HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թարգմանիչների ընկերակցության առաջարկները և պետական «լռությունը»

Հարցազրույց «Գրական առաջին գործակալության» հիմնադիր, «Հայ գրականության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ

«Հայ գրականության հիմնադրամը» թարգմանչական գործին նպաստող ակտիվ աշխատանքներ է տանում։ Խոսքը մասնավորապես «Գրական թարգմանիչների ընկերակցություն» ստեղծելու մասին է։

Այո, «Հայ գրականության հիմնադրամը» վերջերս նախաձեռնեց «Գրական թարգմանիչների ընկերակցության» ստեղծումը: Մենք շատ ենք կարևորում գրահրատարակչական ոլորտի զարգացումը, դա է մեր առաքելության մի մասը և կարևորագույն նպատակներից մեկը: Պատրաստակամ ենք աջակցել ընկերակցության գործունեությանը և արդեն պարտավորություն ենք ստանձնել պատրաստել և ընկերակցությանը տրամադրել վեբ կայք: Սակայն «Գրական թարգմանիչների ընկերակցությունը» կլինի առանձին կառույց, կղեկավարվի խորհրդի կողմից և կգործի իր կանոնադրության համաձայն։ Ընկերակցությունը գործող կառույց կդառնա և կծառայի գրական թարգմանիչների շահերի պաշտպանությանը՝ միայն ոլորտի մասնագետների ակտիվ ներգրավվածության պայմաններում։

Մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալությունը, որպես այդպիսին (ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից) համակարգում է պետության եւ գրահրատարակչական ոլորտի աշխատանքները։ Պետպատվերի շրջանակներում 2005թ-ից ներառվել է նաև թարգմանական գրականության ենթածրագրերը։ Համագործակցության եզրեր կա՞ն։ 

Մեր ուսումնասիրած երկրների փորձը ցույց է տալիս, որ նման կառույցները, ինչպիսին մեր հիմնադրամն է և «Գրական թարգմանիչների ընկերակցությունը», աջակցություն ստանում են պետության կողմից, քանի որ, այո, դա պետական քաղաքականության կարևոր մաս է: Թարգմանիչները կարևոր առաքելություն են իրականացնում՝ մեզ հասցնելով տարբեր երկրների գրականությունը և մշակույթը, իսկ դրա միջոցով հարստանում է մերը: Այլապես մենք հայտնվում ենք փակուղու մեջ, եփվում ենք մեր ճահճացած միջավայրում, որը չի սնուցվում ոչ մի արտաքին աղբյուրից:

Մեջբերեմ մշակույթի նախարարության կայքից հրատարակչական գործին վերաբերող պետական մշակութային քաղաքականության տեքստից մի հատված․«Թարգմանական ավանդույթները վերականգնելու և զարգացնելու, ինչպես նաև տարբեր երկրների թարգմանիչների և հրատարակիչների հետ համագործակցությունն ընդլայնելու իմաստով չափազանց արդյունավետ էր «Թարգմանությունը որպես մշակույթների փոխադարձ ներթափանցման ձգողական դաշտ» միջազգային ամենամյա համաժողովը»․․․ Բայց ես ինքս ոչ մի տեղեկատվություն չգտա նշված «չափազանց արդյունավետ» գիտաժողովի մասին:

Հիմնադրամի կատարած աշխատանքները որո՞նք են եղել մինչ այս ի նկատի ունեմ վերջիններս բավարա՞ր հիմք են պետական աջակցություն ստանալու համար։

Հայ գրականության հիմնադրամն ունի մեկ տարվա պատմություն, սակայն բավականին շատ իրականացված ծրագրեր այս կարճ ժամկետի համար: Մեր համագործակցությունը Եվրամիության «Գրքի հարթակ» ծրագրի շրջանակներում մեծ հնարավորություն է տվել ընդլայնել մեր կապերը միջազգային շուկայում։ Մենք հրավիրեցինք Հայաստան արտասահմանյան հրատարակիչների, կազմակերպեցինք 

«Թարգմանության միջոցով գրականության առաջախաղացման» թեմայով միջազգային սեմինար, երիտասարդ գրողների համար վարպետության դասեր, կատարվեց թարգամնություններ հայերեն, 1991-2013 բացառիկ ուսումնասիրությունը, մենք եւ ոլորտի մասնագետները մասնակցեցինք մի քանի հեղինակավոր գրական ցուցահանդեսների՝ Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Բոլոնիայում․․․ Ի դեպ, վերոնշյալ փաստաթղթում, որից նախորդ պատասխանի մեջ մեջբերում կատարեցի, ասվում է, որ Հայաստանը մասնակցում է մի շարք հեղինակավոր գրքի ցուցահանդեսների եւ նշում է, որպես այդպիսին, Մինսկը, Թեհրանը, եւ նույնիսկ Մոսկվան, որոնք, մեղմ ասած, ընդհանրապես այս ոլորտում միջազգային  որեւէ կարեւորություն չունեն։

Հիմնադրամն ունի՞ թարգմանչական համապատասխան ռեսուրսը։ Ովքե՞ր են ընկերակցության թարգմանիչները, ի՞նչպես են ընտրվում վերջիններս։

Եթե մենք առաջարկում ենք արտասահմանյան հրատարակիչներին հայ գրականության նմուշներ հրատարակել, ուրեմն պիտի նաեւ նրանց առաջարկենք հավանական թարգմանիչներ, քանի որ հայերենը տարածված լեզու չէ: Եվ մենք դա անում ենք, գտել ենք թարգամնիչներ, ովքեր կարող են թարգմանել նույնիսկ մակեդոներեն եւ դանիերեն։

Թարգմանիչների մի խումբ շատ հետաքրքրված էր ընկերակցությունը ստեղծելու գաղափարով․ ես տարբեր առիթներով զրուցել եմ իրենց հետ այդ մասին։ Այդ թարգմանիչներից են Գայանե Գինոյանը, Նաիրի Հախվերդին, Սամվել Մկրտչյանը եւ այլոք: Նախաձեռնեցինք առաջին հանդիպումը, տարածեցինք տեղեկավությունը մեր ցանկերով․ արձագանքեցին մոտ 10 թարգմանիչ, այդ թվում՝ Զավեն Բոյաջյանը, Կառլեն Մատինյանը, Գայանե Գինոյանը եւ այլոք: Ընկերացությունը բաց է բոլորի համար, ովքեր հետաքրքրված են: «Հայ գրականություն հիմնադրամում» բացի թարգմանիչներից, հրատարակիչներ, գրողներ կան։ Շուտով կկայանա հիմնադրամի խորհրդի տարեկան նիստը, որից հետո մենք կհրապարակենք խորհդի անդամների նոր համալրված ցանկը:

Այնուամենայնիվ, թարգմանվող գրականության համար բավականին ռեսուրսներ պահանջվում են։ Աջակցության եւ հնարավոր հետագա քայլերի համար ի՞նչ է ձեռնարկում հիմնադրամը։

Նշեմ, որ հիմնադրամը փորձում է համագործակցության եզրեր գտնել Մշակույթի նախարարության հետ: Մենք առաջարկել ենք զբաղվել Ցեղասպանությանը առնչվող գրականության իրենց հաստատած ցանկի տարածմամբ եւ արտասահմանյան հրատարակիչների հետ բանակցություններ վարելու գործում: Նոյեմբերի սկզբին ունեցած հանդիպման ընթացքում տիկին նախարարին ներկայացրի «Հայ գրականության հիմնադրամի» մեկ տարվա գործունեության հաշվետվությունը, եւ նա ի պատասխան ասաց, որ մենք ունեք այն, ինչ չունեն իրենք՝ կապեր արտասահմանյան հրատարակիչների հետ: Չնայած նրան, որ տիկին նախարարը շատ դրական արձագանքեց մեր ծրագրին եւ առաջարկներին,  այլ մակարդակներում քննարկումը փակուղի մտավ:

Հնարավոր չի լինում գտնել համագործակցության մոդել պետության եւ հասարակական կազմակերպության միջև, քանի որ գոյություն ունի պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես օրինակ Հրատարակչական գործի կենտրոնը եւ նախարության կայքում նշված «Գիրք» հիմնադրամը (այս հիմնադրամի եւ վերջինիս գործունեության մասին, ի դեպ էլի ոչ մի տեղեկատվություն չգտանք համացանցում), որոնք դրանով պիտի զբաղվեն: Սակայն ինչ-ինչ պատճառներով այս կառույցները չեն անում դա, համացանցում չկա ոչ մի տեղեկատվություն Ցեղասպանության վերոնշյալ ծրագրի հետ կապված, էլ չեմ ասում՝ անգլալեզու տեղեկատվություն: Ցավում եմ, որ մենք կարող ենք օգտակար լինել պետությանը մյուս տարվա առաջնայնություն հանդիսացող հարցի շուրջ եւ պատրաստակամ ենք անելու  դա, բայց այդ հնարավորությունը մեզ չի ընձեռնվում ինչ-որ տեխնիկական, համեմատաբար փոքր հարցերի պատճառով, որոնք վստահ ենք՝ ցանկության դեպքում նույնպես լուծելի են:

Այս առումով ուշանում է գործընթացը, իսկ ժամանակը մինչեւ ապրիլ, երբ պիտի գոնե մի քանի գիրք արդեն հրատարակված լինի, բավականին կարճ է։

Առանց պետական աջակցության հնարավոր տարբերակները որո՞նք են ընկերակցության աշխատանքները շարունակելու։

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ընկերակցության երկրորդ հանդիպումը, որի ընթացքում թեժ քննարկումներից հետո սահմանվեցին ընկերակցության տեսլականը, առաքելությունը եւ նպատակները: Սա առաջին քայլն էր ընկերակցության ստեղծման համար, որը հաստատեց նման կազմակերպության անհրաժեշտությունը եւ առաջնային նպատակները: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի վերջին, եւ օրակարգում կլինի ընկերակցության ղեկավար խորհրդի ընտրությունը, մոտակա գործունեության պլանավորումը եւ դերերի բաշխումը:

Ընկերակցությունը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ անկախ նրանից՝ կլինի պետական աջակցություն, թե ոչ: Կառույցի մասնակից թարգմանիչների համախմբվածությունը, իրենց աշխատանքի պայմանները եւ իրավական պաշտպանվածությունը ապահովելու ցանկությունը, որակյալ գրականությունը որակյալ թարգմանությամբ հայ ընթերցողին ներկայացնելու մասնագիտական ձգտումը բավականին լուրջ եւ կայուն նախապայմաններ են այս պահին։

Լուս՝ literature.am կայքից (լուսանկարում՝ «Գրական թարգմանիչների ընկերակցության» քննարկման ընթացքը)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter