HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Պատ. որտե՞ղ են վերջանում հայ և թուրք գործարարների ցանկությունները

Ֆեթհիեի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աքիֆ Արըջանը հայ և թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք պատրաստ են հայ գործարարների հետ գործնական հարաբերություններ զարգացնել:

«Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավվել իրենց հարաբերությունները հատկապես առևտրի ոլորտում, մեր երկու երկրների միջև խնդիրները լուծելի են և մեր գործարարների միջև կարող են զարգանալ լավ հարաբերություններ»,- ասում է նա:

Ֆեթհիեն Էգեյան և Միջերկրական ծովերի միախառնման հատվածում՝ ծովածոցի մի անկյունում տեղակայված քաղաք է՝ մոտ 180 հազար բնակչությամբ: Սակայն Թուրքիայի պետական նշանակության գերհարթ ասֆալտե ճանապարհները Ֆեթհիե մտնելիս աստիճանաբար սկսում են հիշեցնել հայաստանյան իրականությունը, իսկ բուն Ֆեթհիե մտնելիս արդեն հանդիպում են լավ ծանոթ կարկատված փողոցները:

Ֆեթհիեն հնամենի Թելմեսոսն է՝ Լիկիայի կարևորագույն քաղաք կենտրոնը: Բյուզանդական կայսրության անկումից հետո՝ 15-րդ դարում Լիկիան անցավ Օսմանյան կայսրության  տիրապետության ներքո, որից հետո թուրք-հունական սահմանների վիճարկման ավարտից հետո այն ներառվեց 1923թ. հիմնադրված թուրքական հանրապետության կազմում: Թելմեսոսը վերանվանեց Ֆեթհիեի, իսկ տեղացի հույները՝ ըստ հույն-թուրքական փոխանակման ծրագրի՝ գնացին Հունաստան, և ի դեպ, այնտեղ հիմնեցին իրենց Թելմեսոսը, ինչպես օրինակ հայերը նոր Սեբաստիա-Մալաթիա, Զեյթուն և այլն:

Գտնվելով Թուրքիայի հարավային հատվածում՝ մշակութային կենտրոն Ստամբուլից մոտ 750 կմ հեռու, Ֆեթհիեում հայ-թուրքական երկխոսությունը միանգամայն այլ դիսկուրսում է, կամ կարելի է ասել, որ այն բացակայում է, հատկապես որ Ֆեթհիեում հայեր չկան: Միակ հայը, որին շատ պատահաբար հանդիպեցինք քաղաքի խանութներից մեկում՝ Ելենա Օսիպովան է, որ այստեղ ապրում է արդեն 20 տարի:

Ելենան սկզբից աշխատել է Ստամբուլում, այնուհետև հանդիպել է մի քուրդի հետ ու ամուսնացել, որից հետո եկել է Ֆեթհիե: Այստեղ քաղցրավենիքի և հագուստի խանութներ է աշխատեցնում: Նա ասում է, որ իրենից բացի էլի 2-3 հայեր կան Ֆեթհիեում. «Բայց հիմնական չեն ապրում, գալիս առևտուր են անում, գնում են, երկար չեն կարող մնալ, որովհետև քաղաքացիություն չունեն»: Ելենան ասում է, որ բոլորն էլ գիտեն իր հայ լինելու մասին ու նրան շատ լավ են վերաբերվում:

«Ժողովրդի մեջ խնդիրներներ չկան, մենք անցյալին քննադատությամբ չենք վերաբերվում ու կարծում ենք, որ առևտրային հարաբերությունները կարող են կամուրջ հանդիսանալ մեր միջև»,- կարծում է Արըջանը,- անցյալի խնդիրը մեր չէ, այլ՝ պատմաբաններինը»:

Ֆեթհիեում հայկական մշակութային հետքեր չկան, փոխարենը գերակայում է հունական ազդեցությունը. ամենուրեք հունական դիցաբանության աստվածների անուններով սրճարաններ են, քաղաքի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել անտիկ հունական շրջանը ներկայացնող արձանների, իսկ ծովածոցում կանգնած նավերից շատերը հիշեցնում են արգոնավորդներին ու Յասոնին:

Այդուհանդերձ, Արըջան նշում է, որ նախկինում Ֆեթհիեում հայեր ապրել են, որոնք այստեղից գաղթել են հույներից հետո, իսկ Ֆեթհիեի Առևտրի պալատը հիմնադրվել է 1901թ, ունի 3400 անդամ և համարվում է Թուրքիայի ամենահին պալատներից մեկը: Այս կառույցը միջնորդ է հանդիսանում իշխանությունների և գործարարների միջև, և տեղի գործարարները պարտադիր դառնում են Առևտրի պալատի անդամներ. բյուջեն գոյանում է անդամավճարներից. սա ընդունված պրակտիկա է աշխարհում: Հետևաբար, մինչև այստեղից գնալը, հայերը, պետք է որ ընդգրկված լինեն 1901թ. հիմնադրված այս առևտրի պալատի կազմում: Չի՞ պահանջել արդյոք որևէ հայ իր ունեցվածքը: Հարց, որ հնչեց թուրք լրագրողների կողմից, իսկ Առևտրի պալատի նախագահը շփոթվեց:

Արըջանը մեջբերեց այն ստանդարտ  պատասխանը, որը տարածված է նման հարցադրումների համար. «Մի ժամանակ մեր պալատում հրդեհ է բռնկվել, և բոլոր փաստաթղթերը վառվել են»: Պոլսահայ փաստաբան Սեպուհ Ասլանգիլն ասում է, որ 1940-ականներից հետո ունեցվածքները գրանցող պետական բազմաթիվ հաստատություններում շատ հաճախ հրդեհներ են բռնկվել. Դա շատ տարածված է եղել այդ շրջանում:

Արըջանն ասում է, որ իրենց պալատը հիմնադրվել է ծագումով թուրքերի և հույների կողմից:  «Մուղլայի համալսարանն այժմ ուսումնասիրություն է կատարում՝ պարզելու համար, թե ովքեր են մեր պալատի նախկին անդամները,- ասում է նա,- եթե այնտեղ հայեր լինեն՝ մենք անպատճառ այդ մասին  կհրապարակենք»: Արըջանի խոսքով՝ իրենց պալատի արխիվները բաց են 1968թ.-ից:

Ֆեթհիեում հիմնականում զարգացած է գյուղատնտեսությունը և տուրիզմը: Այս շրջանում նախորդ տարի արտադրվել է 800 հազար տոննա միրգ և բանջարեղեն, եղել է մեծ տոնավաճառ, որի ընթացքում այդ բարիքն արտահանվել է այլ երկրներ. տոնավաճառը կազմակերպել է Ֆեթհիեի Առևտրի պալատը:

«Մենք նույնպիսի տոնավաճառ կարող ենք կազմակերպել նաև Հայաստանի հետ,- ասում է Արըջանը,- որպես ՀԿ՝ մենք կարող ենք Հայաստանի համարժեք կազմակերպության հետ հանդիպել ու քննարկել, թե ինչ եզրերով կարող ենք համագործակցել, կներկայացնենք միմյանց հետաքրրքող ապրանքները, նախարարությունից թույլտվություն կստանանք ու կսկսենք համագործակցել»:

Ֆեթհիեի առևտրի պալատը Թուրքիայի Կենտրոնական Առևտրային պալատի 365 անդամներից մեկն է, ու պալատի նախագահի խոսքով՝ որևէ առաջարկություն ունենալու դեպքում նրանք այն գրավոր ուղարկում են դեպի Գլխավոր պալատ, որտեղ էլ դրանք ուսումնասիրվում ու համապատասխան ընթացք են տրվում:

«Երրորդ երկրի միջոցով Հայաստան ապրանք ուղարկելը դժվար է և ցանկալի է, որ այն լինի ուղիղ ճանապարհով,- ասում է Արըջանը,- Ես կարծում եմ, որ եթե գործարարներով հանդիպենք՝ միանշանակ համագործակցության եզրեր կգտնվեն»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը «Հետքին» ասում է, որ Ֆեթհիեի Առևտրի պալատի տնօրենը չի անցել այն փորձառությունը, որ իրենք ձեռք են բերել այս 23 տարիների ընթացքում:

«Այն հնարավորությունը, որ թուրք գործարարը տեսնում է՝ կառավարությունը չի տեսնում,- ասում է  նա,- ենթադրենք մենք ունենք իքս անունով ապրանքը, որի կարիքն իրենք ունեն, որ ուղարկենք՝ կընդունե՞ն, բայց մենք քանի տարի է՝ միակողմանի առևտուր ենք անում»:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում Թուրքիան զբաղեցնում է չորրորդ տեղը՝ տարեկան կազմելով մոտ 250մլն. դոլար. այն իրականացվում է Վրաստանի միջոցով, փոխարենը Հայաստանը գրեթե ոչինչ չի արտահանում Թուրքիա

«Մենք քթներս Թուրքիա մտցնելու իրավունք չունենք, որովհետև կա էմբարգո և Հայաստանի հետ առևտուր անելու արգելանք,- մեկնաբանում է Ղազարյանը,- եթե ցանկանում են՝ թող դիմեն իրենց կառավարությանը, մենք էլ կնստենք մի սեղանի շուրջ: Թուրքիայի հետ համատեղ ծրագրեր իրականացնել հնարավոր չէ, ու բոլոր քաղցր-մեղցր ցանկությունները դեմ են առնում իրենց պետական չոր քաղաքականությանը»:

Հայ և թուրք լրագրողների համատեղ ճանապարհորդությունը դեպի Թուրքիա և Հայաստան իրականացվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցներով՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter