Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

Հարստացված ալյուր. ի՞նչ գլոբալ ծրագրի է միանում Հայաստանը



Այս տարվա նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել երկու օրինագիծ՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (դեռևս 2011-ին կառավարությունը հավանություն էր տվել ցորենի հարստացման մասին հայեցակարգին): Առաջին օրինագծի համաձայն՝ Հայաստանում օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող ալրաղացներում բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը հարստացվելու է պրեմիքսներով, այսինքն՝ վիտամինահանքանյութային հավելումներով: Ծրագրի նախաձեռնողը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն է` ՅՈւՆԻՍԵՖ-ը, որը հայտնել է, որ անվճար կտրամադրի սարքավորումներ, մեթոդաբանական գիտելիքներ:

Առաջին մեկ տարում կառավարությունը հավելանյութերն անվճար կստանա ՅՈւՆԻՍԵՖ-ից, որից հետո նույն կառույցի աջակցությամբ դրանք ձեռք կբերվեն շուկայականից ցածր գներով:

Ինչո՞ւ է Հայաստանում ցորենի ալյուրը հարստացվելու

Հարցին կառավարությունն իր ներկայացրած օրինագծում այսպես է պատասխանել.

«Ցորենի ալյուրի միկրոտարրերով հարստացումը հանրային առողջապահական միջոցառում է, որը նպատակ ունի կանխարգելել որոշ միկրոտարրերի և (կամ) վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները և բարելավելու բնակչության առողջությունը հանրային առողջապահական մակարդակով: Միկրոտարրերի և վիտամինների անբավարարությունը կանխարգելելու ամենաօպտիմալ, ծախսարդյունավետ և էժան միջոցը ցորենի ալյուրի հարստացումն է, քանի որ այն սնունդ է, որը հասանելի է բնակչության բոլոր խավերին:

Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Ամբողջ աշխարհում շուրջ երկու միլիարդ մարդ իրենց ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով նախադպրոցական տարիքի երեխաների 47 %-ը և հղի կանանց 42 %-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով:

Համաձայն 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37 % և 25 % (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90 %-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Համաձայն «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի` Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում է ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից: Մեծահասակների շրջանում համեմատաբար բարձր է նաև սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարևորվում է ֆոլաթթվի դերը»:

Ըստ կառավարության՝ հանրային առողջապահական ցուցանիշների բարելավման տեսանկյունից ալյուրի հարստացման ազդեցությունը կարտահայտվի ծրագրի ներդրմանը հաջորդող 3-5 տարիների ընթացքում: Ակնկալվում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքերը կնվազեն շուրջ 10 %-ով, բնածին արատները` 30-35 %-ով, սակավարյունությունները երեխաների և կանանց շրջանում` 25-30 %-ով:

Ո՞վ է ուզում հարստացնել ալյուրը

Ալյուրի հարստացման առաջին փորձերն արվել են 1940-ականներին ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, երբ պատերազմի պատճառով սննդի ապահովման խնդիրներ կային,  և սննդարար նյութերի այլընտրանքային աղբյուրները քիչ էին:

Իսկ այսօր աշխարհում աստիճանաբար ընդլայնվող ալյուրի հարստացման ծրագիրը «Food Fortification Initiative»-ի (FFI) մտահղացումն է: Այս նախաձեռնությունը 89 կազմակերպություններից բաղկացած գործընկների խումբ է, որի կազմում են նաև Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈւՆԻՍԵՖ-ը և այլն: Նախաձեռնությունը զբաղվում է սննդի հարստացմամբ ամբողջ աշխարհում: FFI-ի քարտուղարությունը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի Էմորի համալսարանում, որը կից է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության գործակալություններից մեկին` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (Centers for Disease Control and Prevention, CDC):

FFI-ի պաշտոնական կայքում նշված է, որ այս պահին 80 երկիր (նաև Պակիստանի Պունջաբ նահանգը) ունի ցորենի ալյուրի, 12 երկիր` եգիպտացորենի ալյուրի, 5-ը` բրնձի հարստացման մասին օրենսդրություն:

Այս պահի դրությամբ, ըստ FFI-ի, Եվրոպայի և Միջին Ասիայի 62 երկրներից 45-ում ալյուրը չի հարստացվել (Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Չեխիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իսպանիա և այլն), 7 երկրներում պարտադիր կարգն է գործում՝ Մեծ Բրիտանիա, Կոսովո, Մոլդովա,Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, ևս 7 երկրում պլանավորման փուլն է՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մակեդոնիա, Տաջիկստան, Թուրքիա (Ջիբրալթարի, Վատիկանի, Մոնտենեգրոյի տվյալները բացակայում են): Եթե Եվրասիայում երկրների մեծ մասը չի հարստացնում ալյուրը, այդ թվում` աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանը (այստեղ դեռևս ծրագրման փուլում է բրնձի հարստացումը) և Հնդկաստանը, ապա Ամերիկա աշխարհամասը գրեթե ամբողջությամբ և Ավստրալիան ներգրավված են այս ծրագրում, ու, բնականաբար, առաջին տեղում ցորենի ալյուրի հարստացումն է (Կոստա Ռիկան աշխարհի միակ երկիրն է, որտեղ պարտադիր հարստացվում են վերոնշյալ երեք տեսակները): Իսկ Աֆրիկայի 58 երկրներից 23-ում հարստացումը պարտադիր է: Փաստորեն, Հայաստանի հարևաններից երեքում նույնպես պլանավորված է հարստացման գործընթացը, իսկ Իրանում այն արդեն պարտադիր է դարձել:

Նախաձեռնությունն իր կայքում նշում է, որ ալյուրի հարստացման հիմնական հավելանյութերն են երկաթն ու ֆոլաթթուն (վիտամին B9): Կարող են ավելացվել նաև ցինկ, վիտամին A, D, այլ B վիտամիններ, ինչպիսիք են՝ նիկոտինաթթուն (B3), թիամինը (B1), ռիբոֆլավինը (B2) և ցիանոկոբալամինը (B12): Ըստ FFI-ի`յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում, թե ինչ քանակությամբ և ինչպիսի հավելանյութեր են ավելացնելու տեղական ալրաղացները:

FFI-ի կայքից ջնջվել է Հայաստանի մասին տվյալների մի մասը

Դեռևս 2010 թ. FFI-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի խորհրդատու Գրիգորի Գերասիմովը հարստացման ծրագիր ունեցողների թվում նշել էր նաև մեր երկրի անունը: Նախաձեռնության կայքի` Հայաստանին վերաբերող բաժնում նշված են 2010-ի տվյալները հացահատիկի և ալյուրի տեղական արտադրության, ներկրման ու արտահանման ծավալների մասին, որի աղբյուրը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն է: 

Նույն աղբյուրի համաձայն` 2010-ի դրությամբ ՀՀ-ում մեկ շնչին օրական բաժին է հասել 366 գր ցորենի ալյուր և 10 գր բրինձ: Հետաքրքիր է, որ հավելանյութերի չափաքանակների (միլիգրամ 1 կիլոգրամ ալյուրում) աղյուսակում (տես ստորև) դեռեւս դեկտեմբերի 4-ին առկա էին երկաթի, ֆոլաթթվի և ցինկի տվյալները, սակայն ամսի 5-ին դրանք հեռացվել են: Իսկ ջնջված ցուցանիշներն այսպիսին էին. երկաթ` 50 մգ, ֆոլաթթու` 1,5 մգ, ցինկ` 16 մգ: Այսինքն` հենց այսքան պիտի ավելացվեն հավելանյութերը 1 կգ ալյուրին:

Բնական և արհեստական միկրոտարրերի տարբերությունն ու հարստացման վտանգները

Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ, կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանն ասում է, որ դեռևս 2 տարի առաջ իրենք բարձրաձայնել էին ալյուրի հարստացման ծրագրի մասին: Դա, սակայն, արձագանք չստացավ:

Կենսատեխնոլոգը բացատրում է, որ ցորենի հատիկը տարբեր օգտակար նյութեր է պարունակում, այդ թվում` երկաթ, բայց քանի որ աղալու պրոցեսում կեղևն ու հատիկի գլխիկը առանձնացվում են, նյութերի մեծ մասն այդպես հանվում են հատիկից: Բարձր և առաջին կարգի ցորենի 1 կգ-ում երկաթը 50 մգ է, իսկ աղալուց հետո մնում է ընդամենը 10 մգ:

Կորսված նյութերը հացին վերադարձնելու համար, Սելիմյանի պատմելով, իրենք փորձեր են անցկացրել, թեփը վերադարձնելով հացին, և ստացել են գերազանց արդյունք՝ բիոհաց: Դրա մեջ իբրև թթխմոր կամ դրոժ օգտագործվել է հատուկ թթվակաթնային շիճուկ`թանի, ածիկի ու հացի թեփի խառնուրդ, որը կոչել են հացաթան: Գիտնականը բողոքում է, որ պետական մարմինների կողմից իրենց աշխատանքն անուշադրության է մատնվել, այնինչ հայ մասնագետների փորձը արդեն 1 տարի կիրառում են ՌԴ-ում՝ նույն «Հացաթան» անունով: «Այս հացաթանն այն երկաթն է, որը մենք վերադարձնում ենք հացին»,- նշում է ակադեմիկոս Սելիմյանը:

Խոսելով թեփի ու հատիկի գլխիկի մեջ պարունակվող օգտակար նյութերի և ներկայում դրանք արհեստականորեն ավելացնելու տարբերության մասին` հասարակական-քաղաքական գործիչ, մասնագիտությամբ կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանը նկատում է, որ մարդու օրգանիզմը կարողանում է սինթեզել արհեստական հավելանյութերի միայն 50 տոկոսը, իսկ մնացածը մնում են ներսում` դառնալով հիվանդությունների պատճառ:

Սելիմյանն էլ հավելում է, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմում 1,5 կգ մանրէներ կան, որոնք, այսպես ասած, վերամշակման կամ սինթեզման ֆաբրիկա են: Կա մանրէների հարաբերություն, այսինքն` կան այնպիսիք, որ սպիտակուցներն են վերամշակում, մյուսները` ճարպերը, և այլն, սակայն արհեստական նյութերից խախտվում է այդ հարաբերությունը: Սրա հետևանքով կարող է առաջանալ աղեստամոքսային տրակտի խանգարում, ալերգիա, նույնիսկ քաղցկեղ:

FFI-ն իր հերթին հայտարարում է, թե քիչ հավանական է, որ հարստացված մթերքից մարդու մոտ կարող է վիտամինների ու միներալների ավելցուկ առաջանալ: Նշվում է, որ հարստացման փորձ ունեցող երկրներում արված ուսումնասիրություններն ապացուցել են դրա պաշտպանիչ հատկությունը: Ըստ FFI-ի՝ 2003-2006 թթ. տվյալներով ԱՄՆ-ում ֆոլաթթվի ավելցուկ է ունեցել հասուն բնակչության 2,7 տոկոսը, սակայն դրա պատճառը ոչ թե հարստացված ալյուրն է եղել, այլ սննդային տարբեր հավելանյութերը:

ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ Վարդան Գասպարյանն ասում է, որ ցանկացած մետաղի ավելցուկ օրգանիզմում ինքնին թույն է: Օրինակ՝ ցինկի ավելցուկը կարող է սրտանոթային հիվանդությունների հանգեցնել: Մարդու օրգանիզմում կա 4 գ երկաթ, որի 0,1 տոկոսը կամ 4 մգ-ն կցված է արյան կազմի մեջ մտնող տրանսֆերին սպիտակուցին: Այս սպիտակուցը, ինչպես կարելի է հասկանալ անվանումից, երկաթ տեղափոխող է: Գասպարյանն ասում է, որ տրանսֆերինը պետք է 1/3-ով հագեցած լինի երկաթով՝ իր ֆունկցիան կատարելու համար: Երբ օրգանիզմում երկաթի քանակն ավելանում է, սպիտակուցի տրանսֆերը խաթարվում է: Սա էլ դառնում է ինֆեկցիաների պատճառ: Վ. Գասպարյանի տեղեկացմամբ՝ ժամանակին Ֆինլանդիայում երկաթով հարստացրել էին կաթը, ինչը երեխաների մոտ ինֆեկցիաների, նույնիսկ մահերի պատճառ էր դարձել: Հետազոտությունը հենց երկաթի ավելցուկն էր հաստատել իբրև խնդրի աղբյուր: Հատկանշական է, որ Ֆինլանդիայում ալյուրը չի հարստացվում, և չի էլ ծրագրվում:

Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, գիտնականն ասում է, որ ջերմային մշակման ժամանակ այս վիտամինը քայքայվում է: Իսկ ահա յոդը, որով վաղուց հարստացվում է Հայաստանի աղը, ցնդում է նույն ջերմային մշակման ժամանակ, օրինակ՝ ճաշ եփելիս: Դրա համար խորհուրդ է տրվում այն ավելացնել վերջում՝ մշակումից հետո: Բացի դրանից՝ յոդը ցնդում է նաև բաց (3-4 ամսից) և փակ (1 տարուց) տարաներից: Այսինքն՝ աղի յոդացումը որոշ ժամանակ անց դառնում է անօգուտ, ինչի ապացույցն այսօր մեզանում այդքան տարածված խպիպն է (զոբ): 

«Միկրոէլեմենտների կիրառումն այնքանով է վտանգավոր, որ դրանք հետո չդառնան մակրոէլեմենտներ»,- նշում է Վ. Գասպարյանը ու հավելում, որ հացին տրվելիք վիտամիններն արհեստական են (հիշեցնենք՝ ֆոլաթթուն նույն B9 վիտամինն է), նաև էժան, իսկ դրանց սինթեզման ժամանակ կողքից պարտադիր առաջանում են այլ նյութեր:  

Ալեքսանդր Սելիմյանն էլ հավաստիացնում է, որ հավելանյութերից տուժելու է նաև լավաշը, որովհետև այն թխվում է առաջին կամ բարձր կարգի ալյուրով: Կտուժի նաև «Սելիմյան հացի» տեսականին, որի ալյուրը գնվում է մեծ ալրաղացից, իսկ այդպիսի մեծերը, ըստ օրինագծի, պարտավոր են հարստացում կատարել: Սելիմյանն ասում է, որ նախարարներն ու տարբեր պաշտոնյաներ օգտվում են իր փոքրածավալ արտադրությունից, սակայն նույն անձնանց ձեռքով այժմ խնդիր է ծագում հացարտադրողների համար:

Գիտնականը նշում է, որ հիմա էլ, անկախ նշված հավելանյութերի ավելացումից, մեր երկրում արդեն 20 տարի հացը թխվում է արհեստական բարելավիչներով, որոնք 10-15 արհեստական տարրեր են՝ գենամոդիֆիկացված սոյա, պերօքսիդներ, նիտրատներ, կոնսերվանտներ և այլն: Ակադեմիկոսի փոխանցմամբ՝ որևէ պաշտոնական փաստաթղթում, ինչպիսին 1999-ին ընդունված ցորենի ալյուրից թխվող հացի հայաստանյան ստանդարտն է, ամրագրված չէ դրանց ավելացումը:

Ըստ Ա. Սելիմյանի` եթե ցորենի ալյուրի հարստացում լինելու է, ապա դա պիտի լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր: Երկրորդ` հավելանյութերը պետք է ամրագրվեն հացաթխման տեխնիկական պայմաններում` ստանդարտում: Երրորդ` մինչ այդ պիտի հանրային լսումներ անցկացվեն, մասնագետներ հրավիրվեն, քանի որ գուցե կան այլընտրանքային ձևեր: Իբրև մի այլընտրանք գիտնականը նշում է հացաթանով հաց թխելու տարբերակը:

Պարտադիր բնույթին դեմ է նաև Վարդան Գասպարյանը. «Մարդը պիտի ընտրության հնարավորություն ունենա, ինչո՞ւ են պարտադրում: Ասում են՝ ծխելը վնասակար է, իսկ այդ դեպքում ինչո՞ւ չեն արգելում ծխախոտի վաճառքը»:

Նորվեգացիները զգուշացնում են, ամերիկացիները՝ հանգստացնում

Նորվեգական Հոկլանդ համալսարանի հիվանդանոցի աշխատակից, առաջատար հետազոտող Մարթա Էբինգը դեռևս 2009-ին հայտարարել էր, որ ֆոլաթթվով հարստացումն այնքան էլ անվտանգ չէ, ինչպես նախկինում կարծում էին: Նորվեգիայում սնունդը ֆոլաթթվով չի հարստացվում, ինչն, ըստ Էբինգի, հնարավորություն էր տալիս այս երկրում հետաքննել, թե արդյոք այն մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: 1998-2005 թթ. կատարած հետազոտությունից հետո Էբինգը հայտարարել էր, որ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող նորվեգացի հիվանդների բուժումը ֆոլաթթվով շուրջ 3,5 տարվա ընթացքում մեծացրել է քաղցկեղի առաջացման ռիսկը 21 տոկոսով, իսկ 6,5 տարվա ընթացքում՝  մահվան հավանականությունը: Ֆոլաթթուն տրվել էր հիվանդներին՝ պարզելու, թե արդյոք այն կարող է նվազեցնել հոմոցիստեինը, որը սրտային հիվանդության աղբյուր է: Ֆոլաթթու ընդունած հիվանդների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը մեծացել էր 21 տոկոսով: 341 հոգուց, ովքեր ֆոլաթթու էին ընդունել և զարգացած քաղցկեղ ունեին, 136-ը մահացել էին, ինչը 38 տոկոսով ավելի էր նրանցից, ովքեր զարգացած քաղցկեղ ունեին, սակայն ֆոլաթթու չէին ընդունել:

Էբինգի հետազոտության վերաբերյալ ամերիկացի գիտնական Բետինա Դրեյքը նշել էր, որ չնայած ուսումնասիրությունը կարևոր տվյալներ է տալիս՝ հասկանալու ֆոլաթթվի և քաղցկեղի միջև բարդ կապը, այդուհանդերձ, դա երկարաժամկետ կտրվածքով չի զրոյացնում այն մեծ օգուտը, որ բնակչության առողջության հարցում ունի ֆոլաթթվով հարստացումը՝ հավելելով, որ ֆոլաթթվի իրական ազդեցությունը քաղցկեղի վրա կարող է երկար տարիների հետազոտություն պահանջել: Դրեյքն ասել էր նաև, որ նորվեգացի գիտնականները ֆոլաթթվի էականորեն ավելի մեծ չափաքանակ են տվել հիվանդներին, քան ստանում է ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը:        

Որտեղի՞ց են ներկրվում բարելավիչներն ու հարստացնող տարրերը

Կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանն ասում է, որ մեր հացարտադրությունում կիրառվող արհեստական խմորիչներն ու բարելավիչները ներկրվում են Չեխիայից, Բելգիայից, այլ եվրոպական երկրներից. «Դեռ 4 տարի առաջ ենք իմացել, որ  տարեկան 1000 տոննա ներմուծվել և ծախսվել է հացի արտադրության մեջ»:

FFI-ի կայքը առանձին ցուցակում ներկայացնում է միայն հարստացված բրինձ արտադրող ընկերություններին: Դրանք ներկայացնում են Բրազիլիան, Կոլումբիան, Չինաստանը, Հնդկաստանը, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, ԱՄՆ-ը, Ֆիլիպինները:

Իսկ ինչ վերաբերում է ցորենի ալյուրի մեջ ավելացվող պրեմիքսների մատակարարներին, ընդամենն ասվում է, որ աշխարհում կան մի շարք հայտնի նման ընկերություններ, որոնք գտնվում են Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Աֆրիկայում, Ասիայում: Շատ ընկերություններ ունեն ռեգիոնալ կամ երկրների մակարդակով աշխատող գործակալություններ:

Կտուգանեն, եթե չհարստացնեն

Ըստ կառավարության նախագծի՝ ցորենի ալյուրը պարտավոր են հարստացնել այն ալրաղացները, որոնց հզորությունը օրական 30 կամ ավելի տոննա է: Մեր երկրում այդպիսի 7 աղաց կա, որոնց օրական ընդհանուր հզորությունը 1395 տ է: Դրանց արտադրած ալյուրը կազմում է շուկայում իրացվողի 80-85 տոկոսը: Այսինքն՝ բնակչությանն իբրև այլընտրանք են թողել 15 տոկոսը բավարարող փոքր ալրաղացներին:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի հետ միասին կառավարությունն առաջարկել է նաև լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Ըստ այդմ՝ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու դեպքում (խոսքը նման պարտավորություն ունեցող ալրաղացների մասին է) կկիրառվի 1,5-2 մլն դրամ տուգանք, իսկ հարստացման վերաբերյալ պահանջները խախտելու դեպքում՝ 800.000-ից 1 մլն դրամ տուգանք (հոդված 158.1):

Առանց փաթեթավորման և մակնշման (պիտակավորում) պահանջների կատարման՝ հարստացված ցորենի ալյուր, դրանից ստացված արտադրանք իրացնելը կհանգեցնի 150.000-200.000 դրամ տուգանքի (հոդված 158.2):

Ալյուրի արտադրություններում տեղակայված հոսքային գծերի հզորությունների, արտադրված և հարստացված կամ չհարստացված ալյուրի ծավալների վերաբերյալ գրավոր հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում էլ ալրաղացի տերը կկանգնի 100.000-150.000 դրամ տուգանքի առաջ (հոդված 182.4):

Հավելենք, որ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով և ընդունվելու պարագայում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 12 ամիս անց, այսինքն՝ 2016 թ.-ից ոչ շուտ:  

Շարունակելի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (4)
1. Անի13:17 - 9 դեկտեմբերի, 2014
Քանի որ Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, պարտավոր ենք ԱԶԳԱՊԱՀՊԱՆ հարցերում եւս միանալ Ռուսաստանին՝ Եվրոպայի և Միջին Ասիայի 62 երկրներից 45-ում ալյուրը չի հարստացվել՝ Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Չեխիա, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իսպանիա, Սկանդինավիա: Հայաստանը պարտադիր պետք է միանա այդ ցանկին, ոչ թե ենթարկվի Աշխարհի կառավարության ծրագրին ու կործանի 3 մլն. հայությանը, հայը՝ հայի դեմ...Պարտավոր ենք հրաժարվել այս ծրագրից, կամ դարձնել կամավոր, քանի որ մենք հացը ամենաշատն ենք օգտագործում...Արթնացեք հայեր: Եվս մեկ պատճառ արտագաղթելու...
2. թոշակառու15:31 - 9 դեկտեմբերի, 2014
Մի բան պետք է միանգամայն պարզ լինի շատ թե քիչ ուղեղ ունեցող մարդուն՝ մարդիկ շատացել են իսկ կենսոլորտն սպառվում է: Պետականության հին տրադիցիաներ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք Չինաստանն ու Իրանն են, օրինակ, բաց ու հասկանալի սահմանափակում են մտցրել ԻՐԵՆՑ բնակչության անհարկի աճի դեմ: Դեմոկրատիայի ու անձի ազատության ջատագով հռչակվող երկրներում, հակառակը՝ գերադասում են ցանկալի արդյունքի հասնել ՈՒՐԻՇՆԵՐԻ հաշվին՝ գործելով «մարդասիրության», «հոգատարության», «գենդերային փոքրամասնության իրավունքների» եւ այլ հրեշտակային դիմակների ներքո: Ինչպես՜ հավատանք այն երեսպաշտներին, որոնք մի կողմից կանոնավոր աշխատող մսաղացներ են կազմակերպում խեղճ ու անգետ ազգերի գլխին, մյուս կողմից էլ ժպտերես ու պատրաստակամ իրենց «անշահախնդիր» օգնությունն առաջարկում (պարտադրում!) նույն տխմարներին, նրանց առողջացման ու բազմացման համար! Իմ խելոք ընկերն այսպես էր բնորոշում Հայերիս դյուրահավատությունը՝ «Երբ մեկն ասում է՝ հեսա խիար ա - մենք իսկույն աղն առնում ենք ու վրա վազում!» Կարծես էլ խաղ չկար գլխներիս խաղալու, գրոշներ են գցում աթոռակալ կուրացածներին ու իրենց ցանկացածն անել տալիս: Ուշքի եկեք ժողովուրդ, թող իրենց պահեն իրենց քիմիական «բարիքները»!
3. Անահիտ19:19 - 9 դեկտեմբերի, 2014
Սրտի ցավով կարդացի վերոհիշյալ հոդուածը: Զարմանալի է, թէ որքա՜ն միամիտ ենք: Գիտականօրէն երբէք ապացուցուած չէ, որ ալյրի արհեստական հարստացումը որևէ առաւելություն ունի մարդու առողջության համար: Ճիշտ հակառակը, քանի որ խնդո առարկայ են մեր ազգի մատաղ սերունդն ու նրանց ստեղծագործող միտքը: Կերակրեցեք նրանց հարստացուած ալյրի հացով: Արդյունքը այն կլինի, որ մեր երեխաները մտքով թերաճ կմեծանան, ինչ որ կատարվում է այսօր շատ երկրներում: Ալյուրից բացի ամեն տեսակի թոյն կայ արևմուտքում պատրաստված հացի մեջ: հետաքրքիր է որ մի շարք երկրներում ճիշտ հակառակ ուղղութեւամբ է գնում ժողովուրդը, շատ ընկերութիւններ փորձում են իրենց սխալն ուղղել: Հավանաբար թույնի աւելցուկ ունեն մարդկանց զամբիի վերածող ընկերություններրը... Բայց չէ որ Մեր երկիրն է հացի, հացահատիկի երկիրը: Հազարամյակներ գոյատեւել ենք մեր մաքուր հացով: Ինչու չենք հավատում այն մարդկանց ասածին որ հակառակ են խօսում այս ծրագրի դեմ: Օտարի նպատակը մեր ազգը պարզ, ապրանք գնող և գնած ապրանքով հոգեկան պարապությունը լցնող հասարակության վերածելն է: նրանց միակ նպատակը ապրանք ծախելն է: Մի քանի տարուց հետո կարդարանան, ասելով որ բաւարար գիտական ուսումնասիրություն չկար ու ներողություն կը խնդրեն, ինչպես արվում է հիմա Ֆլորայտի պարագայում:
4. Cool headed20:57 - 21 դեկտեմբերի, 2014
Ովքեր ունեն այդ նյութերի պակասությունները, պետք է դիմեն բժշկի և համապատասխան անալիզներց հետո ստանան բուժում, իսկ մասսայական բոլորին պարտադրաբար կերակրել դրանցով, առնվազն հանցագործություն է ազգի դեմ: րկաթի պաշարները կուտակվում են լյարդում և առաջացնում ահավոր հիվանդություններ ու ուռուցքներ… Զարգացած երլրներում, նունիսկ ովքեր երկաթի պակաս ունեն, նախ փոձում են սննդի միջոցով պակասը լրացնել, և միայն ծայրահեղ դեպքերում են երկաթի հաբեր ընդունում, կան մարդիկ ում օրգանիզմը դա ընդհանրապես չի ընդունում… Եվ այս ամենը բժիշկների խորհրդով, ոչ թե ինքնաբուժմամբ… Բժիշկները միայն ծայրահեղ դեպքերում են երկաթ նշանակում… Եթե աշխարհի շատ զարգացած երկրներում դրանից զերծ են մնացել, մեր պես շատ հաց օգտագործող ժողովրդին դա պարզապես հակացուցված է… մի հարամեք մեր արդար հացը, մարդկանց կենսական ուտելիքն ու երկարաժամկետ առողջությունը….
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ