HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Let's Stay Together». Էլ Գրինի նախագահական այցեքարտը

Նաիրա Հայրապետյան

Քիչ արտիստների է բախտ վիճակվել իրենց երաժշտասերների մեջ ունենալ նախագահ-երկրպագուների, իսկ այնպիսիք, որ նաև հանդես գան նրանց երգերի կատարմամբ, գրեթե բացառություններ են: Այդ քչերից մեկն էլ ամերիկացի լեգենդար երգիչ Էլ Գրինն է, ով համերգներից մեկի ժամանակ բացահայտեց Բարաք Օբամայի երաժշտական տվյալները՝ իր ստեղծագործություններից մեկի շնորհիվ: Հանրահայտ «Let's Stay Together» -ից ընդամենը մեկ տողը նախագահի կատարմամբ մեծ  ազդեցություն ունեցավ ընտրությունների ընթացքի և երգի վաճառքի վրա:

«Let's Stay Together». Սա ամերիկացի լեգենդար սոուլ երգիչ Էլ Գրինի 1972թ. թողարկված ալբոմի վերնագիրն է: Այն երգչի ստեղծագործական կյանքում թերևս ամենանշանավոր աշխատանքն էր (պրոդյուսեր՝ Ուիլլի Միտչել), քանի որ երաժշտական քննադատների կարծիքով  դրանով սկիզբ դրվեց Գրինի դասականացման  ժամանակաշրջանին: Ալբոմը հսկայական հաջողություններ և մեծ արձագանք ունեցավ երաժշտասերների մեջ. նախ՝ ամերիկյան փոփ ալբոմների ցանկում 1972թ. հասավ 8-րդ հորիզոնականին, բացի այդ, երգչի ալբոմներից միակն էր, որ «լավագույն սոուլ ալբոմ» ցանկում գրավեց 1-ին հորիզոնականը՝ այնտեղ մնալով տասը շաբաթ շարունակ: Իր այլ բազմաթիվ հաջողությունների համար «Let's Stay Together»-ը «Ոսկե ալբոմ» անվանն արժանացավ: Սակայն, պետք է խոստովանել, որ այս և հետագա արձագանքների գլխավոր բաժինը պատկանում է այստեղ ընդգրկված համանուն խորագրով երգին՝ «Let's Stay Together»-ին:

  

Սա գրինյան ստորագրութունը մեկընդմիշտ հաստատող երգն էր և միակ «number-one»  փոփ հիթ-սինգլը՝ նրա ողջ ստեղծագործական կյանքում: Այն երկրորդ անգամ թողարկվեց 2003թ, սակայն մեծ իմաստով իր վերածնունդն ապրեց 9 տարի անց: «Let's Stay Together» -ի նոր կյանքը  վերաբերվում է ոչ միայն երգի վերադարձին հանրության մեջ, այլև կոմերցիոն առումով կայծակնային շրջադարձին: Պատճառը ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման էր: Նախագահի երաժշտական նախասիրություններին բազմիցս են անդրադարձել, սակայն նա առանձնանում է նաև նրանով, որ ժամանակ առ ժամանակ իր ընտրազանգվածին անակնկալի է բերում սիրված երգերի իր կատարումներով: 2012թ. հունվարի 19-ին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, Բարաք Օբաման մի գեղեցիկ քայլ ևս ամրագրեց իր քարոզարշավի PR-աշխատանքներում:

Նյու-Յորքի հայտնի «Ապոլլո» թատրոնում ընթացող համերգ երեկոյին, որն ի դեպ դրամահավաքի նպատակով էր կազմակերպված, հանդես էին գալիս տարբեր երգիչներ և դերասաններ: Նա ներկայացավ ուշ գիշերին, քարոզարշավի ելույթներից հոգնած և իբր պարզապես լեգենդար Էլ Գրինի կատարումներով լիցքավորվելու նպատակով: Սակայն քիչ անց համերգի ընթացքն ու մթնոլորտը միանգամից փոխվեց: Սիրված երգչի ելույթից անմիջապես հետո նա գործի անցավ. բեմ բարձրանալուն պես ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց իրենից առաջ ելույթ ունեցած բոլոր արվեստագետներին և անակնկալ սկսեց երգել Էլ Գրինի երգը: Հուզմունքից ու ոգևորությունից բացականչող հանդիսատեսը միայն մեկ տող վայելեց նախագահի կատարմամբ ( I, I'm so in love with you.. ), սակայն սա ամենևին չխանգարեց նրան մեծացնել ընտրողների շրջանակն ու հաջորդող օրերին կայծակնային արագությամբ տարածել, ձեռքից ձեռք փոխանցել փոքրիկ, բայց դե թագավորական կատարումը:

Այնուհետև Օբաման կատակով նայեց  կուլիսների կողմն ու ասաց՝  «Ասում էի չէ՞, որ կերգեմ… Այդ տղաները (նկատի ունենալով կուլիսներում կանգնած վարչական աշխատակիցներին) չէին հավատում, որ ես կարող եմ դա անել»: Ապա դիմելով սրահում նստած Էլ Գրինին՝ ավելացրեց՝ «Մի անհանգստացիր, Էլ, ես քո նման լավ չեմ երգում: Ընդամենը ուզում էի ցույց տալ, թե որքան եմ քեզ գնահատում»:  

Այս իրադարձության հաջորդ օրերին համացանցում պտտվում էր ոչ միայն  տեսանյութը, այլև նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրվեց համապատասխան ինֆորմացիան և 8 վայրկան տևողությամբ ձայնագրությունը, որը հնարավոր էր ազատ ներբեռնել և օգտագործել՝ որպես հեռախոսազանգ:

Այդ երեկոյից հետո «Let's Stay Together»-ի վաճառքն աճել էր մի քանի անգամ: Տվյալներից մեկի համաձայն՝ 490 տոկոսով: Ընդամենը  մի քանի օրվա ընթացքում (հունվարի 19-ից 22-ը) երգի թվային տարբերակը ներբեռնվել է 16 հազար անգամ: Այդ ցուցանիշը 2003 թվականից ի վեր երգի ներբեռնումների լավագույն ցուցանիշն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter