HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ջեյսոն Ուայթ. «Հայաստանում այժմ ի հայտ է եկել մի նոր սերունդ, որն ասում է`«կարող է անել»»

Բրիտանացի Ջեյսոն Ուայթն (Jason White) առաջին անգամ Հայաստան է եկել անցած տարվա սեպտեմբերին: Նա համոզված է, որ այս երկիրը բավականին նպաստավոր է` ներդրումների և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:

Ջեյսոն Ուայթը զբաղվում է առևտրով և մարկետինգով, բիզնես խորհրդատու է, համագործակցում է բրիտանական և միջազգային բիզնես ոլորտի կազմակերպությունների հետ: Իր աշխատանքի հիմնական մասը նա անում է ինտերնետի միջոցով, բայց և գործի բերումով հաճախ է լինում Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում, կարգավորում գնորդների հետ հարաբերությունները: Ճամփորդելիս նրան ուղեկցում է կինը` Քնարիկ Ալոյանը:  Ջեյսոն Ուայթը ցանկանում է հաստատվել այստեղ, քանի որ Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ է տեսնում:

«Ես ուզում եմ օգտագործել իմ տեսլականը, մոտիվացիան, - ասում է նա: - Այստեղ շատերը մտածում են բացասական երևույթների մասին, բայց պետք է փորձել մտածել գլոբալ, ստեղծել մեծ ցանց, մարդկանց միավորել այդտեղ, զարգացնել բիզնեսը՝ օգտագործելով սոցիալական մեդիան և մարկետինգը»: 

Պատճառներ, թե ինչու պետք է ներդրումներ անել Հայաստանում

Ջ. Ուայթի դիտարկմամբ՝ այստեղ ամենակարևորը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը, հզոր մարդկային ռեսուրսն է: Մի կողմից կան մարդիկ, ովքեր լքում են երկիրը, հիմնականում այն պատճառով, որ այլ երկրներում նրանց վճարում են ավելի բարձր: Բայց և կա այն երիտասարդ սերունդը, որն ուզում է մնալ և զարգացնել տեղի տնտեսությունը:

Ջ. Ուայթը հիացած է հատկապես հայ կանանցով և աղջիկներով, ովքեր մեծ ներուժ ունեն: Նա հավատում է, որ չնայած Հայաստանում տղամարդիկ գերիշխում են կանանց, բայց և կանայք փոփոխությունների կրողներն են:  

«Ես գտնում եմ, որ երիտասարդ կանանց նոր սերունդը ձեռնարկատիրական մեծ հմտություններ ունի: Նրանց տեսլականը կառաջնորդի նրանց դեպի իրենց առաքելությունը, - ասում է Ջ. Ուայթը: - Մի երկրում, որտեղ երկար ժամանակ սովոր են եղել, որ դա «չի կարող արվել», այժմ ի հայտ է եկել մի նոր սերունդ, որն ասում է`«կարող է անել»»:

Բրիտանացու համար պակաս կարևոր չէ նաև ընտանիքի գործոնը: Նա նկատել է, թե որքան է այստեղ կարևորվում ընտանիքի դերը և որքան ցածր է ամուսնալուծությունների թիվը: 

«Ընտանիքը երկրի ողնաշարն է, սոսինձը, որ միասնական է պահում այս ազգը», - ասում է նա:

Վերջինս համոզված է, որ Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունի հատկապես ՏՏ ոլորտը: Առավել ևս, որ արդեն փորձ կա աշխատելու Մայքրոսոֆթ, Սինոփսիս և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ:

«Այստեղ մեծ թիվ են կազմում բարձր ինտելեկտով և ձեռնարկատիրական հմտություններով մարդիկ: Նրանցից շատերը խոսում են երկու և ավելի օտար լեզուներով, կա նաև գիտահետազոտական մեծ պոտենցիալ», - ասում է Ջ. Ուայթը:

Դրան հավելած Հայաստանում աշխատավարձերը շատ ավելի ցածր են, քան Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Միջին Արևելքի երկրներում, ինչը նույնպես պետք է շահագրգռի օտար ներդրողներին:  

Հաջորդ կարևոր կետը զբոսաշրջության զարգացումն է: Դրա համար կան բարենպաստ բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են գրավել արտասահմանցի զբոսաշրջիկին: 

«Դուք ունեք վաղ անցյալից եկող հարուստ մշակույթ, բազմաթիվ տեսարժան վայրեր, հրաշալի բնություն,- ասում է բրիտանացի բիզնես խորհրդատուն՝ ժպտալով հիշելով, որ Լոնդոնում մշտապես անձրևային եղանակ է: - Դուք ունեք շատ լավ եղանակ, կլիման բարենպաստ է, աղբ չկա, հանցագործությունների քանակը ցածր է, կանայք փողոցում հանգիստ քայլում են՝ չվախենալով, որ հարձակման կենթարկվեն»:  

Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արևմտյան երկրների հետ համեմատած Հայաստանը էժան երկիր է: Նա հիացած նշում է, որ այստեղ կարելի է անշարժ գույք ձեռք բերել ընդամենը 75.000 ԱՄՆ դոլարով:

Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել

Ջ. Ուայթը նկատում է, որ չնայած Հայաստանն ունի տնտեսությունը զարգացնելու մեծ պոտենցիալ, բայց այս երկրի մասին աշխարհում քչերը գիտեն: Հայաստանի մասին հիմնականում գիտեն այն երկրներում, որտեղ հայկական սփյուռքը մեծ է և ակտիվ: Իսկ այն երկրներում, որտեղ հայկական համայնքը փոքր է և պասիվ, չգիտեն Հայաստանի գոյության մասին:

«Դուք չեք ներկայացնում ձեր երկիրը: Այնինչ, այն պետք է ներկայացնել սփյուռք չունեցող երկրներին ևս, - ասում է Ջ. Ուայթը: - Կա ահռելի հնարավորություն գովազդելու երկիրը զբոսաշրջիկներին՝ ձեր բնությունը, լավ աշխարհագրությունը, լեռները, կան պատմական վայրեր, որոնց մասին մարդիկ չեն լսել: Առավել ևս, որ այժմ դրա համար կարելի է օգտագործել նաև սոցիալական ցանցերը»:

Նա նշում է, որ հիմնական խնդիրը մարդկանց մտածողությունն է, և պետք է դա փոխել: Շատերը երկրից հեռանում են բարձր աշխատավարձի հույսով, բայց պետք է օգտագործել տեղի հնարավորությունները: Այդ հնարավորությունները տեսնում են սփյուռքահայերը, ովքեր իրենց գաղափարները ցանկանում են իրականացնել իրենց երկրում:  

«Ես սփյուռքահայ չեմ, ես տարածում եմ իմ գաղափարները: Ես փորձում եմ Հայաստանը դարձնել տեսանելի վայր տնտեսության զարգացման համար: Ես տեսնում եմ մեծ հնարավորություններ այստեղ բիզնես ստեղծելու համար: Օրինակ` նույն Բրիտանիայում դա արդեն արել են, դաշտը լի է, այստեղ՝ ազատ», - ասում է Ջ. Ուայթը:

Վերջինս Հայաստանի մասին ակտիվորեն գրում է Linkedin սոցիալական ցանցում, Twitter միկրոբոլոգում, իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում տեղի հնարավորությունները: Նա ցանկանում է ստեղծել մարկետինգային ցանց հայերի համար, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել: Նա հորդորում է հայերին, ովքեր ունեն բիզնես առաջարկներ, գաղափարներ, կապ հաստատել իր հետ, որպեսզի վերջինս կարողանա կապ հաստատել այդ մարդկանց և միջազգային կազմակերպություններում աշխատող իր գործընկերների հետ, և այդ բիզնես ծրագիրը կյանքի կոչել:  

«Փոփոխությունները տեղի են ունենում շատ դանդաղ, բայց հետագայում ձեր երեխաների, նրանց երեխաների սերունդը կտեսնի միանգամայն այլ իրականություն», - համոզված է Ջեյսոն Ուայթը:

Մեկնաբանություններ (1)

Hrach
Դե բնականաբար Մարկետինգի մասնագետը տեսնում է այդ բնագավառում մեր թույլ կողմերը եվ իր ծառայթյունյ կարող է մատուցել: Համենայն դեպս տուրիզմի համար պետք է ունենալ տվիալ երկրների հետ ուղիղ ոդային կապ: Այսոր Աիր Արմենիան նույնիսկ Փարիզ չի կարողանում թրչել: Հետեվաբար Ռեկլամի վրա մեծ գումարներ ծախսելուց հետո մարդիկ տոմս չեն արնի վոր Հյաստան գան չերեզ Մոսկվա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter