HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախցի չեմպիոն․ «Մի քիչ ուշացած, բայց երկար սպասված հաղթանակ էր»

Նոյեմբերի 20-24-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում կայացած սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած արցախցի մարզիկ Մավրիկ Նասիբյանի հաղթական մենամարտը հաջորդ օրն արդեն ողջ Ստեփանակերտն էր դիտում` քաղաքում տեղադրված երեք մեծ էկրաններին։ 74 կգ քաշային կարգում հանդես եկող Մ․Նասիբյանի շնորհիվ երրորդ անգամ ՀՀ հավաքականի չեմպիոնի տիտղոսը բերում են արցախցի մարզիկները (նախորդ երկու անգամները սամբոյի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանի շնորիվ)։

Ստեփանակերտում այսօր աշխարհի չեմպիոնին անծանոթներն անգամ «մատով են ցույց տալիս», իսկ համարձակները` մոտենում ու ձեռքը սեղմում։ Ստեփանակերտի սրճարաններից մեկում «Հետք»-ի հետ հարցազրույցի ժամանակ տասնյակ մարդիկ մոտենում, շնորհավորում էին չեմպիոնին։ Մարզիկը դա պարզապես քաղաքի փոքրությամբ է պայմանավորում․ «Փոքրիկ քաղաք է, բոլորն իրար ճանաչում են։ Համ էլ մեր փոքր Ղարաբաղի համար չեմպիոնի տիտղոսը շատերին է ոգևորում։ Հաճելի է, երբ մարդիկ գնահատում են արածդ, ավելին՝ մոտենում ու շնորհավարում են»։

«Հետք»-ի հետ զրուցում չեմպիոնը պատմեց սամբոյում ամենաբարձր տիտղոսին հասնելու իր անցած մարզական ուղու մասին։

Ինչո՞ւ հենց սամբո, չէ՞ որ կարող էր և այլ սպորտաձև լինել։

Ճիշտն ասած` դա իմ ընտրությունը չէր։ 12 տարեկան էի, երբ հայրս որոշեց ինձ սամբոյի տանել։ Այդ ժամանակ սպորտով նախ իմ առողջության համար էի զբաղվում։ Հետո արդեն հասկացա, որ ուզում եմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ։ Մինչև սամբոյով զբաղվելը, ես, ինչպես և իմ հասակակից տղաները, 1990-ականների վերջին սկսեցինք ավանդական ուշույով զբաղվել։ Պատերազմից հետո նոր-նոր ուշույի խմբակ էր բացվել Ստեփանակերտում։ Բայց շատ շուտ պարզվեց, որ ուշուն ինձ համար չէ։ 15 տարի է` ինչ սամբոյով եմ զբաղվում, որից վերջին 2-3 տարիները՝ մարտական սամբոյով։

Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարերում ու առաջնություններում հանդես են գալիս ՀՀ հավաքականի կազմում։ Իսկ մարզիկների հետ շփվելու ժամանակ, ասում ե՞ք, որ Ղարաբաղից եք։ Ի՞նչ գիտեն Ղաարբաղի մասին այդ մարզիկները։

Երբ փոքր էի, հպարտանում էի, որ ՀՀ-ի դրոշի ներքո եմ հանդես գալիս։ Բայց մեծանալով` հասկացա, որ շատ ավելի լավ կլիներ, որ հնարավորություն ունենայինք Արցախի դրոշի ներքո հանդես գալ, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ չնայած փոքր ու չճանաչված պետություն ենք, բայց լավ մարզիկներ ունենք, ովքեր արդեն քանի տարի է եվրոպայի ու աշխարհի չեմպիոնների տիտղոսների են արժանանում։

Ինչ վերաբերում է օտարազգի մարզիկներին` իհարկե երբ հարցնում են, ասում ենք որ ԼՂՀ-ից ենք։ Ցավոք` շատերը մինչ այդ չեն լսել Արցախի մասին, իսկ ովքեր լսել էին, հացնում էին, թե արդյոք պատերազմն ավարտվել է։

Արդեն քանի տարի է` մասնակցում ես միջազգային առաջնություններին, բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում առաջին տեղ գրավելու համար։ Ի՞նչն էր պատճառը։

Ճիշտ է, այսքան տարի տքնաջան պարապում էի, բայց ամնահաջող ելույթը եղավ աշխարհի գավթի ժամանակ, որտեղ զբաղեցրի առաջին տեղը։ Մնացած միջազգային  կարևոր մրցաշարերում միշտ երկրորդ կամ երրորդ տեղ էի զբաղեցնում։ Ամեն անգամ մի բան պակասում էր` լավագույն արդյունք ցուցադրելու։ Պատճառները տարբեր են։ Բանն այն է, որ ներկայիս պայմաններն այնպիսին չեն, որ մարզիկը կարողանա մտածել միայն իր պարապմունքների մասին։ Կենցաղային ու ընտանեկան հոգսերը շատ են, իսկ եթե գնում ես պարապմունքի և մտքերդ կենցաղային հոգսերով են ծանրաբեռնված, ապա այդ պարապմունքը ոչ մի արդյունք չի տա։ Բայց այս անգամ, այնուամենայնիվ, ինձ հաջողվեց գերազանցել իմ նախկին արդյունքները։ Ես նպատակ էի դրել պրոֆեսիոնալ սպորտում հասնել ամենաբարձր կոչմանը և երկար ճանապարհ անցա նպատակիս հասնելու համար։ Այսպես ասեմ, դա մի քիչ ուշացած, բայց երկար սպասված հաղթանակ էր։

Չեմպիոնի կոչումն ավելի շատ հպարտությո՞ւն է, թե՞ պարտավորեցնող հանգամանք։Իհարկե հպարտ եմ, որ կարողացա մեր ժողովրդի պատիվը բարձր պահել։ Բայց, միևնույն ժամանակ, դա ավելի է պարտավորեցնում, որ էլ ավելի շատ պարապեմ։ Ամեն տարի հարյուրավոր մարզիկներ երազում են չեպիոնի կոչմանն արժանանալ։ Ուստի ես պետք է այնքան լավ մարզական վիճակում լինեմ, որ հաջորդ անգամ կարողանամ պահել չեմպիոնի տիտղոսը։

Ի՞նչ ես կարծում, այսօր հայ մազրիկներն ըստ արժանվո՞ւյն են գնահատված։

Իհարկե, մարզիկներին աջակցում են, ինչ-որ կոչումներ ստանալու դեպքում` դրամական պարգևներ են նախատեսված։ Բայց շատ ավելի լավ կլիներ, որ աջակցությունը լիներ ոչ միայն օլիմպիական, աշխարհի կամ եվրոպայի չեմպիոններին, այլև այդ մրցաշարերում երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մազրիկներին նույնպես։ Դա իրենց համար լավագույն խթանը կլինի, որ ավելի լավ պարապեն ու հաջորդ անգամ արդեն ավելի լավ արդյունք ցուցադրեն։  

Մարզիկներին հուզող խնդիրներից մեկն էլ բուժապահովման հարցն է։ Վնասվածքի դեպքում` շատ մարզիկներ իրենց միջոցներով են բուժզննում անցնում, իսկ հարկ եղած դեպքում էլ` վիրահատվում։ Հաճախ այդ վիրահատությունները բավականին մեծ գումարների հետ է կապված։ Շատ լավ կլիներ, որ գործեր հստակ համակարգ ու մեր մարզիկները պետպատվերի շրջանակներում անվճար օգտվեին բուժսպասարկումից։ Իրականում` մարզիկների հոնորարներն այնքան մեծ չեն, ինչպես շատերն են կարծում։

Երբևէ հրավեր ստացե՞լ ես արտասահմանից։

Շատ վաղուց մի անգամ հրավեր եղել է եվրոպայից, բայց սկզբից չէի կարող գնալ, հետո էլ մոռացա դրա մասին։ Այսօր ես ուզում եմ իմ երկրում ճանաչում վայելեմ ու միջազգային արենաներում ներկայացնեմ իմ հայրենիքը։

Ի՞նչ կա առաջիկա պլաններում։

Մի քիչ կհանգստանամ ու նորից կսկսեմ պատրաստվել արդեն 2015թ․ մրցաշրջանին։

Լուս.` http://www.sambo-fias.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter