HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ինչու՞ էին տարբերվել «ԴԻԱԼԱԲ», «ՊՐՈՄՏԵՍՏ» և «ՎԻՈԼԱ» լաբորատորիաներում նույն օրն արված անալիզի պատասխանները

Ամիսներ առաջ «Հետքը» հոդված էր հրապարակել այն մասին, որ «ԴԻԱԼԱԲ», «ՊՐՈՄՏԵՍՏ» և «ՎԻՈԼԱ» լաբորատորիաներում նույն օրն արված արյան նմանօրիակ անալիզների (CEA,CA 19-9) պատասխանները տարբերվել են։

Այս հոդվածից հետո առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել 2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ անցկացնել զննումներ՝ «Բնակչության բժշկականօգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների պատշաճ կատարումը պարզելու նպատակով։

Դեռևս սեպտեմբերի 12-ին ՀՀ առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ Գոհար Փանաջյանը, ում վերահսկողությամբ և իրականացվում էր քննությունը, հայտնեց, որ ստուգման նախնական փուլն ավարտվել է: «Ստուգվել են լաբորատորիաների ներկայացրած փաստաթղթերը, որոնցում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»,- ասել էր Գ․ Փանաջյանը։ Ըստ նրա՝ դրան պետք է հաջորդեր ավելի խորը հետազոտման փուլը։

Պարզելու համար, թե որոնք էին ի վերջո այդ տարբերությունների պատճառները, դիմեցինք առողջապահության նախարարությանը։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի և տվյալ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել։

Զննման ժամանակ «ՎԻՈԼԱ» լաբորատորիայիում չի հայտնաբերվել Դ․ Մելիքյանի արյան հետազոտությունն իրականացրած պատասխանատու բժշկի վերապատրաստումը հաստատող որևէ փաստաթուղթ, ինչի համար լաբորտորիայի տնօրեն Արմեն Մեժլումյանին հանձնարարվել է «10 օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ»՝ տվյալ մասնագետի վերապատրաստումն ապահովելու ուղղությամբ։

Բացի դրանից՝ հոկտեմբերի 23-ին անանուն պացիենտի մասնակցությամբ «ԴԻԱԼԱԲ», «ՊՐՈՄՏԵՍՏ» և «ՎԻՈԼԱ», ինչպես նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիաներում անցկացվել է հետազոտված օնկոմարկերների (CEA,CA 19-9) քննություն։ Ցուցանիշների տարբերություն թեև եղել է, սակայն՝ աննշան և թույլատրելի սահմաններում։

Ինչ վերաբերում է ցուցանիշների թվի տարբերությանը, ապա այն պայմանավորված է եղել«բուժման հետևանքով տեղի ունեցող փոփոխությունների յուրահատկությամբ և արյան մեջ մեծ քանակությամբ անտիգենի ոչ նորմալ արտանետմամբ»։

Փորձագետները չեն բացառել, որ այդպիսի հակասական պատասխանի հետևանք կարող են լինել նաև «բուժման ընթացքում հիվանդի արյան շիճուկում առաջացած գործոնները», որոնք և արգելակել են օնկոմարկերի ճիշտ գնահատումը։

Մեկնաբանություններ (3)

Մեկը
ԴԻԱԼԱԲ-ում դեմոդեկոզի անալիզի արդյունքը գրել էին ՞հայտնաբերված է՞, այն դեպքում, երբ պետք է քանակական տվյալներ նշեին, որովհետև քիչ քանակները դեռևս հիվանդության ազդանշան չեն, իսկ կիսագրագետ բժիշկն էլ այդպիսի պատասխանի հիման վրա բուժում է նշանակում և ՞բուժում՞ մի հիվանդություն, որը չկա: Իսկ իրական պրոբլեմը մնում է չլուծված: Իսկ սրան ինչ կասի նախարարությունը?
Գորիսեցի
փաստորեն ամենամեծ սխալ «Վիոլայում» կար, սակայն «ԴԻԱԼԱԲ»-ի ու «ՊՐՈՄՏԵՍՏ»-ի տվյալներն էլ էր շատ տարբերվում, հիմա ո՞ր մեկի տվյալներն էլ ճիշտ, տեքստից պարզ չէ
Թլկատինցի
Երկու անգամ կարդալուց հետո պետք է խոստովանեմ որ ՈՉ ՄԻ ԲԱՆ չհասկացա: Փոխանակ արդյունքների միջեւ եղած տարբերությունները պարզելու Առողջապահության նախարարությունը էլ ավելի բարդացրեց խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter