլ : Մենք` փոքր ազգս միշտ էլ ՀԶՈՐՆԵՐԻ քաղաքականության զոհն ենք եղել և նաև Ձեր նշած Գերմանիայի: Ես ուզում եմ ասեմ , որ եթե Պուտինի , Մերկելի կամ տխմար Ալիևի քաղաքականության արդյունքում տուժել ենք , այս դեպքում էլ ինչ ենք ուզում մեր բանակի բիզնեսմեն գեներալից : Չնայած ես կարծում եմ , որ ռուսին այդ կարիքը չունի, որ մեզ համոզի , որ մենք առանց նրա «կորած» ենք: Մեր բոլոր քաղաքական ուժերն էլ դա գիտեն կամ բացառությամբ մեկի:Այս դեպքում էլ ԵՏՄ մտնելը անխուսափելի է :
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ի՞նչ է կոնկրե՛տ նշանակում «հանգիստ թողեք բանակին»: Այ քեզ անհասկանալի ու տարօրինակ կոչ: Այսքան ժամանակ դուք տեսե՞լ եք,որ ,ասենք, ԱՄՆ-ի, Անգլիայի,Գերմանիայի կամ Ֆրանսիայի բանակում այսպիսի մե՛ծ դեպք պատահի ու ասեն՝ «հանգիստ թողեք բանակին»: Ընդհակառակը՝ անպայման ստեղծվում է մի ԱՆԿԱԽ հանձնաժողով,որը լրիվությա՛մբ ուսումնասիրում ու գտնում է կատարվածի իրական պատճառները ու նշում/պատժում մեղավորներին,որպեսզի նման դեպք այլևս ՉԿՐԿՆՎԻ: Հայկական բանակի բիզնեսմեն գեներալներին «հանգիստ թողնենք»,որ ի՞նչ անեն: .............................................................Միամիտ է նա,ով կարծում է,թե ուղղաթիռի խոցումը պատահականություն էր կամ Ադրբեջանը դա մենակ որոշեց անել: Ադրբեջանին ՄԻԱՅՆ Ռուսաստանը «դաբրո» կարող էր տար՝ նման քայլի համար,որպեսզի՝ ա) հայը նորից «համոզվի», որ առանց ռուսի «կորած» է ( ու մտնի ԵՏՄ կոչված պուտինյան անապագա բլեֆ), բ) նավթի գները բարձրանան, գ) ուշադրությունը,որոշ չափով, շեղվի Ուկրաինայից, և դ) Իրանի սահմանին լարված վիճակ անընդհատ լինի (ապագա իրանական նավթի դեպի Եվրոպա գնալու ճանապարհի խոչընդոտում): .............................................................Նաև սրա համար Հայաստանը առնվազն ՄԵԿ ՏԱՐՈՎ պիտի ՀԵՏԱՁԳԻ ԵՏՄ մտնելը:
Մարատ
Եթե պարզվի , որ թռիչքը հրամայված է եղել և այն պարունակում է պետական , ռազմական գախտնիք : Գուցե դա ճշտեք ներքին կարգով, առանց աղմուկի :Ժողովուրդը առանց այն էլ ոչ մի կերպ չի հավատում իշխանություններին, իսկ մեր մոտ միակ կառույցը որով հպարտանում ենք և կայացած է ` բանակն է:Բանակին հանգիստ թողեք , այն արդեն բազմիցս մեր կողմից արժանացել է հավատի ու հարգանքի: Եկող սերունդը պետք է իմանա , որ հայկական բանակը մարտունակ է և ունի լավ հրամանատարական կազմ , այլապես մենք մի քանի տարի հետո ականատես կլինենք դասալքության:ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ԲԱՆԱԿԻՆ: Եթե կարծում եք , որ այդ թռիչքը ինչ-որ մեկի քաղաքականության արդյունքն է , ապա զբաղվեք նրանով:
անհավատ
Նայենք նախորդող որոշ դեպքերի: Հզոր հանրահավաքներ Երեւանում, հայտնի ուղղությամբ: Բաքվում երկար ժամանակ լարված թույնավոր իրավիճակ: Նախագների հանդիպում Փարիզում: Ասվեց, որ բավականին աշխույժ զրուցել են՝ նաեւ առանձին: Հետո անմիջապես աննախադեպ վարժություններ ՀՀ ում ու ԼՂՀ ում (!?): Ասվեց որ մի քանի օր մեր ուղղաթիռները (անզեն?) թռչում էին այդ հատվածում: Որոշ լրագրողներ ՏՎ-ով ասեցին որ թուրքերը նախօրոք պլանավորել էին (ոնց?) Նախագն էլ վստահ ասաց - պատերազմ չի լինի: ՍԱ ՄԻԱՅՆ ՀԱՅՏՆԻ ՓԱՍՏԵՐԻ ԹՎԱՐԿՈՒՄ Է!
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Համաձայն եմ հոդվածի հետ: Այս ուղղաթիռի հետ կապված մի բան կա,որը չի մարսվում:.................................. ՀԳ. Համաձայն եմ բոլոր նրանց հետ,ովքեր կոչ են անում (սրանից հետո) օգտագործել միա՛յն ԼՂՀ «պետական սահման» տերմը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ես կազատեի աշխատանքից՝ անպրոֆեսիոնա՛լ աշխատաոճի/հայտարարությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter