HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյանի գործով վկայություն տվեց Զարզանդ Նիկողոսյանը

Անահիտ Բաղդասարյան

Սյունիքի մարզի ընդհանուր  իրավասության դատարանի Գորիսի նստավայրում  Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը շարունակվող դատական նիստում, ըստ վկաների հարցաքննության հաջորդականության, նոյեմբերի 26-ին հարցաքննվեց այս գործով վկա Զարզանդ Նիկողոսյանը: 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի հետեւանքով զոհվել էր Ավետիք Բուդաղյանը, ծանր վիրավորվել նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Հիշյալ միջադեպի շրջանում Զարզանդ Նիկողոսյանը  մարզպետի թիկնապահն էր եւ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ կալանավորվեց դեպքից անմիջապես հետո: 

Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը վկային հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել մեքենայում Սդղի գյոլից վերադառնալու ճանապարհին: Զ. Նիկողոսյանն ասաց, որ  «Սուրիկ Խաչատրյանի եւ Ավետիք Բուդաղյանի միջեւ խոսակցություն է եղել, Ավ. Բուդաղյանը ձեռքերով սկսել է խոսել, Ս. Խաչատրյանն էլ զգուշացրել է, որ կամաց խոսա, բայց նա շարունակել է, հետո Զ. Նիկողոսյանն է զգուշացրել եւ հետո երկու անգամ հարվածել է Ավ. Բուդաղյանին»: Ավ. Բուդաղյանը զորանոցի մոտ իջել է, իսկ իրենք եկել են Ս. Խաչատրյանի առանձնատուն:  Մի 5 րոպե հետո Ս· Խաչատրյանը գնացել է քնելու, իսկ ինքն ու Արագածը (Ս. Խաչատրյանի վարորդը) դուրս են եկել փողոց:

Ռ. Սահակյանի այն հարցին, թե ո՞ւմ է պատմել մեքենայում տեղի ունեցածի մասին, վկան ասաց,  որ խոհանոցում մի երկու նախադասությամբ պատմել է Լորետա Բարսեղյանին: Գործով տուժող ճանաչված Լ· Բարսեղյանի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց նայել խոհանոցի տեսաձայնագրությունը, որպեսզի պարզեն, թե ինչ է ասում վկան:

Հայկ Ալումյանն ասաց, որ նույն տեսաձայնագրության վերծանումը կատարել է փորձագետը, կարող է այդ վերծանման հիման վրա հարցերը տալ:  Ռ. Սահակյանը կարդաց վերծանումից «էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին» արտահայտությունը եւ հարցրեց, թե այդպիսի արտահայտություն արե՞լ է վկան, վերջինս պատասխանեց, որ փորձագետը սխալ է մեկնաբանել իր ասածը, ինքն ասել է «խփինք-մփինք», մեքենայում ինքն է խփել, «դա իր խոսակցականն է, հոգնակիով է ասել»: Այնուհետեւ պատմեց, որ Ավետիք Բուդաղյանը եկել է Ս. Խաչատրյանի առանձնատուն, բայց նրան ասել են գնա, վաղը կգաս, քանի որ «քեֆը լավ էր»:  Երկրորդ անգամ Ավ. Բուդաղյանը, որ եկավ, նույն կերպ փորձում էին ճանապարհել,  ասաց, որ հեսա Արտակը կգա: Երբ Արտակ Բուդաղյանը եկավ՝ միանգամից սկսեց հայհոյանքներ,  սպառնալիքներ հնչեցնել, չնայած որ նախաքննական ցուցմունքում սպառնալիքների մասին չի ասել:

Տեղյա՞կ էր, արդյոք, Սուրիկ Խաչատրյանի տան առանձնատանը տեղադրված տեսախցիկների մասին, վկան պատասխանեց,  որ հետո է իմացել:

Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց Զարզանդ Նիկողոսյանին, թե նախաքննության  ընթացքում եւ այժմ գիտակցե՞լ է, որ քրեական պատասխանատվությունից ազատվելն ուղղակիորեն կապված է, թե ինչքան ավելի անօրինական գործողություններ կվերագրվի Բուդաղյան եղբայրներին: Մեղադրող եւ տուժող կողմն առարկեցին,  բայց հարցը չհանվեց, եւ վկան ասաց, որ «գիտակցել-չգիտակցելն իրեն է վերաբերում եւ ինքը չի պատասխանի այդ հարցին»։ Հ. Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դիտել տեսաձայնագրությունները եւ լսել վկայի տեսակետը կոնկրետ կադրերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում կարճվեց հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քննչական մարմինը հաստատված էր համարել, որ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ  Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանել են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին եւ, որ նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Այսինքն` կիրառվել էր քրեական օրենսգրքի 42 հոդվածը, որի 2-րդ կետը սահմանում է. «Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում` մահ»:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 3-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter