HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Արցախի կոնյակը կարտահանվի նաեւ Կուբա (լուսանկարներ)

Նոյեմբերի 17-21-ը Մոսկվայում կայացած «Գինիների և ալկոհոլային ըմպելիքների» 18-րդ մրցույթում «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի արտադրության «Մադաթով» 10 տ. և 15 տ. կոնյակներն արժանացել են ոսկե մեդալի, իսկ «Բերդաշեն  խնդողնի» 1 տարի հնեցված գինին ստացել է արծաթե մեդալ։

Նոյեմբերի սկզբին էլ Հավանայում կայացած «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում  «Մադաթով» կոնյակը նվաճեց «Լավագույն ապրանքանիշ» մրցանակը։

«Հետքի» հարցերին պատասխանում է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի  տնօրեն Ռուսլան Իսրայելյանը:

-Ի՞նչ տեսականի ունի Ստեփանակերտի կոնյակի գործարանը և ո՞ւմ հետ եք համագործակցում։

- Մեր հիմնական ուղղությունը կոնյակի արտադրությունն է, որին զուգահեռ արտադրում ենք նաև մրգային օղիների 6 տեսակ և մոտ նույնքան էլ գինիներ։ Մրգային օղիների «Ղարաբաղ» անվան պատճառով, ադրբեջանցիներն ինչպես միշտ, հիստերիա են բարձրացրել և փորձել կանգնեցնել մեր արտադրանքի վաճառքը ՌԴ օդանավակայններից մեկի «Duty free»-ում։

Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա այսօր մենք պայմանագիր ունենք Երևանի կոնյակի գործարանի հետ ու նրանց ենք մատակարարում երիտասարդ սպիրտ, որը թորում ենք հատուկ նրանց տեխնոլոգիայով։ Իրականում դա շատ լավ ցուցանիշ է, և խոսում է մեր արատադրանքի բարձր որակի մասին։

-Այս տարվա երաշտից շատերն են բողոքում։ Դուք էլ ունեք այգիներ, գո՞հ եք այս տարվա բերքից։

-Այս տարի, ի տարբերություն անցած տարվա (5200 տոննա), կրկնակի քիչ ենք խաղող մթերել. ընդամենը 2560 տոննա։ Ուղղակի բախտներս բերել է, որ անցած տարի բավականին հաջող տարի էր և հասցրել ենք այս տարվա համար էլ արտադրանք պահեստավորել։ Մեր գործարանը հնարավորություն ունի տարեկան մթերել 6000-6500 տոննա խաղող։ Պլանավորում ենք ժամանակի ընթացքում միայն կոնյակի արտադրությունը հասցնել տարեկան մինչև 1 միլիոն շիշ։

-Հումքը միայն տեղակա՞ն է։

-Այո, բացառությամբ ծիրանի օղու հումքից , և ինչ-որ քանակությամբ հոն էինք ներկրում ՀՀ-ից մինչև վերջերս։ Մեկ էլ շշալցման բոլոր պարագաններն ենք բերում Հայաստանից։

-Որտեղ է այսօր սպառվում արցախյան կոնյակը, մրգային օղիներն ու գինին։

-Իհարկե, մեծ մասը սպառվում է արտկերկրում` մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, Ավստրիալիայում, Բելգիայում, շուտով նաև Կուբայում։ Մի մասն էլ Հայաստանում և ամենաքիչը` տեղական շուկայում։ Մանավանդ կոնյակները միջազգային ճանաչում են ստացել Կուբայի էքսպոյից հետո, շատերն են ուզում համագործակցել։ Բայց մենք չենք շտապում, ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները, որ ընտրենք մեզ համար շահավետ շուկաներ։ Խնդիրներից մեկն էլ արտադրանքի քանակությունն է, եթե տեսնում ենք, որ չենք կարող լիովին բավարարել այս կամ այն պատվիրատուի պատվեր, էն գլխից չենք համաձայնվում` մի շարք օբյեկտիվ պատճառներով։

- Որքանո՞վ է մատչելի Ձեր արտադրանքը։ Գնային ի՞նչ քաղաքականություն եք վարում:

-Տեղական այլ ընկերությունների նմանատիպ արտադրանքի համեմատ թանկ է, բայց մինևնույն ժամանակ էժան է, քան, ասենք ,Երևանի կոնյակի գործարանի արտադրանքը։ Սակագինը պայմանավորվում է նախ և առաջ որակով, ուստի բնական է, որ 5 տարեկան կոնյակը 1500 դրամ չի կարող արժենալ։

-Քանի՞ մարդ է աշխատում «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում և որքան  է աշխատողների միջին աշխատավարձը։

-Մայր գործարանում, Մարտունու ու Կարմիր Շուկայի մասնաճյուղերում ու մեր այգիներում մշտական 300 մարդ է աշխատում, իսկ սեզոնին նրանց թիվը հասնում է մոտ 700-ի։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ճիշտ է, մեծ գումարներ չեն, բայց կարևորը ստաբիլ են ստանում, ինչը, համեմատած անցած մի քանի տարիներին, առաջընթաց էր։ Եղել են ժամանակներ, որ աշխատողներն ամիսներով աշխատավարձ չէին ստանում։ (Քանի որ Ռ․Իսրայելյան այդպես էլ հստակ աշխատավարձի թիվ չնշեց, «Հետք»-ը կոնյակի գործարանի մի քանի բանվորներից պարզեց, որ նրանք մաքսիմում ստանում են մինչև 50 000 դրամ աշխատավարձ)։

այաստանը պատրաստվում է ԵՏՄ մտնել։ Ի՞նչ կտա դա Ձեզ` որպես արտահանող ընկերություն։

-Այն ոչ մի կերպ չի ազդի մեզ վրա, քանի որ ալկոհոլային խմիչքների արտահանումը ազատված է հարկերից։ Ներկրում եմ միայն շշալացման որոշ պարագաններ, բայց այս դեպքում էլ, քանի որ դրանք արտահանման ապրանքի համար են, վերջում ստացվում է, որ էլի չի հարկվում՝որպես արտահանվող ապրանքի հումք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter