HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստի» Թումանյանի մասնաճյուղը լուծարվում է

Էմմա Պետրոսյան

«Հայփոստի» Թումանյանի մասնաճյուղը, որը գտնվում է Ալավերդիում, լուծարվում է, որոշումը կայացրել է ընկերության ղեկավարությունը: Լուծարումից հետո մասնաճյուղի գործառույթների հիմնական մասն իրականացվելու է Սպիտակի մասնաճյուղում, իսկ Ալավերդիում մի քանի աշխատակիցներ են միայն մնալու, իհարկե, Սպիտակի մասնաճյուղի տնօրինության ենթակայությամբ:

8 աշխատակցի աշխատանքային գրքույկներ աշխատանքային պայմանագրի լուծման հետ միասին արդեն ուղարկել են: Աշխատակիցների մի մասին առաջարկվել է նույն պայմաններով աշխատանքի անցնել «Հայփոստի» Սպիտակի մասնաճյուղում, սակայն աշխատակիցներն այդ առաջարկը մերժել են` հաշվի առնելով աշխատավայրի հեռավորությունը, քանի որ նրանց համար դժվար է լինելու յուրաքանչյուր աշխատանքային օր Սպիտակ քաղաք հասնել, այն էլ այն դեպքում, երբ ստացված ամբողջ աշխատավարձը որպես ճանապարհածախս է ծառայելու: Իսկ բնակության վայրը փոխել և տեղափոխվել Սպիտակ Թումանյանի մասնաճյուղի աշխատակիցները չեն ցանկանում: Մասնաճյուղի գանձապահ Վարսիկ Դավթյանը 17 տարի է, ինչ այստեղ է աշխատում: Աշխատանքից հեռացվելու հանգամանքը շատ ծանր է տանում: «Ես մտածում եմ, որ ոչ մի ուրիշ տեղ չեմ կարա աշխատանք գտնեմ: 2 տարուց պետք է թոշակի անցնեի: Մեր տան միակ աշխատողն եմ, մի խոսքով` շատ անորոշ վիճակում եմ»,- ասում է Վարսիկ Դավթյանը:

Կրճատված աշխատակիցներից ոչ մեկը հույս չունի, թե կարողանալու է նոր աշխատանք գտնել Ալավերդիում: Կրճատումներ են իրականացվել դրամարկղային ու ադմինիստրատիվ գրեթե ամբողջ մասերում: Արդեն պայմանագրեր են խզվել 2 գանձապահի, 2 տեսակավարման օպրեատորի, 2 ՏՏ ադմինիստրատորների, 1 վարորդի, 1 փոստ-ուղեկցողի հետ: Նոյեմբերի 28-ին Թումանյանի մասնաճյուղ էին այցելել Երևանի և Սպիտակի ներկայացուցիչները, որոնցից ոչ ոք չցանկացավ որևէ ինֆորմացիա տրամադրել:

Մեզ հաջողվեց միայն ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանից հեռախոսով տեղեկանալ, որ Թումանյանի մասնաճյուղի լուծարումն օպտիմալացման արդյունք է: Նամակների, թերթերի տեսակավորումը կատարվելու է Սպիտակում, որտեղից էլ առաքվելու են Թումանյանի մասնաճյուղի փոստային բաժանմունքներ: Նպաստների ու թոշակների բաշխումը կկազմակերպվի բանկերի միջոցով: 

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
//Թումանյանի մասնաճյուղի լուծարումն օպտիմալացման արդյունք է: // - Ում կամ ինչի «օպտիմալացում»? Երեւի մեկն աչք է տնկել այդ սիրուն շենքի վրա ու իր գործը դասավորել: Ալավերդին մի ժամանակ քաղաք էր, շրջկենտրոն էր, մարդկություն կար, գործ կար, կյանքը եռում էր, մեկ առ մեկ «օպտիմալացում» - արեցին ու մոռացված գոմահանդ դարձրին: Գոնե նամուս ունենան տեղին բառն օգտագործեն: Իսկ ճիշտ բառը «լիկվիդացումն է», այսինքն, բնաջնջել - վերացնելը: Որ ինչ՜ շահեն? Իսկ գյուղերում մի կերպ գոյություն քարշ տվող մարդկանց հարմարության մասին ով է մտածում? Իհարկե, պետության կոպեկները միշտ պակասում են (քանի որ թալանում են:) Բայց այդ դեպքում նախ իրենք իրենց պիտի լուծարեն - չէ որ ժողովուրդը «տերն» է իրենք «ծառաները», ըստ ամենայնի! Կամ թող իրենց թիկնապահ բուղաների թիվը մի քիչ պակասեցնեն (այսինքն՝ ժողովրդի ծառաներին ծառայողների - պատկերացնում եք ինչ անամոթ աբսուրդի մեջ ենք ապրում!) Վերջերս հոդված էր գրված (Գ. Բալասանյանի) թե ինչպիսի ու քանի մեքենաներ են գնվում ոստիկանության համար, բենզին են ծախսում, էս վերջերս էլ տներ են սարքում ու նվիրում: Ժողովրդի համար էլ բարվոք ու ընտիր բանտ են բացու՜մ, իրենք էլ հպարտ ժապավենը կտրում ու հետը նկարվում (երեւի բնազդորեն զգում են որ վաղ թե ուշ այնտեղ են բնակվելու - բարի վայելում այս դեպքում!)
ԱՆՆԱ
Համաձայն են Գևորգ ջան օպիմալացումն ասված ինչ ա նշանակում , գոնո ես դեպքում, եթե ազատված աշխատակիցների փոխարեն նույն Սպիտակում նոր մարդիկ են ընդունելու, որ աշխատանքները կարողանան կազմակերպել.........................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter