HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լսեք մեր ձայնը» միջոցառումը և Մհեր Ենոքյանի նոր գրքի շնորհանդեսը

Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ «Լսեք մեր ձայնը» միջոցառումը, որի նպատակն է բանտում հայտնված ու իրենց քրեական գործերի վերաբացման համար տարիներ ի վեր պայքարող դատապարտյալների ձայնը հասցնել հանրությանն ու պետական մարմիններին: Միջոցառման վարող, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը նկատեց, որ յուրօրինակ միջոցառում է. «Թերևս առաջին անգամ է, որ մեկ հարթակում հանդիպում են դատաիրավական ու մշակութային ոլորտները»: 

Ցուցադրվեց «Հետքի» «Լսեք մեր ձայնը. 11 ճակատագիր բանտից» տեսաֆիլմը, որը պատմում է նախորդ դարի 90-ականներին` նորանկախ Հայաստանի առաջին տարիներին մահապատժի դատապարտված անձանց մասին: Ինչպե՞ս են քննվել այդ քրեական գործերը, ինչպե՞ս են կայացվել դատավճիռները այդ տարիներին, երբ դեռ նոր ձևավորման փուլում էին պետական համակարգերը, այդ թվում` դատաիրավական համակարգը: Տեսաֆիլմում վկայություններ կան նախաքննության փուլում ամբաստանյալներից կորզված ինքնախոստովանական ցուցմունքների մասին, որոնք իրավապահները ստացել են խոշտանգումների, բռնության ու ծեծի միջոցով: 

Մինչդեռ առաջադեմ աշխարհում, անգամ դատաիրավական համակարգի 100-ամյակների տարիների պատմություն ունեցող երկրներում կա դատական սխալի հավանականություն, բայց կա նաև կամք շտկելու այդ սխալները: «Տառացիորեն անցյալ շաբաթ համաշխարհային մամուլը գրեց 39 տարի տարի բանտում անցկացրած մի դատապարտյալի մասին, ով իրավապահների կողմից` վկայից կորզված սուտ ցուցմունքի պատճառով ԱՄՆ-ում դատապարտվել էր մահապատժի: Հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկման: Մենք հիմա հանգիստ ենք արտասանում «39 տարի» բառերը, բայց 39 տարի շարունակ այդ մարդն իր ճակատին կրել է հանցագործի, մարդասպանի խարան: Եվ 39 տարի անց պետությունն անդրադարձել է այս ու հարյուրավոր այլ գործերով դատապարտյալների: Այո, մեր բանտերում կան անմեղ մարդիկ, և մենք գոնե 1990-ականների գործերով վերանայումների կոչ ենք անում պետական մարմիններին»,- նշեց ֆիլմի հեղինակը: 

«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց. «Ճիշտ է, ցմահ դատապարտյալներից երկուսի գործով մենք ունենք որոշակի տեղաշարժ: «Հետքի» լուսաբանումները մեզ հիմք են տալիս դիմելու դատախազություն ու դատարաններ, որպեսզի նոր երևան եկած հանգամանքներով գործեր վերաբացվեն, սակայն դեռ դրական ելք չունենք: Սակայն ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության հետ համատեղ աշխատելով, կարծում եմ, նպայման սայլը տեղից կշարժվի»,-ասաց իրավապաշտպանը: 

ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը նշեց, որ ֆիլմում արծարծված խնդիրներին ծանոթացել է` ընթերցելով ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի գրքերը. «Տպավորված եմ կյանքի հանդեպ նրա ունեցած սիրով, ոգու ուժով: Միգուցե բանտում հայտնված խեղված ճակատագրերի համար կազմակերպենք միասնական աղոթքներ, բժշկության աղոթքներ, միասին ասենք Տերունական աղոթքը»,-ասաց երգչուհին: 

Բրազիլական բանտում, երբ դատապարտյալը գիրք է կարդում, ըստ կարդացած գրքերի քանակի նվազում է նրա պատժի ժամկետը: Եվ որպեսզի բանտի ղեկավարությունը համոզվի, որ դատապարտյալն, իրոք, կարդացել է գիրքը, շարադրություն է հանձնարարում: Իսկ Հայաստանում կա ցմահ դատապարտյալ, ով ինքն է գրքեր գրում: Ներկայացվեց տեսաֆիլմի 11 ճակատարգրերից  մեկի` 19-րդ տարին անազատության մեջ գտնվող Մհեր Ենոքյանի չորրորդ` «Դեպի ցմահ Ազատություն» երկլեզու գիրքը, որը հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը` նկարիչ Տիգրան Մանգասարյանի կոմիքսներով: Գիրքն անշահախնդիր անգլերեն է թարգմանել Հասմիկ Պողոսյանը: «Դեպի ցմահ Ազատությունը» իրականություն է դարձել քաղաքացիների հանգանակությամբ, ովքեր արձագանքել էին«Օրանժ գրքի մրցույթ 2013-ի» ժամանակ տեղի ունեցած անարդարությանը: Հիշեցնենք, որ ճնշում էր եղել ժյուրիի վրա «Օրանժի» ղեկավարության կողմից` տարտարդրելով ժյուրիին բացառել մրցանակի հանձնումը ցմահ բանտարկյալի պատմվածքի օգտին: «Օրանժի» պատճառաբանություն այն էր, որ այդպիսով կվտանգվի ընկերության բիզնես շահը: Գրքի շապիկի վրա կարդում ենք հեղինակի ցանկությունը. «Այս գիրքը չի վաճառվում: Այն Մարդկանց նվերն է ինձ: Ես էլ իմ նվերը Սիրով կիսում եմ Ձեզ հետ»: 

ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանը նկատեց, որ ճիշտ է, այս խնդիրներին առաջինը արձագանքում է արվեստի աշխարհը, «բայց կուզեի ակտիվ լինեինք, որ արդարադատությանը վերաբերող այս հարցերը կարողանայինք էլ ավելի շատ բարձրացնել»: 

Նկարչուհի Զարուհի Մուրադյանն, ով նախաձեռնության ստեղծման առաջին օրերից զբաղվում է դատապարտյալնրի խնդիրներով, հիշեց այն օրերը, երբ իր արվեստանոցում հավաքվում էին դերասան Վարդան Պետրոսյանը, դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ու մի ընտանիքի պես պատրաստվում «Մհերի դուռը» բեմական ընթերցման` դարձյալ Մհեր Ենոքյանի պատմվածքների հիման վրա: 

Պրոդյուսեր Գագիկ Հարությունյանի խոսքով, ցմահ դատապարտյալ Ենոքյանն իր գրքերով, իր մտքերով օգնում է մարդկանց այլ հայացքով նայել խնդիրներին. «Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ազատության մեջ են, ունեն բազմաթիվ հնարավորություններ, սակայն չեն ապրում հասարակական կյանքով, կողքինի խնդիրներով: Իսկ Մհերը ապացուցում է, որ օգտակար լինելու համար միայն ցանկություն է անհրաժեշտ»,-ասաց Գագիկ Հարությունյանը: 

Ցմահ բանտարկյալի մայրը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, ներկաներին ու ասաց, որ հավատում է` մի օր որդին կվերադառնա ֆիզիկական ազատություն` շնորհիվ բարի մարդկանց ու իր կամքի ուժի: 

Վերջում ներկաները ստորագրեցին խորհրդանշական պատվոգիր, որը միջոցառման կազմակերպիչները կհանձնեն «Նուբարաշեն» ՔԿՀ` Մհեր Ենոքյանին: Պատվոգում նշված է, որ քաղաքացիները «Օրանժ գրքի մրցույթ 2013-ի» արդյունքները չեղյալ են հայտարարում ու մրցանակը տալիս են Մհեր Ենոքյանին: 

[gallery id=212]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter