HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզխորհրդում քննարկվում էր մարզի համայնքների ղեկավարների աշխատանքը

Լոռու մարզխորհրդի երեկվա նիստում մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ, վարչական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար Ալիկ Սահակյանը 2014թ.-ին մարզի 37 համայնքերում իրականացված վարչական հսկողության արդյունքներով բացահայտված խախտումները ներկայացրեց չհասցեգրված: Այդ պատճառով նիստին ներկաների եւ մասնավորապես  լրագրողների համար անմատչելի մնացին  արձանագրված խախտումների հասցեատերերը: Ալիկ Սահակյանը նրանց փոխարեն  օգտագործում էր   որոշ, որոշ դեպքերում, որոշ համայնքեր, մի քանի, մի շարք համայնքներ բառակապակցությունները:

Աշխատանքային խմբի ղեկավարն ստուգված համայնքերի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման  աշխատանքներն անբավարար գնահատեց: «Բյուջեի պարբերաբար թերակատարման  հետեւանքով  համայնքերում կուտակվել են հողի հարկի եւ գույքահարկի գծով խոշոր ապառքներ»,- ասաց նա, սակայն չնշեց ապառքների կոնկրետ գումարը: Վերջինիս  խոսքերով ստուգված համայնքերում տեղական տուրքերը, որոշ դեպքերում, գանձվում են ուշացումներով, որոշ համայնքերի բյուջեներում հողի հարկը եւ գույքահարկը նախատեսվել են մեկ տարվա հաշվարկային գումարներից պակաս, այն դեպքում, երբ համայնքապետերին հանձնարարված է եղել նախատեսել մեկ տարվա հաշվարկային թվերը  եւ որոշակի գումարներ նաեւ ապառքներից:

Մի շարք համայնքներում բյուջեի կատարման եռամսյակային հաղորդումները չեն ներկայացվում ավագանու քննարկմանը կամ ներկայացվում են ուշացումով: Գանձված հողի հարկի եւ գույքահարկի գումարները, որոշ դեպքերում, բանկ են մուծվում ուշացումներով: Համայնքերում ապառքները գանձելու   ժամանակացույցեր չեն կազմվել, դատական կամ հարկադիր կարգով գանձումներ, ինչպես նաեւ ազգաբնակչության մասնակցությամբ հանրային բաց լսումներ եւ քննարկումներ չեն իրականացվել:

Համայնքների քառամյա զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքներն  իրականացվել են մասնակի: Կայացած աճուրդների եւ մրցույթների պարտված մասնակիցները նախքան աճուրդ կամ մրցույթ սկսելը չեն մուծում սահմանված կանխավճարները:  Համայնքային  սեփականություն հանդիսացող  հողամասերը վարձակալության կամ աճուրդ-վաճառքի են դրվում առանց համայնքի ավագանու համաձայնության: Չի պահպանվում ՏԻՄ ՀՀ օրենքի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել  ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր բարեկամների շահերին: Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրվում են առանց մարզպետի համաձայնության:

Ալիկ Սահակյանը մարզխորհրդին նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ վարչական դատարանի 24.10.2014թ. եւ 27.10.2014թ.-ի  վճիռների համաձայն`  բավարարվել են  եւ Արջուտ  ու  Լեջան համայնքների ղեկավարներից համապատասխանաբար 150 000 եւ 100 000  դրամ գումարներ բռնագանձելու մասին Լոռու մարզպետարանի հայցերը: Հաշվի առնելով, որ վարչական դատարանի վճիռները չեն բողոքարկվել եւ ստացել են օրինական ուժ, նա առաջարկեց այդ համայնքերի ղեկավարներին    բռնագանձման ենթակա գումարները վճարել պետական բյուջեի հաշվեհամարին:

Այնուհետեւ, ըստ Ա. Սահակյանի` համայնքերում խախտվել է ծառայողական գործուղման մեկնած աշխատողների  գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը: Գործուղման հրամաններում կամ կարգադրություններում չեն նշվում գործուղվող կազմակերպության անվանումը եւ նպատակը: Որոշ համայնքներում  դրամարկղի գիրքը կնքված եւ համարակալված չէ տարածքային հարկային տեսչության կողմից: Աշխատողներին հաճախ չեն տրամադրվում արձակուրդներ, ինչի արդյունքում աշխատանքից ազատվելու ժամանակ չօգտագործված  արձակուրդի համար ստիպված  վճարում են  խոշոր չափի փոխհատուցման գումարներ:

Ալիկ Սահակյանը չհասցեավորեց նաեւ հողաշինության եւ հողօգտագործման  ոլորտի  խախտումները: Պարզապես նշեց, որ չի պահպանվում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի  եւ օգտագործման տրամադրման կարգը: Խախտվել է «Հրապարակային սակարկությունների մասին» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2 կետի պահանջները, համաձայն որի սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը եւ մյուս հարազատները. «Ստուգման արդյունքում հայտնաբերվել են այնպիսի համայնքներ, որտեղ  աճուրդի եղանակով հողերի օտարման գործընթացի ժամանակ աճուրդավարը եղել է համայնքի ղեկավարը, իսկ մասնակիցներից մեկը, ինչպես նաեւ հաղթողը եղել է աճուրդավար համայնքապետի որդին»,- ասաց Ա. Սահակյանը:

Թեեւ մարզպետի հորդորին` վարչական հսկողության աշխատանքային խմբի ղեկավարի չհասցեավորված հաղորդումից գոհ համայնքապետերը նրան որեւէ հարց չուղղեցին: Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր ամփոփիչ խոսքում  հայտնեց, որ վարչական ստուգումների մասով շատ ավելի առարկայական խոսում են արտագնա խորհրդակցություններին, որտեղ համայնքի ղեկավարների հետ բացվում են նույնիսկ փակագծերը: Նա  տեղեկացրեց, որ  վարչական ստուգումների մասին զեկույց յուրաքանչյուր մարզխորհրդի նիստին լսվելու է: «Մենք մարզպետարանի պաշտոնական կայքում կտեղադրենք 2015թ.-ի վարչական հսկողության  ենթակա համայնքների ցանկը: Յուրաքանչյուր մարզխորհրդի նիստի,  կոնկրետ համայնքներով ներկայացնելու ենք, թե ինչ թերություններ կամ խախտումներ են արձանագրվել համայնքերում: Էնպես որ, ծանր չտանեք, սա կարգն է եւ պահանջը»,- համայնքապետերին զգուշացրեց  Արթուր Նալբանդյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter