HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

400 դոլարի պարտք, որը փոխհատուցվեց 25,000 դոլարանոց բնակարանով

Սենյակի կենտրոնում խաղացող փոքրիկին մտահոգեց անծանոթներիս ներկայությունը, մեր ներս մտնելուն պես նա շտապեց տեղավորվել մոր գրկում ու սենյակի մյուս ծայրից աչքերն անհանգիստ թարթելով հետեւում էր տատիկի հետ մեր զրույցին: Տատիկը՝ Սոնյա Մանուկյանը, տուն մտավ մեզնից անմիջապես հետո, պատառոտված կարտոնատուփերը ձեռքին, որն ամբարում է մի անկյունում՝ բնակարանը տաքացնելու համար: Բնակարանում բավականին ցուրտ էր, բայց իմ տպավորությամբ, Սոնյայի չորս հոգանոց ընտանիքը ոչ այնքան տան սառնությունից էր կուչ եկել, որքան բնակարանը կորցնելու մտահոգությունից:

Աբովյան քաղաքում բնակվող Սոնյան ու նրա որդին՝ Գարեգինը, հիմնական աշխատանք չունեն, իսկ տարբեր աշխատանքների դիմաց օրավարձով հայթայթվող գումարն ավելի քան 7 տարի ծախսում են դատարաններում: Յոթամյա պայքարն առայժմ արդյունք չի տալիս՝ խարդավանքներով բնակարանի սեփականատեր դարձածներին հաջողվել է իրենց իրավունքներն ամրագրել դատական ակտերում, որոնցից վերջինը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հոկտեմբեր ամսին՝ վճռել է Սոնյայի ընտանիքին վտարել բնակարանից:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ միակ զավակին՝ Գարեգինին, 2008թ.-ին զորակոչեցին բանակ: Մեկ ամիս հետո մայրը ցանկացել է տեսության գնալ բանակում ծառայող որդուն, որի համար, իր հաշվարկներով մոտ 400 ԱՄՆ դոլար էր անհրաժեշտ: Սոնյայի ասելով` ճանաչում էր կադաստրի աշխատակից Վարդուհի Թամազյանին, ով տոկոսով գումարներ վերցնելու եւ տրամադրելու միջնորդական գործունեությամբ էր զբաղվում: Դիմել է նրան, նա էլ Արամուս գյուղի իր ազգականի՝ Ռոման Գեղամյանի հետ համաձայնության է եկել 400 ԱՄՆ դոլար տալ՝ ամսական 8% տոկոսադրույքով:

Ռոման Գեղամյանը, տրամադրվող գումարի վերադարձելիությունն ապահովելու համար պահանջել է առուվաճառքի պայմանագրով իր անվամբ ձեւակերպել Սոնյա Մանուկյանի` Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 12-րդ շենքի թիվ 54 բնակարանը: Պայմանավորվել են, որ գումարը վերադարձնելուց հետո նույն եղանակով կվերաձեւակերպի ու կվերադարձնի վերջինիս բնակարանը: Բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Սոնյա Մանուկյանի ծնողներին, որոնց մահանալուց հետո նա ժառանգություն չէր ընդունել: Վարդուհի Թամազյանի հաշվարկով՝ ժառանգությունն ընդունելու համար Սոնյա Մանուկյանին անհրաժեշտ էր եւս 500 ԱՄՆ դոլար:

Ռոման Գեղամյանից եւս 1.100 դոլար վերցրել է Վարդուհի Թամազյանն՝ իր անձանական կարիքների համար: Այսպիսով, ընդհանուր հաշվով պարտքով, տոկոսով 2000 դոլար գումար են վերցրել, դիմացը գրավադրելով Սոնյա Մանուկյանի բնակարանը: Փոխարենը Վարդուհի Թամազյանը Սոնյային խոստացել է վճարել նաեւ նրա վերցրած 900 դոլարի տոկոսները: «Նա ասեց, որ կմարի նաեւ իմ վերցրած գումարի տոկոսները, քանի որ ես չեմ աշխատում, եւ տոկոսները տվել է այդ ընթացքում»,- հայտնեց Սոնյան:

Վարդուհի Թամազյանը 2008թ. օգոստոսի 13-ին, Սոնյա Մանուկյանի եւ Գարեգին Զաքարյանի տված լիազորագրի հիման վրա, նրանց սեփական բնակարանը առուվաճառքի պայմանագրով, 7.500.000 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով ձեւականորեն ձեւակերպել է Ռոման Գեղամյանի եւ նրա կնոջ` Ալետա Հակոբյանի անվամբ ու նրանից վերցրել 2000 ԱՄՆ դոլարը:

Գումարը վերցրել էին մեկ տարի ժամանակով, սակայն, ընդամենը երկու ամիս հետո Ռոման Գեղամյանը Սոնյայի եւ Գարեգինի սեփական բնակարանը վաճառել է մեկ ուրիշի՝ Արտյոմ Հակոբյանին: Նրանց միջեւ 15.10.2008թ. կնքված առուծախի գործարքի համաձայն՝ բնակարանը գրանցվել է Արտյոմ Հակոբյանի անվամբ: Իր բնակարանը վերավաճառելու մասին Սոնյան իմացել է գործարքից 1,5 տարի հետո, երբ նոր սեփականատեր Արտյոմ Հակոբյանն այցելել է նրանց եւ ասել, որ եկել է իր բնակարանը տեսնելու: Անակնկալի եկած Սոնյային Արտյոմ Հակոբյանը հայտնել է· «Քո տան վրա աչք չունեմ, Ռոմանը թող իմ 10,000 դոլարը տա, ես տունը տամ ձեզ»,- հայտնել է տան նոր սեփականատերն ու հեռացել:

Սոնյա Մանուկյանը Ռոման Գեղամյանի թակարդն ընկած միակ զոհը չէր, նա բազմաթիվ նման գործարքներ էր իրականացրել, որի համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2011թ· դատավճռով Ռոման Գեղամյանը վաշխառության համար դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ համաներում է կիրառվել: Դատաքննության ժամանակ Ռ· Գեղամյանը հայտնել է, որ Սոնյա Մանուկյանի բնակարանին խարդախությամբ տիրանալու նպատակ չի ունեցել, բնակարանը ձեւակերպել է իր անվամբ՝ որպես տոկոսով տրված 2000 ԱՄՆ դոլլարը վերադարձնելու երաշխիք: Նշված դատավճռով Սոնյա Մանուկյանին քաղաքացիական հայցի իրավունք է վերապահվել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. հունիսի 3-ի դատավճռով եւ վերաքննիչ քրեական դատարանի 24.08.2011թ. որոշումով հիմնավորված է համարվել, որ տուժողների հետ առուծախի պայմանագրերը կնքվել են տրված գումարների վերադարձելիությունն ապահովելու նպատակով, այսինքն` ձեւականորեն: Դատական ակտերով հիմնավորվել է, որ Ռոման Գեղամյանը Վ. Թամազյանի օժանդակությամբ կատարել է վաշխառություն, այն է`  Սոնյա Մանուկյանին 603.400 դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար է տրվել ամսական 8% տոկոսադրույքով եւ որպես երաշխիք նրանց հետ կնքել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր:

Սոնյա Մանուկյանի փաստաբան Աստղիկ Ղազարյանը դիմել է դատարան եւ նշված փաստերի հիման վրա խնդրել է Վարդուհի Թամազյանի եւ Ռոման Գեղամյանի միջեւ կնքված առուծախի պայմանագիրը համարել շինծու` առ ոչինչ գործարք եւ կիրառել անվավերության հետեւանքներ` Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 12 շենքի թիվ 54 բնակարանի նկատմամբ ճանաչել Սոնյա Մանուկյանի ու նրա որդու սեփականության իրավունքը:

Դատական գործն ավելի քան 4 տարի շրջանառվում է տարբեր դատական ատյաններում: Դրանցից ամեն մեկն իր դիտողություններն է արձանագրում մյուս ատյանի դատավորի կայացրած վճռի վերաբերյալ, դատավորներից յուրաքանչյուրը նորովի է մեկնաբանում վաշխառուի կատարած գործարքը, ժխտում կամ հաստատում է դրան տրված մյուս դատավորի գնահատականը, սակայն վեճը լուծելու փոխարեն ավելի է խճճում ամենապարզ փաստարկները:

Այդուհանդերձ, նրանք բոլորն ընդունում են, որ Սոնյա Մանուկյանի եւ Ռոման Գեղամյանի միջեւ կնքված առուծախի պայմանագիրը շինծու` առոչինչ գործարք է եւ որոշել են բավարարել անվավերության հետեւանքները կիրառելու մասին նրա պահանջը:

Նույն վճռի մյուս կետով՝ «դատարանը հիմնավորված է համարում սեփականության իրավունքի խախտումները վերացնելու եւ պատասխանողներին` սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքից վտարելու Արտյոմ Հակոբյանի պահանջը, որի ուժով Արտյոմ Հակոբյանի հակընդդեմ հայցը հիմնավորված է եւ ենթակա է բավարարման»,- ասվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի հոկտեմբերի 21-ին կայացրած վճռում:

Սոնյան ոչինչ չի հասկանում նրանց գրածներից, բայց մի պարզ հարցի պատասխան է ակնկալում տասնյակ էջերով դատական ակտ շարադրողներից· ինչպե՞ս եղավ, որ նույն վաշխառուի ձեռքով, նույն սկզբունքով կատարված գործարքներից 7-ը համարվեց շինծու գործարք, եւ սեփականատերերին վերադարձվեց նրանց սեփականությունը, իսկ իր բնակարանի առուծախի պայմանագիրը շինծու` առոչինչ գործարք ճանաչելու հետեւանքն այն եղավ, որ որոշվեց իր ընտանիքին վտարել բնակարանից:

Ռոման Գեղամյանը մինչ այս վճիռը, տարիներ շարունակ հրաժարվել է Սոնյայից ստանալ 2000 դոլարը եւ վերադարձնել նրա բնակարանը, իսկ հիմա, դատարանի սարքած խառնաշփոթից օգտվելով՝ պահանջում է վերադարձնել գումարը՝ առանց պարտավորությունների: Բնակարանի սեփականության վեճը նա արդեն փոխանցել է մեկ ուրիշին, ով վճռով կարողացել է ամրագրել իր սեփականատիրական իրավունքները ու ընտանիքին վտարելու թույլտվություն ստանալ:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայերը ինչքա՜ն են սիրում խճճել իրենց կյանքը: Հասուն ու գոնե միջին IQ ունեցող կինը ի սկզբանե կգնա՞ր նման գործարքի. այս գործարքը կնքելուց առաջ այս կինը ոչ մի ընկեր-հարազատ-բարեկամի հետ սա չի՞ քննարկել: Կամ ինչքա՜ն անբարոյակա՛ն պիտի լինի դիմացինը,որ այս միամիտագու՛յն կնոջը այսպես «քցի»: Հայ ազգի մեջ իրար նկատմամբ գոնե մի փոքր հարգանք դեռ կա՞:
Անի
Ամենքն էլ իրենց բախտից են դժգոհ եւ ոչ թե խելքից... հեշտ է գործարք կնքել մի տան համար՝ որը ինքդ չես վաստակել, այլ ... ...բայց արդիական է՝ ՄԻ ԴԱՏԻՐ...
Gevorg
Մարդկանց հիմարության վրա եմ զարմանում, ինչպե՞ս կարելի է 900 դոլարի համար բնակարանը ձևակերպեն ուրիշի վրա: Գոնե գրավ ձևակերպեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter