HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Եվրասիական ընտրությունն արդարացնելու միֆերը

Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայամանագիրը: Եթե մինչև տարեվերջ պայմանագիրը վավերացնեն նաև Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները, հունվարի մեկից Հայաստանը կդառնա մի միության անդամ, որից ոչ ոք գործնականում լուրջ սպասելիքներ չունի:

Չանայած Հայաստանի խորհրդարանում այս պայմանագիրն անցած շաբաթ վավերացվեց 131 պատգամավորից 103-ի կողմ քվարկությամբ, սակայն բոլորն են հասկանում, որ դա Ուկրաինայի ճակատագրին արժանանալու ուղղակի և իրատեսական սպառնալիքի ներքո արված հարկադրված քայլ էր: Չնայած դրան` ռուսամոլ կամ ավելի ճիշտ պուտինամոլ հասարակական-քաղաքական շրջանակներ, իշխանության հետ միասին, չեն դադարում համոզել, որ դա ոչ թե պարտադրված քայլ էր, այլ միանգամայն բնական ու նույնիսկ ուշացած ընտրություն էր, որի հետ է կապված Հայաստանի միակ փրկությունը: Այս մտասևեռումնն այնքան է խորացել, որ վաղուց դադարել է զուտ քարոզչական և համոզման գործառույթ կատարելուց ու վերածվել է խորը հավատամքի: Այսինքն մարդիկ, ովքեր ստանձնել են հասարակությանը դեպի ԵՏՄ տրամադրելու քարոզչական գործառույթը, լրջորեն հավատում ու վստահում են այդ կեղծիքին: Այլ բան նրանց, գուցե, չի էլ մնում անել. ի վերջո հեշտ չէ համակերպվել այն մտքի հետ, որ պատասխանատվություն ես կրում մի ողջ պետության ինքնիշխանությունը մասամբ կամ ամբողջությամբ որևէ երրորդ կողմի հանձնելու, պետության և ժողովրդի ճակատագիրը բացառապես հոռետեսական սպասելիքներով ներծծված անորոշության մատնելու համար:

Նման դեպքերում շատ ավելի հեշտ ու նախընտրելի է դառնում հավատալ մտապատկերումդ կառուցվող ցնորքին, քան գորշ, տագնապահարույց իրականությանը: Իսկ այդ տեսիլքը ձևավորվել է ԵՏՄ-ին  անդամակցության գործընթացն արդարացնելու համար  ստեղծված երեք հիմնական միֆերի արդյունքում:

Միֆ N1.

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տեղի է ունենում եվրասիական տնտեսական տարածությանն ինտեգրվելու նկատառումով: Իսկ քաղաքական նախընտրության մասով Հայաստանը շարունակում է մնալ եվրաինտեգրման վեկտորի վրա:

Այս «անտիթեզը» Հայաստանի իշխանությունը շրջանառության մեջ դրեց 2013թ.սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանն անդամակցելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչեցնելու հաջորդ իսկ օրը: Այն ձևակերպվեց հետևյալ կերպ. Հայաստանը պատրաստ է ՄՄ-ին միանալով հանդերձ ստորագրել ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը` առաջնորդվելով այսպես կոչված «և, և»-ի քաղաքականությամբ: Եվ եթե դա հնարավոր չլինի, ապա ոչ թե Հայաստանի, այլ ԵՄ-ի «կապրիզների» պատճառով: Երբ Հայաստանի իշխանությունը համոզվեց, որ այս պրիմիտիվ հնարքը Բրյուսելը չի մարսում, նույն թեզի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց մեկ այլ մոտեցում, որն առ այսօր մնում է օրակարգում: Այն է` եթե ԵՄ ԽՀԱԱԳ-ի մասին պայմանագիրի ստորագրումը հնարավոր չէ, ապա Հայաստանը պատրաստ է Բրյուսելի հետ համագործակցությունը շարունակել այդ պայմանագրի քաղաքական մասով: Այսպես ահա, ծնվեց «տնտեսական ինտեգրացիան` ԵՏՄ-ի հետ, քաղաքականը` ԵՄ-ի հետ» բանաձևը, որն առաջին հայացքից թվում է բավականաչափ ճկուն և գայթակղիչ: Իրականում, սակայն, սա ոչ միայն չգործող, այլև նույնիսկ խիստ վնասակար բանաձև է:

Քաղաքականության հիմքը տնտեսությունն է, տնտեսավարման ձևը, հարաբերությունների մշակույթը: Որևէ մեկը չի կարող ասել, թե այս միասնության մեջ որտեղ է վերջանում տնտեսության բաղադրիչը և որտեղից սկսվում` քաղաքականը: ԵՏՄ-ն առաջնորդվում է բացարձակապես այլ տնտեսավարման կանոններով, որոնք շուկայական մրցակցային տնտեսության հետ որևէ աղերս չունեն: Այստեղ գործում է օգիգարխահեն, տեխնոլոգիապես աղքատիկ տնտեսական համակարգ, որը կենսունակ է միայն տոտալիտար կամ ավտորիտար կառավարաման համակարգերում: Նման տնտեսություն կառուցելու կամ զարգացնելու պարագայում եվրոպական տիպի քաղաքական, պետական կառավարման համակարգեր ստեղծել գործնականում հնարավոր չէ:

Ավելին. նույնիսկ անթույլատրելի է, որովհետև մեկի գոյությունը բացառում է մյուսինը: Սա պարզ երկընտրանք է. եթե Հայաստանն ուզում է իսկապես եվրոպական չափորոշիչներին համապատասխան կառավարման համակարգ ունենալ, ուրեմն պետք է հրաժարվի ազատ շուկայական հարաբերությունների հիմքերը խարխլող ներկայիս տնտեսական ռեժիմից, կամ հակառակը:

Հայաստանյան իշխանությունների առաջ քաշած այս կեղծ գաղափարը սնում է ԵՄ-ի կողմից դրան որոշակիորեն ապավինելու հանգամանքը: Վերջերս ԵՄ-ն Հայաստանի կառավարության հետ 140-170 մլն դոլարի բյուջետային աջակցության դրամաշնորհային պայմանագիր կնքեց: Նախատեսված է, որ այդ գումարները պետք է ուղղվեն բիզնես միջավայրի բարելավմանը և պետական կառավարման համակարգի արդիականացմանը: Սա հնարավորություն տվեց իշխանությանը վստահեցնելու, թե անգամ ԵՄ-ն է հասկանում ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ընտրությունը և պատրաստ է հարաբերությունները զարգացնել` արդեն նոր իրողությունները հաշվի առնելով:

Իրականում, սակայն, այդ պայմանագիրն ստորագրվեց, որովհետև ԵՄ-ին այլ բան չէր մնում անելու: Եթե ԵՄ-ն որևէ միջոցով չարդարացներ իր ներկայությունը Հայաստանում, ապա կորցնելու էր Երևանի վրա գոնե նվազագույն չափով ազդելու բոլոր լծակները: Մինչդեռ այս բանաձևին տուրք տալով, կամ ձև անելով, թե հավատում է քաղաքական հարթության վրա եվրաինտեգրացիան շարունակելու Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, ԵՄ-ն պարզապես պահպանեց կամուրջը Հայաստանի հետ: Ընդ որում` շեշտը դրվեց այնպիսի ոլորտների վրա, որոնք արժեքային իմաստով ուղղակի ինքնին հակադրվում են ԵՏՄ-ին կամ ավելի ճիշտ` ուղղված են այդ միության միջոցով Ռուսաստանի կողմից  Հայաստանի վերջնական կլանումը դանդաղեցնելուն, Հայաստանի իմունիտետը դրա դեմ ինչ-որ չափով բարձրացնելուն: Դա անհույս թվացող հիվանդին արհեստական շնչառության ապարատին ժամանակավորապես միացնելու նման մի բան էր: ԵՄ-ում հավանաբար հույս ունեն, որ պուտինյան այս կառույցը երկար գոյատևել չի կարող ու փորձում են կանխել մինչ այդ Հայաստանի ամբողջական տարալուծումը դրանում:

Այս խորապատկերին արդեն իսկ կարելի է տեսնել, որ ԵՏՄ-ին զուգահեռ քաղաքական մասով եվրոպական տարածքին ինտեգրումը Հայաստանի իշխանությունն ապահովելու է այնպես, ինչպես սովորաբար կարողանում է անել. զուտ իմիտացիայի մակարդակով: Այսինքն թղթի վրա ստանձնում է ինչ-որ հանձնառություններ, ինչ-որ կոսմետիկ փոփոխություններ է նախաձեռնում, ինչպիսին, օրինակ, միջազգային ինտեգրացիայի նախարարության ստեղծումն է, բայց իրականում այդ գումարները պարզապես ծախսվեում են անիմաստ կամ բոլորովին այլ նպատակներով: Արդյունքում Հայաստանը ոչ թե հենց այնպես, անիմաստ մխրճվում է եվրասիական տնտեսական ճահիճի մեջ, այլ գոնե գլխի վերևում հպարտորեն պարզում է «այստեղով դեպի Եվրոպա» ցուցապաստառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter