HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի 10 անօթեւանի հանձնվեց բնակարանների գնման վկայագիր

Գյումրու անօթեւանների համար Բնակարանների գնման վկայագիր ծրագրի մեկնարկը տրվեց այսօր: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջին10 ընտանիքի ներկայացուցիչների հանձնեց վկայագրերը՝ հորդորելով հնարավորինս արագ կատարել բնակարանների ընտրությունը եւ համապատասխան փաստաթղթերով ներկայանալ մարզպետարան:

Պայմանագիր կնքած շահառուին երկու ամիս ժամանակ է տրվում փաստաթղթային հարցերի կարգավորման եւ վեց ամիս՝ բնակարան գտնելու համար: Սակայն, ինչպես նշեց Ֆելիքս Ցոլակյանը, լավագույն տարբերակն այդ բոլոր նախապատրաստական աշխատանքները 5-ամսյա ժամկետում ավարտելն է, քանի որ վեցերորդ ամսում, եթե շահառուն չհասցնի բնակարան գտնել, կզրկվի վկայագրից:

Շահառուներից Սիլվարդ Բեկջանյանը երկրաշարժին կորցրել է երեք սենյականոց բնակարան: Անօթեւանների հերթացուցակի 1019-րդ համարն է: Ասում է, որ նախկինում չի կարողացել օգտվել ոչ մի ծրագրից: Հույս ունի, որ տրամադրած գումարով կկարողանա բնակարան ձեռք բերել Անի թաղամասում:

«Ինձ տվել են երեք սենյականոց բնակարանի վկայական, գումարը 7մլն 100 հազար դրամ է: Եթե չկարողանամ այդ գնով ձեռք բերել՝ ստիպված եմ լինելու բանկից վարկ վերցնել»,-նշեց Սիլվարդ Բեկջանյանը:

Մեկ այլ շահառու, Վարսենիկ Սահակյանն եւս երկրաշարին երեք սենյականոց բնակարան է կորցրել եւ հիմա, 26 տարի անց կրկին երեք սենյականոց ձեռք բերելու հնարավորություն է ստացել, թեպետ ընտանիքը մեծացել է եւ նախկին 4 անձի փոխարեն այժմ 8 անձ են:

«Մենք էլ պիտի փորձենք Անի թաղամասում բնակարան ձեռք բերել: Երկու ամիս է բնակարան ենք փնտրում այդ թաղամասում: Հիմա դժվար թե տեղավորվենք երեք սենյականոցում, հավանաբար կփորձենք 4 սենյակ ձեռք բերել, բայց դրա համար էլ գումար պիտի ավելացնենք, որովհետեւ 7 մլն դրամով անհնար է մեր ուզած սենյակների քանակով տուն գնել: Անի թաղամասում ամենաէժան երեք սենյականոցը, որ տեսել ենք, 20 հազար ամն դոլար են ուզել ու դեռ ռեմոնտի կարիք էլ կա»,-հայտնեց շահառուն:

Գաղտնիք չէ, որ հիմնական բնակֆոնդը, որտեղից ընտրություն են կատարելու վկայագիր ստացած շահառուները, գտնվում է Մուշ թաղամասում: Սակայն այստեղ խնդիր կա: Գլենդել Հիլզի կողմից կառուցված եւ շահագործման հանձնված 1756 բնակարանը բնակիչները մինչեւ օրս չեն կարողանում սեփականաշնորհել, քանի որ կառուցապատող շինկազմակերպությունը բնակարանները չի հանձնել քաղաքաշինության նախարարությանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին քաղաքաշինության նախարարությունից վստահեցրել են, որ մինչեւ դեկտեմբերի կես այդ հարցը կլուծվի եւ այն բնակիչները, ովքեր ցանկություն ունեն վաճառելու, կկարողանան արագ սեփականաշնորհել բնակարանները:

«Հույս ունենանք, որ այդ հարցը լուծվելուց հետո, մարդիկ առիթից չեն օգտվի եւ բնակարանների գները չեն բարձրացնի»,-նկատեց մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter