HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտի» պարտքը կազմում է 102 մլրդ դրամ. Համաշխարհային բանկը գործարանում տեխնիկական աուդիտ կիրականացնի

Երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ում հանդիպել է գործարանի ղեկավարության ու աշխատակիցներին:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ հանդիպման նպատակն էր գործարանի աշխատակազմին մեկ անգամ ևս ներկայացնել կառավարության մոտեցումները  «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի, գործարանի վերագործարկման, ինչպես նաև աշխատավարձի գծով պարտքի մարման հարցերի շուրջ:

Նախարարի խոսքով, արդեն տևական ժամանակ «Նաիրիտ գործարանում»  առկա է  սոցիալական լարվածություն՝ չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի պատճառով: Խնդիրները մշտապես  հանրապետության նախագահի ու  վարչապետի ուշադրության կենտրոնում են:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի պարտքն այսօր արդեն կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 մլրդ-ը՝ վարկային պարտավորություններ են, 20 մլրդ-ը՝ պարտք է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 մլրդ-ը՝ բյուջետային պարտք է, 1,4 մլրդ-ը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 մլրդ-ը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: 

Ըստ նախարարի՝ իրավիճակն իսկապես անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են և արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում «Նաիրիտի» պահպանության ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների տրամադրած միջոցների հաշվին (փոխառությունների տեսքով), որոնք իրենց հերթին այսօր ծանր ֆինանսական վիճակում են:

«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ նախարարը տեղեկացրել է, որ  Համաշխարհային բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ: Մինչև 2015թ.-ի փետրվար Երևանի կայցելեն ՀԲ ներկայացուցիչները և «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները: Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն մարտ ամսին, և դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ  գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով: Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ նման ընթացակարգը պարտադիր է, քանի որ կառավարությունը «Նաիրիտում» ունի մոտ 10 տոկոս բաժնեմաս, ուստի՝ իրավական որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահված է միայն գործարանի տնօրենների խորհրդին: 

Ինչ վերաբերում է աշխատավարձի գծով պարտքին, ապա, նախարարի հավաստմամբ, մոտ օրերս գործարանի աշխատակիցները կստանան 1 ամսվա աշխատավարձ, իսկ  դեկտեմբերին՝ ևս 1 ամսվա:

«Գիտակցում ենք, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր ենք պաշտպանել Ձեր իրավունքները: Եվ կառավարությունը և նախարարությունը պատրաստ են հետևողական լինել: Լինել Ձեր կողքին և համապատասխան աջակցություն ցույց տալ ձեր խնդիրների լուծման գործում, բայց կառավարության կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է լինի իրավական տեսանկյունից հիմնավորված»,- «Նաիրիտի» աշխատակիցներին ասել է Երվանդ Զախարյանը:

Նախարարը նշել է նաև, որ չվճարված աշխատավարձերին վերաբերող մնացած խնդիրներով պետք է զբաղվի գործարանի տնօրենների խորհուրդը: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է նաև, որ գործարանի աշխատակիցների կրճատման խնդիրը ևս տնօրենների խորհրդի իրավասությունների շրջանակում է:

Երվանդ Զախարյանի խոսքով՝ այս ընթացքում գործարանի 178 աշխատակից ստացել է բավական բարձր աշխատավարձ՝ 400 հազարից մինչև 2 մլն 600 հազար դրամ, ինչը բոլորովին արդարացված չէ ստեղծված իրավիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter