HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կճոյանի նկարի՞ն պիտի խաչակնքենք

Ֆեյսբուքում այսօր նոր թեմա է հայտնվել` եկեղեցապատկան հողերը հարկերից ազատելու օրենքի քննարկման վերաբերյալ: Ֆեյսբուքահայերը շատ լավ հասկանում են, որ այս օրենքը հեչ էլ հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանությանը չի ուղղված: Չնայած հոգեւորականների հորդորներին ու պատգամներին` գրեթե բոլորը լավ գիտակցում են, որ սա հերթական քայլն է` եկեղեցուն առավել մեծ հնարավորություններով օժտելու:  

Ֆեյսբուքցի Մարիամ Մուղդուսյանն, օրինակ, այս թեմայով ֆեյսբուքյան իր գրառումներից մեկում հարցնում է.  

«Ինչո՞ւ եկեղեցին հաշվետու չի լինում իր ծախսերի, իր գործերի վերաբերյալ, ինչո՞ւ են հայ տիրացուները բենթլիներ քշում, անհայտ սխրանքերի համար պետական պարգեւներ ստանում, եւ վերջապես, պատվիրաններին ինչո՞ւ չեն հետեւում, եւ ինչո՞ւ ենք մենք նույն այդ հայ տիրացուներին հանդուրժում: Ինչ է նշանակում` հարկերից ազատվի լողավազանը, ճաշարանը, ատամնաբուաժարնները… Թե՞ սրանով կղերապետ Սարգսյանը ցանկանում է դարձի բերել բիզնեսմեններին, թե ով գործարարներ հայոց աշխարհի, դարձեք կրոնական, որ ձեր բիզնեսը ծաղկի»:

Իսկ օգտատեր Վահան Արմենակյանը իր գրառումում անդրադառնում է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի ռեպլիկներին. «Ազգային ժողովում ով ինչ ուզում` տեղից ասում է հենց նիստի ժամանակ.. օրինակ 2 օր, երբ քննարկվում էր Հայ Եկեղեցու կրթամշակութային օջախները հողի հարկից ազատելու հարցը և ընթերցվում էր, թե ինչ գույք և հողամաս ունի Եկեղեցին, բարգավաճական Վարդան Բոստանջյանը տեղից ռեպլիկ է նետում` ԻՍԿ ՍԱՈՒՆԱՆԵՐ ՉԿԱ՞Ն.. հավանաբար այս պատգամավորը ՍԱՈՒՆԱՅՈՒՄ Է կնքվել: Հա հա հա էս ուր ենք հասել այ ժողովուրդ»:

Մեր ֆեյսբուքցիներին ու ժողովրդին, ընդհանրապես, մնում է միայն ծիծաղել կամ լաց լինել իրավիճակի վրա, ինչն անզորության նշան է: Ֆեյսբուքցիները սովորաբար ընտրում են ծիծաղելու տարբերակը: Մի փոքրիկ «կատակ» Մարիամ Մուղդուսյանի պատից.

«Ասում են` այս բարեպաշտ, աստվածավախ կղերապետն իր սերն ու նիրվածությունն առ աստված արտահայտելու համար շուտով մի օրենք է դնելու քննարկման. ով անցնի կառավարության շենքի մոտով, պետք է խաչակնքնի, նվիրատվություն անի եկեղեցուն, նույն շենքից դուրս գալիս էլ հետ-հետ գնա` Կճոյանի նկարին նայելով, որ մինչ այդ արդեն եկեղեցու ձեւավորում ստացած կառավարության շենքի խորանում է լինելու: Ու եթե հանկարծ պարզվի, որ ինչ-որ մեկը չի խաչակնքել, բարի կամոք նվիրատվություն չի արել, համարվելու է հերետիկոս ու ողջակիզվելու է հենց Հրապարակում` կղերապետի ազնիվ հայացքի ներքո»:

Տեղեկացնենք ֆեյսբուքյան մի շատ կարեւոր իրադարձության մասին եւս, որ իրականացնում է «Մեր քաղաքը» նախաձեռնությունը.

«Հինգշաբթի առավոտյան՝ ժամը 11:00-ին հրավիրում ենք բոլորին միանալու Թռչկանի ջրվեժի ազատագրման և պաշտպանության համար մղվող բնապահպանական-քաղաքացիական պայքարին: ՀՀ ներկայիս կառավարությունը և նշված ժամին կառավարության նիստին մասնակցողները պետք է հստակ գիտակցեն, որ ժողովրդի ձայնը լռեցնել հնարավոր չէ, մեր պահանջը սակարկելի չէ: Թռչկանի ջրվեժի կենսունակության, ջրառատության և ընդհանրապես գոյության հաշվին ՀԷԿ չպետք է կառուցվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter