ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Եթե օրորը դառնա մեխած արժեք, վատ երաժշտության պահանջարկ չի ձևավորվի»



Ֆինանսիստ, բլոգեր, երգչուհի: Առաջին երկուսի հետո Սիրարփին համաձայնում է, թեև բլոգն այլևս ակտիվ չէ, իսկ երրորդի մասին` ոչ, ասում է՝ ինքը երգչուհի չէ, պարզապես մանկուց միշտ երգել է: Երգի խումբն էլ, որ կոչվում է «Լեռանե», պատահական է ստեղծվել:

«Լեռանեն» Սիրափի Խոջաբաղյանի կեղծանունն է, նրա բլոգի անվանումը: «Լեռնցին էլ եղբայրս է»,- նկատում է Սիրարփին: Խումբը երեք հոգուց է բաղկացած՝ Սիրարփին է, նրա երաժիշտ քույրն ու ճարտարապետ, կիթառահար եղբայրը: Երգելու ավանդույթն ընտանեկան է: Ասում է՝ իրենց ընտանիքում բոլորը երգում են ու, երբ ծննդյան տոնի են հրավիրվում, որտեղ երգ չկա, զարմանում է: Երգելու իրենց մշակույթը տարածվել է նաև ընկերների շրջանում, սակայն մի պայմանով, որ դրանք չեն նկարահանվելու և տարածվելու համացանցով: Սակայն այս ամռանն ընկերներից մեկը խախտել է այդ պայմանը՝ նրանց երգը տեղադրելով համացանցում: Երբ ուշ երեկոյան իմացել են այդ մասին, խնդրել են համացանցից հեռացնել այն, բայց պատասխանել են, որ երգն արդեն 1000-ից ավելի դիտում ունի, չեն կարող: Ասում է՝ ստացած արձագանքներն դրական էին, ինչն էլ ազդակ դարձավ երգի խումբ ստեղծելուն: Խմբի անվան հարցում էլ օգնության եկավ ոչ այդքան ակտիվ բլոգի անվանումը:

Դրան զուգահեռ սկսել էր հետաքրքրվել Արթուր Շահնազարյանի «Անտվիրուս-հակաբացիլ Կոմիտաս» նախագծով: «Նա ասել էր, որ օրորոցային երգերով և կոմիտասյան երգերով ձայնասկավառակներ պետք է թողարկվեն, այնպիսի օրորոցային երգեր, որոնք ցանկացած հայ, որ կարողանում է խոսել, կարողանա երգել, և անտիվիրուստը պետք է տարածվի: Օրորների միտքն ինձ շատ դուր եկավ»,- նշում է Սիրարփին:

«Լեռանե» խմբի մասին ընդհանրապես չի ուզում խոսել, որովհետև խմբի ապագան դեռևս անորոշ է: Նոյեմբերի 8-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում համերգ են ունեցել, ստացած հասույթը պահում են օրորոցային երգերի ձայնագրման համար: Իսկ երգերի բանահավաքությունը նոր են սկսել: Ասում է՝ իրենց ընտանիքում երեխաներից յուրաքանչյուրն իր օրորոցային երգն է ունեցել, և մինչև չերգեին, չէին քնում: Իսկ այսօր նկատել է, որ երիտասարդ մայրերը հիմնականում օրորոցային երգեր չգիտեն, համացանցից երգեր են միացնում օրորի փոխարեն: Հետո էլ, նշում է, թե բողոքում ենք, որ վատ երաժշտության պահանջարկն է շատացել: «Եթե երեխաները մեծանան օրորների ելևէջների ներքո, օրորը դառնա մեխած արժեք նրանց համար, վատ երաժշտության պահանջարկ չի ձևավորվի»,- նկատում է Սիրարփին:

Հետո մեջբերում է իր սիրելի երգչուհիներից մեկի՝ Ջոնի Միտչելի խոսքը, որ եթե կանայք դադարում են երգել խոհանոցում, ուրեմն, այդ ազգն անառողջ է:

Օրորների նախագիծը լինելու է շարունակական: Մինչ գարուն կզբաղվեն բանահավաքությամբ, ասում է՝ այդ նախագծով հետաքրքրվողները կարող են ձայնագրել և իրենց ուղարկել օրորներ: Որոշակի քանակությամբ երգեր հավաքելուց հետո դրանք կձայնագրեն իրենց կատարմամբ` առանց երաժշտության (ակապելա): Սիրարփին համոզված է, որ օրորն այնքան պարզ պետք է լինի, որ բոլորը կարողանան երգել:

Լուսանկարը` Ս. Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ