HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սողոմոն Քոչարյանի գործով բողոքը կրկին կլսվի դատարանում

Արցախյան պատերազմի մասնակից, սպանության մեղադրանքով 20-րդ տարին բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի գործով բողոքը՝ մոտ 20 տարվա վաղեմության քրեական գործը վերաբացելու մասին, կրկին կլսվի դատարանում:

Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Բողոքի քննությունը նշանակված է մի քանի օր անց՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Արմեն Բեկթաշյան): 

Դատավորն այս անգամ պիտի որոշի՝ արդյոք կվերաբացվի մոտ 20 տարի առաջ՝ 1995թ. ՀՀ Գերագույն դատարանի կողմից կայացված մահապատժի դատավճիռը, թե ոչ (2003-ից մահապատիժը նախագահի հրամանագրով փոխարինվել է ցմահ ազատազրկման): 

Հիշեցնենք, որ վարույթի նորոգման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային թերթում մայիսի 6-ին տեղ գտած «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Ա.Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայստանում Իրանի դեսպանը (տուժողը Իրանի քաղաքացի է եղել՝ Իրաջ Փուր Միրզաբեկ անվամբ): Հակառակ դեպքում Հայաստանում ԻԻՀ դեսպանը սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել: 

Սակայն Գլխավոր դատախազությունը մերժել էր այս հիմքով վարույթ նորոգել՝ պատճառաբանելով, որ դատախազն ընդամենը իր կարծիքն է հայտնել, իսկ դատարաններն անկախ են և ինքնուրույն են դատական ակտ կայացնում: Փաստաբան Ռևազյանը Գլխավոր դատախազության մերժման որոշումը բողոքարկել էր դատարանում: Սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանն իր որոշման մեջ առհասարակ չէր անդրադարձել ցմահ դատապարտյալ, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթ սկսել-չսկսելու հիմքերին՝ պատճառաբանելով՝ քանի դեռ սպառված չեն բողոքարկման բոլոր հնարավորությունները, դատարանը չի կարող անդրադառնալ բողոքի բովանդակային կողմին: Ռոբերտ Ռևազյանը բողոքարկել էր մերժման որոշումը նաև վերադաս դատախազին: Կրկին մերժում ստացել: Ապա նորից դիմել էր դատարան: 

«Այս անգամ արդեն դատարանը չի կարող չանդրադառնալ մեր բողոքի բովանդակային մասին, քանի որ սպառել ենք օրենքով սահմանված բողոքարկման բոլոր հնարավորությունները՝ բոլոր տեղերում ստանալով մերժումներ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Ռևազյանը: 

«Սողոմոնը ուժեղ սթրես է տանում, առողջությունը քայքայված է» 

Մինչ դատարաններում, դատախազությունում վիճարկվում են իրավաբանական հարցեր, Սողոմոն Քոչարյանի առողջությունը շարունակում է վատանալ: «Հետքը» դարձյալ ահազանգ է ստացել Սողոմոնի քրոջից՝ Անժելա Քոչարյանից: «Իմ ախբերը ուժեղ սթրես է տանում: Էս տարվա մարտի մեկին ինքնասպան եղավ նրա 19 տարեկան աղջիկը՝ Սյուզին, կինը մի քանի տարի առաջ մահացավ ծանր հիվանդությունից: Մայրս թոշակառու, հիվանդ կին է: Ամեն անգամ դիետիկ կերակուրներ է շրջանից հասցնում Երևան, որ Սողոմոնը կարողանա գոնե ուտել: Սուր ցավեր է ունենում փորի շրջանում: 2 ամիս առաջ բժիշկներ են եկել «Էրեբունի» բժշկական կենտնորնից, սոնոգրաֆիա են արել ու գնացել, բայց ոչ մի պատասխան չի ստացել Սողոմոնը: Նա բողոքում է մարսողությունից, ասում է, որ ոչինչ չի կարողանում ուտել: Ես չեմ հասկանում՝ 20 տարի է՝ պահում են փակի տակ: Գոնե որոշ ժամանակ տանեն բժշկական մաս, ստուգեն, տեսնեն»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց Սողոմոն Քոչարյանի քույրը: 

Սողոմոն Քոչարյանի 19-ամյա դուստրը.
ինքնասպան է եղել 2014 թ-ի մարտի 1-ին
 

 «Իմ տղան երկու անգամ վիրավորվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, պառկել հիվանդանոցում, մի քիչ բուժվել, հետո նորից գնացել է կռվի: Երկու անգամ էլ կոնտուզիա է տարել: Սողոմոնս 2-րդ կարգի հաշմանդամ է դարձել: Գորիսի զինկոմիսարիատից մեզ թուղթ են տվել, որ 1993-95 թվականներին Սողոմոնս զինվորական թոշակ է ստացել: Բայց բանտ գցելուց հետո մենք թոշակի երես չենք տեսել: Գիտեմ, որ ահագին գումար է զինվորական թոշակը, շատ հարցեր էդ փողով կարող էի լուծել: Բայց ասում են, թե սովետական պասպորտ ունես, չենք կարող թոշակի հարց լուծենք: Բայց ինքը միշտ դիմել է, որ նոր պասպորտ տան: Հիմա էլ արդեն քանի ամիս դիմել է»,- «Հետքին» պատմել էր Սողոմոն Քոչարյանի մայրը՝ տիկին Զինան: 

Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյան 

ՀՀ ԱՆ Քրեակատարողան վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ փոխանցեց, որ բժիշկները հետազոտել են Սողոմոն Քոչարյանին, խորհուրդներ տվել: Ինչ վերաբերում է անձնագրին, ապա «ոչ միայն Սողոմոն Քոչարյանը, այլև շատ դատապարտյալներ խնդիրներ ունեն: Բայց արդեն անձնագրային վարչության հետ կա պայմանավորվածություն: Շուտով այդ խնդիրը կլուծվի»,-մեզ փոխանցեց ՔԿՎ պաշտոնյան:

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Հարգելի դատավորներ, խնդրում եմ, աղաչում եմ, պաղատում եմ, թախանձում եմ, աղերսում եմ, ԱԶԱՏԵՔ ՍՈՂՈՄՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, որը հաստատ 100 դոլլարի համար չի սպանել Հայաստան պարսկական պասպորտով մտնող ազերիին, 20 տարին հերիք չի՞, նրան էլ ի՞նչ մնաց ապրելու իր քայքայված առողջությամբ, ԱԶԱՏԵՔ, ԱԶԱՏԵՔ, ԱԶԱՏԵՔ, գուցե սա վերջին շանսն է, լսեք իմ գոռոցը, չեմ կարող գալ դատարան, բայց չեմ կարող անտարբեր չմնալ այս աղաղակող անարդարության հանդեպ, խնդրում եմ ձեզ ևս մեկ անգամ՝ ԱԶԱՏԵՔ ՍՈՂՈՄՈՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, հիմք դրեք Հայաստանում կասկածելի գործերի վերաբացման գործին ու ձեր անունը թող լավ հիշվի սերունդների կողմից, ԱԶԱՏԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՔ
ՀԱՅՈՒՀԻ
Սողոմոնն առողջւոթյւոն չունի, այ Ներսես Աթանասյան ջան, էդ ի՞նչ հույսով ա քեզ թվում, որ ամեն ինչ լավ է լինելու, ասա մենք էլ լավատեսություն ունենանք մի քիչ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter