HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական ռուբլին` հայկական մարզերում

ՎՏԲ բանկի Ալավերդու մասնաճյուղում այսօր ռուսական մեկ ռուբլու փոխարժեքը 8 դրամ 4 լումա էր: Ժամը 12:00-ի սահմաններում դոլարի վաճառքի փոխարժեքը մասնաճյուղում 445 դրամից բարձրացավ 449 դրամի: Դոլարի առքը 443 դրամ էր: Բանկի մասնաճյուղի կառավարիչ Ա. Արսենյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Բանկ ելումուտ անողների մեջ հատկապես առանձնանում էին Ռուսաստանում աշխատող հարազատներից ուղարկած ռուսական ռուբլու ճակատագրով խուճապահար մարդիկ:

 «Էս քանի վախտը երեխեն Ռուսաստանից մի քանի ռուբլի է ուղարկել, կորչում ա փաստորեն, կուրսը լավը չի` 8 դրամ 30 լումա է: Չփոխեցի, դե տենանք հլա ինչ է լինում: Երեխեն Նոր տարվա համար է ուղարկել: Էնա գնում են Ռուսաստան բանում են էրեխեքը, երկու կոպեկ են ուղարկում: Ընտանիքս 8 անձ է, ուղարկածով ենք յոլա գնում»,- բանկում ասաց օձնեցի Մարտուն Հովասափյանը:

«Արդշինինվեստբանկի» Ալավերդու մասնաճյուղում ռուսական ռուբլու առքը 8,8  դրամ էր, վաճառքը սահմանված էր 9,0 դրամ: Արդշինինվեստբանկի Ալավերդու  մասնաճյուղի  կառավարիչ Մ. Մխիթարյանը  նույնպես հրաժարվեց  մեր հարցերին պատասխանել, սակայն  նշեց, որ  արտարժույթային  ստեղծված աժիոտաժից արդեն մեծ վնասներ են կրում սոցիալապես անապահով մարդիկ: Այստեղ  մեծ չափերով դոլարի գնումներ են սկսվել: «Մարդիկ իմացել են, որ դոլարի արժույթը  հնարավոր է բարձրանա մինչև 600 դրամի: Վերջին օրերին բանկը  445 դրամ արժույթով սահմանել է մինչև 1000 դոլարի վաճառք: Դրանից  ավելիի վաճառքը թույլատրում է պայմանագրային կարգով»,- ասացին բանկում:

«Էկոնոմբանկի» Ալավերդու մասնաճյուղում այսօր ռուսական մեկ ռուբլու փոխարժեքի առքը կազմում է 8 դրամ 25 լումա, իսկ վաճառքը` 8 դրամ 50 լումա էր: Բանկից դուրս եկող Մարգո Պողոսյանը ռուսական ռուբլու փոխարժեքից սրտնեղած էր: «Չէ, չեմ փոխանակի»,- ասաց նա և արագ հեռացավ բանկից:

Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար հարզատները ալավերդցի Վերա Մելքումյանին բանկային փոխանցումներ էին ուղարկել: Մեր զրույցից հասկացանք ,որ նա ուղարկած գումարի փոխարժեքով չի կարող հասնել հարազատներին: Երեկվանից Վերան շրջում էր  քաղաքի բանկերի մասնաճյուղերում: «Վաղը կգնամ Վանաձոր, էնտեղ կտեսնեմ , եթե կուրսը մի քիչ բարձր լինի, կփոխեմ, եթե չէ, էտա մի բան տեմ անիլ, էլի»,- ասաց Վերան:

Ամալյա Իսոյանը ամուսնու ուղարկած ռուսական ռուբլուց ամեն օր 1000 ռուբլի է փոխանակում դրամի հետ. «Ուղղակի ափսոսում եմ, որ միանգամից փոխեմ: Մինչև ռուբլու արժեզրումը 1000 ռուբլին փոխանակել եմ 13 հազար դրամով, իսկ հիմա 8000, 8500, պատահել է նաև 7 հազար 900 դրամով էլ եմ փոխել: Երեկ 1000 ռուբլին փոխանակել եմ 8500 դրամով` Արդշինինվեստբանկում»,- ասաց Ամալյան:

Մեծ Այրում գյուղի բնակիչ Հմայակ Դիվանյանը 5 ամիս է աշխատել Ռուսաստանում,սակայն ռուբլու արժեզրկումից հետո վերադարձել է տուն. «Ռուբլու կուրսն ընկած է, ինչիս ա: Չէ, էլ չեմ գնա Ռուսաստանում աշխատելու»,- դժգոհեց Հմայակը, ով նույնպես բանկից բանկ էր վազում ռուբլին դրամի հետ հարմար փոխանակում կատարելու համար:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» Ալավերդու մասնաճյուղի կառավարիչ Արտյոմ Կարապետյանն ասաց, որ ռուսական մեկ ռուբլին երեկ բանկում փոխանակվել է 7 դրամ 97 լումայով, վաճառքը կատարվել է 8 դրամ 50 լումայով: Այսօր բանկի ռուսական մեկ ռուբլու առքը 8 դրամ 25 լումա էր, վաճառքը 8 դրամ 50 լումա: Արտյոմ Կարապետյանի խոսքերով վերջին 10 օրերին արտայժույթի կուրսը անընդհատ փոփոխվում է:

«10 օր առաջ համարյա նույնն է եղել: Ռուբլու փոխարժեքը դրամի հետ 12 դրամից ավելին էլ է  եղել:  Նոյեմբերի 23-ին կենտրոնական բանկի հաշվարկային կուրսը եղել է 9 դրամ, 13 լումա: Նոյեմբերի 24-ին  դարձել է 9 դրամ 70 լումա: Նոյեմբերի 29-ին իջել է 9 դրամ, 58 լումա: Նոյեմբերի 26-ին նորից իջել է 9դրամ, 27 լումա: Այսպես անընդհատ բարձրացել, իջել է: Դեկտեմբերի 2-ի կենտրոնական բանկի հայտարարած հաշվարկային փոխարժեքը եղել է 8 դրամ 49 լումա: Հիմա, թե վաղը ինչ կլինի. մենք չենք կարող կանխագուշակել»,- հայտնեց Արտյոմ Կարապետյանը: 

Ալավերդցի երիտասարդ տնտեսագետ Լևոն Իսոյանի կարծիքով արտաժույթների փոխարժեքի անկումը անպայման կազդի ժողովրդի սոցիալական վիճակի վրա: «Մեր տնտեսության կախվածությունը դրսից շատ մեծ է, դրան էլ հետևում է այս վիճակը: Հայաստանում ներկրումը և արտահանումը կենտրոնացված են մի քանի մարդկանց ձեռքում, դրա համար էլ էս վիճակում ենք»,- ասաց Լևոնը:

Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասաց, որ մեր հարցին կպատասխանի ոչ թե որպես քաղաքապետ, այլ որպես քաղաքացի. «Ցանկացած տնտեսություն, այդ թվում` նաև մեր հանրապետության տնտեսությունը և դրա մեջ նաև մեր քաղաքի տնտեսավարող սուբյեկտները, ինչ-որ տեղ տուժում են, ռուսական ռուբլու փոխարժեքի  տատանումները  նաև որոշակի սոցիալական խնդիրներ է առաջացնում բնակչության մոտ: Հույս ունենանք նոյեմբերի 2-ի կենտրոնական բանկի հայտարարությունը , առ այն , որ տատանումները ժամանակավոր բնույթ են կրում, կարճ ժամանակում կարգավորվելու է»,- հուսադրեց քաղաքապետը:

«Իրականում անկայունության պատճառը անարդարությունն է: Անարդար երկրում գները վայրիվերումներ կունենան: Փոխարժեքի կայունացումը կենտրոնական բանկի ձեռքին է: Բանկը կարող է էդ դոլար բաց թողնել շուկա, գները կպահի: Բայց պղտոր ջրում ձուկ են բռնում: Սա էլ բանկի մոնոպոլիան է: Իրենք ուզում են կայունանա, ու չե՞ն կայունացնում: Չեն ուզում, չեն կայունացնում»,- բացատրեց ալավերդցի մեկ այլ տնտեսագետ, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

Դոլարի արտարժույթի բարձրացման արդյունքում Ալավերդու մթերային խանութներում արդեն բարձրացել են շաքարավազի, ալյուրի, հավի մսի և դոլարով ներկրվող մյուս մթերքների գները: «Կատա» սուպեր մարկետի տնօրեն Արթուր Խառատյանը, սակայն, այսօր մեզ հայտնեց, որ «Կատայում» ընդամենը 10 դրամով թանկացել է կաթնամթերքը և «Գրանդ Քենդիի» կոնֆետեղենը:

«Հաշվի առնելով, որ շաքարավազն այս սեզոնին լայն սպառում չունի, մենք շաքարավազը չենք թանկացրել»,- ասաց «Կատայի» տնօրենը: «Նոր ապրանքներ չենք ստացել, այդ պատճառով էլ թանկացումներ չենք կատարել: Երբ կբերեն, կթանկացնենք: Բացի այդ, էս թանկացումներին այնքան էլ չեմ հավատում, իսկ շեշտակի տատանումներին չեմ արձագանքու»,- հայտնեց «Արգե սերվիզ» ՍՊԸ-ի տնօրեն Ֆրունզիկ Թանդիլյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter