HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզի դատախազի ցուցումով Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել

Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Ըստ գլխավոր դատախազության կայքէջի` Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը` հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը և վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսևորելով անգործություն, միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող` իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Հիշեցնենք, որ «Հետքը» ներկայացրել էր (Գառնիի համայնքապետը թաքցրել է հարկերը, Գառնիի համայնքապետը վաճառել է մանկապարտեզի տարածքը, 600 հազարի փնտրտուք)` Գառնու համայնքապետի չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ փաստեր: Այդ հրապարկումներում առկա փաստերը սկսել է ուսումնասիրել Ոստիկանության Կոտայքի բաժինը: Այս տարվա հուլիսին Ոստիկանության Կոտայքի բաժնում կատարված հետաքննությամբ ստեղծված նյութերը ուղարկվել են Կոտայքի քննչական բաժանմունք:

Ա. Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով` նույն գյուղի բնակչից` համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:Գլխավոր դատախազության կայքէջում նշված է, որ Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օերնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Հերիքա, հանգիստ թողեք աշխատող մարդուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter