HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մայրաքաղաքում վթարները վերացնելու ընդունված ձեւը փայտե խցաններն են

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բնակշահագործման բաժինը, «Նոր Նորք 1/5»  համատիրության նախագահը երկու շաբաթ առաջ hամատեղ ուժերով Նանսենի 17 շենքում ջրի կորուստներ հայտնաբերեցին: «Երեւան Ջուր» ընկերության սարքավորումերը մատնանշել էին բազմաբնակարան շենքի առաջին հարկում գտնվող խանութի եւ ատամնաբուժարանի որոշ հատվածներ, որտեղ սալահատակները քանդելուց հետո հայտնաբերել են խմելաջրի խողովակի վթարված հատվածներ: Փորձ է արվել զոդելու միջոցով կանխել ջրի արտահոսքը, սակայն փտած խողովակները զոդելն անհնար է եղել: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները փայտե խցանով կանխել են ջրի արտահոսքը ու հեռացել:


«Մինչեւ ջրամատակարարման ներքին ցանցի սպասարկմամբ զբաղվող մարմինների կողմից նշված ջրագծի վերակառուցման աշխատանքների իրականացումը, վարչական շրջանի ղեկավարության միջնորդությամբ ժամանակավորապես հնարավորինս վերացվել են առկա արտահոսքերը»,- պատասխանում են մեզ «Երեւան Ջուր» ընկերությունից:

Այս շենքում բոլոր տեսակի վթարները «վերացվում» են փայտե խցանով: Ավելի քան երեք տարի է շենք մուտք գործող գազատար խողովակի վթարը դարձյալ «վերացրել» են փայտե խցանով: Արդեն պետք է հասկանալ, որ անկախ վթարների չափերից ու վտանգավորության աստիճանից, անկախ սպասարկման համար վճարվող գումարներից, սպասարկում իրականացնող ընկերությունների հնարավորություններից ու հեղինակությունից` «Երեւան Ջուր» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, Երեւանի քաղաքապետարան եւ այլն, 21-րդ դարի մայրաքաղաքում վթարները վերացնելու ընդունված ձեւը փայտե խցաններն են:

Բազմահարկ բնակելի շենքի տարածքի սեփականատերերը սպասելիք չունեն, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բնակշահագործման բաժինը եւ «Նոր Նորք 1/5»  համատիրությունը պետք է վերացնեն վթարը կամ կարգի բերեն իրենց քանդած հատվածները: Իսկ փայտե խցաններն ամեն պահի կարող են դուրս գալ խողովակից: Նրանք բնակչությանը զգուշացրել են, որ Ամանորի տոներին բացակայելու են քաղաքից, եւ իրենց տարածքները հնարավոր հեղեղումներից ապահովելու համար փակելու են շենքին ջուր մատակարարող փականները:

«Երեւան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ իրենց սպասարկման տարածքից դուրս գտնվող,  Նոր Նորք 1-ին զանգված, Նանսենի փողոցի թիվ 17 շենքի ջրամատակարարման ներքին օղակային ցանցի խողովակները գտնվում են չափազանց անմխիթար վիճակում եւ ենթակա են փոխարինման: «Մինչեւ ջրամատակարարման ներքին ցանցի սպասարկմամբ զբաղվող մարմինների կողմից նշված ջրագծի վերակառուցման աշխատանքների իրականացումը վարչական շրջանի ղեկավարության միջնորդությամբ  ժամանակավորապես հնարավորինս վերացվել են առկա արտահոսքերը»,- հայտնում են ընկերությունից: 

«Երեւան Ջուր»-ը տեղեկացնում է նաեւ, որ իրենք աշխատանքները կատարել են օգնության կարգով, ուստի բոլոր խնդիրներով պետք է դիմել շենքի ինքնակառավարման մարմիններին:

Անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ «շենքի ինքնակառավարման մարմինները» ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ, այլեւ իրենց պատասխանատու չեն համարում այդ հարցում: Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բնակշահագործման բաժնի պետ Հրայր Սարգսյանն ասում է, որ իրենք պետք է ապահովեին սեփականատերերի տարածքում ստուգում իրականացնելը եւ ապահովել են՝ բացել են փակ տարածքը, որպեսզի նրանք աշխատանքները կատարեն: «Շենքում մեծ ջրակորուստ է եղել, ստուգել են ու պարզել, որ խմելաջրի ցանցը փտած է: Խողովակները պետք է փոխվեն, դրանով պետք է զբաղվի համատիրությունը, սեփականատերերի ժողով պետք է հրավիրի եւ նրանց հետ քննարկի հարցը»,- բացատրում է Հրայր Սարգսյանը:

Նանսենի 17 շենքի կառավարումը ստանձնած «Նոր Նորք 1/5»  համատիրության տնօրեն Ֆլորա Քեշիշյանն ասում է, որ իրենից խնդրել են ապահովել տարածքը քանդելու աշխատանքը, ինքն արագ շենքի բնակիչներից գումար է հավաքել, բանվոր է գտել, վարձատրել է նրան, որ մատնանշված տեղերում քանդի եւ խողովակները բացի: Մնացյալի հետ ինքը գործ չունի, բնակիչները թող գումար հավաքեն եւ խողովակը փոխեն:

Ջրի արտահոսքը վթարայնության վտանգ է ստեղծել բազմաբնակարան շենքի համար` կխարխլվեն շինության հիմքերը, իսկ փտած խողովակները համաճարակի սպառնալիք են բնակչության համար, քանի որ միմյանց զուգահեռ ընթացող կոյուղու եւ խմելաջրի վնասված հատվածներից ջրերի միախառնումը միանգամայն իրատեսական է: Դա գիտակցում են նաեւ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում եւ վարակի ներթափանցումը կանխելու համար ջրի ճնշումն են ավելացրել: «Ջրամատակարարման այսօրվա համակարգի պայմաններում մենք ապահովագրված չենք, այսօր խողովակների վրա ավելի շատ անցք կա, քան երկաթ»,- մեկ այլ հրապարակման առիթով մեզ հայտնել էր «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը:

Ինչքան կպահպանվի այս վիճակը՝ նշված հիմնարկություններից ոչ ոք պատասխան չունի: Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ տնտեսության եւ բնակշահագործման բաժնի պետը մեզ ուղղորդում է` շենքի սեփականատերերը ժողով պետք է գումարեն, 132 բնակարան կա, թող գումար հավաքեն ու փոխեն խողովակը: Սակայն նշված հիմնարկություններից ոչ ոք, անգամ համատիրությունը չի ստանձնում բնակչությանն այդ մասին իրազեկելու, ժողով հրավիրելու պարտավորությունը: Եթե այն համոզմանն են, որ բնակիչները պետք է սեփական միջոցներով կատարեն աշխատանքը, գոնե վթարը վերացնելու հաշվարկ պետք է կատարվեր, նախահաշիվ կազմվեր բնակիչներին ներկայացնելու համար:

Բոլորին է հայտնի, որ համատիրություններում շենքերի սեփականատերերը սեփական ցանկությամբ չեն ընդգրկվել: Առավել եւս, համատիրությունների տնօրեններին շենքերի սեփականատերերը չեն ընտրել: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարում իրականացնող մարմինը՝ Երեւանի քաղաքապետարանը, բնակելի շենքերում ավելի քան 20 տարի կուտակված խնդիրները լուծելու պարտավորությունը վերապահել է համատիրություններին, սակայն մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել այդ կառույցների` որպես անկախ միավոր կայանալու եւ իրենց գործառույթներն իրականացնելու համար:

Այդուհանդերձ, բոլոր պատասխանատու իրավիճակներում ֆինանսական, մասնագիտական եւ բազմաթիվ այլ կարողությունների եւ լծակների տիրապետող հիշյալ կառույցները մի կողմ են քաշվում ու քաղաքացիներին մատնացույց անում համատիրություններին: Նույնն է, թե ինքներդ լուծեք ձեր խնդիրները, եթե կարող եք ինքնակազմակերպվել: Այդ դեպքում ինչո՞վ է արդարացված նշված բոլոր հիմնարկությունների գոյությունը, եթե նրանց կարողությունը սահմանափակվում է փայտե խցան տեղադրելով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter