HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Րաֆֆի Հովհաննիսյանը գյումրեցիներին հրավիրում է քաղաքացիական ժողովի

Դեկտեմբերի 6-ին Գյումրու Թատերական հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրելու է քաղաքացիական ժողով: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եկել է իրազեկման նպատակով, պատրաստ է նաեւ պատասխանելու լրագրողների հարցերին:

«Ամսի 5-ին քաղաքացիական ժողով է իմ կողմից հրավիրվել Երեւանում, շաբաթ օրը ժամը 13-ին կլինենք Վանաձորում եւ նույն օրը ժամը 17-ին Գյումրիում: Բոլորին սիրով հրավիրում եմ հրապարակ՝ առանց փողի, առանց ավտոբուսների»,-շեշտեց «Ժառանգության» առաջնորդը:

Հարցին, թե արդյոք սա էլ հերթական մի հավաք չէ, եւ կլսե՞ն որեւէ նոր բան մարդիկ, ովքեր կընդունեն այդ հրավերն ու կհավաքվեն հրապարակում, Րաֆֆի Հովհանիսյանը պատասխանեց. «Աստծո տված նոր օրը նոր խոսք է տալիս ու հնարավոր է, որ այն լինի հնի կրկնությունը, սակայն գյումրեցին, շիրակցին իրավունք ունի տեղեկանալու, թե ուր ենք հասել մեր պայքարում»:

Նա ասաց, որ իրեն համարում է հաղթած թեկնածու, եւ թեպետ մարդիկ շատ ավելին էին սպասում իրենից, սակայն ինքը չցանկացավ մարդկանց տանել արյունահեղության: «Չկա մարգարե, չկա թագավոր, որ կգա ու մեզ կփրկի, մենք ինքներս պիտի դա անենք,- նկատեց բանախոսը,-անցյալ տարի կոչ արեցինք միացյալ հրապարակի, որ հոկտեմբեր ամսին կայացավ, հուսով եմ քաղաքացիական ժողովի իմ այս կոչն էլ կկայանա: Մեզ միասնական հարթակ է պետք: Հույս ունենք, որ քաղաքական մեր գործընկեր կուսակցությունները, ազատ քաղաքացիները ներկա կլինեն եւ իրենց խոսքը կասեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ եթե ընդիմադիր ուժերը կամք ցուցաբերեն, մի քանի ամսվա ընթացքում երկիրը կփոխվի: Նա տեղեկացրեց, որ դիմել է իր գործընկերներին հրապարակային հռչակագիր ստորագրելու առաջարկով, որ ի վերջո հստակեցվի, թե որն է այս շարժման անունը, նպատակը եւ գործողությունների ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter