HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Չեչենները հայերին Ղրիմ ու Կազան կտանեն

Նոյեմբերի 16-ից ռուսական «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունն իրականացնում է Երեւան-Անապա-Սիմֆերոպոլ չվերթները: Դեռ սեպտեմբերի 30-ին ռուսական, ապա եւ հայկական մամուլը հայտնեցին, որ Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինն ասել է, թե Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթներ են կազմակերպվելու: Սա տարակուսանք առաջացրեց Հայաստանում, քանի որ Ղրիմի շուրջ ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների ֆոնին մեր երկիրը կարծես դառնում էր կրակ շիկացնող: Առավել եւս, որ Հայաստանի պաշտոնական տեսակետը Ղրիմի ինքնորոշման վերաբերյալ Ուկրաինան չէր եւ հիմա էլ չի մոռացել:

Նախատեսվում էր չվերթները սկսել հոկտեմբերի 10-ից, բայց հետո Ցուրկինը հայտարարեց նոյեմբերի 16-ի մասին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էլ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության խոսնակ Ռուբեն Գրդզելյանն ասել էր, որ ավիաընկերության հայտը մերժել են «ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով, եւ որ թերությունները շտկելու ու կրկին հայտ ներկայացնելու դեպքում այն կդիտարկվի նույն ընթացակարգով»: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արարատ Մուրադյանն էլ «Սիվիլնեթին» հայտնել է, որ խառնաշփոթն առաջացել է Ցուրկինի օգտագործած «ուղիղ չվերթ» արտահայտությունից հետո, քանի որ միջազգային սահմանափակումներ կան Սիմֆերոպոլի օդանավակայանի հանդեպ:

Բանն այն է, որ Ուկրաինայի կազմում եղած ժամանակ Սիմֆերոպոլի օդանավակայանը կիրառվում էր իբրեւ միջազգային կառույց ու դրա համար ուներ IATA-ի (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) եւ ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն, ՄԱԿ-ի կազմում է) կողմից ստացած կոդեր: Ղրիմի՝ Ռուսաստանի կազմ մտնելուց հետո՝ 2014-ի մարտի 31-ին, Եվրակոնտրոլը (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) հայտարարեց, որ հետեւում է ICAO-ի Կոնվենցիային ու չի ճանաչում որեւէ միակողմանի դեկլարացիա Ուկրաինայի օդային տարածության ցանկացած մասի հանդեպ, որը չի բխում ուկրաինական իշխանություններից: Սա պատասխան էր Ռուսաստանին, որը միակողմանի Սիմֆերոպոլի օդանավակայանը միջազգային էր ճանաչել, բացի դրանից՝ վերջինիս տվել նաեւ ներռուսաստանյան կոդ՝ УРФФ, ինչն ընդունված է ՌԴ-ում: Եվրակոնտրոլը նաեւ հայտարարեց, որ Սիմֆերոպոլի օդանավակայանը (ICAO-ի կոդը՝ UKFF) փակ է տեխնիկական պատճառներով, իսկ Սեւաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանը (UKFB) քաղաքացիական օդանավերի համար փակ է մինչեւ հաջորդ ծանուցում:

Կարելի է միայն ենթադրել, թե ինչ արձագանք կստանար Եվրակոնտրոլի անդամ Հայաստանի դեմարշը միջազգային կառույցի այս դիրքորոշմանը: Եվ ինչպես հայտնել է Արարատ Մուրադյանը, Երեւանից Սիմֆերոպոլ թռիչքը լինելու է Երեւան-Անապա-Սիմֆերոպոլ ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Անապա-Սիմֆերոպոլը ռուսական իշխանությունների իրավասության ներքո է, եւ Հայաստանը պատասխանատու չէ դրա համար: Այդուհանդերձ, «Գրոզնի Ավիա»-ի կայքում Անապայի մասին որեւէ նշում չկա, եւ իբրեւ սկզբնակետ ու վերջնակետ են համարվում Երեւանն ու Սիմֆերոպոլը: Հիշեցնենք, որ ժամանակին Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթներ իրականացնում էր «Արմավիան»: Այն ժամանակ Ղրիմն Ուկրաինայի կազմում էր, ու որեւէ խնդիր չկար:    

Ինչպես եւ հայտարարվել էր, «Գրոզնի Ավիա»-ի Սիմֆերոպոլ-Անապա-Երեւան առաջին թռիչքը կայացավ նոյեմբերի 16-ին, իսկ հետադարձը՝ հաջորդ օրը: Անապա-Երեւան (չվերթի համարը՝ ZG 745) ուղղությունն իրականացվում է ամեն կիրակի, իսկ Երեւան-Անապան (համարը՝ ZG 746)` յուրաքանչյուր երկուշաբթի:

«Գրոզնի Ավիա»-ն նոյեմբերի 16-ից իրականացնում է նաեւ Կազան-Երեւան-Կազան ավիաչվերթներ: Ընկերությունն իր չվացուցակն այսպես է կառուցել. ամեն կիրակի առավոտյան կատարվում է Անապա-Երեւան թռիչքը, «Զվարթնոցում» վայրէջքից մեկ ժամ անց ինքնաթիռը թռչում է Երեւան-Կազան ուղղությամբ (ZG 742): Երկուշաբթի՝ կեսօրից հետո, Կազանից գալիս է Երեւան (ZG 741), իսկ մեկ ժամ անց մեկնում Անապա: Նոյեմբերի 23-ին օդանավը չի ժամանել Հայաստան, ու չեն կայացել նաեւ Երեւան-Կազան-Երեւան-Անապա չվերթները:

Թռիչքներն իրականացվում են «Յակ-42Դ» տեսակի ինքնաթիռներով, որոնցից ընկերությունը 4 հատ ունի, ինչն էլ կազմում է ամբողջ ավիապարկը: Դրանք մոտ 25 տարեկան են:

Ընդ որում՝ երեւանյան ուղղությունն ընկերության միակ միջազգային չվերթն է այս պահին: Այս տարվա հուլիսից մինչեւ սեպտեմբեր «Գրոզնի Ավիա»-ն իրականացնում էր նաեւ Սիմֆերոպոլ-Անապա-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ, ինչն, ըստ լուրերի, բավականին մեծ պահանջարկ ուներ ղրիմցիների շրջանում: Այս դեպքում ուղիղ չվերթն ավելի կարճ կլիներ, եւ չնայած Անապայում իջնելու նպատակ էր նշվում վերալիցքավորումը, պարզ էր, որ դա արվում էր նույն Եվրակոնտրոլին դեմ չգնալու համար, որի անդամ է նաեւ Թուրքիան: Իսկ չվերթի դադարեցումը կապվում է Թուրքիայի ղեկավար Էրդողանի կողմից Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին տրված խոստման հետ: Էրդողանն ասել էր, որ թուրքական ընկերությունները դեպի Ղրիմ ուղիղ չվերթներ չեն կատարելու: Չնայած «Գրոզնի Ավիա»-ն թուրքական չէ, չվերթն էլ ուղիղ չէ, ըստ տեղեկությունների, Էրդողանն ունեցել է իր ազդեցությունն այստեղ:

Իր հերթին խոսելով Երեւան-Անապա-Սիմֆերոպոլ թռիչքների մասին՝ Արարատ Մուրադյանն ասել է, որ 1,5 տարի համագործակցում է նշված ընկերության հետ ու ինքն է առաջարկել նման ուղղություն բացել: Ըստ նրա՝ Երեւան-Սիմֆերոպոլ ուղղության օգտին երեք գործոն կա. հայկական համայնքը թերակղզում, Ղրիմի հայտնի առողջարաններում կլոր տարին կազմակերպվող բուժումները եւ զբոսաշրջությունը հատկապես ամռանը:

Ավելացնենք, որ «Գրոզնի Ավիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007-ին Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի զոհված հոր՝ նախկին նախագահ Ահմադ Կադիրովի անվան տարածաշրջանային հասարակական ֆոնդի կողմից: Նախաձեռնողը եղել է հենց Ռ. Կադիրովը: 2011-ին Չեչնիայի կառավարությունը դարձել է ընկերության 51 տոկոսի փայատեր, եւ սկսվել է վերակազմավորումը ԲԲԸ-ի (այսօր բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Չեչնիայի տրանսպորտի եւ կապի նախարարությանը):

Ինչպես նշեցինք, ընկերությունն ունի 4 հատ «Յակ-42Դ», չնայած տեղական արտադրության նոր ինքնաթիռներով համալրվելու ծրագիր կա:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter