HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարորդները սարսափով են հատում միջպետական ճանապարհի թունելը

Ալավերդի–Վանաձոր միջպետական ճանապարհի Ձորագետ–Փամբակ ճանապարհահատվածում գտնվող երեք թունելներն էլ անբարեկարգ են, սակայն նրանցից Շահալի երկաթուղային կայարանի հարևանությամբ  գտնվողը, որը կառուցվել է 1962թ., գրեթե փլուզման  շեմին է:

Թունելը մոտ 100 մետր հատում է հսկա ժայռը: Իր գոյության 54 տարիներին այն երբևէ չի վերանորոգվել, ինչի պատճառով էլ ներկայումս  երթևեկության  լուրջ վտանգներ է առաջացնում վարորդների համար:

Թունելի ներսում աստիճանահարթակներ դարձած ասֆալտի անորակ փոսանորոգումները բեռնատարները  հաղթահարում են մի կերպ: Լուծված չէ  ջրահեռացման խնդիրը, ինչի պատճառով անձրևներից առաջացած  լեռնային  ջրահոսքերը լցվում են թունել` առաջացնելով  փլուզման և քարաթափման  վտանգներ:

Այն նաև լուսավորված չէ: Թունելով հետիոտն երթևեկում են շրջակա գյուղերի բնակիչները, վերջիններիս անասունները, ինչպես նաև միջպետական ճանապարհով երթևեկող  ավտոմեքենաները: Վտանգավոր թունելով են անցնում նաև  ՅՈւՆԵՍԿՕ-ի  պատմական հուշարձանների ցուցակում գրանցված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ այցելողները, ինչպես  նաև Օձունի  եկեղեցի և Թումանյանի տարածաշրջանի մյուս պատմամշակութային հուշարձաններ ուղևորվող տարեկան մոտ 10 հազար զբոսաշրջիկ տեղափոխող ավտոբուսներն ու Բաթումից և Թուրքիայից Հայաստան ապրանքեր ներկրող հսկա բեռնատարները: Վերջիններս  իրենց չափերին անհամապատասխան թունելում ստեղծում են տրանսպորտային  միջոցների անանցանելիություն` մանավանդ, երբ  հակառակ երկու կողմերից  միաժամանակ հայտնվում են թունելի կենտրոնում:

«Ձայնային ազդանշաններով կարելի է կանոնակարգել մեծ մեքենաների մուտքը դեպի թունել:  Կամ գուցե այնտեղ պետք է պատշաճ հսկողություն  սահմանի ճանապարհային ոստիկանությունը»,- ասում է  ալավերդցի Վալերի Պարանյանը:

«Էդ թունելի չափերը փոքր են: Երկու  «VOLVO» կամ  «DAF»  մակնիշի   բեռնատարներ, երբ միաժամանակ մտնում են թունել, չեն կարողանում իրար կողքով անցնել: Մեկ բեռնատարն էլ պետք է միայն անցնի  կենտրոնով, որպեսզի կարողանա հատի փոքր թունելը: Եթե կենտրոնով չեն անցնում, չեն կարողանում դուրս գալ թունելից: Պետք է թունելի գետնի հողը  իջեցնեն: Դա  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործն է»,-ասում է  ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը:

«Լրիվ վտանգ է, էլի: Ես վախենամ բլի վրես, որ մտնեմ: Դեմից որ մեծ մեքենան  գալիս է, մեզ տեղ չի լինում, որ անցնենք: Ամբողջ ձմեռը առաստաղից սառույցները կախված են լինում: Թունելի ներսի ճանապարհն էլ անանցանելի է»,-  դեկտեմբերի 6-ին հայտնեց թունելից  դուրս եկող մեքենաներից մեկի վարորդը:

«Թալինցի եմ: Էս մի ամսվա մեջ գրեթե մի 5-6 անգամ թունելով երթևեկել եմ:  Նկատել եմ, որ մեծ բեռնատարների համար  թունելը շատ ցածր է:  Անընդհատ խփում  և քարեր են թափում թունելի  առաստաղից: Հենց նոր ես այդ մեծ մեքենայի հետ հանդիպակաց դուրս եկա: Վտանգն էն է, որ եթե չզգուշանայի, պետք է խփեինք իրար»,- ասաց վարորդ Հայկ Սահարյանը:

Բեռնատարներից մեկի վրացի վարորդն էլ նշեց, որ իր մեքենայի համար թունելը շատ փոքր է: Վրացի Ալյադ Թամայան շատ վտանգավոր համարեց ոչ միայն թունելը, այլև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը. «Շատ «ստրաշնի» է էս թունելով ու էս ճանապարհով անցնելը»,- ասաց նա:

Վլադիկ Բարսեղյան

Վարորդ Վլադիկ Բարսեղյանն ասում է, որ սարսափելի զգացողություն է ունենում թունելում բեռնատարներին հանդիպակաց դուրս գալիս: Անանցանելիության պառնալիներ են ստեղծում նաև Ձորագետ ավանի կողմից թունելի մուտքին հարող ժայռաբեկորները, որոնք  կարող են թափվել ու փակել թունելի մուտքը:

Վարորդները դժգոհում են նաև Փամբակ–Ալավերդի միջպետական ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակից: Արդեն տարիներ շարունակ  այստեղ քայքայված են ճանապարհի պաշտպանիչ քարե պատնեշները: Վթարների լուրջ վտանգ է ներկայացնում թունելին հաջորդող կամուրջը, որի բազրիքները շատ վաղուց գոյություն չունեն: Հորդառատ ձյան դեպքում տրանսպորտային միջոցները կարող են կամրջից ընկել և հայտնվել Դեբեդ գետում:  

Ալավերդի-Վանաձոր ճանապարհահատվածով ամեն օր երթևեկում է նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վարորդների խնդրանքով «Հետքը» մարզպետից այսօր տեղեկություններ  խնդրեց վտանգավոր թունելի և Վանաձոր-Ալավերդի ճանապարհի կապիտալ վերանորոգման մասին:

«Համաշխարհային բանկի ծրագրով նախատեսվում են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի կապիտալ բարեկարգման աշխատանքներ: Ծրագրի մեջ մտնում է նաև այդ վտանգավոր թունելի վերանորոգումը: Նախագծային աշխատանքեր էին կատարվում, բայց ես չեմ կարող ասել, թե երբ կսկսվեն այդ աշխատանքները»,-պատասխանեց  մարզպետը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանն էլ այսօր մեզ հայտնեց, որ նշվա թունելի կապիտալ վերանորոգման  նախագծերն արդեն ավարտված են: Թունելի կապիտալ վերանորոգումը ներառված է «Վանաձոր-Բագրատաշեն» միջպետական ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներում, 2015թ. աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության մրցույթ է հայտարարվելու: «Մեկ-երկու տարվա մեջ թունելը և ճանապարհը կարգավորված կլինեն»,- հուսադրեց Աշոտ Արշակյանը և հավելեց, որ վթարային կամրջի փոխարեն նախագծով թունելի մուտքից  նոր կամուրջ է կառուցվելու, որն ուղիղ միանալու է ճանապարհին: 

Մեկնաբանություններ (4)

լոռեցի
Զոռ գործ է երեւում! Եթե նույնիսկ փող էլ դրվի ու ուզենան սարքել, ապա մեքենաները որտեղով անցնեն այդ նորոգման ընթացքում?
Լարիսա Փարեմուզյան
Ջանի ջան, ինչն է հետաքրքիր: Ախր ձյունն էլ , ինչպես դուք գիտեք, անձրևի ու կարկուտի պես մթնոլորտային տեղում է: Մթնոլորտային բոլոր տեղումներն էլ կարող են հորդառատ լինել: Հիմա դառնանք հորդառատ բառի ստուգաբանությանը : Այն բարդ բառ է, կազմված է հորդ--վարար և առատ -այսինքն շատ բառերից: Հոդվածում խոսքը վերաբերել է վարար և առատ թափվող ձյանը: Իմ թանկ ժամանակից այսքանը Ձեզ տրամադրելը կարծում եմ բավական է: Հորդ, հորդել և բառի այլ գործածություներ փորձեք ինքներդ ուսումնասիրել:
Ջանի
Հորդառատ ձյուն, հետաքրքիր է
Razmik Evoyan
Երեք տարի առաջ Թումանյան կայարանի թունելի վերանորոգման համար հատացվել էր մի կլոր գումար, մարզպետարանում տեղյակ են դրանից, բայց թե ով և որտեղ ծախսեց այդ դրամը, կպարզի միայն հետաքննությունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter