HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիներն ու ԵՏՄ-ն

Էդգար Վարդանյան

Որոշակի հասարակական եւ քաղաքական խմբեր իրենց բողոքն են արտահայտում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու կապակցությամբ։ Բողոքողներից շատերը դավաճան են անվանում վերոնշյալ կազմակերպությանը միանալուն կողմ քվեարկողներին։ Անհամաձայնները պնդում են, որ մտնելով ԵՏՄ, Հայաստանը կորցնում է իր անկախությունը։ Խորհրդարանական քաղաքական ուժերից ԵՏՄ-ին միանալուն կողմ են ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը» եւ ՀՅԴ-ն։ Հարկ է նշել, որ նրանցից շատերն էլ, իրենց հերթին, դավաճան են անվանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ դուրս եկողներին։ Վերոնշյալ քաղաքական ուժերի շատ ներկայացուցիչներ ասում են, որ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում ԵՏՄ չմտնելու դեպքում Հայաստանի անվտանգությունը հարվածի տակ է դրվում։

Պետք է նշել, որ այս խնդրի շուրջ կազմակերպվող բողոքի ակցիաները մշտապես փոքրաթիվ են լինում։ «Կողմ» հանդես եկողները բողոքի ակցիաների սակավաթիվությունը ներկայացնում են որպես հայաստանյան հանրության մեծամասնության «պրո-ԵՏՄ-ական» դիրքորոշման վառ ապացույց։ Նրանց ընդդիմախոսները նշում են, որ ակցիաների փոքրաթիվությունը «ոչ իշխանականների» մեղքով է, որ եթե վերջիններս «դեմ» լինեին, ապա ժողովուրդը դուրս կգար փողոց եւ հուժկու դիմադրություն ցույց կտար։

Հարկ է փաստել, որ խորհրդարանական «եռյակը» ԵՏՄ-ի հետ կապված հարցի շուրջ որեւէ զանգվածային միջոցառում չի կազմակերպել եւ, իրոք, շատ հնարավոր է, որ եթե «ոչ իշխանականները» ընդդիմանային ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը եւ այդ օրակարգով հանրահավաք կազմակերպեին, ապա Ազատության հրապարակը նույնքան բազմամարդ կլիներ, որքան եղել է եռյակի աշնանային հանրահավաքների ժամանակ։ Ուստի պնդումը, թե հանրությունը դուրս չի գալիս փողոց, քանի որ կողմ է ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, խիստ կասկածելի է։

Հասկանալի է, որ սա դեռեւս չի նշանակում հակառակը։ Մենք միայն կարող ենք ենթադրել, որ հանրության մեծամասնության համար սա ամենակարեւոր հարցը չէ, եւ որ վերջինս, այս առումով, չունի հստակ ձեւավորված դիրքորոշում եւ կախված իրավիճակից, կընդունի ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» դիրքորոշումները։ Մենք չգիտենք, թե ինչպես կքվեարկի հանրությունը, եթե այս հարցը դրվի հանրաքվեի եւ եթե, օրինակ, դրանից առաջ ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմադիրները որեւէ քարոզչություն՝ բացահայտ, թե քողարկված, չիրականացնեն։

Վերոնշյալ ենթադրությունների հիմքը հետեւյալն է։ ՀՀ բազմաթիվ քաղաքների եւ գյուղերի ընտրողների մեծամասնությունը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, դեռ վերջերս, 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, մի գործչի, ով ունի արեւմտամետի կերպար, մի գործչի, ով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն դեմ է։ Իհարկե, կարող են ոմանք ասել, թե Հովհաննիսյանի օգտին քվեարկել են ոչ թե այն պատճառով որ նա արեւմտամետ է։ Կարծում ենք, որ, այո, մեծամասամբ դա այդպես է։ Բայց, նույնիսկ այդ դեպքում, նշանակում է, որ Հովհաննիսյանին ընտրած հայաստանցիները, առնվազն, չէին ընդդիմանում Հայաստանի եվրաինտեգրացիային, որ նրանք պատրաստեին իշխանափոխության արդյունքում գնալ դեպի Եվրոպա՝ նրանց համար կարեւորը, որ այդ իշխանափոխությունը կայանար։

Հարկ է նշել նաեւ, որ մինչ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, երբ Հայաստանը դեռ գնում էր դեպի Եվրամիության հետ Խորը ու համապարփակ առեւտրի համաձայնագրի ստորագրում, որեւէ հանրային բողոք, դժգոհություն այս առումով գոյություն չուներ, եւ եթե այդ ժամանակ հանրաքվե լիներ, ապա, անկասկած, գերիշխող մեծամասնությունը կողմ էր քվեարկելու Եվրոասոցացման համաձայնագրին։

Սակայն, այն պնդումը, թե, եթե «եռյակը» դեմ լիներ ԵՏՄ մտնելուն եւ հանրահավքներ կազմակերպեր, ապա լուրջ դիմադրություն կլիներ եւ արդյունքում Հայաստանը այլ ուղղությամբ կշարժվեր, նույնպես խիստ կասկածելի է։ Բանն այն է, որ իշխանությունները, կարողանալով ստեղծել անհավասար մրցակցային դաշտ եւ օգտվելով իրենք իրենց համար ստեղծած արտոնյալ պայմաններից, միշտ ունենում են անհրաժեշտ ռեսուրսներ սեփական ծրագրերն առաջ տանելու համար, իսկ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրությունը դեռեւս բավարար պատրաստվածություն չունի որպեսզի կարողանա փոխել գործընթացների ընթացքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter