HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ս.Պետրոսյան. «Անօրինականն օրինականացնելն անիմաստ է դարձնում քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը»

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ հարցազրույցը համայնքներում առկա քաղաքաշինական խառնաշփոթի, անկանոն կառուցապատումների եւ կառուցապատողին պարտադրվող անհիմն պահանջների մասին է: 

- Ինչպե՞ս կգնահատեք համայնքներում քաղաքաշինական առկա վիճակը, քաղաքաշինական առումով ի՞նչ մարտահրավերներ կան համայնքներում:

- ՀՀ օրենսդրությամբ համայնքներում քաղաքաշինական քաղաքականություն իրականացնելու պարտավորությունը վերապահված է համայնքների ղեկավարներին` ավագանու հսկողության ներքո: Հայաստանում այսօր տարեկան մոտ 120 ճարտարապետ է ավարտում, այդ 120-ից 20-30-ը սովորում են պետպատվերով, որոնց պետությունը կրթում է, բայց չի օգտագործում իր քաղաքականությունն իրագործելու համար: Այսինքն՝ զուտ թվաքանակի առումով հնարավոր է բոլոր 915 համայնքներում ապահովել մասնագիտական գործունեություն: Սակայն, նույնիսկ Երեւանում, որտեղ կենտրոնացված է ինտելեկտուալ կարողություններ ունեցող բնակչության մեծ մասը, չկան բավարար չափով մասնագետներ, որոնք կարողանան լուծել Երեւան քաղաքի առջեւ ծառացած խնդիրները, էլ չեմ ասում մարզերի մասին: Սա երկար տարիների «աշխատանք է», ուղղակի վարկաբեկվել են քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը որպես կենսագործունեության ոլորտ, եւ պետությունն այսօր նույնիսկ չունի քաղաքաշինական հայեցակարգ: Խորհրդային տարիներին եւս եղել է այդ խնդիրը, բայց դրանով հանդերձ, հնարավոր է եղել ճարտարապետական մակարդակում իրականացնել այդ քաղաքականությունը, որովհետեւ մի կառուցապատող է եղել: Քաղաքաշինության նախարարությունն էլ դրանով չի զբաղվում կամ, եթե զբաղվում է՝ մենք արդյունքը չենք տեսնում:

- Բայց եղել են եւ կան ճարտարապետական ինսիտուտներ, որոնք իրականացրել են այդ քաղաքականությունը:

- Այո, բայց մոտեցումը քաղաքաշինական չի եղել: Նույնիսկ Թամանյանի ժամանակներից մոտեցումը քաղաքին շատ ճարտարապետական է եղել: Քաղաքաշինությունն այն է, որ պետք է լինեն իրավական եւ ոչ իրավական գործիքներ, որոնք մեզ համար ապահովեն որակյալ միջավայր: Այսօր այդ գործիքները չկան, այսօրվա գործիքը հետեւյալն է` 10 ճարտարապետ հավաքվում են ինչ-որ խորհրդում եւ որոշում են, թե որտեղ ինչ որ բան կարելի է կամ չի կարելի կառուցել, բայց դա քաղաքականություն չի: Քաղաքականությունը թղթի վրա ձեւակերպված իրավական կարգավիճակ ունեցող մտքերն են, որոնք քայլ առ քայլ ծառայեցվում են ինչ որ նպատակի:

- Համայնքներին քաղաքաշինական ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ եւ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք համայնքների համար  քաղաքաշինությունը կանոնակարգելու առումով:

- Խորհրդային տարիներին գլխավոր հատակագծին հաջորդել  է մանրամասն հատակագծման նախագիծ կոչված փաստաթուղթը, որով իրականացվել են հիմնական կառուցապատումները: Անկախության շրջանում ավելացվեց գոտիավորման փաստաթուղթը, որը թերեւս աշխարհում հնարված ամենաարդյունավետ գործիքն է: Սա այն փաստաթուղթն է, որով յուրաքանչյուր անշարժ գույքի սեփականատեր գիտի, թե իր տարածքում ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել: Խորհրդային տարիներին դրա անհրաժեշտությունը չկար, որովհետեւ սեփականատերը չկար, հիմա կա սեփականատերերի հարցը, եւ պետության խնդիրն է բազմաթիվ սեփականատերերի կարիքներն ու իրավունքները համադրելը: Իրականում դա չի արվում է, այն թողնվում է քաղաքացի-քաղաքացի իրավահարաբերության շրջանակում: Դա հանգեցնում է նրան, որ եթե հարեւանը մտնում է քո սեփական տարածք` կարող ես Կադաստրին կանչել, եւ նա ասի, որ սահմանդ այստեղ է, իսկ եթե դու այստեղ կառուցել ես 3 հարկանի շենք, երաշխիք չկա, որ կողքը չի կառուցվելու 18 հարկանի շենք: Երեւանում դա կախված է մեկ անձից` քաղաքապետից կամ՝ համայնքի ղեկավարից, ով ունի մասնագիտական կարողություններ կամ չունի: Գոտիավորման սխեման նաեւ պետք է հասանելի լինի հանրությանը, եւ եթե դու գնում ես մի տարածք, պետք է իմանաս դրա համար նախատեսված մաքսիմումը եւ մինիմումը: Երեւանում, Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ժամանակ, եթե չեմ սխալվում 2007թ·-ին, հսկայական գումարներ են ծախսվել Երեւանի այն ժամանակ՝ թաղերի, ներկայի վարչական շրջանների գոտիավորման նախագծերը  մշակելու համար, որոնցից մեկին ես մասնակցել եմ: Այդ փաստաթղթերը փակ են, չնայած օրենքով բաց պետք է լինեն: Ես վախ ունեմ, որ դրանք բացելն էլ աղետալի կարող է լինել, որովհետեւ դեռեւս իրավական փաստաթղթեր չեն դարձել: Դրանք Խորհրդային տարիների վարչահրամայական հոգեբանությամբ մշակված քաղաքաշինական փաստաթղթեր են: Պետությունը կամ համայնքը, երբ ունի զարգացման կոնկրետ ծրագիր՝ հղում է կատարում այդ փաստաթղթերին եւ իրականացնում է իր շինությունը, բայց երբ խոսք է գնում այն մասին, թե այդ շենքի աղբը որտեղ պետք է թափվի` հարցը չի լուծվում, քանի որ չկան այդ փաստաթղթերը:

-Այսինքն՝ փաստաթղթերը չեն հրապարակվում, որպեսզի անհամապատասխանությունների հարցը չբարձրացնի՞ որեւէ մեկը:

-Բնականաբար, եթե կա շատ ինֆորմացիա, եւ այդ ինֆորմացիան անձնական հետաքրքրության շրջանակում օգտագործելը կախված է չինովնիկից՝ այն ակամայից վեր է ածվում մի շատ կարեւոր գործիքի: Ամբողջ տրամաբանությունը պետք է փոխվի, մենք պետք է ունենանք մի քաղաքաշինական փաստաթուղթ, որը յուրաքանչյուր համայնքի համար լինի հայեցակարգ եւ յուրաքանչյուր համայնքի ղեկավարի սահմանադրությունը: Մենք դա չենք անում, երբեմն՝ մտածված, երբեմն՝ ուղղակի չգիտակցելով, չկարեւորելով այդ գործիքի կարեւորությունն ու անհրաժեշտությունը:

- Համայնքներում մարզպետարաններն ամեն տարի վարչական հսկողություն են իրականացնում եւ քաղաքաշինության ոլորտի համար մշտապես արձանագրվում են հետեւյալ խախտումները. համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզ չի վարվել, համայնքը քաղաքաշինական կանոնադրություն չունի, հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաները չեն կազմվել, գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված  սխեման չի կազմվել եւ ալն: Նշված խախտումների հետեւանքներն ինչպիսի՞ն կարող են լինել համայնքների համար:

- Այստեղ կրկին ընկալման խնդիր կա, այն պահանջները, որոնք իրավական ակտերով դրված են գլխավոր հատակագծի պահանջների մեջ՝ անհեթեթ են որոշ դեպքերում: Հայաստանը, նույնիսկ մեծ ցանկության, անսահման գումարներ ունենալու դեպքում, չի կարող 915 համայնքի համար այնպիսի փաստաթուղթ ունենալ, որը կարողանա համակարգել բոլորին այնպես, ինչպես այսօր օրենքն է պահանջում: Էլ չեմ ասում, որ 2016թ·-ի հունվարի 1-ից այլեւս որեւէ շինթույլտվություն չի տրվելու այն համայնքներում, որոնք չունեն քաղաքաշինական փաստաթղթեր: Մեր համայնքներից մոտ 72-ը հազիվ էլ ունենան այդ փաստաթղթերը: Դրա համար, եթե մենք մոռանում ենք գլխավոր հատակագծի կարեւորությունը եւ շեշտադրում ենք գոտիավորման նախագիծը, որն իր բնույթով կարող է մոտիկ լինել ընթացիկ քաղաքաշինական քարտեզին, ապա դրանով խնդիրները լուծվում են: Փոքր գյուղերը, որոնք պահպանության խնդիր ունեն, ֆինանսական հնարավորություններ չեն ունենա, որ կարողանան գլխավոր հատակագիծ պատվիրել, էլ չեմ ասում, որ կարող է 10 գյուղի համար լինի տարածական պլանավորման ինչ որ հատակագիծ կամ ուրվագիծ, որով տրվի նմանատիպ գյուղերի զարգացման մեզ անհրաժեշտ տեսլականը: Եթե ցանկություն կա բարդ տերմինոլոգիայով փաստաթղթերը դարձնել մատչելի, դարձնել իրավական, որպեսզի այն ընկալելի լինի ցանկացած գյուղապետի համար՝ անկախ իր մասնագիտական կարողություններից, ապա թող բարեփոխեն եւ քաղաքաշինական լեզուն դարձնեն մատչելի: Այսօր մեր ունեցած փաստաթղթերին տվել են իրավական փաստաթղթի կարգավիճակ, բայց դրանք չեն թարգմանել իրավական լեզվով, որպեսզի հասկանալի լինի: Ընդհանրապես պարտադիր չէ, որ քաղաքներում կամ գյուղական համայնքներում ճարտարապետներ լինեն, եթե մենք ունենանք գրագետ քաղաքաշինական իրավական փաստաթղթեր, ապա այդ պաշտոններում կարող են իրավաբաններ լինել: Բայց այստեղ կա մասնագիտական հանրույթի քմահաճությունը՝ այսքանը մենք ենք հասկանում, սա դուք չեք հասկանում:

-Ի՞նչ է պետք կարծրատիպերից ձերբազատվելու համար:

-Բազմաթիվ ճարտարապետական խնդիրներ կան, որոնք պետք է առանձնացնել քաղաքաշինությունից եւ դրանով թեթեւացնել քաղաքաշինության խնդիրները: Խորհրդային տարիներին մարզային քաղաքներն ու գյուղերն այնպիսի վիճակի են հասցվել, որ պետք է մոռանանք քաղաքաշինական խիստ վերահսկողության մասին: Մի կարեւոր բան էլ կա, Հայաստանը չնայած ստորագրել է Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիան, որն այսօր համաշխարհային մակարդակով համարվում է քաղաքաշինության ամենակարեւոր փաստաթղթերից մեկը, սակայն այդ քաղաքականությունը ընթանում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Մի անդուր փաստաթուղթ կա՝ տիպային տների հասկացությունը, որ մշակել է քաղաքաշինության նախարարությունը: Ասում է՝ այդ տնից որտեղ ուզում ես՝ կարող ես կառուցել առանց նախագծի համաձայնեցման: Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր ինքնատիպությունը եւ պատկերացրեք Գորիսում մի տուն, որ կառուցված լինի Անիի տուֆով: Մենք ունենք համաձայնություն, որ Գորիսը մեր ամենալավ պահպանված քաղաքներից մեկն է, դրա համար մշակույթի նախարարությունը երկու տարի առաջ որոշեց Գորիսը դարձնել մշակութային քաղաք, հետո դա մոռացվեց: Հիմա քաղաքաշինության նախարարութունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ Գորիսում «Խելացի քաղաքներ» ծրագիրն է իրականացնում: Դրանք էկոլոգիական կանաչ ճարտարապետության ուղղությունը վերցրած քաղաքներն են, որոնցում օգտագործում են բարձր տեխնոլոգիական լուծումները՝ կայուն զարգացում ապահովելու համար: Այն իր էությամբ սկզբունքային անհամաձայնություն ունի մշակութային քաղաքի հետ: Այսինքն՝ երկու տարվա ընթացքում, երկու հակադիր ուղղությամբ կայացված որոշումներ նույն կառավարության մակարդակով: Նույնն է Դիլիջանի օրինակը· Դիլիջանի գլխավոր հատակագիծը մշակվել է 2007-ին եւ հաստատվել է 2008-ին, հետո որոշվում է Դիլիջանը դարձնել գլխավոր ֆինանսական կենտրոն, երբ դրա մասին մեկ բառ անգամ չկար գլխավոր հատակագծում:   

-Բնակչությունը վարչական պատասխանատվության է ենթարկվում ապօրինի շինարարություն իրականացնելու համար, շատ հաճախ չիմանալով, որ իր գործողություններն անօրինական են: Ընդ որում՝ նման որոշումներ կայացնում են անգամ այն համայնքների ղեկավարները, որոնք քաղաքաշինական ոչ մի փաստաթուղթ չունեն, անգամ կանոնադրություն, հետեւաբար, դժվար է ասել, թե ինչու նրա թույլտվությամբ բանուկ ճանապարհին կառուցված շինությունն օրինական է, իսկ մյուսի մայթեզրին կամ սեփական հողատարածքում կառուցածն` անօրինական: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը:

Մենք կամ՝ պետք է ունենաք քաղաքաշինական կառավարում, որպեսզի ինչ որ ձեւով վերահսկենք այս գործընթացը կամ՝ չունենանք: Կան պետություններ, տարածաշրջաններ, քաղաքներ, որոնք չեն վերահսկում ոլորտը եւ ով ինչ ուզում՝ անում է, բայց մեր օրենսդրությունը պահանջում է, որ համայնքի ղեկավարը շինարարության թույլտվությունը տա կամ համաձայնեցնի ինչ որ նախագիծ, իսկ համայնքի ղեկավարը չունի այդ հիմքը, որի հիման վրա որոշի՝ թույլ տա, թե՞ չտա: Դիմում ես նրան, նա էլ իր հայեցողությամբ, անձնական պատկերացումներով է որոշում կայացնում: Անհասկանալի իրավիճակի մեջ ես ընկնում եւ հետո նա իրավունք ունի քեզ տուգանելու անօրինականության համար:

Անօրինական օրինականություններ կան, որոնք մեր երկրում ուղղակիորեն հարվածում են քաղաքաշինությանը: Դրանցից մեկն ինքնակամ շինարարության օրինականացումն է, մյուսը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջը: Այս երկու գործընթացները, որոնք իրավունք են տալիս  օրինականացնելու անօրինականը, անիմաստ են դարձնում քաղաքաշինական փաստաթուղթ մշակելը: Ցանկացած բան, եթե կարելի է անել առանց թույլտվության, ապա ինչու պետք է դա անել օրինական, հատկապես, երբ օրինական ճանապարհն այդքան բարդ ու խրթին է: Պետական կամ հանրային կառավարման դեպքում, երբ չկան քաղաքաշինական փաստաթղթեր, եւ ինչ որ մեկը, անհասկանալի հիմնավորումներով, կամայականորեն կարող է թույլատրել կամ չթույլատրել ինչ որ գործողություն, ապա դա քաղաքացուն դրդում է ընտրել ամենակարճ ու հասկանալի ճանապարհը՝ ինքնակամ կառուցել, ապա դիմել օրինականացման։ Ցանկացած եվրոպական քաղաքի կայքը կարող եք բացել եւ տեսնել, թե քաղաքացին ինքն իր հողամասում ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել: Այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, թե ինքն ինչ կարող է անել եւ ինչ չի կարող անել: Այն դեպքում, երբ հնարավոր է գոտեւորման պարզեցված նախագծեր եւ տիպային քաղաքաշինական կանոնադրություն մշակել եւ առաջարկել բոլորին ընդունել դրանք։ Դա քաղաքաշինության նախարարության մակարդակով պետք է դիտարկվի, պետք է ստեղծել ստանդարտ, միջինացված վերջնական կանոնադրության օրինակներ եւ ճարտարապետահատակագծային առաջադրանք հասկացությունն ընդհանրապես հանել շրջանառությունից:

-Համայնքներում աճուրդներ են իրականացվում` վաճառելով ցանկացած հողատարածք, որը պահանջարկ ունի: Անտեսվում է համայնքի հեռանկարային զարգացումը, նոր սերնդի պատկերացումներն ու պահանջները: Ո՞րը կարող է լինել այս հարցի լուծումը:

-Գիտեմ, որ հենց այդ մտահոգությունն ունենալով Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի փոփոխության ժամանակ մտավ հետեւյալ դրույթը, որ եթե համայնքը հողերի օտարումներից գումարներ է ունենում, դրանք առաջնահերթ պետք է ուղղվեն տարածական փաստաթղթերի մշակմանը, որպեսզի այսուհետ այդ փաստաթղթով առաջնորդվեն: Գյուղերում, որոնք չունեն հնարավորություններ, քաղաքաշինական փաստաթղթերի պատշաճ կիրառում պահանջելն անիմաստ է: Դրա լուծումներից մեկը կարող է լինել՝ փոքր համայնքների համար՝ գոտիավորման փաստաթղթերի պահանջների մշակումը, եւ փնջերի կամ մեծ միավորումների համար մշակել տարածական պլանավորման փաստաթղթեր, որը կարող է բոլոր խնդիրները լուծել: 2016թ·-ին բոլոր համայնքները պետք է ունենան տարածական պլանավորման փաստաթղթեր:

Մանրուք կարող է թվալ, սակայն դատարաններում քրեական գործեր են քննվում անգամ այգիներում զուգարանահորեր փորելու, անասնագոմ կառուցելու համար ծեծկռտուքների վերաբերյալ, քանի որ դրանք չեն լուծվում օրենքի շրջանակներում: Մարդիկ պատժվում են իբրեւ հանցագործներ, սակայն խնդիրը դարձյալ չի լուծվում:

-Գոտիավորման նախագծերը կամ տեղական մակարդակով քաղաքաշինական փաստաթղթերը կարող են այդ հարցերին պատասխանել ակախ նրանից՝ հողամասը քոնն է, թե քոնը չէ: Չափանիշներ կարող են սահմանվել՝ գյուղական համայնքներում գոմը տան պատուհանից այսքան հեռավորության վրա պետք է լինի եւ այլն:  Հարեւանը, եթե զուգարանը այդ պահանջներին չի կարողանում համապատասխանեցնել՝ ուրեմն չպետք է կառուցի եւ վերջ: 1989 թ·-ից այդ 72 համայնքների հատակագծերը մշակում էին սովետական նորմերի հիման վրա եւ այնքան քննադատեցինք, որ հոկտեմբերին նախարարի հրամանով նոր նորմեր սահմանվեցին, որոնք նախկինից էականորեն չեն տարբերվում, բայց տեսականորեն փորձ արվեց ազգային մակարդակով այդ հարցերին պատասխանելու: Չգիտեմ, գոմի հարցին այնտեղ անդրադարձ եղե՞լ է, թե՝ ոչ: Կան հարցեր, որոնք տեղային մակարդակում չեն լուծվում, բայց համայնքի ղեկավարն ասում է՝ լավ, ես սա անում եմ տեղական մակարդակով: Բայց մեր պետության ներկայացուցիչները շատ հաճախ իրենց պատկերացնում են հրամայողի դերում եւ չեն գիտակցում, որ իրենք քաղաքացիների միջեւ հարաբերությունների համակարգողն են:

-Ո՞րն է այն հիմնական փաստաթուղթը, որն ամենակիրառելին պետք է լինի համայնքների ղեկավարների համար` քաղաքաշիության ոլորտի խնդիրները կարգավորելիս:

-Մենք պետք է ստեղծենք քաղաքաշինական փաստաթղթի ձեւաչափ, որով ցանկացած մարդ իր թույլատրելի մինիմումն ու մաքսիմումը իմանա: Մինչեւ դա չլինի՝ մենք կունենանք զուգարան տեղադրելու համար իրար ծեծող հարեւաններ, բիզնեսում (Doing Business) շինթույլտվության համար ամենացածր ռեյտինգը կապահովենք, չենք ունենա անշարժ գույքի զարգացող շուկա, հույսներս չենք դնի պետական սեփականություն հանդիսացող հողերի փոշիացման վրա, չենք կարող այլ միջոցներով հասույթ ունենալ եւ նույն տրամաբանությամբ, քաղաքականության չունենալու արդյունքում, անընդհատ կորցնելու ենք առանց այդ էլ սակավահող գյուղնշանակության հողերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter