HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Գեղադիր գյուղի մի ամբողջ փողոց դարձել է հյուրատուն

Գառնի չհասած` երկրորդ գյուղը Գեղադիրն է, որի բարձրավանդակում աչքի են ընկնում մի քանի բարեկարգ տներին կից այգիներն ու արեւի տակ տաքուկ մթնոլորտ ստեղծող փայտե սեղան-աթոռները: Քիչ ավելի մոտենալիս` նկատվում են Հայաստանի դրոշն ու արեւային էներգիա ստացող սարքերը:

“Hyelandz”` Հայլենդս. այսպես է կոչվում ամուսիններ Արթուր եւ Քերոլայն Զաքարյանների էկո-գյուղ հյուրատունը`տեղակայված Գեղադիրի բարձունքին: Արթուր Զաքարյանը պարսկահայ է, ապրել է ԱՄՆ-ում` այնտեղ հիմնադրելով շինարարական եւ այլ կենցաղային գործիքների մատակարարման ընկերություն: Նրա կինը` Քերոլայնը Լիբանանից է, ապրել եւ սովորել է Մեծ Բրիտանիայում, այնուհետեւ տեղափոխվել ԱՄՆ: Նահանգներում էլ նրանք ծանոթացել են, ամուսնացել: 

«Երկուսիս էլ երկրորդ ամուսնությունն էր: Սկզբում երբ ծանոթացանք, չգիտեինք, որ երկուսս էլ հայ ենք: Ամուսինս Նոր Ջուղայից է, ես կես լիբանանցի եմ, հայրս քրիստոնյա արաբ է, մայրս` հայ: Արթուրը կարծում էր, թե լիբանանցի եմ, բայց հետո հասկացավ, որ հայերեն լավ եմ խոսում, բոլորովին հայի պես եմ»,- պատմում է Քերոլայն Զաքարյանը:

Քերոլայնն ու Արթուրը երեխաներ ունեն` նախկին ամուսնություններից, նրանք իրենց ընտանիքների հետ բնակվում են ԱՄՆ-ում, երբեմն այցելում ծնողներին` Հայաստան:

14 տարի ԱՄՆ-ում համատեղ ապրելուց հետո, Զաքարյան ամուսինները որոշել են հաստատվել Հայաստանում: Սա Արթուր Զաքարյանի վաղեմի երազանքն էր, որի իրականացմանը առիթ դարձավ 2005թ.-ին իր ընկերության փակվելը Նահանգներում:

Մի օր Արթուր Զաքարյանի ազգականները նրան հրավիրում են Գեղադիր` իրենց կիսակառույց տանը խորոված անելու: Քանի որ սուրճ պատրաստելու հարմարություններ չունեին, Արթուրն իր ազգականի հետ այցելում է հարեւանի տուն` սուրճ խնդրելու:

Երբ ներս է մտնում, տեսնում է` երեք երեխաներ իրենց մոր եւ տատի հետ նստած են վառարանի շուրջը: Արթուրը նկատում է, որ երեխաները տխուր են, հարցնում է` ինչ խնդիրներ ունեն: Մայրն ու տատը պատմում են, որ նրանց հայրը Հայաստանից փախել է այլ երկիր, քանի որ մեծ պարտքեր ունեն ու չեն կարող վերադարձնել, հիմա վաճառում են տունը` պարտքը վերադարձնելու համար:

«Այդ պատմությունը շատ էր ազդել ամուսնուս վրա, եկավ Ամերիկա, խորհրդակցեցինք, որոշեցինք գնել այդ տունը` նշված գնից ավել վճարելով: Չգիտեինք էլ, թե ինչ պիտի անենք տան հետ, ուղղակի նրանց օգնելու համար արեցինք: Գյուղում տարածվեց, որ մենք բարձր գնով տուն ենք գնել, ու բոլոր հարեւանները գալիս, խնդրում էին, որ իրենց տները առնենք: Մենք էլ մերժել չէինք կարողանում, ու ստացվեց, որ մի ամբողջ փողոցի տները հերթով դարձան մերը»,- ասում է Քերոլայնը:

Զաքարյանները ստպված էին մտածել` ինչ անել տների հետ: Նրանք նաեւ տնամերձ այգիներ ունեին, ու քանի որ երկուսն էլ օրգանական սննդի, բնական կաթնամթերքի սիրահարներ էին, սկսեցին մշակել հողը, հիմնել մի փոքրիկ ֆերմա: Արթուր Զաքարյանը որոշեց նաեւ նորոգել տները: Թե ֆերմայում, թե շինարարության մեջ աշխատում էին գեղադիրցիները:

«Սեր նպատակն էր նորություն, նոր միտք բերել Հայաստան, որ մարդիկ շփվեին այլ մշակույթի հետ: Ուզում էինք մի այնպիսի ներդրում անել, որ շատ աշխատատեղեր բացվեին, գյուղի կանայք կարողանային աշխատել: Ես նկատել էի, որ կանայք ամբողջ օրը տանը նստած են, ոչինչ չեն անում, իսկ ամուսիններն ինչ ուզում` անում են, գիշերն էլ գալիս, կնոջը հրամայում են: Սկզբում որոշել էինք շատ փոքրիկ հյուրատուն բացել, բայց հետո հասկացանք, որ պահանջ կա, գյուղը ծաղկում է, կանայք ոգեւորված գալիս, աշխատում են: Այդպիսով` սկսեցինք ու մնացինք գյուղում. արդեն Երեւան էլ չենք գնում»,- պատմում է Քերոլայնը:

Զաքարյանների համար խիստ կարեւոր է հաճախորդների բարեկիրթ լինելը: Դա է պատճառը, որ «Hyelandz» հյուրատունը երբեւէ չի գովազդվել:

«Մեզ մոտ շատ լավ հաճախորդներ են գալիս, կիրթ ու ազդեցիկ մարդիկ, մի անգամ գալիս են ու դառնում մշտական հաճախորդներ: Հետո իրենց ընկերներին ու ծանոթներին են պատմում այստեղի մասին, արդեն նրանք էլ են սկսում գալ: Հիմնականում մեկը մյուսին ասելով են գալիս »,- ասում է Քերոլայնը:

Չնայած արդեն մի քանի տարի է, ինչ Զաքարյաններն ապրում են Գեղադիրում, բայց որոշ մշակութային տարբերություններ իրենց եւ գյուղացիների միջեւ մնում են ընդգծված:

«Գյուղում բոլորը ճանաչում են մեզ, մենք էլ մեծ մասին ենք ճանաչում, բայց որ ասեմ շփվում ենք, չէ, շատ շփումներ չունենք: Մեր կյանքը տարբեր է, ես չեմ գնա մեկի տուն, նստեմ սուրճ խմեմ: Անընդհատ անելիքներ ունեմ, գործս բնավ չի վերջանում: Մենք միմյանց տներում սուրճ խմելու մշակույթ չունենք: Մեկ-մեկ ընկերներիս հետ հնարավոր է ճաշելու գնամ ինչ-որ տեղ»,- ասում է Քերոլայնը:

Ի տարբերություն ամուսնու` Քերոլայնը երբեմն կարոտում է արեւմտյան ակտիվ կյանքը. հենց այդ ժամանակ էլ նա ճամփորդում է դեպի Մեծ Բրիտանիա կամ եվրոպական այլ երկրներ` ընկերներին տեսնելու:

Զաքարյանները Հայաստանում նույնպես ընկերներ ունեն, ում հետ շաբաթ երեկոներին թղթախաղ են խաղում, կատակներ անում. նրանք հիմնականում սփյուռքահայեր են:

«Hyelandz»-ի հյուրերից յուրաքանչյուրին Քերոլայնն ու Արթուրն անձամբ են ճանապարհում: Բոլորն այստեղից հեռանում են` կրկին վերադառնալու ցանկությամբ:   

Մեկնաբանություններ (2)

Artashes Yeritsyan
Замечательные люди Закаряны! Дружить и общаться с ними огромное удовольствие! Побольше таких!
Амаяк
Молодцы ! Прекрасная идея ! В основном армяне спюка живут в городах.И ехать в Ереван,дышать выхлопными газами,не очень хочется.А в село это очень здравая идея ! И продукты экологические,и кислород горный ! И дети в реа

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter